Քննարկվել է 31.10.2024 - 15.11.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի փաթեթով առաջարկվում է լրացումներ կատարել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և Հայաստանի Հանրապետության դատավարական օրենսգրքերում և նախատեսել քաղաքացիական, վարչական և քրեական դատավարության ընթացքում հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելու ընթացակարգ: Նախագծերի փաթեթի համաձայն՝ հատուկ դիրքորոշումը կարող է ներկայացվել Մարդու իրավունքների պաշտպանի և ոչ առևտրային կազմակերպությունների կողմից: Ընդ որում, ոչ առևտրային կազմակերպությունները հատուկ դիրքորոշում կարող են ներկայացնել իրենց միջնորդությամբ և դատարանի թույլտվությամբ, իսկ քաղաքացիական և վարչական դատավարություններում՝ գործին մասնակցող անձի առաջարկությամբ և դատարանի որոշմամբ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը հատուկ դիրքորոշում կարող է ներկայացնել սեփական նախաձեռնությամբ՝ դատավարության ցանկացած փուլում: Հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացրած անձը գործի ելքով իրավական շահագրգռվածություն ունեցող անձն է, որը դատարանին ներկայացնում է տեղեկատվություն իրավունքի կամ գործի հետ առնչվող այլ հարցերի վերաբերյալ։ Հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացրած անձը սահմանափակված է գործի փաստերով և չի կարող վկայակոչել նոր փաստեր: Նախագծերի փաթեթով՝ ըստ դատավարական օրենսգրքերի, սահմանվել են, թե որ գործերի քննության շրջանակներում կարող է ներկայացվել հատուկ դիրքորոշում: Նախատեսվել են նաև որոշ պահանջներ, որոնց բավարարելու դեպքում ոչ առևտրային կազմակերպությունը կարող է համարվել շահագրգիռ, մասնավորապես, վերջինս շահագրգիռ է, եթե քննվող գործն առնչվելու է վերջինիս կանոնադրական խնդիրներին և նպատակներին կամ գործի լուծումը կարող է նպաստել տվյալ կազմակերպության շահառուների` կազմակերպության կանոնադրային նպատակների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը և հատուկ դիրքորոշում (amicus brief) ներկայացնելուն նախորդող առնվազն 2 տարվա ընթացքում գործունեություն է ծավալել այդ ոլորտում: Հատկանշական է նաև, որ որպես երաշխիք՝ սահմանվել է, որ վերը նշված անձինք հնարավորություն չեն ունենալու հատուկ դիրքորոշում ներկայացնել, եթե ունեն նյութաիրավական կամ դատավարական շահագրգռվածություն գործի ելքով, այդ թվում՝ եթե վերջինս կամ վերջինիս հետ անձնական, ազգակցական, աշխատանքային կամ այլ հարաբերություններով կապված անձն ունի անձնական, նյութական կամ այլ շահագրգռվածություն գործի ելքով կամ հանդես է գալիս որպես դատավարության մասնակից (քրեական դատավարությունում՝ վարույթի մասնակից, վարչական դատավարությունում՝ նաև դատավարությանը մասնակցող այլ անձ): Հարկ է ընդգծել նաև, որ ներկայացված հատուկ դիրքորոշումը դատարանի համար պարտադիր նշանակություն չի ունենալու և կրելու է խորհրդատվական բնույթ: 3 11 2 753