Քննարկվել է 03.03.2020 - 22.03.2020 «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերը: Նախագիծի մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից: Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը կայանում է հետևյալում. ա) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ ծանոթանալու պատժի կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի անձնական գործին: բ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ ստուգել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության մարմինների, դրանց կազմում գործող ստորաբաժանումների, ինչպես նաև պատիժներ և հարկադրանքի այլ միջոցներ կիրառող մարմինների վարչակազմերի գործողությունների կամ անգործության համապատասխանությունը գործող օրենսդրությանը: Իհարկե ստուգելու այս իրավունքը չի կարող հայեցողական լինել, ուստի նախատեսվում է, որ այն նույնպես պետք է իրականացվի այն շրջանակով միայն, որով գործող կարգավորմամբ իրականացվում է պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառմանը վերաբերող իրավական ակտերի համապատասխանությունը գործող օրենսդրությանը, այն է՝ դրանք պետք է վերաբերեն միայն պատիժների կամ հարկադրանքի այլ միջոցների ենթարկված անձի հիմնական իրավունքներին, պատժի կրման կամ հարկադրանքի այլ միջոցների կիրառման՝ օրենքով սահմանված կարգին, հիմքերին և պայմաններին: գ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ hամապատասխան ոլորտի մասնագետ տրամադրելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, դրանց պաշտոնատար անձանց: դ) Իրավունք տալ գլխավոր դատախազին կամ հսկողություն իրականացնող դատախազին պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս խախտումներ հայտնաբերելու դեպքում խախտում թույլ տված անձի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու միջնորդությամբ դիմել վերջինիս վերադասին: ե) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ հսկողություն իրականացնել օպերատիվ-հետախուզական գործունեության օրինականության նկատմամբ: Անշուշտ, այս իրավունքը նույն կերպ ենթակա է լինելու սահմանափակման, ինչ գործող կարգավորմամբ նախատեսված է նախաքննության և հետաքննության նկատմամբ դատավարական ղեկավարում իրականացնելիս, այն է՝ դատախազը հսկողությունն իրականացնում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների սահմաններում և դատախազի կողմից հսկողության ենթակա չեն օպերատիվ-հետախուզական գործունեության կազմակերպման և իրականացման եղանակները: զ) Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելիս դատախազին իրավունք տալ պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության ոլորտում հայտնաբերված խախտումների վերացման նպատակով միջնորդագիր ներկայացնել դրանք վերացնելու իրավասություն ունեցող մարմնին կամ պաշտոնատար անձին: 4 2 0 6819