Քննարկվել է 08.11.2023 - 23.11.2023 «ՍԱՐՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սարքաշինության ոլորտը սահմանվում է որպես բարձր ճշգրտությամբ և գիտատարության բարձր մակարդակով բնորոշվող օպտիկական, էլեկտրոնային, մեխանիկական և մեքենաշինական արտադրանքով զբաղվող ընկերությունների համախումբ: Ոլորտը ներառում է տնտեսական գործունեության հետևյալ հատվածները․ 1․ համակարգիչների, էլեկտրոնային և օպտիկական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրոնային բաղադրամասերի, համակարգիչների և ծայրամասային սարքվածքների, կապի սարքավորանքի, կենցաղային էլեկտրոնային սարքավորանքի, չափիչ, ստուգիչ, փորձարկիչ և նավագնացական գործիքների ու սարքերի, ժամացույցների (ձեռքի և այլ), ճառագայթահարող, էլեկտրաբժշկական և էլեկտրաբուժական սարքավորանքի, օպտիկական գործիքների և լուսանկարչական սարքավորանքի, մագնիսական և օպտիկական տեղեկատվական կրիչների արտադրությունները): 2․ էլեկտրական սարքավորանքի արտադրություն (ընդգրկում է էլեկտրաշարժիչների, գեներատորների, տրանսֆորմատորների, էլեկտրաբաշխիչ և կարգավորիչ սարքերի, մարտկոցների և կուտակիչների, Էլեկտրահաղորդալարերի և դրանց միացման սարքվածքների, Էլեկտրական լուսավորման սարքավորանքի, կենցաղային սարքերի, այլ էլեկտրական սարքավորանքի արտադրությունները)։ 3․ մեքենաների և սարքավորանքի արտադրություն, չներառված ուրիշ խմբավորումներում (ընդգրկում է ընդհանուր նշանակության մեքենաների, ընդհանուր նշանակության այլ մեքենաների, գյուղատնտեսության և անտառային տնտեսության համար մեքենաների, մետաղագործության համար մեքենաների և հաստոցների, հատուկ նշանակության այլ մեքենաների արտադրությունները)։ Ոլորտի հիմնական արտադրատեսակներն են համարվում չափիչ և ստուգող սարքավորումները (անկյունաչափեր, աղաչափեր), ջերմակարգավորիչ սարքերը, բյուրեղների աճեցումը, օպտիկական և լազերային սարքավորումները, կապի միջոցները և համակարգերը, բժշկական և արդյունաբերական նշանակության գերկարծր և բարձր ճշգրտության գործիքները, Էլեկտրատեխնիկական սարքավորումները, կրթական լաբորատորիաների արտադրությունը։ Սարքաշինությունը ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի 1902-Լ որոշմամբ հաստատվել է որպես արդյունաբերության զարգացման հինգ գերակա ոլորտներից մեկը։ Սույն ծրագրում ներկայացվում է ոլորտում առկա իրավիճակը, սահմանվում են ոլորտի ծրագրի նպատակները, թիրախները, սկզբունքները, վեր են հանվում հիմնական խնդիրները և առաջարկվում են դրանց հաղթահարմանն ուղղված միջոցառումները։ 3 1 0 2174