Discussed 29.01.2021 - 13.02.2021 «Սեյսմիկ պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կազմում ստեղծել սեյսմիկ պաշտպանության գրասենյակ (այսուհետ՝ Գրասենյակ): Գրասենյակի ստեղծումը թույլ է տալիս սեյսմիկ պաշտպանության բնագավառում ավելի ընդլայնված գործունեություն ծավալել: Օրենքով սահմանված իրավասությունների և գործառույթների շրջանակը ըստ էության կպահպանվեն, բացի այդ, մինչև նախարարության կառուցվածքային փոփոխությունները «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ը իր կազմում ուներ դիտակայաններ, դիտակետեր և այլ կառույցներ, գրասենյակի ստեղծման դեպքում դրանք ևս կպահպանվեն, քանի որ գրասենյակն իր կազմում ունենում է մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանումներ: Վերոգրյալից ելնելով հարկ է նշել, որ «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) համաձայն պետական մարմինների կազմում կարող են ստեղծվել գրասենյակներ: Օրենքի 8-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար: Անհրաժեշտ է նաև հաշվի առնել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում և մեծ են երկրաշարժների առաջացման վտանգները, ուստի սեյսմիկ վտանգների արագ արձագանքման և օպերատիվ կառավարման տեսանկյունից անհրաժեշտություն է առաջանում, որ սեյսմիկ պաշտպանության բնագավառի լիազոր պետական մարմնի գործառույթների շրջանակը ընդլայնվի, միաժամանակ համակարգելու սեյսմիկ ռիսկի նվազեցման բնագավառում տարվող աշխատանքները: Գրասենյակն իր մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների միջոցով ավելի օպերատիվ և արդյունավետ գործունեություն իրականացնելու հնարավորություն է ունենում, ուստի այդ իսկ պատճառով անհրաժեշտ է լիազոր մարմնի կազմում վարչության փոխարեն ստեղծել գրասենյակ: 1 0 2 8655