Обсуждалось 28.07.2017 - 28.08.2017 «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սահմանադրական դատարանը` որպես սահմանադրական արադարադատություն իրականացնող մարմին, դատական սահմանադրական վերահսկողություն իրականացման շրջանակներում երաշխավորում է Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունը: Այս ինստիտուտը էական դերակատարում ունի ժողովրդավարության ամրապնդման, իշխանությունների տարանջատման սկզբունքի երաշխավորման և մարդու ու քաղաքացու` Սահմանադրությամբ ամրագրված իրավունքների և ազատությունների պաշտպանության, Սահմանադրության անմիջական գործողության ապահովման հարցում: Ուստի Սահմանադրական դատարանի արդյունավետ գործունեության իրականացման համար անհրաժեշտ իրավական նախադրյալների ստեղծումը կարևոր նախապայման է Սահմանադրության նորմերի և սկզբունքների կենսագործումն ապահովելու համար: Սահմանադրական դատարանը հիմնադրվել է 1996 թվականին` նորանկախ պետության առաջին Սահմանադրության հիման վրա, որի շրջանակներում 1995թ. նոյեմբերի 20-ին ընդունվեց նաև «Սահմանադրական դատարանի մասին» առաջին օրենքը և դրանով հիմք դրվեց Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության ընթացքում առաջացող հարաբերությունների օրենսդրական կանոնակարգմանը: Հետագայում ևս Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակի բարեփոխմանն ու գործունեության բարելավմանն ուղղված շարունակական քայլեր են ձեռնարկվել: Սահմանադրական դատարանի իրավական կարգավիճակը փոփոխությունների ենթարկվեց 1997թ. դեկտեմբերի 9-ին ընդունված «Սահմանադրական դատարանի մասին» նոր օրենքով: 2005թ. իրականացված սահմանադրական բարեփոխումներն առաջադրեցին նոր օրենսդրական փոփոխություններ նախաձեռնելու անհրաժեշտություն: 2006թ. հունիսի 1-ին ընդունվեց նոր` «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ գործող օրենքը, որը մշակվել է` հաշվի առնելով 2005թ. խմբագրությամբ Սահմանադրության իրավակարգավորումները: Թեև ներկայումս գործող օրենքը հնարավորինս համապարփակ կարգավորում է Սահմանադրական դատարանի կազմավորման և գործունեության հետ կապված հարաբերությունները, այդուհանդերձ, հասարակական կյանքի առաջընթացի և զարգացմամբ թելադրված պահանջները, դրանց հիման վրա վերջերս իրականացված սահմանադրական բարեփոխումները պահանջում են մեկ անգամ ևս վերանայել գործող մոտեցումները: Ուստի, hաշվի առնելով 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունները, «Սահմանադրական բարեփոխումների իրավական ապահովման գործընթացի կազմակերպման մասին» ՀՀ Նախագահի 2016 թվականի փետրվարի 10-ի ՆՀ-170-Ա հրամանագիրը, ինչպես նաև միջազգային փաստաթղթերով Սահմանադրական դատարանի ստեղծման և գործունեության վերաբերյալ ներպետական իրավակարգավորումներին առաջադրվող պահանջները` անհրաժեշտություն է առաջացել ընդունելու Սահմանադրական դատարանի մասին նոր օրենք: 2 0 0 12366