Քննարկվել է 06.11.2020 - 30.11.2020 «ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Սնանկության մասին» օրենքում, համաձայն որի օրենքի գործողությունը ընդերքօգտագործման հետ կապված հարաբերությունների նկատմամբ կտարածվի այնքանով, որքանով այն չի հակասի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով նախատեսված կարգավորումներին: Օրենքի նախագծի ընդունման դեպքում սնանկ ճանաչված ընդերքօգտագործողի համար կպահպանվի Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքով սահմանված և ընդերքօգտագործման իրավունքից բխող բոլոր պարտավորությունները ժամանակին և ամբողջ ծավալով իրականացնելու պարտականությունը, բացառությամբ մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի կողմից ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ տարեկան հրապարակային հաշվետվությունը լիազոր մարմին և վարչապետի աշխատակազմ ներկայացնելու պարտավորությունից, ինչն էլ ամրագրված է Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասում: 0 0 0 5501
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.08.2019 - 12.09.2019 «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «ՀՀ պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր Նախագծերի նպատակը գյուտերի, օգտակար մոդելների, արդյունաբերական նմուշների իրավական պահպանության օրենսդրության կատարելագործումն է։ Օրենքները նախագծելուց հաշվի են առնվել բնագավառում գործող միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները: Ներկայումս գործող «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն միաժամանակ կարգավորում է արդյունաբերության սեփականության երեք օբյեկների՝ գյուտի, օգտակար մոդելի և արդյունաբերական նմուշի, ստեղծման, իրավական պահպանության և օգտագործման հետ կապված հարաբերությունները, որն էլ հայտատուների, իրավաբանների, ինչպես նաև դատավորների համար դժվարություն է առաջացնում օրենքի որոշ դրույթներ հստակ մեկնաբանելու առումով, քանի որ նրանք ներկայացված են բավականին ընդհանրացված: Նշված ընդհանրությունները դժվարություններ են առաջացնում նաև արդյունաբերական նմուշի հայտի փորձաքննության ընթացքում։ Կարևորելով մտավոր սեփականությունը և մտավոր սեփականության ոլորտի գործառույթներն իրականացնող առանձին հատուկ մասնագիտացված կառույց ունենալու անհրաժեշտությունը մտավոր սեփականության ոլորտի ամենաառաջին միջազգային պայմանագիրը` Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզյան Կոնվենցիան` կնքված 1883 թվականի մարտի 20-ին, որին 1991թ-ից անդամակցում է նաև Հայաստանի Հանրապետությունը, իր 12-րդ հոդվածով սահմանում է` «1. Միության յուրաքանչյուր երկիր պարտավորվում է ստեղծել հատուկ ծառայություն արդյունաբերական սեփականության գործերով և կենտրոնական արխիվ հասարակությանը գյուտերի արտոնագրերին, օգտակար մոդելներին, արդյունաբերական նմուշներին և ապրանքային նշաններին ծանոթացնելու նպատակով: Այդ ծառայությունը հրատարակում է պաշտոնական պարբերական տեղեկագիր: Այն պարբերաբար հրապարակում է. ա) տրված արտոնագրերի սեփականատերերի անունները արտոնագրված գյուտերի կրճատ անվանմամբ, բ) գրանցված նշանների վերաարտադրությունը:»: Մտավոր սեփականության կարևորության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ 1967թ. Հատուկ կոնվենցիայով ստեղծվել է նաև Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությունը, որը ՄԱԿ-ի 16 մասնագիտացված կառույցներից մեկն է: Հետևաբար առանձին կառույց ունենալու պարտադիր պահանջը յուրաքանչյուր անդամ երկրի համար սահմանել է նաև Կոնվենցիան: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ: «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գրասենյակը օրենքով սահմանված դեպքերում և կարգով իրականացնում է պետական կառավարման և (կամ) պետական քաղաքականության առանձին բնագավառի գործառույթներ (այդ թվում՝ վերահսկողական, պետական ծառայությունների մատուցման) կամ ընդունում է արտաքին ներգործության ակտեր, ունի ինքնուրույն, հստակ ձևակերպված սպառիչ խնդիրներ և նպատակներ, պատասխանատու է այդ խնդիրների իրականացման համար, իսկ 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված փաստաթղթերն ստորագրում և սահմանված դեպքերում կնքում է գրասենյակի ղեկավարը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ: Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ կառուցվածքային ստորաբաժանումն իրականացնում է տվյալ պետական մարմնի, ենթակա պետական մարմնի նպատակներից, խնդիրներից, իրավասությունը սահմանող իրավական ակտերից բխող, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերությունների մասնակցությունն ապահովող գործառույթներ: «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ընդունման ներկայացված «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերով սահմանված իրավաբանական նշանակության գործողություններ կատարելու համար պետական տուրքեր սահմանելու անհրաժեշտությամբ: 4 0 2 12254