«ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ նախագծԻ
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքը (այսուհետ՝ նաև Օրենք) սահմանափակում է ներդրումային ծառայությունների դիմաց միջնորդավճարները արտարժույթով գնանշելու և գանձելու հնարավորությունը՝ նախատեսելով դրանց պարտադիր գնանշում և գանձում ՀՀ դրամով։ Միևնույն ժամանակ, նշված սահմանափակումը չի կիրառվում բոլոր հաճախորդների նկատմամբ․ կարգավորումից դուրս են, մասնավորապես, ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդները։
Վերջին տարիներին արտաքին գործոններով պայմանավորված՝ ՀՀ ֆինանսական ծառայությունները դարձել են արտահանելի։ Հատկապես էականորեն աճել է ներդրումային ծառայություններից օգտվող օտարերկրյա ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց թիվը։ Այս պայմաններում արժութային օրենսդրությամբ ամրագրված՝ միջնորդավճարները պարտադիր ՀՀ դրամով գնանշելու և գանձելու պահանջից բխող խնդիրները ստացել են առավել ընդգծված և գործնական նշանակություն։
Թեև նշված խնդիրը ներդրումային ծառայությունների ոլորտում առկա է արդեն երկար ժամանակ, վերջին տարիներին այն սրվել է՝ պայմանավորված շուկայի միջազգայնացմամբ և ծառայությունների արտահանման ծավալների աճով։ Միաժամանակ, միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ մի շարք երկրներում նմանատիպ սահմանափակումներ նախատեսված չեն, ինչի արդյունքում ՀՀ ֆինանսական շուկան հայտնվում է մրցակցային անբարենպաստ պայմաններում։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ ակնհայտ է, որ առաջացած խնդիրները պահանջում են անհրաժեշտ լուծումներ օրենսդրական մակարդակում։
Բացի այդ, 2025 թվականի հուլիսի 4-ից ուժի մեջ է մտել «Կրիպտոակտիվների մասին» օրենքը։ Այդ օրենքով կարգավորվող կրիպտոակտիվներով ծառայությունները իրենց բովանդակությամբ էապես նման են ներդրումային ծառայություններին։ Հետևաբար, նույն բնույթի խնդիրները կարող են առաջանալ նաև կրիպտոակտիվներով ծառայությունների մատուցման շրջանակում։ Ուստի՝ անհրաժեշտություն է առաջանում ներդրումային ծառայությունների համար առաջարկվող կարգավորումները տարածել նաև կրիպտոակտիվներով ծառայությունների նկատմամբ՝ ապահովելով իրավակարգավորման միասնական և համաչափ մոտեցում։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հիմնական խնդիրն այն է, որ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության» մասին օրենքը ընդհանուր կարգավորման նորմերը տարածում է արժեթղթերով, ածանցյալ ֆինանսական գործիքներով, ինչպես նաև կրիպտոակտիվներով գործարքների կնքման վրա՝ հաշվի չառնելով այս գործիքներով կնքվող գործարքների և դրանց դիմաց գանձվող միջնորդավճարների հետ կապված առանձնահատկությունները։ Ըստ այդմ, ներկա փուլում հաճախորդների մի մասը խուսափում է տեղական ներդրումային ծառայություններ մատուցող անձանց ծառայություններից օգտվել և դիմում է օտարերկրյա ծառայություններ մատուցող անձանց միջնորդությանը, քանի որ ՀՀ արժութային օրենսդրությամբ ամրագրված նշված իրավական սահմանափակումը թանկացնում է արժեթղթերով գործարքների գինը և բարդացնում միջազգային ներդրումային միջավայրը՝ պայմանավորված առնվազն ստորև ներկայացված խնդիրներով․
- Փոխարժեքի տատանման բազմաշերտ ռիսկեր․
Միջնորդավճարների ՀՀ դրամով գանձման դեպքում հաճախորդները ենթարկվում են փոխարժեքի տատանման ռիսկերի մի քանի փուլերում գործարքի հայտի ներկայացման, վերջնահաշվարկի, ինչպես նաև չկատարված կամ մասնակի կատարված գործարքների վերադարձի ժամանակ։ Փոխարժեքի ցանկացած անբարենպաստ փոփոխություն կարող է հանգեցնել հավելյալ ֆինանսական կորուստների կամ լրացուցիչ վճարների պահանջի, ինչը ներդրողների համար ընկալվում է որպես անհասկանալի և անընդունելի ֆինանսական բեռ։ - Կրկնակի և երբեմն բազմակի արժույթների փոխարկում․
Միջազգային շուկաներում ընդունված գործելակերպի համաձայն՝ միջնորդավճարները գանձվում են գործարքի արժույթով և ավտոմատ փոխանցվում են միջնորդի արտարժութային հաշվին։ ՀՀ դրամով պարտադիր գանձումը ստիպում է իրականացնել միջանկյալ փոխարկումներ, այնուհետև հետ փոխարկումներ, ինչը հանգեցնում է լրացուցիչ ծախսերի, ժամանակի կորստի և օպերացիոն բարդությունների։ - Ներդրումային անորոշություն և ծախսերի կանխատեսման դժվարություններ․
Միջնորդավճարների իրական արժեքը կախված է դառնում փոխարժեքի փոփոխություններից, ինչի հետևանքով ներդրողները չեն կարող նախապես հստակ գնահատել իրենց ֆինանսական ծախսերը։ Սա հատկապես խնդրահարույց է խոշոր ծավալներով կամ հաճախակի գործարքներ իրականացնող հաճախորդների համար։ - Մրցակցային դիրքի կորուստ և ֆինանսական ներհոսքի նվազում
Միջազգային պրակտիկայում լայնորեն ընդունված է միջնորդավճարների գնանշումն ու գանձումը գործարքի կամ գործիքի արժույթով։ ՀՀ-ում գործող սահմանափակումը նվազեցնում է տեղական միջնորդների մրցունակությունը՝ ուղղորդելով հաճախորդներին օգտվել այն օտարերկրյա միջնորդներից, որտեղ սակագների կառուցվածքը պարզ է և համահունչ միջազգային ստանդարտներին։
5. Օպերացիոն և ավտոմատացման բարդություններ, ծառայություն մատուցելու մոտիվացիայի նվազում․
Ներդրումային ծառայություններ մատուցող անձինք ստիպված են ներդնել լրացուցիչ գործընթացներ և համակարգեր՝ արժույթի փոխարկման, հաշվառման և վերադարձների կառավարման համար, ինչը մեծացնում է ադմինիստրատիվ ծախսերը և նվազեցնում ծառայությունների արդյունավետությունը։ Ընդ որում՝ գործող կարգավորումը ներդրումային ծառայություն մատուցող անձանց թույլ չի տալիս ամբողջությամբ ավտոմատացնել հաճախորդների սպասարկման գործընթացը՝ պահանջելով հավելյալ մարդկային ռեսուրսներ և գործառնական ծախսեր։
6. Եվ ի վերջո, գործող կարգավորումն անհավասար պայմաններ է ստեղծում տարբեր հաճախորդների սպասարկման գործընթացներում (ինչպես նշվեց, այս կարգավորումից դուրս են ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդները)։
3. Առաջարկվող կարգավորման բնույթը
Առկա խնդիրները լուծելու նպատակով առաջարկվում է «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարել՝ հնարավորություն ընձեռելով, որ
- «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքով սահմանված ներդրումային և ոչ հիմնական ծառայությունների,
- «Կրիպտոակտիվների մասին» ՀՀ օրենքով սահմանված կրիպտոակտիվներով ծառայությունների
դիմաց գանձվող վճարները կարողանան գնանշվել և վճարվել արտարժույթով, եթե այդ ծառայությունների հիմքում ընկած գործիքները կամ գործարքներն արտահայտված են արտարժույթով։
Առաջարկվող մոտեցումը սահմանափակ է և նպատակային, չի վերացնում ՀՀ դրամի դերը ներքին գործարքներում, այլ ապահովում է ճկունություն բացառապես այն դեպքերում, երբ տնտեսապես և գործառնական առումով ծառայությունն անմիջականորեն կապված է արտարժույթով գործարքների կամ գործիքների հետ։
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերի փաթեթը մշակվել է ՀՀ կենտրոնական բանկի կողմից։
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալում ենք ունենալ ֆինանսական շուկայում գործարքների ծավալների աճ հետևյալ գործոնների շնորհիվ․
· ներդրումային միջավայրի բարելավում, գործառնական գործընթացների պարզեցում,
· մրցակցային դիրքի բարելավում՝ միջազգային առաջատար բրոքերային կազմակերպությունների չափանիշներին և գործելաոճին մոտենալու հաշվին,
· ներդրումային ծառայությունների մատուցման գործընթացների պարզեցում՝ ավելորդ և բարդ փուլերի կրճատման հաշվին։
6. Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Ակտը նորմատիվ բնույթի է, քանի որ նորմատիվ իրավական ակտի նախագիծը «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջների համաձայն մշակված գրավոր ակտ է և պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ անորոշ թվով անձանց համար:
7. Օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է:
8. Օրենքների ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման հետևանքով այլ իավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
9. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որի «2․ Տնտեսություն» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» մասում նախատեսվում է ՝ «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար Կառավարությունը քայլեր է ձեռնարկելու արժեթղթերի շուկայի ակտիվացման և զարգացման ուղղությամբ:»։
-
Տևողություն
25.03.2026 09.04.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Ֆինանսական
-
Գերատեսչություն
ՀՀ կենտրոնական բանկ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 209
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: