«Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | ՛՛Հավասար իրավունքներ, հավասար հնարավորություններ՛՛ հաշմանդամություն ունեցող անձանց ՀԿ 07.04.2026 23:31:27 | Նախագծի ընդունման կապակցությամբ 200 շահառուի աջակցության համար ՀՀ 2026 թվականի պետական բյուջեում կնախատեսվի ծախսերի ավելացում 80,000.0 հազար դրամի չափով :- այստեղ հավանաբար 80.000.000 դրամ է։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Հարկ է նշել, որ իրականացվել է Ծրագրի իրականացման համար նախատեսվելիք ֆինանսական միջոցների վերահաշվարկ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախատեսված 100 000 դրամի չափով միանվագ աջակցությունը պետք է տրամադրվի 12 ամիս աշխատանքային հարաբերությունները շարունակվելու պարագայում, ըստ այդմ այդ մասով ֆինանսական միջոցների պահանջ կառաջանա ոչ թե 2026 թ.-ին, այլ՝ 2027 թ.-ին։ Նշվածը հաշվի առնելով՝ ՀՀ 2026 թ.-ի պետական բյուջեից պահանջվող ծախսը նախատեսվել է 60.000.000 դրամ։ Միաժամանակ հարկ է նշել, որ իրավական ակտերում ընդունված է ֆիանսական միջոցները ձևակերպել «60,000.0 հազար դրամ» գրառմամբ։ |
|||
| 2 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Ծրագրի առանցքը կազմում են գործատուին տրամադրվող ֆինանսական սուբսիդիաները։ Սակայն ֆինանսական խթաններն ինքնուրույն, առանց համակարգային այլ միջոցառումների, բավարար չեն հաշմանդամություն ունեցող անձանց և ավագ տարիքի անձանց աշխատաշուկայում կայուն ընդգրկումն ապահովելու համար։ Ծրագիրը կարող է մնալ ժամանակավոր «կոսմետիկ» միջոց, եթե չփոխկապակցվի այլ միջոցառումների հետ։ Մասնավորապես՝ ծրագիրը չունի իրազեկման բաղադրիչ, նախատեսվում է իրականացնել առանց մասնագիտական վերապատրաստման ու կողմնորոշման ծառայությունների։ Բացի այդ, աշխատատեղի ֆիզիկական հարմարեցման և խելամիտ հարմարեցումների բաղադրիչի բացակայությունն անհնար է դարձնում ծրագրի կիրառումը մի շարք դեպքերում, անկախ տրամադրվող սուբսիդիայի չափից։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Գործատուի կողմից աշխատատեղերի հարմարեցման մասով պետական աջակցություն նախատեսելը կքննարկվի առաջիկայում իրականացվելիք բարեփոխումների շրջանակներում։ Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվող և իրականացվող պետական ծրագրերի վերաբերյալ իրականացվում են ակտիվ իրազեկման աշխատանքներ՝ օգտագործելով իրազեկման հնարավոր բոլոր գործիքները։ Ինչ վերաբերում է մասնագիտական կողմնորոշման կամ կարիերայի ուղղորղման մասով խորհրդատվության տրամադրմանը, ապա այն Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնի միջոցով մատուցվող ծառայություն է, որը դուրս է ծրագրի կարգավորման շրջանակից։ |
|||
| 3 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Ծրագրի կատարումն ամբողջությամբ վստահված է Միասնական սոցիալական ծառայությանը՝ առանց այլընտրանքային ճկուն մեխանիզմների։ Զբաղվածության ռազմավարության ռիսկերի բաժնում ճանաչված ՄՍԾ-ի ինստիտուցիոնալ սահմանափակումները (ներառյալ կարողությունները) կարող են անդրադառնալ ծրագրի արդյունավետության վրա։ Առաջարկում ենք ծրագրում ամրագրել արտապատվիրման հնարավորություն հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններին՝ արդյունքահենք ֆինանսավորման մեխանիզմներով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Արդյունքահեն ֆինանսավորման մեթոդաբանությամբ ծրագիրն իրականացվելու առնչությամբ հարկ է նշել, որ ներկայում ամփոփվում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ իրականացվող փորձնական ծրագրի արդյունքները, նախատեսվում է փորձնական իրականացման երկրորդ փուլ, որի արդյունքների վերջնական ամփոփումից հետո առաջիկայում կքննարկվեն որոշակի թիրախային խմբերին պատկանող անձանց համար այդ մեխանիզմով՝ արտապատվիրակման սկզբունքով զբաղվածության պետական ծրագիր իրականացնելու հնարավորությունները։ |
|||
| 4 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Ծրագիրը չի սահմանում գործողության ժամկետ, ինչն անորոշություն է ստեղծում բյուջետային պլանավորման, մոնիթորինգի և արդյունավետության գնահատման հարցերում։ Առաջարկում ենք ամրագրել ծրագրի գործողության 3-ամյա ժամկետ՝ ՀՀ կառավարության հատուկ որոշմամբ երկարաձգման հնարավորությամբ և ժամկետի ավարտից 6 ամիս առաջ անկախ կազմակերպության կողմից ծրագրի գնահատմամբ։ |
Առաջարկը չի ընդունվել։ Ծրագրով նախատեսված է պարբերաբար մոնիթորինգի և գնահատման գործընթաց, որի արդյունքներով ծրագրի իրականացումը ոչ արդյունավետ գնահատվելու դեպքում, որպես կանոն, միջոցներ են ձեռնարկվում իրավակիրառ պրակտիկայում վեր հանված խնդիրների լուծման նպատակով ծրագրի բարեփոխման կամ ծրագրի իրականացումը դադարեցնելու ուղղությամբ։ |
|||
| 5 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Ծրագիրը ներառում է 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, սակայն բացառում է 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց, որոնք ևս բախվում են աշխատաշուկայի արգելքների։ Առաջարկում ենք ընդլայնել ծրագրի շրջանակը 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց մասով։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Ծրագրի ընդլայնման հնարավորության հարցը կքննարկվի առաջիկա բարեփոխումների իրականացման շրջանակներում։ Ծրագրի իրականացման առաջին փուլում Ծրագրով նախատեսվող աջակցությունն առավել հասցեական ու նպատակային լինելու համար թիրախավորվել է ոչ թե այն անձանց շրջանակը, որն ունի աշխատաշուկայում ինտեգրվելու համեմատաբար ավելի բարձր հնարավորություններ, այլ այն անձանց, որոնք աշխատաշուկայում ինտեգրվելու համար իսկապես ունեն պետական աջակցության կարիք։ Ծրագիրը նպատակ ունի հեշտացնելու նշված անձանց մուտքն աշխատաշուկա՝ գործատուների համար ստեղծելով նրանց աշխատանքի ընդունման համար խթաններ։ |
|||
| 6 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Ծրագրի 12-րդ կետը թույլ է տալիս գործատուին ընտրել «իր պահանջներին առավելապես բավարարող» անձին՝ առանց ընտրության արդարությունն ու հիմնավորումն ստուգող մեխանիզմի։ Առաջարկում ենք ծրագրում ավելացնել նոր կետ՝ ամրագրելով, որ գործատուի ընտրությունը հիմնավորվում է բացառապես մասնագիտական որակավորմամբ՝ ՀՀ Աշխատանքային օրենսգրքի խտրականության արգելքին առնչվող հոդվածներին համապատասխան։ |
Առաջարկը չի ընդունվել։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գործատուն իրավունք ունի ինքնուրույն, ուղղակիորեն համալրելու թափուր կամ նոր ստեղծված աշխատատեղերը՝ կնքելով օրենսգրքով նախատեսված աշխատանքային պայմանագրեր։ Նշվածը հաշվի առնելով՝ հարկ է նշել, որ նախագծում նոր կետ ավելացնելու անհրաժեշտությունը բացակայում է։ |
|||
| 7 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Նախագիծը չի ամրագրում պայմանագրի վաղաժամ լուծման իրավական հետևանքները կամ անհիմն ստացված սուբսիդիայի վերադարձի կարգը։ Առաջարկում ենք սահմանել, որ 6-ամսյա ժամկետից շուտ աշխատողի ազատման դեպքում գործատուն վերադարձնում է ստացված փոխհատուցումն ամբողջությամբ։ Եթե աշխատողն ազատվի իր նախաձեռնությամբ, բայց մշտադիտարկումը պարզի, որ դրա պատճառը եղել է գործատուի կողմից ոչ պատշաճ պայմանների ստեղծումը կամ խտրականությունը, առաջարկում ենք կիրառել վերադարձի մեխանիզմը։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով աջակցության տրամադրումը նախատեսված է արդեն իսկ շահառուի կողմից գործատուի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնված լինելու պարագայում, որի դեպքում գումարի վերադարձի մեխանիզմի կիրառումը ներկայում նախատեսված չէ։ Իրավակիրառ պրակտիկայում խնդիրների առաջացման պարագայում առաջարկը կքննարկվի ծրագրի բարեփոխման շրջանակներում։ |
|||
| 8 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Ծրագրի 18-րդ կետը սահմանում է մոնիթորինգի ժամկետներ, սակայն չի ամրագրում ոչ կատարողականի ցուցանիշներ, ոչ հաշվետու կողմի պատասխանատվությունը, ոչ էլ արդյունքների հիման վրա ծրագրի ճշգրտման մեխանիզմ։ Առաջարկում ենք ամրագրել ծրագրի կատարողականի հիմնական ցուցանիշներ (օր.՝ 6 ամիս հետո աշխատատեղ պահպանած անձանց տոկոս, 12 ամիս հետո աշխատատեղ պահպանած անձանց տոկոս և այլն)։ Նաև առաջարկում ենք ամրագրել, որ Նախարարությունն ամեն տարի հրապարակում է ծրագրի արդյունքների հաշվետվությունը կայքում։ |
Ընդունվել է ի գիտություն։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, այդ թվում նաև՝ զբաղվածության ապահովման պետական ծրագրերի մոնիթորինգն ու գնահատումն իրականացվում է նախարարի հրամանով հաստատված մեթոդաբանության համաձայն։ Ծրագրի արդյունքների մասին հաշվետվությունը յուրաքանչյուր տարի հրապարակվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեության տարեկան հաշվետվության շրջանակում։ |
|||
| 9 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Ծրագրում ամբողջությամբ բացակայում է ծրագրից բխող որոշումների (մերժման, ցուցակ չընդգրկելու) բողոքարկման մեխանիզմ։ |
Առաջարկը չի ընդունվել։ Ծրագրի շահառու հանդիսացող աշխատանք փնտրող անձանց կողմից որոշումների բողոքարկման իրավունքն ու մեխանիզմն ամրագրված են ավելի բարձր իրավական ուժ ունեցող ակտով՝ «Զբաղվածության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով։ |
|||
| 10 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Գտնում ենք, որ 15-րդ կետով նախատեսված 100,000 դրամ միանվագ աջակցությունը բավարար խթան չի ստեղծում երկարաժամկետ զբաղվածության պահպանման համար։ Փոխհատուցման ամսական շեմերը (25,000 և 50,000 դրամ) ևս կարող են բավարար չլինել բարձր որակավորում պահանջող հաստիքների համալրման համար։ Առաջարկում ենք 100,000 դրամ միանվագ գումարի փոխարեն կամ դրան զուգահեռ ներդնել աստիճանական նվազող սուբսիդավորման բաղադրիչ, իսկ ամսական շեմերը (25,000 / 50,000 դրամ) ենթարկել ամենամյա ինդեքսավորման կամ վերանայման։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Նախագծով նախատեսված պետական աջակցության ուղղություններն ու չափերն առաջարկվել են բազմակի քննարկումների արդյունքներով։ Ծրագրով նախատեսված աջակցության չափերի արդյունավետ լինելու հարցը կքննարկվի իրավակիրառ պրակտիկայի արդյունքներով՝ առաջիկա բարեփոխումների իրականացման շրջանակում։ |
|||
| 11 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Նախագիծը սահմանում է, որ անձը չի կարող ընդգրկվել ծրագրում, եթե վերջին 3 տարում աշխատել է տվյալ գործատուի մոտ։ Առաջարկում ենք սահմանել բացառություն այն դեպքերի համար, երբ անձի հաշմանդամությունը ձեռք է բերվել հենց այդ աշխատավայրում աշխատելու ընթացքում։ |
Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախագծով նվազեցվել է տվյալ գործատուի մոտ չաշխատած լինելու պահանջի ժամկետը՝ 3 տարվա փոխարեն այն դարձնելով 1 տարի։ Միաժամանակ հարկ է նշել, որ շահառու դառնալու համար հաշմանդամության ձեռք բերման վայրը հիմք ընդունելը նպատակահարմար չէ։ |
|||
| 12 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Հստակեցնել՝ արդյոք սույն ծրագրից օգտվող գործատուն կարո՞ղ է միաժամանակ օգտվել ՀՀ Հարկային օրենսգրքով նախատեսված արտոնություններից։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Գործատուին սույն ծրագրով աջակցություն տալը որևէ կերպ չի սահմանափակելու ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված արտոնությունից օգտվելու իրավունքը։ Այդ մասով նախագիծը որևէ սահմանափակող նորմ չի պարունակում։ |
|||
| 13 | «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 09.04.2026 23:26:18 | Վերստին առաջարկում ենք ապահովել e-work.am-ի մատչելիությունը Վեբ բովանդակության մատչելիության 2.1 ուղեցույցի AA պահանջներին։ Ծրագրի իրականացումը միայն e-work.am հարթակի միջոցով կազմակերպելը կարող է էականորեն սահմանափակել դրա արդյունավետությունը՝ հաշվի առնելով հարթակի ցածր օգտագործելիությունը և մեր կողմից արձանագրված խնդիրները։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 14 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 12:54:43 | Նախագծի 3-րդ և 13-րդ կետերում նշված է, որ աջակցությունը տրամադրվում է այն գործատուին, որը շահառուի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր «նորմալ աշխատաժամանակի ռեժիմով (մեկ դրույքով)»: Այս դրույթը խնդրահարույց է, քանի որ ծրագրի շահառու հանդիսացող ֆունկցիոնալության խորը կամ ծանր աստիճանի սահմանափակում ունեցող անձինք հաճախ ունենում են առողջական այնպիսի վիճակ, որը թույլ չի տալիս աշխատել լրիվ աշխատաժամանակով: Ավելին, համաձայն ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 140-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար սահմանվում է աշխատաժամանակի կրճատ տևողություն (շաբաթական ոչ ավելի, քան 36 ժամ), իսկ բժշկի ցուցման համաձայն՝ ավելի քիչ, ինչից չի տուժում նրա աշխատավարձը (անձը վարձատրվում է լրիվ դրույքով սահմանված չափով): Ինչ վերաբերում է 63-ից բարձր տարիք ունեցող անձանց, ապա լրիվ դրույքով աշխատանքը կարող է հանգեցնել արագ հոգնածության և առողջական խնդիրների սրման: Առաջարկում ենք վերանայել նշված կետը՝ նախատեսելով նաև ոչ լրիվ աշխատաժամանակի (կես դրույք կամ կրճատ ժամանակ) հնարավորություն՝ պահպանելով աջակցության համամասնական սկզբունքը: Սա կապահովի անձի աշխատանքի իրավունքի իրացումը՝ առանց նրա առողջությանը վնաս հասցնելու: |
Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախագծի հավելվածի 3-րդ կետով սահմանվել է աշխատանքային պայմանագրի ոչ լրիվ աշխատաժամանակով կնքման հնարավորություն հաշմանդամություն ունեցող անձի պահանջով՝ բժշկական եզրակացության հիման վրա։ |
|||
| 15 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 12:55:40 | Նախագծի 2-րդ կետում նշված է, որ շահառու կարող է դառնալ այն անձը, ով վերջին երեք ամսվա ընթացքում չեն ունեցել վարձու աշխատողի համար հաշվարկված աշխատավարձ կամ դրան հավասարեցված այլ վճարումներ և վերջին երեք տարվա ընթացքում աշխատանքային հարաբերությունների մեջ չեն գտնվել թափուր աշխատատեղ ներկայացրած գործատուի հետ (այսուհետ՝ աշխատանք փնտրող)։ 3-ամսյա անգործության պահանջը և հատկապես 3 տարի չաշխատելու սահմանափակումը չափազանց խիստ են և կարող են ստեղծել արհեստական գործազրկություն: Առաջարկում ենք վերացնել 3 ամսվա չաշխատելու պահանջը և վերանայել 3 տարվա սահմանափակումը նվազեցնելով այն առավելագույնը 6-12-ամիս։ Սա կխթանի աշխատաշուկայի դինամիկան և կնվազեցնի տևական գործազրկության ռիսկը: |
Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախագծի հավելվածի 2-րդ կետում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինվել են «վերջին մեկ տարվա» բառերով։ |
|||
| 16 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 12:56:35 | Նախագծի 3-րդ և 7-րդ կետերում շեշտադրվում է աշխատանքի վայրում պարտադիր ֆիզիկական ներկայությունը: Հաշվի առնելով, որ ծրագիրը կարճաժամկետ է (3-6 ամիս աջակցություն), շատ գործատուների համար ծախսարդյունավետ չէ իրականացնել ֆիզիկական միջավայրի թանկարժեք հարմարեցումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար: «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքը պահանջում է խելամիտ հարմարեցումներ, սակայն կարճ ժամկետում դա կարող է խոչընդոտել գործատուի մասնակցությանը ծրագրին: Առաջարկում ենք նախագծում հստակ ամրագրել հեռավար աշխատանքի հնարավորությունը: Սա թույլ կտա շահառուին աշխատել իրեն հարմար միջավայրից՝ խնայելով տրանսպորտային և ենթակառուցվածքային հարմարեցման ծախսերը թե՛ պետության, թե՛ գործատուի համար: |
Առաջարկը չի ընդունվել։ Առաջարկության մեջ նշված կետերով պարտադիր աշխատավայրում գտնվելու շեշտադրում կատարված չէ, առավել ևս նշված կարգավորումները չեն բացառում գործատուի և շահառուի համաձայնությամբ հեռավար աշխատելու հնարավորությունը, եթե աշխատանքի բնույթը թույլ է տալիս այն կատարել հեռավար (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 106.1 հոդվածի 2-րդ մասի համաձայն):
|
|||
| 17 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 13:06:58 | Նախագծի 2-րդ գլխում, որը նկարագրում է աջակցության տրամադրման կարգը, բացակայում է անձի հմտությունների զարգացման կամ ադապտացիայի փուլը: Եթե անձը երկար ժամանակ (ըստ նախագծի՝ նվազագույնը 3 տարի) չի աշխատել, նրա մասնագիտական հմտությունները կարող են կորցրած կամ հնացած լինել: Միանգամից աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարում պահանջելը կարող է հանգեցնել ձախողման և պայմանագրի վաղաժամկետ լուծարման: Առաջարկում ենք ծրագրում ներառել վճարվող փորձաշրջանի կամ նախնական մասնագիտական վերապատրաստման բաղադրիչ: Առաջարկում ենք ծրագրի առաջին 1-2 ամիսները դիտարկել որպես ուսուցողական փուլ, որի ընթացքում պետությունը կփոխհատուցի նաև վերապատրաստող մասնագետի (մենթորի) ծախսերը կամ կտրամադրի կրթական վաուչերներ: Սա կապահովի զբաղվածության կայունությունը և անձի մասնագիտական աճը: |
Առաջարկը չի ընդունվել։ Քննարկումների արդյունքներով առաջարկվել են նախագծով նախատեսված պետական աջակցության ուղղությունները։
|
|||
| 18 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 13:08:12 | Ծրագրի նախագծում հստակ նշումներ չկան այն մասին, թե մեկ գործատուն նույն տարվա մեջ քանի աշխատակից կարող է ընդունել և թե նույն անձը քանի անգամ կարող է դիմել ծրագրից օգտվելու համար: Գործատուի մասով առկա է ռիսկ, որ աջակցության 6-ամսյա ժամկետը լրանալուն պես ներկա աշխատողին կհեռացնեն՝ նոր շահառու ընդունելու և աջակցության նոր փուլ ստանալու նպատակով: Բացի այդ, առանց հստակ սահմանափակման, ծրագիրը կարող է կենտրոնանալ սահմանափակ թվով անձանց շուրջ՝ զրկելով ուրիշներին ծրագրից օգտվելու հնարավորությունից (այսինքն, նույն անձը կարող է դիմել տարբեր գործատուների մոտ և օգտվել ծրագրային բաղադրիչից, ինչը կարող է լինել սահմանափակում այն անձի համար։) Առաջարկում ենք հստակեցնել այս դրույթները և հնարավորինս արդյունավետ մեխանիզմ մշակել նշված խնդիրներից խուսափելու համար։ |
Առաջարկը չի ընդունվել։ Հաշվի առնելով ծրագրի շահառուների շրջանակը՝ կարծում ենք, որ լրացուցիչ սահմանափակում դնելու անհրաժեշտություն չկա։ Արդեն իսկ սահմանված է նույն գործատուի մոտ նորից աշխատանքի անցնելու մեկ տարվա սահմանափակում։ Մյուս կողմից, նույն գործատուն կարող է այլ հաշմանդամություն ունեցող անձանց կամ ավագ սերնդի ներկայացուցիչների համար աշխատաշուկա մտնելու հնարավորություն ստեղծել։ |
|||
| 19 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 13:55:08 | Նախագծի 15-րդ կետով նախատեսված 100,000 դրամ միանվագ աջակցությունը, որը տրամադրվում է 12 ամիս աշխատանքային հարաբերությունները շարունակելու դեպքում, ներկայիս տնտեսական պայմաններում բավարար չափի մոտիվացիա չէ գործատուների համար: Հաշվի առնելով գնաճը, աշխատուժի պահպանման ծախսերը և թիրախային խմբի (հաշմանդամություն ունեցող և տարեց անձինք) հետ աշխատանքի առանձնահատուկ ջանքերը՝ առկա է ռիսկ, որ գործատուն պարզապես չցանկանա դիմել ծրագրին՝ աջակցության փոքր չափի և վարչարարական գործընթացի անհամապատասխանության պատճառով: Փոխհատուցման ցածր շեմը չի ծածկում գործատուի հնարավոր ռիսկերը և չի խթանում երկարաժամկետ պայմանագրերի կնքումը: Առաջարկում ենք, պետական բյուջեի հնարավորություններից ելնելով վերանայել և բարձրացնել ֆինանսական աջակցության չափերը՝ գործատուի համար իրական տնտեսական շահ ստեղծելու նպատակով։ Եկամտային հարկի հետվերադարձի մասով, եթե բյուջետային միջոցները թույլ են տալիս, բարձրացնել 14-րդ կետով նախատեսված ամսական փոխհատուցման առավելագույն սահմանաչափերը։ |
Առաջարկը չի ընդունվել։ Աջակցության նշված չափը սահմանվել է տեղի ունեցած քննարկումների արդյունքում։ |
|||
| 20 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 13:55:56 | Ծրագրի հաջող իրականացումը մեծապես կախված է Միասնական սոցիալական ծառայության (ՄՍԾ) տարածքային կենտրոնների մասնագետներից, ովքեր պետք է կազմեն ցուցակները (կետ 10) և իրականացնեն մոնիթորինգ (կետ 18): Առանց հաշմանդամություն ունեցող կամ տարեց անձանց հոգեբանական և ֆիզիկական առանձնահատկությունների լրացուցիչ իմացության, գործընթացը կարող է կրել ձևական բնույթ: Առաջարկում ենք ծրագրի իրականացման ընթացակարգերում ներառել պահանջ. «ՄՍԾ համապատասխան բաժնի այն աշխատակիցները, ովքեր ներգրավված են սույն ծրագրի իրականացման, շահառուների ընտրության և մոնիթորինգի պրոցեսում, պետք է անցնեն լրացուցիչ վերապատրաստում՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, խելամիտ հարմարեցումների և թիրախային խմբերի հետ հաղորդակցության առանձնահատկություններին»: Սա կապահովի պրոցեսի հարթ և պրոֆեսիոնալ ընթացքը: |
Առաջարկն ընդունվել է մասնակի։ Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնների մասնագետների վերապատրաստման գործընթացը կրում է շարունակական բնույթ, սակայն այն դուրս է նախագծով հաստատվող ծրագրի կարգավորման շրջանակից։
|
|||
| 21 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 23.04.2026 14:04:30 | Սանտա Մոնիկա ՍՊԸ-ում կան աշխատողներ, ովքեր կարող են ընդգրկվել <<Հաշմանդամություն ունեցող անձանց և 63-ից բարձր տարիք ունեցող անձանց զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի շրջանակներում։ Ումրշատյան Անահիտ Զոհրաբյան ՀՐածին Կարապետյան Խորեն Գասպարյան Արմեն կանխավ շնորհակալ եմ։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |