««Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Անհրաժեշտությունը
Գործող կարգավորումները լիարժեք չեն ապահովում տեխնիկական կանոնակարգման ոլորտի հարաբերությունների համակարգային և ներդաշնակ կարգավորումը՝ հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի մշակման և կիրառման արդի պահանջները։
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել ոլորտի իրավական դաշտի արդիականացում, հստակեցում և ներդաշնակեցում միջազգային և տարածաշրջանային նորմատիվ պահանջներին, ինչպես նաև գործող կարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ եկած բացերի վերացում։
2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Տեխնիկական կանոնակարգման ոլորտը, որպես որակի ենթակառուցվածքի համակարգի առաջնային բաղադրիչ, նպատակաուղղված է մարդու կյանքի և առողջության, սպառողների իրավունքների պաշտպանության, շրջակա միջավայրի, այդ թվում՝ բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը, ազգային անվտանգության ապահովմանը և անբարեխիղճ գործելակերպի կանխարգելմանը։
Տեխնիկական կանոնակարգերը կարևոր դեր ունեն առևտրում տեխնիկական խոչընդոտների նվազեցման, համապատասխանության գնահատման արդյունքների նկատմամբ վստահության բարձրացման, արտադրանքի ազատ տեղաշարժի ապահովման, ինչպես նաև միջազգային առևտրում անհիմն սահմանափակումների վերացման գործընթացներում։
Միաժամանակ, գործող իրավակարգավորումներում առկա են մի շարք անհամապատասխանություններ և անորոշություններ՝
- հասկացությունների և տերմինաբանության կիրառման ոլորտում,
- համապատասխանության գնահատման գործընթացների իրավական ձևակերպման մասով,
- փաստաթղթերի ձևաթղթերի և իրավական կարգավիճակի հստակեցման առումով,
- Կառավարության և համակարգող մարմնի լիազորությունների և գործառույթների սահմանման մեջ։
3. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է՝
- հստակեցնել տեխնիկական կանոնակարգման և համապատասխանության գնահատման ոլորտին առնչվող հասկացությունները՝ դրանք նույնականացնելով միջազգայնորեն ընդունված նորմերին, «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրին և համապատասխան ոլորտը կարգավորող ԵԱՏՄ անդամ պետությունների օրենսդրություններին,
- վերանայել համապատասխանության գնահատման մարմինների, տրամադրվող փաստաթղթերի տեսակների և համապատասխանության նշանի վերաբերյալ կարգավորումները,
- հստակեցնել համապատասխանության գնահատման գործընթացի բողոքարկման հետ կապված ծախսերի կարգավորումները,
- սահմանել պետական վերահսկողության շրջանակում տեսչական մարմնի կողմից նմուշառման և լաբորատոր փորձարկումների իրականացման դեպքերը և իրավական հիմքերը,
- նախատեսել վարչական պատասխանատվության կիրառման հիմքեր՝ օրենքով սահմանված պահանջների չկատարման դեպքում։
4. Կարգավորման նպատակը
Նախագծի հիմնական նպատակը տեխնիկական կանոնակարգման ոլորտում իրականացվող պետական քաղաքականության հստակեցումն է, ինչպես նաև ոլորտի իրավակարգավորումների ներդաշնակեցումը ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգման համակարգի և միջազգային նորմերի հետ։
Նախագծի ընդունումը կնպաստի իրավական բացերի լրացմանը, գործող մեխանիզմների կատարելագործմանը և ոլորտում առաջացած խնդիրների համակարգային լուծմանը։
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է՝
- տեխնիկական կանոնակարգման ոլորտի իրավակարգավորումների հստակեցում,
- միջազգային և ԵԱՏՄ իրավական պահանջներին համապատասխանեցում,
- համապատասխանության գնահատման համակարգի թափանցիկության և արդյունավետության բարձրացում,
- արտադրանքի անվտանգության մակարդակի բարձրացում և սպառողների վստահության ամրապնդում։
7. Այլ տեղեկություններ
Նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։
Նախագծի վերաբերյալ հասարակության իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման «e-draft» միասնական կայքէջում տեղադրման միջոցով։
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից, քանի որ իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենքի կիրարկման ընթացքում առաջացած օրենսդրական բացերի վերացմամբ, բացակա հասկացությունների սահմանմամբ։
-
Տևողություն
09.03.2026 25.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 104
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: