ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
Կառավարություն 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման N 1 հավելվածի 12-րդ կետի համաձայն՝ կարգի 6-րդ կետով սահմանված հայտը ներկայացվում և 11-րդ կետով սահմանված բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով, բացառությամբ անհաղթահարելի ուժի առկայության, ինչպես նաև արտահանվող երկրներ թղթային եղանակով ներկայացնելու անհրաժեշտության դեպքերի:
Սննդամթերքի անվտանգությւան տեսչական մարմնում (այսուհետ՝ Տեսչական մարմին) ներկայումս գործում է «Լամբրոն» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը (այսուհետ՝ Տեղեկատվական համակարգ), որը Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգին ինտեգրված չէ: Սակայն, գործնականում, երբ բուսասանիտարական հսկման ենթակա ապրանքների արտահանման համար տրվում է բուսասանիտարական հավաստագիր թղթային եղանակով, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության սահմանային անցման կետում առաջանում են խոչընդոտներ՝ բուսասանիտարական հավաստագրի իսկությունը հայկական կողմի հետ պարզելու նպատակով, որն անհարկի բարդացնում է բեռների արտահանման գործընթացը և առաջացնում է ժամանակի ու ռեսուրսների վատնում:
Բուսասանիտարական հավաստագիրը էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով մշակվել է «Արմֆիտոս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որը հանդիսանալով Տեղեկատվական համակարգի բաղադրիչ, արդեն իսկ ինտեգրվել և փորձարկվել է ռուսական «Արգուս-ֆիտո» տեղեկատվական համակարգի հետ։ Ուստի, «Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Որոշման մեջ կատարել լրացում, որի արդյունքում մինչև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի և Տեղեկատվական համակարգի ինտեգրումը, բուսասանիտարական հավաստագիրը կձևավորվի Տեղեկատվական համակարգի միջոցով և դրա մասին տեղեկատվությունը կմուտքագրվի «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ:
Բացի այդ, Նախագծով առաջարկվում է խմբագրել Որոշման N 4 և N 5 հավելվածները, որի արդյունքում արտահանվող կամ վերաարտահանվող արտադրանքի վերաբերյալ տեղեկատվությունը կլրացվի արտահանման բուսասանիտարական հավաստագրի կամ վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի հավելվածներում, հաշվի առնելով, որ ներկայումս մեկից ավելի բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանք արտահանելու դեպքում էլեկտրոնային եղանակով տեխնիկապես հնարավոր չէ բոլոր ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը ներառել բուսասանիտարական հավաստագրում՝ սահմանված ձևին համապատասխան և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Առաջարկվող հավելվածներում նախատեսված տեղեկատվությունը, ըստ էության, հանդիսանում է Որոշման 1-ին կետի 4-րդ և 5-րդ կետերով հաստատված բուսասանիտարական հավաստագրի և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի 5-րդ, 8-րդ և 9-րդ կետերով սահմանված տեղեկատվությունը:
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը․
Նկատի ունենալով, որ ներկայումս Տեղեկատվական համակարգն ինտեգրված չէ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգին, սակայն Բուսասանիտարական հավաստագիրը էլեկտրոնային եղանակով տրամադրելու նպատակով մշակվել է «Արմֆիտոս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգը, որը հանդիսանալով Տեղեկատվական համակարգի բաղադրիչ, արդեն իսկ ինտեգրված և փորձարկված է ռուսական «Արգուս-ֆիտո» տեղեկատվական համակարգի հետ, Նախագծով առաջարկվում է՝ մինչև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի և Տեղեկատվական համակարգի ինտեգրումը, բուսասանիտարական հավաստագիրը Տեղեկատվական համակարգի միջոցով ձևավորելու և դրա մասին տեղեկատվությունը «Թույլատվական փաստաթղթեր» համակարգ մուտքագրելու վերաբերյալ կարգավորում:
Բացի այդ, Նախագծով առաջարկվում է խմբագրել՝ Որոշման N 4 և N 5 հավելվածները, որի արդյունքում արտահանման բուսասանիտարական հավաստագիրը և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագիրը կունենան հավելվածներ, հաշվի առնելով, որ մեկից ավելի ապրանքի արտահանման կամ վերաարտահանման դեպքերում էլեկտրոնային եղանակով տեխնիկապես հնարավոր չէ հավաստագրերը տրամադրել սահմանված ձևին համապատասխան և լրացնել անհրաժեշտ տեղեկատվությունը:
3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից Տեսչական մարմնի հետ համատեղ։
4․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բուսասանիտարական հավաստագիրը տրամադրել էլեկտրոնային եղանակով Տեղեկատվական համակարգի բաղադրիչ հանդիսացող «Արմֆիտոս» էլեկտրոնային տեղեկատվական համակարգի միջոցով, ինչի արդյունքում կվերացվի բուսասանիտարական հսկողության ենթակա ապրանքների արտահանման կամ վերաարտահանման հավաստագրերի իսկության ճշգրտման հետ կապված անհարկի խոչընդոտները:
Միևնույն ժամանակ, Որոշման N 4 և N 5 հավելվածները խմբագրելու արդյունքում հնարավոր կլինի ապրանքների արտահանման կամ վերաարտահանման դեպքում էլեկտրոնային եղանակով հավաստագրերը տրամադրել սահմանված ձևին համապատասխան՝ ապրանքների վերաբերյալ տեղեկատվությունը լրացնելով արտահանման բուսասանիտարական հավաստագրի և վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրի հավելվածներում՝ անկախ ապրանքների քանակից:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ․
Կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի ՀՀ կառավարության ծրագրի մասին N 1363-Ա որոշման հավելվածի գյուղատնտեսության բաժնի 2.4-րդ կետի 1-ին պարբերության համաձայն՝ Գյուղատնտեսության ոլորտում Կառավարության կողմից իրականացվող քաղաքականությունն ուղղված է լինելու գյուղատնտեսության ինտենսիվացմանը, (...) անասնաբուծության և բուսաբուծության զարգացմանը, արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, (...) արտահանման խթանմանը, (...):
6. Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
-
Տևողություն
05.03.2026 21.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Գերատեսչություն
Վարչապետի աշխատակազմ
-
Կարգավիճակ
Դիտումներ` 233
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: