ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
1. Ընթացիկ վիճակը, իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, առկա խնդիրների առաջարկվող լուծումները.
«Քաղաքաշինության մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ Կառուցապատողները պարտավոր են` քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք, այդ թվում` ինժեներական ենթակառուցվածքների նախագծման ելակետային տվյալներ կամ տեխնիկական պայմաններ ստանալ տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններից:
Նույն օրենքի 22.1-ին հոդվածի համաձայն՝ Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, այդ թվում` նույն օրենքի 6 հոդվածի «դ» կետով սահմանված` քաղաքաշինական օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների (ջրամատակարարում, ջրահեռացում, էլեկտրամատակարարում, գազամատակարարում և այլն) նախագծման Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված ելակետային տվյալները (այսուհետ` ելակետային տվյալներ) կամ տեխնիկական պայմանները (այսուհետ` տեխնիկական պայմաններ) և սահմանափակումները:
Ելակետային տվյալները կամ տեխնիկական պայմանները տալիս են ինժեներական սպասարկում իրականացնող ծառայությունները` ճարտարապետահատակագծային առաջադրանք տրամադրող մարմնին` վերջինիս հարցման հիման վրա, և կազմում են ճարտարապետահատակագծային առաջադրանքի անբաժանելի մասը:
Ճարտարապետահատակագծային առաջադրանքը համայնքում տալիս է համայնքի ղեկավարը քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից համակարգվող քաղաքաշինական թույլտվությունների առցանց տրամադրման համակարգի միջոցով:
Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 596-Ն որոշմամբ, որի N 1 Հավելվածի 36-րդ կետով սահմանվում է, որ առաջադրանքը և դրա անբաժանելի մասը հանդիսացող տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները կառուցապատողին տրամադրվում են անվճար:
Հիշյալ որոշմամբ սահմանված են քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման կարգի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման, փոփոխման կարգերը, սակայն համայնքի կողմից մատուցվող ծառայությունների կամ տրամադրվող թույլտվությունների համար վճարների սահմանումը դուրս է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներից:
«Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքով (այսուհետ՝ Օրենքով) սահմանված են համայնքի բյուջե գանձվող 2 պարտադիր գանձույթներ՝ տեղական տուրքերի և վճարներ:
Տեղական տուրքը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների իրականացմամբ պայմանավորված՝ օրենքով սահմանված գործողությունների համար համայնքի բյուջե վճարվող` նույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ է, իսկ տեղական վճարը՝ տեղական ինքնակառավարման մարմինների սեփական լիազորությունների շրջանակներում համայնքի կամ համայնքի պատվերով մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե վճարվող, նույն օրենքի դրույթների հիման վրա ավագանու սահմանած պարտադիր գանձույթ:
Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ Տեղական տուրքերի տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանվում են նույն օրենքով: Տեղական վճարների տեսակները և դրանց դրույքաչափերը սահմանվում են նույն օրենքով, ինչպես նաև համայնքի ավագանու որոշմամբ՝ սահմանելով նույն օրենքի տեղական վճարների տեսակների մեջ չներառված տեղական վճարների նոր տեսակներ և դրանց դրույքաչափերը:
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 185-րդ հոդվածի համաձայն՝ համայնքի ավագանին կարող է համայնքի մատուցած ծառայությունների համար սահմանել համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ։
Նշվածից ակնհայտ է, որ համայնքի վարչական տարածքում տեղական տուրք և տեղական վճար հաշվարկող և գանձողը՝ համայնքն է: Համայնքի մատուցած ծառայությունների համար համայնքի բյուջե մուտքագրվող վճարներ սահմանելու իրավասությունը վերապահված է համայնքի ավագանուն և համայնքի ավագանին կարող է որոշում կայացնել օրենքով նախատեսված տեղական վճարներից բացի, իր մատուցած ծառայությունների համար նոր տեղական վճարներ սահմանելու մասին:
Ճարտարապետահատակագծային առաջադրանքը (կամ նախագծման թույլտվությունը) փաստաթուղթ է, որը, հիմք ընդունելով համայնքի տարածական պլանավորման փաստաթղթերի և քաղաքաշինական կանոնադրության պահանջները, սահմանում է քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները: Այն տրամադրում է համայնքի ղեկավարը:
Ճարտարապետահատակագծային առաջադրանքի կազմումը և տրամադրումը համայնքի կողմից մատուցվող ծառայություն է, որի ադյունքում Կառուցապատողին տարամադրվում են քաղաքաշինական գործունեության տվյալ օբյեկտին ներկայացվող նախագծման պարտադիր պահանջները, պայմանները, ուստի համայնքի ավագանին իր կողմից մատուցվող ծառայության համար կարող է սահմանել տեղական վճար, որպիսին հիմա սահմանված է նաև Երևան քաղաքի ավագանու կողմից:
Նախագծի ընդունման արդյունքում այն դեպքերում, երբ համայնքը կգտնի, որ իր կողմից մատուցված ծառայության համար պետք է սահմանի տեղական վճար՝ այն կնախատեսի համայնքի ավագանու որոշմամբ, իսկ նախատեսված չլինելու դեպքում՝ դրանք կտրամադրվեն անվճար:
2. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից:
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման նպատակն է կարգավորել համայնքի վարչական տարածքում համայնքի կողմից մատուցվող ծառայությունների դիմաց տեղական վճարի գանձման հետ կապված հարցերը:
4. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին
Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում և նվազեցում չի նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի վերափոխման 2050 թվականի ռազմավարությամբ ամրագրված իրավական Հայաստանի ապահովման գաղափարից, այն է ապահովել սահմանադրական ինստիտուտների հավասարակշռված գործունեությունը և իրավունքի գերակայությունը:
-
Տևողություն
03.03.2026 18.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 290
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: