ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇԵՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ՇԵՐՏԻ ՍՏԵՂԾՄԱՆ ԵՎ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետությունում թվային հասարակության և թվային տնտեսության զարգացման ներկա փուլում առանցքային նշանակություն է ստանում պետական մարմինների տեղեկատվական համակարգերի միջև տվյալների անվտանգ և արդյունավետ փոխանակումը։ Ներկայումս տարբեր տվյալների շտեմարանները հաճախ գործում են մեկուսացված կամ դրանց միջև տվյալների փոխանակումն առաջացնում է խնդիրներ, ինչը խոչընդոտում է հանրային ծառայությունների որակի բարձրացմանը և քաղաքացիների համար «մեկ հարցման» (once-only) սկզբունքի լիարժեք իրացմանը։ Սա իր հերթին խոչընդոտում է քաղաքացիների և բիզնեսի համար նոր թվային ծառայությունների մշակումը կամ դրանց որակի ապահովումը։ Միաժամանակ ուժի մեջ է մտել “Հանրային տեղեկությունների մասին” ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը սահմանել է պետական տեղեկատվական համակարգի տվյալների շտեմարանների միջև տեղեկությունների փոխանակման հիմնական սկզբունքները։ Օրենքի համաձայն տվյալների փոխանակման շերտը (ՏՓՀ) հանդիասանում է պետական տեղեկատվական համակարգին աջակցող համակարգ։ ՏՓՀ-ի շահագործման և զարգացման համար պատասխանատու մարմին հանդիսանում է «Տեղեկատվական համակարգերի կարգավորման մարմնի մասին» օրենքով նախատեսված տեղեկատվական համակարգերի կարգավորման հանձնաժողովը (այսուհետ՝ Ինքնավար մարմին)։ Գործող համակարգը չի բավարարում օրենքով սահմանված սկզբունքներին։
Ներկա իրավիճակում`
Բացակայում են անհրաժեշտ կարգավորումները, որոնք կապահովեն տվյալների փոխանակումն անվտանգ թվային միջավայրում՝ պայմանագրի հիման վրա, նրանց հետագծելիությունը և թափանցիկությունը։ Նշված խնդիրների ապահովումը տվյալներ փոխանակող շտեմարանների կառավարիչների պարտականությունն է։ Շահագրգիռ կողմը նախ պետք է ունենա տվյալների կառավարչի հետ պայմանագիր՝ շտեմարանին միանալու համար, որից հետո կարող է դիմել՝ ՏՓՇ-ին միանալու համար։ Ներկայումս պայմանագիր կնքվում է միայն ԷԿԵՆԳ ՓԲԸ-ի հետ, որը չի հանդիսանում տվյալների շտեմարանի կառավարիչ։
Տեղական ինքնակառավարման մարմինները, իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին կարող են միանալ և անվտանգ թվային միջավայրում տվյալներ փոխանակել Ինքնավար մարմնի հետ կնքվող պայմանագրի հիման վրա։ Տվյալների փոխանակման շերտին միանալու պայմանագիրը կարող է կնքվել, եթե ոչ պետական տեղեկատվական համակարգը բավարարում է պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտին միանալու՝ օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները: Օրինակելի պայմանագրի ձևը հաստատելու է Ինքնավար մարմինը։
Պետական մարմինները ՏՓՇ-ին միանում նախագծով սահմանված ընթացակարգերի հիման վրա, սակայն նախօրոք պետք է ունենան այլ նորմատիվ իրավական ակտով տրված լիազորությունը, որը թույլ է տալիս միանալ կոնկրետ շտեմարանի։
Տվյալների փոխանակումը իրականացվում է ոչ միասնական և տարբերակված եղանակներով, ինչը մեծացնում է կիբեռանվտանգության ռիսկերը, նվազեցնում տվյալների ամբողջականության երաշխիքները և առաջացնում ռեսուրսների ոչ արդյունավետ կառավարում։ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ներդնել միջազգայնորեն ճանաչված և կիրառման երկար տարիների փորձ ունեցող համակարգի վրա հիմնված լուծումներ, որոնք ապահովում են տվյալների ապակենտրոնացված, գաղտնագրված և ապացուցելի փոխանակումը՝ երաշխավորելով տվյալների փոխանակման անվտանգությունը, տվյալների հասանելիությունը, հետագծելիությունը,
Խոչընդոտվում է հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալները հասանելիությունը, ինչը հանգեցնում է տվյալների կրկնօրինակման տարբեր տեղեկատվական համակարգերում՝ անհնար դարձնելով տվյալին իրավական ուժ տալու անհրաժեշտությունը (hաճախ տվյալները տրամադրվում են ոչ սկզբնաղբյուր շտեմարաններից, որոնք իրավական ուժ չունեն):
Չի ապահովվում լիարժեք հասանելիություն հանրային տեղեկություններին մասնավոր հատվածի համար (անհրաժեշտ իրավական հիմքերի առկայության դեպքում), ինչը խոչընդոտում է բիզնեսի զարգազմանը, նորարական, պրոակտիվ ծառայությունների մշակմանը։
2․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի հիմնական նպատակն է սահմանել անվտանգ թվային միջավայրում տվյալներ փոխանակելու համար պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման շերտի ստեղծման, ներդրման, կիրառման, կառավարման և զարգացման, ինչպես նաև դրան միանալու և օգտագործման պայմանները և կարգը, որը կերաշխավորի տվյալների փոխանակման անվտանգությունը, տվյալների հասանելիությունը, հետագծելիությունը։
ՏՓՇ-ն տեղեկատվական համակարգերի միջև կենտրոնացված կառավարվող, բաշխված տվյալների փոխանակման շերտ է՝ հիմնված X-Road միջուկի վրա: ՏՓՇ-ի առաջին տարբերակը մշակվել և գործարկվել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի վարչության (RIA) կողմից 2001 թվականին: Դրա կենտրոնական բաղադրիչների սկզբնական կոդը թողարկվել է 2016 թվականի հոկտեմբերի 3-ին՝ MIT («ազատ օգտագործման») լիցենզիայի ներքո: Մինչև 2018 թվականի փետրվարի 7-ը Ֆինլանդիայի և Էստոնիայի տվյալների փոխանակման շերտերը միացված էին միմյանց: 2017 թվականին Ֆինլանդիան և Էստոնիան ստեղծեցին փոխգործելիության լուծումների սկանդինավյան ինստիտուտը (NIIS)՝ X-Road միջուկի զարգացումը շարունակելու համար:
Հատկանիշներ՝
ՏՓՇ-ն բաց կոդով տվյալների փոխանակման շերտի լուծում է, որը թույլ է տալիս շահագրգիռ կողմերին փոխանակել տեղեկություն ինտերնետի միջոցով: Այն ապահովում է ծառայությունների ձևավորման և մատուցման ստանդարտացված և անվտանգ միջավայր՝ ապահովելով տվյալների փոխանակման կողմերի միջև գաղտնիությունը, ամբողջականությունը և փոխգործունակությունը:
ՏՓՇ-ի եզակի տարբերակիչ առանձնահատկությունը՝ համեմատած այլ կառավարական API փոխանակման հարթակների հետ, API գործարքների համար ապակենտրոնացված՝ միմյանց հավասար համակարգերի (peer-to-peer) ուղիղ կապով հաղորդակցության ինստիտուտն է: Այս կառուցվածքում կազմակերպությունները պահպանում և տրամադրում են ծառայությունների վերջնակետեր տարբեր գործարքների համար: Այս peer-to-peer գործարքները տեղի են ունենում ընդհանուր ինտերնետի միջոցով, և տվյալների անվտանգ փոխանակումը իրականացվում է հանրային բանալիների ենթակառուցվածքի հայեցակարգերի միջոցով: Յուրաքանչյուր peer (համակարգ կամ օգտատեր), որը ցանկանում է փոխանակել տվյալներ, ունի բանալիների եզակի զույգ՝ թե՛ էլեկտրոնային կնիքների, թե՛ նույնականացման համար:
3․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի և կգործարկվի պետական տեղեկատվական համակարգի տվյալների փոխանակման միասնական շերտը, որը կհանդիսանա թվային կառավարման հիմնասյուներից մեկը։
Մասնավորապես՝ ակնկալվում են հետևյալ արդյունքները.
Փոխգործելիության ապահովում. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների տեղեկատվական համակարգերը կկարողանան իրական ժամանակում, ստանդարտացված պրոտոկոլներով փոխանակել տվյալներ՝ վերացնելով տեղեկատվական մեկուսացումը,։
Անվտանգության բարձրացում. Կներդրվեն տվյալների փոխանակման անվտանգության բարձր չափանիշներ (գաղտնագրում, ժամանակի դրոշմակնքում), ինչը կբացառի տվյալների չարտոնված մուտքը, փոփոխումը կամ կորուստը փոխանցման ընթացքում։
«Մեկ հարցման» սկզբունքի իրացում. Քաղաքացիները և տնտեսվարողները ստիպված չեն լինի պետական մարմիններին բազմիցս տրամադրել նույն տեղեկատվությունը. պետական մարմինները կստանան անհրաժեշտ տվյալները միմյանց շտեմարաններից՝ փոխանակման շերտի միջոցով։
Հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալներին հասանելիություն, թափանցիկություն և վերահսկելիություն. Հնարավորություն կստեղծվի վերահսկելու տվյալների շարժը, արձանագրելու հարցումները և ապահովելու տվյալների մշակման թափանցիկությունը, ինչը կբարձրացնի հանրային վստահությունը թվային ծառայությունների նկատմամբ՝ պաշտպանելով հիմնարար (սկզբնաղբյուր) տվյալների ամբողջականությունն ու անաղարտությունը։
4․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
· Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարություն,
· «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամ։
5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չեն առաջանա:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը բխում է «Հանրային տեղեկությունների մասին» ՀՀ օրենքից, ինչպես նաև ՀՀ վարչապետի 2026 թվականի փետրվարի 13-ի թիվ 117-Ա որոշման հավելվածի 19-րդ կետով նախատեսված միջոցառման կատարումից։
-
Տևողություն
02.03.2026 17.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն
-
Գերատեսչություն
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 279
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: