««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ զինված ուժերի զինծառայողների զինվորական համազգեստի սահմանման լիազորությունը ՀՀ պաշտպանության նախարարին վերապահելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու սահմանափակումը վերացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում (այսուհետ նաև՝ Օրենք) 20.12.17 ՀՕ-1-Ն օրենքով կատարված փոփոխությամբ սահմանվել է, որ զինծառայողների զինվորական համազգեստի և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու դրանց նկարագրերը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, սակայն մինչ օրս դրանց հաստատման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում չի ընդունվել՝ զինվորական համազգեստի տարբեր տեսակների առկայությամբ, ինչպես նաև նախորդ տարիներին ՀՀ զինված ուժերում զինվորական նոր նմուշի համազգեստի ստեղծման աշխատանքներով պայմանավորված, որի արդյունքում ներկայումս կանխորոշվել և փորձնական ձևաչափով նախատեսվում է ներդնել նոր նմուշի զինվորական համազգեստը: Միաժամանակ, հաշվի առնելով դրա տեսակային և քանակական ծավալները, նպատակահարմար է գտնվել ՀՀ ԶՈՒ զինծառայողների զինվորական համազգեստի և տարբերանշանների ձևերն ու նկարագրերը հաստատել ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով, որի նպատակով օրենքի նախագծի հետ միասին փաթեթային եղանակով ներկայացվել է նաև «Պաշտպանության մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ:
Ներկայումս ՀՀ զինված ուժերի կերպափոխման հայեցակարգի և ՀՀ զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի՝ Կառավարության ծրագրային քաղաքականության հիման վրա աճել է ՀՀ զինված ուժերում կին զինծառայողների թիվը, ստեղծվել է գումարտակ, որը բացառապես համալրված է կին զինծառայողներով, որի արդյունքում, ինչպես նաև հավասար հնարավորությունների, իրավունքների և պարտականությունների ապահովման շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել Օրենքում դադարեցնել կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու արգելքը:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման կամ գործող իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել ՀՀ կառավարության կողմից զինծառայողների զինվորական համազգեստի և զինվորական տարբերանշանների միասնական ձևերն ու դրանց նկարագրերը հաստատելու, ինչպես նաև կին զինծառայողների կողմից օրվա վերակարգում ներգրավվելու արգելք սահմանող դրույթների գործողությունը:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի հինգերորդ և վեցերորդ պարբերությ պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ Կառավարությունը Զինված ուժերի մարտունակության վերականգնումն իրագործելու է ապագային միտված առաջանցիկ տեսլականով՝ հայկական բանակի լավագույն ավանդույթներն ու ձեռքբերումները պահպանելով հանդերձ, կառուցել ապագայի բանակ, Հայաստանի զինված ուժերի բարեփոխումների մեկնարկած լայնածավալ գործընթացի արդյունքներով Զինված ուժերում կանանց ներգրավվածության շարունակաբար աճի ապահովման հետ:
-
Տևողություն
02.03.2026 17.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 406
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: