<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
§§Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ օրենքում
լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին¦ ՀՀ օրենքի նախագծի ընդունման
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) զինվորական ծառայության և զորակոչի գործընթացի կազմակերպման մի շարք կանոնակարգումների հստակեցման, Օրենքի դրույթներն այլ օրենքների պահանջների հետ համապատասխանեցման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Օրենքում անհրաժեշտություն է առաջացել հստակեցնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով պայմանագրային զինվորական ծառայություն անցնող զինծառայողների հետ պայմանագրի դադարեցման պայմանները, ավագ սպայական պաշտոնների նշանակման, կադրերի տրամադրության տակ թողնված կամ պետական գաղտնիքին առնչվելու թույլտվություն չտրված կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտով հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու արգելք կիրառված զինծառայողներին ծառայությունից արձակման, հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանների, պայմանագրային զինվորական ծառայության ընդունման տարիքային սահմանափակումը վերացնելու, կրճատ ժամկետով պարտադիր զինվորական ծառայություն անցնող զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի, պայմանագրային զինծառայողներին մասերով տրվող հերթական արձակուրդի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև վերացնել Օրենքի որոշ դրույթների միջև առկա անհամապատասխանությունները: Միաժամանակ, զորակոչի գործընթացի թվայնացման և զորակոչից տարկետումների պայմանների հստակեցման արդյունքում, ինչպես նաև համապատասխան որոշումների ընդունման ժամանակային ընթացքը բարելավելու նպատակով վերացել մի շարք տարկետումները (ուսումնական, ընտանեկան) մարզային զորակոչային հանձնաժողովների եզրակացությունների հիման վրա ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով տրամադրելու անհրաժեշտությունը՝ դրանց ընդունումը վերապահելով տարածքային զինվորական կոմիսարներին: Պրակտիկ գործընթացում ի հայտ եկած երկակի մեկնաբանությունից զերծ մնալու համար անհրաժեշտություն է առաջացել նաև հստակեցնել պահեստազորային պատրաստության այն միջոցառումների շրջանակը, որոնց ներգրավված անձինք համարվում են զինծառայողներին հավասարեցված՝ այդ շրջանակում չնախատեսելով Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո վարժական հավաքների կանչված զինապարտներին, որոնք Օրենքի պահանջների համաձայն հանդիսանում են զինծառայող, իսկ վարժական հավաքի ժամանակահատվածը համարվում է պահեստազորային զինվորական ծառայություն, որի հիման վրա նրանց վրա տարածվում է զինծառայողների սոցիալական երաշխիքների ամբողջ ծավալը: Անհրաժեշտություն է առաջացել նաև առանձնահատուկ պայմանների համար հավելումների հաշվարկման գործընթացում օրենսդրորեն ամրագրել որոշակի առանձնահատուկ պայմաններում կատարվող աշխատանքներում (առաջնագծում բուլդոզերավար, որոշակի տոննաժով տեխնիկայի վարորդներ և այլն) ներգրավված և առանձնահատուկ պայմանների համար հավելում հաշվարկվող ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի քաղաքացիական աշխատանք կատարող կամ տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց (վարձու աշխատող) կարգավիճակը՝ որպես զինծառայողներին հավասարեցված անձինք, որի արդյունքում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջանում, քանի որ նշված անձանց համապատասխան աշխատանքների դիմաց հավելումները նախատեսված են գործող ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն որոշմամբ: Բացի այդ, նախարարական պետաիրավական կոմիտեի հանձնարարականի համաձայն՝ ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված զինծառայողների բնակարանային ապահովության շրջանակներում սահմանված հիփոթեքային վարկավորման ծրագրով նախատեսվում է վարկավորման գումարն ուղղել նաև այլ նպատակային ծախսերի (վերանորոգում, կահավորում) կատարմանը (ՀՀ կառավարության կարգավորող որոշման մեջ կնախատեսվի, որ այդ ծախսերին ուղղվելու է զինծառայողին հասանելի գումարի և ձեռք բերվող բնակարանի արժեքի բացասական (եթե բնակարանի ձեռքբերման պայմանագրային արժեքն ավելի ցածր է) տարբերությունը): Նշվածի հետ կապված ևս չի կանխատեսվում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն:
Օրենքում 13.04.2023 ՀՕ-126-Ն օրենքով կատարված փոփոխությունների և լրացումների համաձայն սահմանվել է նաև առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու պատճառով պարտադիր կամ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելու հիմքը, սակայն Օրենքի մի շարք դրույթներում, որպես տեխնիկական վրիպակ (մի շարք հոդվածներում նախատեսվել է, իսկ մի շարք հոդվածներում ոչ), չեն նախատեսվել այդ հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակվելիս ծագող սոցիալական երաշխիքները, որի կապակցությամբ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան հիմքը նախատեսել նաև Օրենքի 61-րդ հոդվածի 1-4-րդ մասերով սահմանված սոցիալական երաշխիքներում:
Օրենքի նախագծի ընդունման դեպքում անհրաժեշտություն է առաջանալու համապատասխան կարգավորումներ կատարել ՀՀ կառավարության 03.07.2014թ. N 712-Ն, ՀՀ կառավարության 25.09.2014թ. N 1119-Ն, ՀՀ կառավարության 06.04.2017թ. N 347-Ն, ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 451-Ն, ՀՀ կառավարության 09.02.2023թ. N 160-Ն, ՀՀ կառավարության 05.02.2026թ. N 124-Ն որոշումներում, զինվորական ծառայություն անցնելու պայմանագրերի կնքման և զինվորական պաշտոնների նշանակման կարգերը սահմանող ՀՀ պաշտպանության նախարարի մի շարք լոկալ բնույթի հրամաններում:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
Օրենքի նախագծով նախատեսվում է Օրենքի մի շարք դրույթներ համապատասխանեցնել «Պետական գաղտնիքի մասին» օրենքի պահանջներին, հստակեցնել մի շարք հիմքերով զորակոչից տարկետում տրամադրող մարմինները, զինվորական ծառայության կազմակերպման, զինվորական պաշտոնների նշանակման, ազատման, արձակուրդների տրման, պայմանագրային զինվորական ծառայությունից արձակման, պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության ընդունված զինծառայողների հետագա պայմանագրային զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չի առաջանում:
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Օրենքի նախագիծը կապված է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի վեցերորդ պարբերության և 8-րդ ու 9-րդ կետերի պահանջների արդյունավետ ապահովման հետ, ի դեմս՝ զինվորական ծառայության շահադրդման թե նյութական և թե բարոյահոգեբանական մեխանիզմների խթանման, զինված ուժերը անձնակազմով համալրման և մարդկային ռեսուրսների զարգացման խնդիրների լուծման, արհեստավարժ (պրոֆեսիոնալ) բանակի անցման, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքների, զինծառայության գրավչության և հեղինակության բարձրացման մեխանիզմների կատարելագործման հետ:
-
Տևողություն
02.03.2026 17.03.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Պաշտպանության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 295
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: