ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է հոգեկան առողջության պահպանման ոլորտում առկա մի շարք օրենսդրական բացերը լրացնելու, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքներն օրենքով սահմանելու և դրանց պաշտպանության լրացուցիչ մեխանիզմներ սահմանելու, դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման հետ կապված հարաբերությունների կարգավորման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 15-ի N 111-Ն որոշման և Հայաստանի Հանրապետության 2014 թվականի ապրիլի 17-ի «Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության պահպանման և բարելավման 2014-2019 թվականների ռազմավարությանը և ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 15 արձանագրային որոշման պահանջների կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
«Հոգեբուժական օգնության մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ.
Հոգեկան առողջության, ինչպես նաև հոգեբուժական օգնության ոլորտը կարգավորվում է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք) և դրանից բխող այլ իրավական ակտերով: Նշված Օրենքն ընդունվել է դեռևս 2004 թվականին, և դրա կիրարկման ընթացքում ի հայտ են եկել մի շարք չկարգավորված խնդիրներ:
2.1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը նախատեսում է բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակները: ՀՀ կառավարության 2008 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետությունում իրականացվող բժշկական օգնության և սպասարկման տեսակների ցանկը սահմանելու մասին» որոշմամբ սահմանվում են բժշկական օգնության և սպասարկման հիմնական տեսակները՝ այդ թվում նաև հոգեբուժական օգնությունը և սպասարկումը: Օրենքի անվանումը չի համապատասխանում «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքում օգտագործվող հասկացություններին՝ ուստի անհրաժեշտություն է առաջացել փոփոխության ենթարկել Օրենքի անվանումը՝ լրացնելով «և սպասարկում» բառերը:
2.2. Հոգեկան խանգարումներով տառապող անձինք հասարակության խոցելի խմբերից մեկն են, որն առավել ենթակա է խարանի: Հոգեբուժական օգնության մասին ՀՀ օրենքում առկա կարգավորումը չի ապահովում հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների համալիր պաշտպանությունը: Մասնավորապես Օրենքի 6-րդ հոդվածի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ Օրենքը երաշխավորում է միայն հոգեբուժական կազմակերպությունում բուժվող հոգեկան խանգարումներ ունեցող անձանց իրավունքները, մինչդեռ հոգեբուժական կազմակերպությունում չբուժվող հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքները մնում են չկարգավորված: 2010 թվականին Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Միավորված ազգերի կազմակերպության Կոնվենցիան (այսուհետ` Կոնվենցիա): Վերջինս միջազգային, իրավաբանորեն պարտավորեցնող մարդու իրավունքների մասին պայմանագիր է, որը նպատակաուղղված է հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների պաշտպանությանը: Կոնվենցիան պաշտպանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց իրավունքները, ներառյալ` չարաշահումից, բռնությունից և խոշտանգումներից պաշտպանության իրավունքը, համայնքում ընտանիքի հետ ապրելու իրավունքը, սեփական կամքին հակառակ հոսպիտալացվելու, կրթության, փոխադրման և այլ հանրային ծառայությունների հասանելիության իրավունքը, տեղեկատվության և հաղորդակցության հասանելիության իրավունքը, զբաղվածության և պատշաճ կենսամակարդակի իրավունքը, սոցիալական արդարության հասանելիության իրավունքը:
Կոնվենցիայով ամրագրված իրավունքները վերաբերում են հոգեկան խանգարումով տառապող բոլոր անձանց՝ անկախ վերջիններիս հոգեբուժական կազմակերպությունում գտնվելու հանգամանքից: Ուստի խնդիր է հանդիսանում հոգեկան խանգարումով տառապող անձանց իրավունքների օրենսդրական ամրագրումը` հիմք ընդունելով վերը նշված Կոնվենցիայով ամրագրված կարևորագույն իրավունքները: Կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անդամ պետությունները հանձն են առնում ապահովելու և սատարելու բոլոր անձանց մարդկային իրավունքները և հիմնարար ազատությունները` առանց հաշմանդամության վրա հիմնված որևէ խտրականության: Այդ նպատակով անդամ պետությունները հանձն են առնում.
«ա) ընդունել համապատասխան օրենսդրություն, վարչական և այլ միջոցներ, որոնք կապահովեն սույն կոնվենցիայով նախատեսված իրավունքները.
բ) գործադրել համապատասխան քայլեր, ներառյալ` օրենսդրություն, որոնք անհրաժեշտ են փոփոխելու կամ վերացնելու գոյություն ունեցող օրենքները, կանոնակարգերը, սովորույթները և պրակտիկան, որոնք ներկայացնում են խտրականություն հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ…»:
Ուստի Հայաստանի Հանրապետությունը միանալով նշված Կոնվենցիային, պարտավորվել է պաշտպանել այն բոլոր իրավունքները, որոնք արտացոլված են այդ փաստաթղթում, որը հնարավոր է «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում:
2.3. Մեկ այլ խնդիրն է գործող օրենքով դատահոգեբուժական փորձաքննությունների հետ կապված հարաբերությունների առանձնահատկությունների չկարգավորվածությունը: Դատահոգեբուժական փորձաքննությունները, որպես դատաբժշկական փորձաքննության առանձին տեսակ, որտեղ լաբորատոր-գործիքային հետազոտություններ չեն արվում, և փորձաքննություններն իրականացվում են բացառապես բժշկի գիտելիքների ու մասնագիտական հմտությունների հիման վրա, ունեն առանձնահատուկ կարգավորումների անհրաժեշտություն: Հոգեբուժության ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ թերի կարգավորված են դատահոգեբուժական փորձաքննության հետ կապված հարցերը (իրականացման ընթացակարգեր, ժամկետներ), ինչը պրակտիկայում խնդիրների է հանգեցնում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ դատահոգեբուժական փորձաքննությունները որոշակիորեն շոշափում են անձանց իրավունքները, ուստի նպատակահարմար է օրենսդրորեն ձևակերպել դատահոգեբուժական փորձաքննություններին վերաբերող դրույթները՝ ամրագրելով առանձին գլխով:
2.4. Հոգեբուժությունը բժշկագիտության առանձնահատուկ ոլորտներից է, որը առնչվում է մարդու կարևորագույն արժեք հանդիսացող հոգեկան առողջության հետ: Դատահոգեբուժական փորձաքննությունների արդյունքում համապատասխան եզրակացություն է տրվում անձի հոգեկան առողջության վերաբերյալ և այդ փորձաքննության օբյեկտիվ արդյունքների ապահովման նպատակով նպատակահարմար է իրականացնել ոչ թե միանձնյա, այլ հանձնաժողովային կարգով, որի մեջ կարող են ներգրավվել մի քանի համապատասխան մասնագետ, իսկ անհրաժեշտության դեպքում նաև այլ ոլորտի մասնագետ, ուստի համապատասխան փոփոխություններ իրականացնելու անհրաժեշտություն է առաջացել նաև ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քրեական օրենսգրքերում:
2.5. Միասնականացման կարիք ունի նաև բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման, փոփոխման և դադարեցման կանոնակարգման հետ կապված հարցերը: Մասնավորապես ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն անձի առողջանալու կամ նրա հիվանդության բնույթի այնպիսի փոփոխության դեպքում, երբ վերանում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց կիրառելու անհրաժեշտությունը, դատարանը բժշկական հաստատության եզրակացության հիման վրա որոշում է կայացնում դրանց կիրառումը դադարեցնելու մասին: Մինչդեռ նույն օրենսգրքի համաձայն պատժի կատարման հետ միացված բժշկական բնույթի հարկադրանքի միջոցի կիրառումը դադարեցնելն իրականացնում է դատարանը՝ պատիժն ի կատար ածող մարմնի միջնորդությամբ՝ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության հիման վրա:
Ուստի անհրաժեշտ է միասնական մոտեցում ձևավորել և բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների դադարեցման հիմք սահմանել հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությունը:
2.6. Կարգավորված չեն հարկադիր բուժման դեպքերում հիվանդի վիճակի (բարելավում, հետընթաց) վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հետ կապված հարցերը, ինչը սահմանափակում է հիվանդի հարկադիր բուժումը դադարեցնելու իրավունքը:
2.7. 2015 թվականի մայիսի 18-ին ուժի մեջ է մտել «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են անձնական տվյալների մշակման հետ կապված հարաբերությունները: Հաշվի առնելով հոգեկան խանգարումով տառապող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պահպանության կարևորությունը, անհրաժեշտություն է առաջացել Նախագծով սահմանել դրույթներ կապված բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ, դրանց այլ անձանց փոխանցելու պահանջները, տվյալների բազաների բովանդակությունը և այլն՝ համահունչ դարձնելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքին:
2.8. Օրենքում տրվում են հասկացություններ, որոնք Օրենքում չեն կիրառվում, ինչպես նաև առկա են միևնույն հասկացությունների տարբեր ձևակերպումներ, կրկնություններ, բացակայում է օրենքի կառուցվածքի համակարգածությունը: Առկա են նաև օրենսդրական տեխնիկայի կանոնների այլ խախտումներ, ինչպես նաև այլ թերություններ, որոնք Օրենքի կիրառման ընթացքում խնդիրներ են առաջացնում:
2.9. Առաջարկվում է համապատասխանաբար ընդունել նաև «Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերը:
Վերը նշված խնդիրները լուծելու նպատակով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից ծավալվել են «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում լայնածավալ փոփոխություններ և լրացումներ կատարելուն ուղղված միջոցառումներ, որի արդյունքում ակնկալվում է բարելավել բնակչության հոգեկան առողջության պահպանումը, հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմները, հստակեցնել հոգեբուժական օգնության տրամադրման գործընթացների իրավական կարգավորումները:
- Կարգավորման նպատակը և բնույթը:
Նախագծերով առաջարկվում է՝
- փոփոխության ենթարկել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքի վերնագիրը՝ պայմանավորված «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի տերմինաբանությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ պայմանավորված,
- օրենսդրորեն ամրագրել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքները` անկախ նրանց գտնվելու վայրից,
- սահմանել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման ընթացակարգը` սահմանելով փորձաքննությունների իրականացման կոնկրետ ժամկետներ,
- նախատեսել դատահոգեբուժական փորձաքննությունների հանձաժողովային կարգով իրականացումը՝ համապատասխան փոփոխություններ կատարելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքերում: Ապահովել բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների փոփոխման կամ դադարեցման կանոնակարգման միասնական մոտեցումը՝ համապատասխան փոփոխություն կատարելով ՀՀ քրեական օրենսգրքում:
- սահմանել հարկադիր բուժման ենթարկվող անձանց առողջական վիճակի վերաբերյալ բժշկի կողմից պարտադիր եզրակացություն տալու հստակ ժամկետներ` նրանց իրավական պաշտպանությունն ապահովելու նպատակով,
- նախատեսել հոգեկան խանգարումով տառապող անձանց բժիշկ-հոգեբույժին կամ հոգեբուժական հաստատություն դիմելու փաստի, իր առողջական վիճակի, հետազոտման, ախտորոշման և բուժման ընթացքում պարզված տեղեկությունների՝ որպես բժշկական գաղտնիքի պաշտպանության մեխանիզմները,
- սահմանել բժշկական օգնության և սպասարկման կառուցվածքը,
- գործող մեխանիզմներ սահմանել՝ «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքը համահունչ դարձնելով նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիային:
4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծերը մշակվել են ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծերի ընդունման դեպքում ակնկալվում է բարելավել հոգեկան խանգարումներով տառապող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան խանգարումով տառապող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ընդունման առնչությամբ այլ ՕՐԵՆՔՆԵՐԻ ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մաuին
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունմամբ այլ օրենքներում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ընդունման ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՅՈՒՄ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԲՅՈՒՋԵՆԵՐՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՆՎԱԶԵՑՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հոգեբուժական օգնության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության փոփոխություններ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում: