ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԲՈՒՍԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Բուսաբուծության աջակցության 2026 թվականի ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի հանրապետության ինքնաբավության մակարդակի բարձրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացման և արտադրողականության բարձրացման անհրաժեշտությամբ։
2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
2024 և 2025 թվականների Բուսաբուծության աջակցության ծրագրերը ունեցել են դրական ազդեցություն գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի, բազմամյա խոտաբույսերի ցանքատարածությունների ոչ միայն շարունակական նվազեցումը կանխելու վրա, այլ նաև դրանց ավելացման վրա։ Այսպես, 2024 թվականին գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 59482 հա, իսկ բազմամյա խոտաբույսերի ընթացիկ տարվա ցանքը՝ 6139 հա, որոնք ավել են 2023 թվականի նկատմամբ համապատասխանաբար 5433 հա-ով կամ 10,6 %-ով և 1234 հա-ով կամ 26,1 %-ով։ 2025 թվականին գարնանացան հացահատիկային և հատիկաընդեղեն մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են 59915 հա, որը 2024 թվականի նկատմամբ ավել է 433 հա-ով կամ 0,7 %-ով, իսկ 2023 թվականի նկատմամբ ավել է՝ 5866 հա-ով կամ 11,5%-ով։
2024 թվականին բուսաբուծության աջակցության ծրագրի շրջանակներում թվով 4904 շահառուների կողմից իրականացվել է 19197,4 հա մակերեսով ցանքեր, որոնցից հացահատիկային մշակաբույսերի ցանքերը կազմել են 16962,4 հա, հատիկաընդեղենը՝ 313,0 հա, և բազմամյա խոտաբույսերը՝ 1922,0։ Ընդհանուր սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 1,474,085,086 ՀՀ դրամ։
Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագրի շրջանակներում 5202 շահառուների կողմից իրականացվել է 24006,25 հա մակերեսով գարնանացան հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի ցանք, մասնավորապես՝ 21810 հա հացահատիկային այդ թվում եգիպտացորենի 1913,09 հա, 362,09 հա հատիկաընդեղեն և 1834,03 հա կերային մշակաբույսերի ցանք։ Ընդհանուր սուբսիդավորման ենթակա գումարը կազմել է 1,844,104,550.00 ՀՀ դրամ։
Այս տվյալները փաստում են նաև, որ միջին հաշվով մեծացել է նաև մշակվող մեկ հողակտորի մակերեսը, որը 2024 թվականին կազմել է 3,9 հա, իսկ 2025 թվականին 4,6 հա։ Սա ունի մեծ նշանակություն նաև արտադրողականության բարձրացման և բուսաբուծոււթան ճյուղի ինտենսիվացման տեսանկյունից։
Միաժամանակ, անասնաբուծության ոլորտի զարգացման համար չափազանց կարևոր է հանրապետությունում կերի բազայի ապահովումը, հաշվի առնելով, որ թռչնաբուծության, խոզաբուծության ճյուղերի համար նախատեսված խտացված կերերի մեծ մասը ներմուծվում է արտերկից։ Անհրաժեշտ է փաստել, որ գյուղատնտեսական կենդանիներին տրվող համակցված կերերի բաղադրիչների տեսականու ընդլայնումը և առավել բարձր սննդարարությամբ խտացված կերերի ընդգրկումը հնարավորություն կտա էականորեն բարձրացնել գյուղատնտեսական կենդանիների մթերատվությունը և զգալիորեն նվազեցնել արտարդրվող կենդանական ծագման մթերքների ինքնարժեքը։
Ներկա իրավիճակում գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերի մշակության ընթացքում սահմանված ագրոտեխնիկական միջոցառումները պատշաճ կերպով չեն իրականացվում, չեն կիրառվում մշակության նորագույն տեխնոլոգիաներ, որի հիմնական պատճառը պահանջվող ֆինանսական միջոցների բացակայությունն է և անհրաժեշտ գիտելիքների պակասը։ Ուստի անհրաժեշտ է պահանջված ագրոտեխնիկական միջոցառումների իրականացման և արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով բուսաբուծությամբ զբաղվող տնտեսավարողների համար ապահովել ֆինանսական միջոցների հասանելիությունը, ինչպես նաև տրամադրել մասնագիտական խորհրդատվություն։
3․ Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում իրականացվող պետական քաղաքականությունը նպատակաուղղված է պարենային անվտանգության ապահովմանը, չօգտագործվող գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային օգտագործմանը, բուսաբուծության և անասնաբուծության ճյուղերի զարգացմանը, ըստ գոտիների հիմնավորված, նպատակային և արդյունավետ մշակության իրականացմանը, համախառն արտադրանքի ծավալների ավելացմանը և տնտեսավարողների եկամուտների ավելացմանը։
4․ Կարգավորման նպատակը և բնույթը.
Կարգավորման նպատակն է բարձրացնել պարենային անվտանգության մակարդակը՝ հացահատիկային (գարնանացան ցորենի, գարնանացան գարու, եգիպտացորենի, վարսակի, հաճարի) և հատիկաընդեղեն (ոլոռ, լոբի, ոսպ, սիսեռ) մշակաբույսերի և բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) ցանքատարածությունների ընդլայնման միջոցով, ընդ որում նախատեսել վերոնշյալ մշակաբույսերի մշակությունը ըստ ՀՀ մարզերի։
Ծրագրի շահառու կարող է հանդիսանալ մինչև 100 հա մակերեսով (բացառությամբ տնամերձ հողատարածքների) աղյուսակում ներառված մշակաբույսերի մշակություն իրականացնող տնտեսավարողը, ընդ որում, ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից մշակվող ցանքատարածությունների հանրագումարը չի կարող գերազանցել 100 հա-ը, իսկ միևնույն հողամասի նկատմամբ համասեփականատերերի առկայության դեպքում ծրագրից կարող է օգտվել համասեփականատերերից միայն մեկը։
Ծրագիրն իրականացվում է հետևյալ պայմաններով՝
1) ծրագրի շրջանակներում խթանվում է N 1 աղյուսակում նշված մշակաբույսերի տեսակների մշակությունը, որը պետք է իրականացվի N 1 աղյուսակում սահմանված՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզի (համայնքի) տարածքում.
2) յուրաքանչյուր շահառու Հայաստանի Հանրապետության համապատասխան մարզում կարող է իրականացնել մի քանի տեսակի մշակաբույսերի ցանք.
3) գարնանացան հացահատիկային և կերային մշակաբույսերի ցանքը պարտադիր պետք է կատարվի մինչև 2026 թվականի հունիսի 1-ը (բացառությամբ գարնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքն Ծաղկահովիտ համայնքի և Ամասիա համայնքի վերին ենթաշրջանում (նախկին Արփի համայնք) պետք է կատարվի մինչև տվյալ տարվա հունիսի 10-ը), եգիպտացորենի ցանքը Հայաստանի Հանրապետության Արարատի և Արմավիրի մարզերում պետք է կատարվի մինչև 2026 թվականի մայիսի 20-ը, հատիկաընդեղեն մշակաբույսերինը՝ մինչև 2026 թվականի հունիսի 10-ը, որոնց հսկողությունն իրականացնում են համայնքները.
4) անհրաժեշտության դեպքում ծրագրի պայմանների և պահանջների վերաբերյալ շահառուներին նախարարության կողմից կարող է տրամադրվել անվճար խորհրդատվություն, միաժամանակ, ըստ մշակաբույսերի, անհրաժեշտ ագրոտեխնիկական միջոցառումների մասին խորհրդատվություն ներկայացված է NN 2, 3, 4 և 5 աղյուսակներում.
5) ծրագրի շրջանակներում առվույտի և կորնգանի (հիմնական մշակաբույսեր) ծածկոց հանդիսացող մշակաբույսերով (հացահատիկային մշակաբույսեր) ցանքի դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն միայն հիմնական մշակաբույսի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հիմնական մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով, իսկ խառը ցանքերի (մի քանի մշակաբույսերի համատեղ ցանք՝ բերքի ստացման նպատակով) դեպքում հավաստագրված և լաբորատոր փորձաքննության ենթարկված պետք է լինեն ցանված բոլոր մշակաբույսերի սերմերը, և փոխհատուցումը տրամադրվում է միայն հացահատիկային մշակաբույսերի համար նախատեսված փոխհատուցվող գումարի հաշվով.
6) ծրագրի շահառուները նույն հողամասի վրա գյուղատնտեսական մշակաբույսերի մշակության նպատակով կարող են օգտվել նաև ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար նախատեսված աջակցությունից, սակայն միևնույն հողատարածքում միևնույն մշակաբույսի մշակության համար չեն կարող օգտվել պետական աջակցության այլ ծրագրերից։
10․ Յուրաքանչյուր շահառուի կողմից կատարված ծախսերի 50 տոկոս փոխհատուցման գումարը հաշվարկվում է տվյալ մշակաբույսի ցանքատարածության մեկ հեկտար մակերեսի վրա հիմնական աշխատանքների՝ վարի, ցանքի, բերքահավաքի և սերմի արժեքի միջին շուկայական գներով, որոնք ներկայացված են NN 6, 7, 8 և 9 աղյուսակներում (հաշվարկման համար հիմք են հանդիսանում Հայաստանի Հանրապետության մարզերից հարցումների արդյունքում ճշտված՝ հանրապետության միջին շուկայական գները)՝
1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական ծախսերը (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) կազմում են 140 000 դրամ, իսկ եգիպտացորենինը՝ 170 000 դրամ.
2) հատիկաընդեղեն մշակաբույսերի յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի վրա մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 200 000 դրամ.
3) բազմամյա խոտաբույսերի (առվույտ, կորնգան) յուրաքանչյուր մեկ հեկտար մակերեսի վրա առաջին տարվա ցանքի և մշակության հիմնական (վար, ցանք, բերքահավաք և սերմի արժեք) ծախսերը կազմում են 220 000 դրամ։
11․ Փոխհատուցումը տրամադրվում է հետևյալ սահմանաչափերով՝
1) գարնանացան հացահատիկային մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 70 000 դրամ, իսկ եգիպտացորենի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 85 000 դրամ.
2) հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100 000 դրամ.
3) բազմամյա խոտաբույսերի (առվույտի, կորնգանի) 1 հեկտար մակերեսի մշակության հաշվով՝ 110 000 դրամ։
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
6․ Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում կբարձրանա հանրապետության պարենային ինքնաբավության մակարդակը, մշակվող վարելահողերի տարածքները կավելանան 26 000 հեկտարով (գարնանացան հացահատիկային մշակաբույսերը` 23 500 հեկտարով, այդ թվում՝ եգիպտացորենը՝ 2000 հեկտարով, հատիկաընդեղեն մշակաբույսերը` 500 հեկտարով), իսկ բազմամյա խոտաբույսերը` (առվույտ, կորնգան) 2000 հեկտարով, կբարձրանա արտադրողականությունը, ինչպես նաև կնվազի ներմուծման ծավալները։
Հարկ է նշել, որ ակնկալվող արդյունքները սահմանվել են հաշվի առնելով, նախորդ տարիներին բուսաբուծության աջակցության ծրագրերի արդյունքները։
7․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարության «բարելավել պարենային անվտանգությունը և սնուցումը» առաջնահերթությունում կարևորվում է պարենամթերքի տեղական արտադրության ծավալների ավելացումը։
-
Տևողություն
23.02.2026 13.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 124
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: