Հիշել նախագիծը

Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

     Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների համաձայն պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 14-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

     ՀՀ զինված ուժերի պահեստազորում հաշվառված քաղաքացիների զորահավաքային նախապատրաստության շրջանակներում իրականացվող պահեստազորային պատրաստությունը սահմանված է եղել 1991 և 1998 թվականներին ընդունված «Զինապարտության մասին» ՀՀ օրենքներով, նախատեսվել են պահեստազորային պատրաստության տեսակները, ի դեմս՝ վարժական հավաքների և զինվորական վարժանքների, սակայն որևէ այլ ենթաօրենսդրական ակտով չեն կարգավորվել դրանց կազմակերպման և անցկացման ընթացակարգերը՝ դրանք իրականացնելով դեռևս խորհրդային ժամանակահատվածից մնացած փաստաթղթային և պրակտիկ կարգավորումներով: Միաժամանակ, բացի պահեստազորային պատրաստության վերը նշված տեսակներից, 2017թ. դեկտեմբերի 16-ին ուժի մեջ մտած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 58-րդ հոդվածում սահմանվել է նաև պահեստազորային պատրաստության նոր տեսակ՝ պատերազմական ժամանակի հաստիքների կցագրված քաղաքացիներին պայմանագրային հիմունքներով հաստիքով նախատեսված պարտականությունների կատարման մեջ ներգրավվումը (որպես ակտիվ պահեստազոր): Նախատեսվել է նաև, որ պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումներին կամավոր կարող են մասնակցել օրենքով սահմանված պահեստազորում գտնվելու սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ զինվորական հաշվառումից հանված անձինք` պայմանագրային հիմունքներով: Օրենքի պահանջների համաձայն՝ պահեստազորային պատրաստության միջոցառումների կազմակերպման կարգը պետք է սահմանվի ՀՀ կառավարության կողմից:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

     Ոլորտում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու ՀՀ պաշտպանունակության բարձր մակարդակը:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

     Որոշման նախագծի համաձայն սահմանվում են պահեստազորային պատրաստության շրջանակներում օրենքով սահմանված միջոցառումների կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, այդ միջոցառումներին քաղաքացիների ներգրավման հետ կապված հարաբերությունները, միջոցառումների անցկացման գործընթացում զինվորական կոմիսարիատների ու իրավասու այլ ծառայությունների գործողությունների համալիրը:

  1. Ակնկալվող արդյունքը

     Որոշման նախագծի ընդունումը կապահովի զորահավաքային նախապատրաստության շրջանակներում ՀՀ պաշտպանությանը մասնակցելու քաղաքացիների պատրաստվածության բավարար մակարդակի ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծման և իրականացման գործընթացը:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Պահեստազորային պատրաստության շրջանակներում իրականացվող միջոցառումների կազմակերպման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

     Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

  • Քննարկվել է

    25.06.2018 - 10.07.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9340

Տպել

Առաջարկներ`

Հրաչյա Պետրոսյանց

26.06.2018

Ակտիվ պահեստազորայինի զորամաս մեկնելը և զորամասից վերադարձը իր միջոցների հաշվին կատարելը անտրամաբանական է, քանի որ մարդը հնարավոր է ուղղակի չունենա այդ միջոցները.

Հրաչյա Պետրոսյանց

26.06.2018

Պատերազմի ժամանակ պահեստազորի անձնակազմի հետ երեք ամսով պայմանագիր կնքելը մտցնում է ժամկետների սահմանափակում, իսկ եթե պատերազմը շարունակվի ավելի շատ, նշանակում է արդեն պատրաստված, մարտական փորձ ունեցող անձնակազմը պետք է արձակվի պահեստազոր, իսկ նրանց փոխարեն պահեստազոից կանչվի նոր անձնակազմ, որին նախ անհրաժեշտ է ուսուցանել և որը չի ունենալու մարտական գործողությունների փորձ։

Հրաչյա Պետրոսյանց

26.06.2018

Վարժանքների ժամանակ մարտական հերթապահության մեկնելուց առաջ 3 օրյա պարապմունքները քիչ են, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ պայեստազորայինները հնարավոր է ընդհանրապես ծանոթ չլինեն մարտական հերթապահությանը։

Տեսնել ավելին