ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքն (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 2018 թվականի մարտի 21-ին և ուժի մեջ մտել 2018 թվականի ապրիլի 7-ին: Օրենքի 2-րդ գլուխը կարգավորում է նախագծերի հանրային քննարկման իրականացման իրավահարաբերությունները, միաժամանակ, Օրենքի 4-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանվում է՝ հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանում է Կառավարությունը: Հանրային քննարկման ընթացակարգը կարգավորող Կառավարության 2010 թվականի մարտի 25-ի «Հանրային քննարկումների կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 296-Ն որոշումը ընդունված է ի կատարում «Իրավական ակտերի մասին» օրենքի, որն ուժը կորցրել է 2018 թվականի ապրիլի 7-ին: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել օրենսդրական փոփոխություններին համահունչ մշակել և ընդունել հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման իրավահարաբերությունները կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հանրային քննարկումների կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծով սահմանվում է՝
- հանրային քննարկման ենթակա իրավական ակտի նախագծերը,
- նախագծի հանրային քննարկում իրականացնող իրավասու մարմինները,
- հանրային քննարկումների տեսակները և ժամկետները,
- հանրային քննարկումների իրականացման ընթացակարգերը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի հանրային քննարկման իրականացման ընթացակարգը՝ օրենսդրական փոփոխություններին համապատասխան: