Որպես նվիրատվություն գույք ընդունելու, գույք ամրացնելու, անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու, Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու, «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին մասին
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ, ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ՀԱՄՈ ԲԵԿՆԱԶԱՐՅԱՆԻ ԱՆՎԱՆ «ՀԱՅՖԻԼՄ» ԿԻՆՈՍՏՈՒԴԻԱ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2026 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1910-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը, առկա իրավիճակը և անհրաժեշտությունը
Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկում։ Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին։
Ընկերության իրավաբանական հասցեն է ք. Երևան, Աշտարակի խճուղի 30։
Մասնավորեցման նախապատրաստական աշխատանքների շրջանակներում մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որը ՀՀ վարչապետի աշխատակազմից հետ է վերադարձվել տարբեր հիմնավորումներով՝ մասնավորապես այն պատճառով, որ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող անշարժ գույքի տարածքը դիտարկվում է Ակադեմիական քաղաքի ստեղծման շրջանակներում։
Ընկերության տարածքներն ընդգրկված են «Ակադեմիական քաղաք» ծրագրի իրագործման նպատակով ՀՀ կառավարության 22.08.2024թ. թիվ 1323-Ն որոշմամբ հաստատված գերակա շահ հանդիսացող տարածքների ցանկում:
Ընկերությունն իր ֆինանսական մուտքերն ապահովում է անշարժ գույքի մի մասը վարձակալությամբ տրամադրելու դիմաց վարձավճարների հաշվին:
Ընկերության ակտիվները իրենցից ներկայացնում են՝
1. Հիմնական միջոցներ – 1,569,877․0 հազ.դրամ հաշվեկշռային արժեք, որից՝
1.1 Անշարժ գույք – 1,513,641․5 հազ․դրամ՝
- ք.Երևան, Աշտարակի խճուղի 30 հասցեում գտնվող 22536.6 քառ.մ մակերեսով 24 միավոր շենք-շինություն և 25.811984 հա մակերեսով հողամաս,
- ք.Երևան, Աշտարակի խճուղի 30/1 հասցեում գտնվող 4.116 հա հողամաս,
1.2 տրանսպորտային միջոց – 26 միավոր – 18,515․5 հազ․դրամ,
1.3 այլ հիմնական միջոց – 37,720․0 հազ․դրամ։
2․ Ապրանքներ (բեմիրեր) - 6,738․2 հազ․դրամ հաշվեկշռային արժեք,
3․ Դեբիտորական պարտքեր վաճառքների գծով – 3,521․3 հազ․դրամ,
4․ Դրամական միջոցներ – 731․2 հազ․դրամ,
5․ Այլ ընթացիկ ակտիվներ – 33․2 հազ․դրամ։
Ընկերության կրեդիտորական պարտքերը 31.12.2025թ. դրությամբ կազմում են – 203,374․0 հազ․դրամ, որից՝
1. երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառությունների գծով ոչ ընթացիկ պարտավորություն - 119,001.3 հազ.դրամ (237,758.39 ԱՄՆ դոլար և 28,883,700 ՀՀ դրամ),
2. Ընթացիկ պարտավորություններ – 84,372.7 հազ.դրամ, որից՝
2.1 կարճաժամկետ փոխառություններ – 16,977.0 հազ.դրամ,
2.2 կրեդիտորական պարտքեր գնումների գծով – 1,006․4 հազ.դրամ,
2.3 կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր համայնքային բյուջեին – 57,827.2 հազ.դրամ (անշարժ գույքի հարկ և աղբահանություն),
2.4 կրեդիտորական պարտքեր աշխատավարձի գծով – 8,562.1 հազ.դրամ,
Ոչ ընթացիկ պարտավորությունն իրենից ներկայացնում է․
ՀՀ կառավարության 31.08.2015թ. թիվ 1050-Ա որոշման համաձայն ՀՀ ֆինանսների նախարարության, «Գաֆէսճեան Ընտանիք» հիմնադրամի և ՀՀ քաղաքացի Արտեմ Սարգսյանի միջև 2015թ. կնքվել էր 237,758.39 ԱՄՆ դոլար և 28.883.700 ՀՀ դրամ գումարների չափով դեբիտորական պարտքի «Պահանջի իրավունքը զիջելու մասին» պայմանագիր։ Պայմանագրի հիմքով Համո Բեկնազարյանի անվան Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ-ի և ՀՀ ֆինանսների նախարարության միջև 2015թ. կնքվել է պարտքի ստանձնման մասին համաձայնագիր, որի մարման օր է սահմանվել 2025թ. դեկտեմբերի 24-ը։
Նշված պարտքի մարման նպատակով կատարվել են հետևյալ քայլերը՝ ընկերության լրացուցիչ ֆինանսական մուտքերի ավելացման և շենքային պայմանների բարելավման նպատակով առաջարկվել էր անշարժ գույքի մի մասը տրամադրել վարձակալության 15 տարի ժամկետով «Կինոկետ Փրոդաքշնս» ՍՊԸ-ին, որը պարտավորվորվել էր 3-5 տարվա ընթացքում կատարել 3,5 մլն. եվրոյին համարժեք ՀՀ դրամի ներդրումներ: Այդ նպատակով 21.03.2019թ. ընդունվել է ՀՀ կառավարության թիվ 370-Ա որոշումը, սակայն հետագայում «Կինոկետ Փրոդաքշնս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հրաժարվել է վարձակալության պայմանագիր կնքելուց։
Այնուհետ նախապատրաստվել և շրջանառության մեջ է դրվել ընկերությանը գույք օտարելու թույլատվություն տալու և օտարումից ստացված միջոցները բաշխելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով նախատեսվում էր Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող՝ ք. Երևան, Աշտարակի խճուղի 30/1 հասցեում` հիմնական տարածքից դուրս գտնվող 4.116 հա հողատարածքը օտարել դասական աճուրդով։
Նախագծին ընթացք չի տրվել, քանի որ միաժամանակ կազմակերպվել են Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիայի վերականգնմանն ու կինոարտադրությանն ուղղված ազատ տնտեսական գոտու հայեցակարգի մշակման աշխատանքները, ինչի համար ստեղծվել էր աշխատանքային խումբ։ Սակայն հետագայում հարցը վերջնական լուծում չի ստացել։
Հաշվի առնելով, որ ՀՀ ֆինանսների նախարարության նկատմամբ պարտքի մարման ժամկետը լրանում է 2025թ. դեկտեմբերի 24-ին՝ մշակվել և սահմանված կարգով ՀՀ ՏԿԵՆ 03․06․2025թ․ թիվ ԴԽ//18106-2025 գրությամբ ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել պարտքի մարման ժամկետը երկարաձգելու և ՀՀ կառավարության 21.03.2019թ թիվ 370-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ։
Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի 13.06.25թ. նիստի թիվ ԿԱ/179-2025 արձանագրության 5-րդ կետով առաջարկվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2-ամսյա ժամկետում ներկայացնել Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ կինոստուդիա» ՓԲԸ-ի հետագա գործունեության վերաբերյալ հայեցակարգ: Հայեցակարգն առ այսօր չի ներկայացվել։
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետը՝ սույն նախագծով նախատեսվում է Համո Բեկնազարյանի անվան «Հայֆիլմ» կինոստուդիա ՓԲԸ-ն ներկայացնել լուծարման։
Սակայն հաշվի առնելով ընկերությանը պատկանող գույքի հետագա առավել արդյունավետ տնօրինման անհրաժեշտությունը՝ նախագծով նախատեսվում է մինչ ընկերության լուծարման գործընթաց սկսելը ամբողջ գույքը նվիրատվությամբ հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Պետական գույքի կառավարման կոմիտեի, և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանի կինոյի հիմնդրամին։
Ելնելով այն հանգամանքից, որ Ընկերությունը լուծարման գործընթաց է մտնելու առանց գույքի՝ «Սնանկության մասին» օրենքի 8-րդ՝ կանխամտածված սնանկություն, և 54-րդ հոդվածների դրույթներից խուսափելու և Ընկերության պարտավորությունները (ներառյալ նոր առաջացող) մարելու համար, Նախագծով առաջարկվում է Ընկերության պարտավորությունների (ներառյալ նոր առաջացող) չափով ՀՀ պետական բյուջեից տրամադրել գումար։
Ըստ կանխատեսման գույքի նվիրատվության և անհատույց օգտագործման պայմանագրերի կնքման, հանձնման-ընդունման աշխատանքերի իրականացման և ընկերության լուծարման գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է նվազագույնը 7 ամիս ժամկետ՝ սկսած որոշումն ուժի մեջ մտնելու պահից, ինչի հետևանքով կառաջանան նոր պարտավորություններ և ընկերության պարտավորություններն կավելանան շուրջ 35,000 հազ.դրամով (հաշվարկը կատարվել է 2026 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ), որի մեջ ներառված է աշխատակիցների աշխատավարձերը, վերջնահաշվարկները, արձակման նպաստները, փաստաթղթերի արխիվացման վճարը և ընթացիկ (կոմունալ, անշարժ գույքի հարկ, աղբահանության վճար և այլն) ծախսերը։
Ընկերության լուծարման գործընթացն ավարտելու նպատակով ՀՀ պետական բյուջեից անհրաժեշտ է տրամադրել 238,374.0 հազ.դրամ:
Սույն նախագծով Ընկերության պարտավորությունների մարման ֆինանսավորման աղբյուր է հանդիսանում ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդը։
Հարկ է նշել, որ նոր առաջացող պարտավորությունների կանխատեսումը ենթակա է փոփոխման, ընդ որում՝ լուծարման գործընթացի ավարտից հետո գումարի մնացորդ լինելու դեպքում այն ամբողջությամբ հետ է վերադարձվելու ՀՀ պետական բյուջե:
-
Տևողություն
19.02.2026 12.03.2026 -
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Գերատեսչություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
-
Կարգավիճակ
Դիտումներ` 70
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: