Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Արմինե Գաբրիելյան 11.02.2026 15:12:10

Ողջունում եմ նախաձեռնությունը և առաջարկում եմ անվտանգության չափանիշներում ընդգրկել ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգեբանական անվտանգության ապահովման հստակ և կիրառելի մեխանիզմներ՝ ներառելով բուլինգի կանխարգելման, արձագանքման և վերականգնողական գործընթացների սահմանում։

Կքննարկվի, ըստ անհրաժեշտության կխմբագրվի:

2 Անահիտ Ավետիսյան 11.02.2026 22:43:40

Նախարարի հրամանի ընդունումը էական նշանակություն ունի դպրոցի սովորողների, մանկավարժական և վարչական աշխատողների, ինչպես նաև դպրոցում օրինական հիմքով գտնվող այլ անձանց կյանքի, առողջության, արժանապատվության և գույքի պաշտպանության ապահովման համար։ Միևնույն ժամանակ, կարևոր է, որ սահմանվող չափանիշները լինեն իրատեսական, կիրառելի և համաչափ՝ հաշվի առնելով տարբեր դպրոցների նյութատեխնիկական հնարավորությունները։

Առաջարկում եմ սահմանել հոգեբանական և սոցիալական անվտանգության ապահովման միջոցառումներ, այդ թվում՝ հակաբուլինգային քաղաքականության, կոնֆլիկտների կանխարգելման և աջակցության մեխանիզմների ներդրում։

Նախագիծը գտնվում է քննարկման փուլում։ Բոլոր առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կկատարվեն համապատասխան խմբագրումներ։

3 Մարգարիտ Սարգսյան 12.02.2026 07:45:06

Հարգելի՛ մարդիկ, նախագիծ բաժինը կիսատ է՝ միայն վերնագիրն է, նորից ստուգեք, հիմնավորում բաժինը՝ դատարկ։

«Նախագիծ» և «Հիմնավորում» բաժինները թողնված են դատարկ, քանի որ համապատասխան փաստաթղթերի Word տարբերակները ներբեռնելու համար նախատեսված հղումները տեղադրված են «Նախագիծ» բաժնի ստորին հատվածում: 

4 Աննա Խաչատրյան 12.02.2026 14:42:47

Քանի որ տվյալ հրամանը վերաբերելի է ողջ ուսումնական հաստատությանը, այն է՝ սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության չափանիշները, խնդրում ենք դիտարկել նաև ուսուցիչների անվտանգության ապահովմանը վերաբերող դրույթներ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ ուսուցիչն այսօր ամենաանպաշտպան և խոցելի խավն է ոչ միայն դպրոցում․․․

Առաջարկը քննարկելի է: Շնորհակալություն:

5 Լիլիթ Մխիթարյան 12.02.2026 21:02:38

Հոգեբանական տեսանկյունից օրենքի տվյալ դրույթը կարևոր է, քանի որ անվտանգությունը երեխայի բնականոն հոգեկան զարգացման հիմնարար պայման է։ Պետության կողմից անվտանգության չափանիշների սահմանումը նպաստում է դպրոցում ոչ միայն ֆիզիկական, այլև հոգեբանական ապահով միջավայրի ձևավորմանը։

Աշակերտի համար սա նշանակում է պաշտպանվածության, ընդունված լինելու և վստահության զգացում, ինչը նվազեցնում է սթրեսը, բարձրացնում է ինքնավստահությունն ու ուսումնական մոտիվացիան։ Անվտանգ միջավայրում սովորողը կարողանում է ազատ արտահայտվել և ակտիվ մասնակցել ուսումնական գործընթացին։

Ուսուցչի համար անվտանգության հստակ չափանիշները ապահովում են մասնագիտական գործունեության կայուն և կանխատեսելի պայմաններ, նվազեցնում են լարվածությունն ու հոգեբանական ճնշումը, ստեղծում են փոխադարձ հարգանքի մթնոլորտ։ Սա նպաստում է արդյունավետ դասավանդմանը և առողջ համագործակցային հարաբերությունների ձևավորմանը դպրոցական համայնքում։Հետևաբար ավելի շատ ուշադրություն դարձնել հոգեբանական պաշտպանվածությանը;

Լիովին կիսում եմ Ձեր դիտարկումները։ Հանրակրթական ուսումնական հաստատություններում փոխադարձ հարգանքի, ապահովության, պաշտպանվածության և համակեցության վրա հիմնված ներդաշնակ միջավայրի ձևավորումը կրթության ոլորտի առաջնահերթ մարտահրավերներից է։ Շնորհակալություն։

6 Լուսինե Աղումյան 16.02.2026 21:15:00

Առաջարկում եմ նախագծում հստակ սահմանել ուսուցչի անձնական և մասնագիտական անվտանգության չափանիշները։ Դպրոցական միջավայրում անվտանգությունը պետք է ներառի նաև ուսուցչի պաշտպանվածությունը սովորողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների (ծնողների) կողմից հնարավոր հոգեբանական ճնշումներից, վիրավորանքներից կամ բռնության դրսևորումներից։ Անհրաժեշտ է սահմանել հստակ կանոնակարգ, թե ինչպես է դպրոցը պաշտպանում իր աշխատակցին նմանատիպ կոնֆլիկտային իրավիճակներում։

Ներկայիս տեխնոլոգիական դարաշրջանում առաջարկում եմ անվտանգության չափանիշների մեջ ներառել նաև մանկավարժների թվային անվտանգության հարցը։ Սահմանել մեխանիզմներ, որոնք կկանխարգելեն ուսուցչի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող նյութերի (տեսագրություններ, լուսանկարներ) ապօրինի տարածումը սոցիալական ցանցերում սովորողների կողմից, ինչը հաճախ դառնում է հոգեբանական բռնության ձև։

Շնորհակություն Ձեր առաջարկների համար։

Հանրակրթական ուսումնական հաստատության անձնակազմի, ինչպես նաև սովորողների և ուսուցիչների թվային անվտանգության ապահովումը հանդիսանում է առաջնահերթ նշանակություն ունեցող խնդիր։

Նախագիծը ներկայումս գտնվում է քննարկման փուլում։ Բոլոր ներկայացված առաջարկություններն ու դիտողությունները ստանալուց և ամփոփելուց հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան լրացումներ և խմբագրումներ։

7 Սևադա Աղաջանյան 17.02.2026 16:59:17

ՈՒսումնասիրելով «ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» քննարկման դրված նախագիծն առաջարկում եմ՝

«2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»–ի 6–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

6․Դպրոցը պետք է հեռու լինի երկաթուղային գծերից, արդյունաբերական կամ քիմիական գործարաններից։ Մոտակայքում պետք է բացառվեն բուքմեյքերական գրասենյակները, գիշերային ակումբները, խաղատները:

Մոտակայքում գտնվող խանութներին պետք է արգելել դպրոցահասակ երեխաներին վաճառել ծխախոտ, ալկոհոլային խմիչքներ կամ առողջությանը լուրջ վնաս հասցնող  անառողջ սնունդ և հյութեր։

 

«2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»–ի 6–րդ կետից անմիջապես հետո ավելացնել ևս մեկ կետ հետևյալ ձևակերպումով՝

7. Ճանապարհային երթևեկության կանոնների և անվտանգության ապահովման, ճանապարհատրանսպորտային պատահարների նախականխման, դրանց ռիսկերի նվազեցում նպատակով դպրոցի հարակից ճանապարհները պետք է կահավորված լինեն նախազգուշացնող, արգելող, թելադրող, տեղեկատվական ճանապարհային նշաններով ու գծանշումներով:

 

«2.ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ» –ի 7–րդ կետը փոխել 8–րդով ու ձևակերպել հետևյալ կերպ՝

8․Դպրոցի հիմնական և պահեստայի ելքերը / մոտքերը/ պետք է համալրված լինեն հեշտ բացվող կողպեքներով, բացվեն մասնաշենքից դուրս գալու ուղղությամբ և լինեն

- տեսանելի հսկողություն իրականացնող անվտանգության աշխատակցի կամ էլեկտրոնային հսկող համակարգի համար,

- մատչելի, հարմար բոլորի, այդ թվում՝ շարժունակության խնդիրներ ունեցող անձանց համար։

 Դպրոցի հիմնական և պահեստայի ելքերը / մուտքերը/ հավանական աղետների ծագման դեպքում պետք է ապահովեն տարհանվող անձնակազմի թողունակություն։

 Անվտանգության նկատառումներից ելնելով՝ կողմնակի անձանց մուտքը դպրոցի տարածք կանխելու համար ուսումնական գործընթացի ընթացքում դպրոցի մուտքի /ելքի/ դարպասները պետք է լինեն փակ՝ բացառությամբ վերահսկվող մուտքերի /ելքերի/։,

 

«2.ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»–ի 8–րդ կետը փոխել 9–րդով ու ձևակերպել հետևյալ կերպ՝

9․Դպրոցի շենքը պետք է համապատասխանի հրդեհային, շինարարական և սանիտարահիգիենիկ նորմերին։ Բացի հիմնական մուտքից /ելքից/, այն պետք է ունենա այնքան պահեստային մոտք /ելք/, որպեսզի հասանելի լինի բոլորին ու հավանական աղետների ծագման դեպքում ապահովվի տարհանվող անձնակազմի անվտանգ ու անխոչընդոտ թողունակություն։

 

«2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»–ի 9–րդ կետը փոխել 10–րդով ու ձևակերպել հետևյալ կերպ՝

10․ Կենսական և առողջ միջավայրի, կենտրոնացման և բավարար աշխատունակության ապահովման նպատակով շենքի ներսում, դասարաններում պետք է պապանվեն բնական և արհեստական լուսավորվածության, մեկ աշակերտի /անձի/ համար հաստատված  տարածքի և օդի ծավալների, օդի խոնավության ու ջերմաստիճանային,  թարմ օդի մատակարարման, ինչպես նաև օդում ածխածնի երկօքսիդի / ??2 / պարունակության թույլատրելի հաշվարկային և սահմանային նորմերը:

 

«2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»–ի 10–րդ կետը փոխել 11–րդով ու ձևակերպել հետևյալ կերպ՝

11․Սովորողների անխոչընդոտ և անվտանգ տեղաշարժը ապահովելու նպատակով արգելվում է տարհանման երթուղիներում և միջանցքներում շարժական կամ ավելորդ միջոցների տեղադրումը։

 

«2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»–ի 11–րդ կետը փոխել 12–րդով ու ձևակերպել հետևյալ կերպ՝

12․Ապահովել դռների անվտանգ շահագործումը՝ բացառելով վնասող կամ վտանգավոր մեխանիզմների առկայությունը։ Դռները պետք է լինեն մշտապես սարքին ու հնարավորինս անվտանգ:

 

«2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»–ի 12–րդ կետը փոխել 13–րդով ու ձևակերպել հետևյալ կերպ՝

13․Աստիճանները պետք է նախագծված ու կառուցված լինեն այնպես, որ ապահովեն անհրաժեշտ ծանրաբեռնվածություն, լինեն դիմակայուն հավանական ցնցումներին և օգտագործվեն ըստ նշանակության՝ նաև արտակարգ իրավիճակներում:

 

«2. ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ»–ի 14–րդ կետը փոխել 15–րդով ու ձևակերպել հետևյալ կերպ՝

15․Դպրոցը պարտավոր է ունենալ սեռով տարանջատված և մշտապես օդափոխվող սանհանգույցներ, որոնցում երաշխավորվում է մատչելի և անվտանգ ֆիզիկական միջավայր:

 

 

«5․ՀՐԴԵՀՆԵՐ, ՍՈՂԱՆՔՆԵՐ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»–ի

28–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

 28․Արտակարգ իրավիճակներին ժամանակին և ճիշտ արձագանքելու,  անձնակազմի և աշակերտների անվտանգության վարքականոններին ու պարտականություններին ծանոթացնելու նպատակով դպրոցում պետք է կազմակերպվեն տեղեկատվական տեսանյութերի դիտում և քննարկում:

 

 

 

«5․ՀՐԴԵՀՆԵՐ, ՍՈՂԱՆՔՆԵՐ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»–ի

29–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

 29․Իրազեկման նպատակով սովորողներին պետք է ներկայացվեն տվյալ տարածքին, հանրակրթական դպրոցին սպառնացող բնածին և տեխնածին հնարավոր աղետները (հրդեհ, սողանք, ձնահյուս, երկրաշարժ, ջրհեղեղ, պայթյուն, համաճարակ, ավտոտրանսպորտային պատահարներ և այլն), դրանց առաջացման պատճառները, կանխարգելման կամ նվազեցման միջոցառումները, բացասական հետևանքները, անձնակազմի անվտանգության վարքականոններն ու պարտականությունները։

 

«5․ՀՐԴԵՀՆԵՐ, ՍՈՂԱՆՔՆԵՐ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»–ի

31–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

 31․Դպրոցում սովորողների և անձնակազմի համար պետք է կազմակերպվեն ճանաչողական շրջայցեր, որոնց ընթացքում պետք է ներկայացվեն անվտանգության տեսանկյունից ապահով գոտիներն ու տարածքները, հավանական աղետների ծագման դեպքում անձնակազմի տարհանման երթուղիները, հիմնական և պահեստային ելքերը, անձնակազմի հավաքատեղիները։

 

«5․ՀՐԴԵՀՆԵՐ, ՍՈՂԱՆՔՆԵՐ, ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ»–ի

32–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

 32․Դպրոցը պետք է համագործակցի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համապատասխան կառույցների հետ՝ կազմակերպելու և իրականցնելու ուսուցման և իրազեկման ծրագրեր, որոնք նպատակ ունեն ապահովել սովորողների և դպրոցի անձնակազմի անվտանգությունը արտակարգ իրավիճակների առաջացման դեպքում: ։

«7․ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ։                                    ԴԵՐԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»–ի «36․Դպրոցի տնօրենը պետք է՝»–ի 9–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

9) իրականացնի անհրաժեշտ միջոցառումներ՝ բուլինգի մեջ ներգրավված սովորողների վարքագծի փոփոխության համար, իսկ վարքագծի կրկնվող շարունականության դեպքում՝ կիրառի կարգապահական միջոցներ։

Շնորհակություն Ձեր առաջարկների համար։

Ձեր բոլոր դիտարկումները կքննարկվեն և, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան լրացումներ և խմբագրումներ։

8 Սևադա Աղաջանյան 19.02.2026 15:59:29

ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ՝

«7․ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ։ ԴԵՐԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»–ի «37․Դպրոցի ուսուցիչը պետք է՝»–ի 1-ին կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

1/ իր իրավասության սահմաններում ապահովի հոգեբանական անվտանգ միջավայր՝ սովորողների համար․

«7․ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ։                                    ԴԵՐԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»–ի «37․Դպրոցի ուսուցիչը պետք է՝»–ի 2-րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

2/ տեղեկացնի ԵՊ թիմին՝ բացահայտված դեպքերի և խնդիրների մասին․

«7․ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ։                                    ԴԵՐԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»–ի «37․Դպրոցի ուսուցիչը պետք է՝»–ի 4-րդ  կետը հանել կամ փոփոխել, քանի որ այն պետք է վերաբերի դասվարներին, դասղեկներին ու ԵՊ թիմին, ոչ թե ուսուցչին/։

«7․ ԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՎՏԱՆԳ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՊԱՀՈՎՈՒՄ։                                    ԴԵՐԵՐ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ»–ի «37․Դպրոցի ուսուցիչը պետք է՝»–ի 7-րդ  կետը հանել, քանի որ բուլինգի դեպքերի հաշվառումը իմ կարծիքով պետք է կատարվի «Բուլինգի դեպքերի հաշվառման մատյանում», որը  պետք է պահվի ԵՊ թիմի մոտ ու այն պետք է վարվի նրանց կողմից, ոչ թե ուսուցչի /։

Հիմնականում ընդունելի առաջարկներ են։ Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան լրացումներ և խմբագրումներ։ Շնորհակալություն։

9 Արուսյակ Ղազարյան 18.02.2026 18:29:12

Նախաձեռնությունը տեղին կլինի, երբ խոսքը վերաբերի ողջ ուսումնական հաստատությանը, ինչպես նաև ուսուցիչների անվտանգության ապահովմանը վերաբերող դրույթներին։

Համամիտ եմ, որ հոգեբանական տեսանկյունից շատ կարևոր է երեխայի անվտանգությունը։ Այս ամենը արդյունավետ կազմակերպելու համար առաջարկում եմ՝ յուրաքանչյուր դպրոց ունենա անվտանգության մեկ աշխատակից։

Ներկայացված առաջարկը ենթակա է քննարկման, և ըստ անհրաժեշտության՝ կկատարվեն խմբագրումներ։

10 Հասմիկ Ղուկասյան 18.02.2026 21:51:29

Առաջարկում եմ՝

 

«3. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «16․ Երեխայի ֆիզիկական բուլինգի նշաններից են՝»–ի 1–ին կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

1/ արյունազեղումերը, վերքերի հետքերը, քերծվածքները, պատռվածքները, ծխախոտի այրվածքները, կոտրվածքները, մարմնի կապտուկները․

 

«3. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «16․ Երեխայի ֆիզիկական բուլինգի նշաններից են՝»–ի 2–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

2) ինքնավնասող վարքագիծը կամ ինքնավնասման փորձը.

 

«3. ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «16․ Երեխայի ֆիզիկական բուլինգի նշաններից են՝»–ի 6–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

6) մարմնի վնասված մասերը քողարկելու նպատակով՝ եղանակին չհամապատասխանող հագուստի կրումը․

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «17․Երեխայի հոգեբանական բուլինգի նշաններից են՝»–ի 7–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

7) ինքնասպանության հետ կապված կպչուն մտքերը կամ ինքնասպանության փորձը.

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «19․Երեխայի անտեսման նշաններից են՝»–ի 4–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

4/ թմրամոլությունը, ալկոհոլի օգտագործումը.

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «19․Երեխայի անտեսման նշաններից են՝»–ի 5–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

5) անձնական հիգիենայի կանոնների պահպանման բացակայությունը, ներառյալ՝ թափթփված արտաքին տեսքը, կեղտոտ հագուստ, քրքրված կոշիկներ.

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «19․Երեխայի անտեսման նշաններից են՝»–ին ավելացնել 7–րդ կետ և այն ձևակերպել հետևյալ կերպ՝

        7/քրոնիկ հոգնածությունը /քնկոտությունը/:

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «20․Երեխայի շահագործման նշաններից են՝»–ից

–      հանել 4-րդ կետը, քանի որ այն «Երեխայի շահագործման նշան» չէ: Գուցե և ճիշտ չէ շարադրված։

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «21․Դպրոցում բուլինգի կանխարգելման և արձագանքման հիմնական սկզբունքներն են՝»–ի 1–ին կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

1) դրական դպրոցական մշակույթի և մթնոլորտի ձևավորումը, պահպանումը.

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «21․Դպրոցում բուլինգի կանխարգելման և արձագանքման հիմնական սկզբունքներն են՝»–ի 4–րդ կետից հետո ավելացնել 5–րդ կետ ու ձևակերպել հետևյալ կերպ՝

      5/ Խախտումների բացահայտման դեպքում վերլուծության ու կանխարգելման  

          նպատակով անհրաժեշտ միջոցառումների իրականացումը.

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «21․Դպրոցում բուլինգի կանխարգելման և արձագանքման հիմնական սկզբունքներն են՝»–ի 4–րդ կետից հետո ավելացնել 5–րդ կետը դարձնել 6–րդ ու ձևակերպել հետևյալ կերպ՝

6) ժամանակին և ըստ անհրաժեշտության աջակցություն սովորողներին և անձնակազմին․

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «21․Դպրոցում բուլինգի կանխարգելման և արձագանքման հիմնական սկզբունքներն են՝»–ի 4–րդ կետից հետո ավելացնել 6–րդ կետը դարձնել 7–րդ ու ձևակերպել հետևյալ կերպ՝

7) բուլինգի դեպքերի հետևողական բացահայտումը, գնահատումը, գրանցումը, արձագանքումը և ուղղորդումը:

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի «22. Երեխաների նկատմամբ բուլինգի դեպքերին արձագանքման միջոցառումները պետք է իրականացվեն համալիր մոտեցմամբ և ընդգրկեն հետևյալ ուղղությունները՝»–ի 2–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝

2) կանխարգելիչ միջոցառումների կազմակերպում և իրականացում.

 

«3.ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»–ի 24–րդ կետը ձևակերպել հետևյալ կերպ՝ /սկզբից նշել «սոցիալ– հոգեբանական, առողջապահական կառույցները հետո մնացածը»

24․Դպրոցը, անհրաժեշտության դեպքում, պետք է համագործակցի սոցիալ-հոգեբանական, առողջապահական, ոստիկանության և համայնքային ալլ կառույցների հետ։

Շնորհակալություն Ձեր ներկայացրած առաջարկությունների համար։ Դրանք կքննարկվեն՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան լրացումներ և խմբագրումներ իրականացնելու նպատակով։

11 Armine Kazaryan 19.02.2026 23:16:12

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» քննարկման դրված նախագիծն ուսումնասիրելով՝ ՝կարծում եմ , որ նախագծի 2-րդ կետի 6-րդ ենթակետն անիրատեսական է, քանի որ ՀՀ-ում գործող հանրակրթական գրեթե բոլոր դպրոցների մոտակայքում գործում են մթերային խանութներ, որոնցում վաճառվում են, էներգետիկ ըմպելիքներ։ Կարելի է դիտարկել ոչ թե դրանց առկայության բացառումը, այլ խստացնել վերահսկումը և սահմանել եղածից բավականաչափ առավել բարձր տուգանքներ անչափահասին ալկոհոլային խմիչքներ կամ ծխախոտ վաճառելու դեպքերում։ Այդ ցանկին ավելացնել նաև էներգետիկ ըմպելիքները ։

 

2․ Արգելել դպրոցական շենքի մուտքը փակելու վատ և վտանգավոր սովորույթը, քանի որ մի բան է այն ամուր փակել բանալիով, մի այլ բան՝ վերահսկել այնտեղով ելումուտը։ Կարծում եմ՝ դպրոցում երկու մուտքերն էլ մշտապես պիտի բաց լինեն՝ հատկապես առավոտյան ժամերին դրանցում կուտակումները բացառելու համար։

 

3․ Օրենքի այս նախագծում առաջարկում են ներառել նաև դպրոցական էքսկուրսիաների անվտանգ կազմակերպմանը վերաբերող հատուկ կետ, քանի որ քիչ չեն դեպքերը, երբ այդ այդ էքսկուրսիաները և արտադասարանական միջոցառումները կազմակերպվում են՝ անտեսելով անվտանգության որոշակի կանոններ։

 

Շնորհակալություն Ձեր ներկայացրած առաջարկությունների համար։ Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, կիրականացվեն համապատասխան խմբագրումներ։

12 Կարինե Ղուլյան 23.02.2026 22:15:32

1․ Անվտանգության ապահովման միջոցառումներից ամենահրատապը համարում եմ դպրոցի հիմնական մուտքից բացի այլընտրանքային առնվազն մի քանի մուտքերի առկայության և հասանելիության ապահովումը։ Մենք ապրում ենք երկրաշարժավտանգ գոտում և անցյալի սխալներից դասեր չենք քաղում։ Երբևէ մտածե՞լ ենք, թե կարող են առաջանալ տարհանման խնդիրներ և ամուր փակված մուտքերը, մարդկային գործոնով պայմանավորված, կարող է չբացվեն, և տեղի ունենա անդառնալին։ Կարծում եմ, դպրոցի մուտքը բանալիով փակելու հանգամանքը պիտի բացառել առհասարակ։ Մեր դպրոցներում տարհանման հստակ մեխանիզմ գոյություն չունի, և այդ բացը պետք է օր առաջ շտկել։

2․ Անվտանգության ապահովման միջոցառումների 7-րդ կետում գրված է,

որ «դպրոցի տնօրենը պետք է համակարգի ԵՊ թիմի աշխատանքը»։ Երբեմն օրենքի համընդհանուր դրույթներ կիրառելիության մեջ դրվելիս առաջացնում են հակասություններ, և օրինակ, ո՞վ պիտի հսկի սովորողների տեղաշարժը դասամիջոցներին դասասենյակներում և միջանցքներում առ այսօր չունի իր պատասխանը։ Գաղտնիք չէ, որ ամենաանցանկալի միջադեպերը տեղի են ունենում հենց դասամիջոցներին, և սոցիալական հարթակներից սկսած՝ հնչում են հարցադրումներ՝ով պիտի իրականացնի ուսումնական գործընթացի այդ հատվածի վերահսկողությունը։ Դասամիջոցին ուսուցիչն ուզում է լիցքաթափվել, հանգստանալ, լավ կլիներ, որ այս պարագայում դերերն ավելի հստակեցվեին, և այն չթողնվեր տնօրենի հայեցողությանը։

3․ «Սովորողների անվտանգության ապահովում», «Երեխայի պաշտպանության թիմ» կետերին արժեր ավելացնել «Ուսուցչի

պաշտպանվածության և անվտանգ գործունեության ապահովում» կետը։ Այլոց անգործության արդյունքում ուսուցիչն ինքը ևս կարող է դառնալ բուլինգի զոհ, բուլինգի ենթարկվել կոլեգաների կողմից, աշխատանքային պարտականություններն իրականացնելիս ենթարկվել սթրեսի, հայտնվել նյարդային պոռթկումների հանգեցնող իրավիճակներում։ Առանց այս ամենը հաշվի առնելու չի կարող լինել անվտանգ կրթական միջավայր։

Դիտել կցված փաստաթուղթը

Շնորհակալություն Ձեր առաջարկությունների համար։

1․ Նախագծում ներառված է դիտարկում՝ արտակարգ իրավիճակներում տարհանման ուղիների, ինչպես նաև դպրոցի մուտքերի վերահսկողության և հասանելիության վերաբերյալ։ Հարցը պահանջում է լրացուցիչ քննարկում։

2․ ԵՊ թիմի աշխատանքներին մասնակցում են թիմի բոլոր անդամները, իսկ տնօրենը համակարգում է դրանց իրականացումը։

3․ Հարցը ենթակա է լրացուցիչ քննարկման։

13 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.02.2026 18:12:22

Սույն նախագիծը չի սահմանում հիմնական հասկացությունները, որոնք օգտագործվում են փաստաթղթում, այն է «բուլինգ», «անվտանգ միջավայր», «ԵՊ թիմ», «բարձր ռիսկայնություն ունեցող տարածք» և այլն։

Առաջարկում ենք «Ընդհանուր դրույթներ» բաժնից հետո ավելացնել նոր բաժին՝ «Հիմնական հասկացություններ», սահմանելով հետևյալը՝

1) Բուլինգ – ֆիզիկական, հոգեբանական (այդ թվում՝ վերբալ, սոցիալական, տնտեսական, կիբեր), սեռական բռնություն, անտեսում կամ շահագործում, որն ուղղված է մեկ կամ մի քանի անձի նկատմամբ, և որը կրկնվող կամ համակարգված բնույթ է կրում,

2) Անվտանգ միջավայր – դպրոցի ֆիզիկական և հոգեբանական տարածություն, որը զերծ է բռնությունից, խտրականությունից և վտանգներից՝ ապահովելով սովորողների կյանքի, առողջության և արժանապատվության պաշտպանությունը,

3)Երեխայի պաշտպանության թիմ (ԵՊ թիմ) – դպրոցում ստեղծված բազմամասնագիտական աշխատանքային խումբ, որի նպատակն է ապահովել սովորողների անվտանգությունը, բուլինգի և այլ ռիսկերի կանխարգելումը, հայտնաբերումը և արձագանքումը։

4)Բարձր ռիսկայնություն ունեցող տարածք – դպրոցի այն հատվածները, որտեղ սովորողների նկատմամբ բռնության կամ այլ վտանգի ռիսկը բարձր է՝ սահմանափակ տեսանելիության կամ վերահսկողության պատճառով/սանհագույցներ, միջանցքների անկյունային հատվածներ, խաղահրապարակի հեռավոր գոտիներ և այլն/

5) Դպրոցական անվտանգության աուդիտ – դպրոցի ֆիզիկական, տեխնիկական և կազմակերպչական պայմանների համակարգված գնահատում՝ անվտանգության ռիսկերը բացահայտելու և վերացնելու նպատակով։

6) Տարհանման պլան – արտակարգ իրավիճակների դեպքում սովորողների և անձնակազմի անվտանգ տարհանումն ապահովող գրավոր փաստաթուղթ, որը պարունակում է տարհանման երթուղիները, հավաքման վայրերը և պատասխանատու անձանց։

Շնորհակալություն առաջարկությունների համար։  Քննարկումներից հետո նախագծում կիրականացվեն համապատասխան լրացումներ և խմբագրումներ։ 

14 Ա․Դ․Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն ՀԿ 24.02.2026 18:12:22

Առաջարկում ենք հստակեցնել հանրակրթական ուսումնական հաստատության և վերոնշյալ ենթակառուցվածքների հեռավորությունը, քանի որ ներկայումս ընդմիջումների ընթացքում աշակերտները  օգտվում են մոտակայքում գտնվող խանութներից կամ սննդի կետերից, որտեղ հիմնականում նաև վաճառվում են և՛ ալկոհոլային խմիչքներ, և՛ մասնավորապես էներգետիկ ըմպելիքներ։

Բացի այդ, արդեն իսկ գոյություն ունեն այդպիսի ենթակառուցվածքներ, ինչ է սպասվում արդեն իսկ գոյություն ունեցող այդ ենթակառուցվածքների սեփականտերերին կամ օգտագործողներին։

Քննարկումներից հետո, անհրաժեշտության դեպքում, նախագծում կիրականացվեն համապատասխան լրացումներ և խմբագրումներ։ Շնորհակալություն։

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: