Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1614-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

2024 թ.-ի նոյեմբերի 14-ին ուժի մեջ է մտել «Սոցիալական աջակցության մասին» օրենքը (այսուհետ` Օրենք), որը սահմանել է լիազորող նորմեր ՀՀ կառավարության որոշումների ընդունման համար: Այդ լիազորող նորմերից՝ վերը նշված օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով ու 42-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված նորմերը վերաբերում են պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում խնամքի տրամադրման կարգերին, պայմաններին, տրամադրվող խնամքի ձևերին, տրամադրվող սոցիալական ծառայությունների ցանկին, ինչպես նաև խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվանդությունների ցանկին:

Վերը նշված կարգավորումներին համապատասխան 2025 թ-ի նոյեմբերի 14-ին ընդունվեց և 2025 թ-ի նոյեմբերի 15-ին ուժի մեջ մտավ ՀՀ կառավարության «Պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերը, պայմանները, տրամադրվող խնամքի ձևերը, տրամադրվող սոցիալական ծառա­յությունների, խնամքի տրամադրումը մերժելու հիմք հանդիսացող հիվան­դու­թյունների ցանկերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 1614-Ն որոշումը:

Այդ որոշումը ոչ միայն համապատասխանեցրեց տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքին վերաբերող կարգավորումները նոր ընդունված  Օրենքին, այլև մանրամասն ներկայացրեց տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող խնամքի հետևյալ ձևերին վերաբերող կարգավորումները՝

1) տնային պայմաններում կամ

2) ցերեկային կենտրոններում կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

4) համայնքային փոքր տներում։

Հարկ է նշել, որ Օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ խնամքը կյանքի դժվարին իրավիճակում հայտնված տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային կամ սույն հոդվածով նախատեսված այլ անձանց ընտանեկան միջավայրին առավել մոտ սոցիալ-կենցաղային պայմաններ ապահովելու կամ տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձին կամ երեխային իր սոցիալական միջավայրում պահելու կամ հասարակությունում ներառելու նպատակով անհրաժեշտ օգնությունն է: Այդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ խնամքը տրամադրվում է`

1) տնային պայմաններում կամ

2) ցերեկային կենտրոններում կամ

3) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում կամ

4) աջակցության կենտրոններում կամ

5) համայնքային փոքր տներում կամ

6) խնամատար ընտանիքներում կամ

7) խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում կամ

8) սույն մասի 1-7-րդ կետերում չնշված՝ խնամք, այդ թվում՝ բազմապրոֆիլ ծառայություններ տրամադրող այլ կազմակերպություններում:

Խնամատարությունը ՀՀ-ում մինչ այս նախատեսված է եղել որպես երեխայի այլընտրանքային խնամք, սակայն տարբեր երկրներ, մասնավորապես՝ Շվեդիան, Ֆինլանդիան, ճապոնիան, Կանադան, ԱՄՆ որոշ նահանգներ և այլ երկրներ, խնամատարությունը կիրառում են նաև որպես տարեց, իսկ որոշ դեպքերում նաև՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տեսակ:

Հաշվի առնելով, որ Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը նույնպես նախատեսում է խնամատարությունը, այսինքն՝ խնամատար ընտանիքում խնամքը, որպես խնամքի տեսակ՝ չսահմանափակելով նրա շահառուների շրջանակը կամ ցանկը, հետևաբար այն կարող է հանդիսանալ նաև տարեցների, իսկ որոշ դեպքերում՝ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տեսակ՝ չսահմանափակվելով միայն երեխաներով, ինչպես դա արվում է ՀՀ գործող կարգավորումներով։

Տարեցներն առավել հաճախ ունեն նման խնամքի կարիք, մասնավորապես՝ խնամքի հաստատություններում բնակվող այն տարեցներն, ովքեր չունեն մշտական վերահսկողության կարիք, չունեն սեփականության իրավունքով իրենց պատկանող գույք և չունեն աշխատունակ չափահաս զավակներ, կարող են խնամքը ստանալ խնամատար ընտանիքներում։ Երբ չափահաս անձը ստանձնում է պարտավորություն այդ տարեցին խնամելու՝ դառնալով խնամատար, պետությունն անհամեմատ քիչ ֆինանսական ծախս է կատարում այդ խնամքը կազմակերպելու համար:

Տարեցի խնամատարությունը ներդնելու համար անհրաժեշտություն է առաջանալու տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգում լրացնել նոր գլուխ՝ խնամատար ընտանիքում խնամքը կազմակերպելու կարգավորումներով, որից հետո կատարել համապատասխան փոփոխություններ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի՝ «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի (բացառությամբ խնամատար ընտանիքներում կամ խնամակալի կամ հոգաբարձուի ընտանիքում իրականացվող խնամքի) տրամադրման նվազագույն չափորոշիչները հաստատելու մասին» և «Տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի տրամադրման կարգերից և պայմաններից բխող ընթացակարգերը և օրինակելի ձևաթղթերը հաստատելու մասին» հրամաններում, որոնց նախագծերը ներկայումս գտնվում են շրջանառության մեջ:

Համապատասխան ենթաօրենսդրական կարգավորումներն ամրագրելուց հետո խնամքի այս տեսակը կամրագրվի խնամատարության պայմանագրով, որը լինելու է եռակողմ՝ խնամքի կարիք ունեցող տարեցի, խնամատար անձի և միասնական սոցիալական ծառայության միջև:

 

2 Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծի ընդունմամբ կընդլայնվեն տարեց, իսկ որոշ դեպքերում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ձևերը, և նրանց խնամք կտրամադրվի նաև խնամատար ընտանիքում:

Բացի այդ, խնամատար ընտանիքում խնամք տրամադրելը կլուծի նաև այլ խնդիր՝ կապահովի Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոնում հաշվառված գործազուրկ անձանց զբաղվածությունը, քանի որ խնամքի տրամադրման համար նախապայման է սահմանված՝ խնամքի տրամադրումն այդ անձանց ընտանիքում:

Գործազուրկ անձի համաձայնության դեպքում, նա համարվելու է խնամատար դառնալ ցանկացող անձ, և այդ համաձայնությունը ներկայացնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում նրա ընտանիքի չափահաս անդամները նույնպես պետք է ներկայացնեն գրավոր համաձայնություն՝ իրենց ընտանիքում տարեցի խնամքը կազմակերպելու համար, որից հետո իրականացվելու է համապատասխան տնայցը:

Այսինքն, առաջարկվող խնամքի ձևով հնարավոր կլինի լուծել պետության առջև ծառացած երկու խնդիր՝

1)      տարեցի խնամքի կազմակերպում ընտանիքում, ինչն առավելապես բխում է նրանց շահերից ու համարվում է միջազգայնորեն ընդունված լավագույն փորձ, և

2)     գործազուրկ անձի զբաղվածության ապահովում, քանի որ խնամատար անձը ստանալու է վարձատրություն իր մատուցած ծառայության համար:

Խնամատար ընտանիքում խնամվող յուրաքանչյուր տարեց շահառուի խնամքի դիմաց տրվող վարձատրության ամսական չափը սահմանվելու է «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով, իսկ հաշմանդամություն ունեցող տարեցի համար՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափին հավելյալ վճարվում է նվազագույն ամսական աշխատավարձի 30%-ը:

 

3 Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքները

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի տարեց, իսկ որոշ դեպքերում նաև հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կազմակերպել ընտանիքում, ինչպես նաև գործազուրկ անձին ապահովել զբաղվածությամբ:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից՝ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի փորձագիտական աջակցությամբ։

 

5 Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

Նախագծի ընդունման արդյունքում կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ 30 խնամվողի հաշվարկով՝ ընդամենը 64,592.3 հազար ՀՀ դրամի չափով, ինչը պայմանավորված է խնամատար անձին վճարվող գումարներով, այն է՝

·         տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձի խնամքի համար նախատեսված վարձատրություն՝ ապրուստը հոգալու համար անհրաժեշտ անձնական հիգիենայի պարագաների, կենցաղային իրերի, հագուստի, կոշկեղենի, անկողնային պարագաների, սննդի ու կահույքի ձեռքբերման, ջեռուցման, լուսավորության, ջրմուղ-կոյուղու և այլ կոմունալ ծառայությունների դիմաց վճար և

·         խնամքի դիմաց տրվող վարձատրություն՝ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափով,

և բաղկացած է հետևյալ ծախսերի ուղղություններից՝

·         տարեց խնամվողի խնամքի համար հատկացվող գումար՝ 15 տարեց խնամվողի խնամքի համար նախատեսված և խնամքի դիմաց տրվող վարձատրություն՝ 31,379.4 հազար ՀՀ դրամի չափով, և

·          հաշմանդամություն ունեցող խնամվողի խնամքի համար հատկացվող գումար՝ 15 հաշմանդամություն ունեցող խնամվողի խնամքի համար նախատեսված և խնամքի դիմաց տրվող վարձատրություն՝ 33,212.9 հազար ՀՀ դրամի չափով։

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040թթ ռազմավարություն,Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.6-րդ կետի 1-ին, 23-րդ և 25-րդ պարբերությունների պահանջից։

1-ին պարբերության պահանջն այն է, որ սոցիալական աջակցության քաղաքականությունը հիմնվելու է սոցիալական կարիքի գնահատման և դրան համաչափ սոցիալական ծառայություն տրամադրելու սկզբունքի վրա՝ խրախուսելով անձի սոցիալ-տնտեսական ակտիվացումը։ Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և աղքատ ընտանիքների կարողությունների և հմտությունների զարգացման միջոցով, զբաղվածության և ինքնազբաղվածության միջոցների ապահովմամբ և աղքատության փուլային հաղթահարման մոդելների կիրառմամբ ընտանիքները դուրս են գալու աղքատությունից։ Նախատեսվում է ավելի շատ ընտանիքների տրամադրել սոցիալական ծառայություններ՝ ավելացնելով ինքնաբավ, արժանապատիվ և սեփական վաստակն ունեցող ընտանիքների թիվը՝ հետզհետե վերացնելով նրանց կախվածությունը պետական աջակցությունից։ Աշխատունակ յուրաքանչյուր քաղաքացու աշխատանքի քաջալերումը, խրախուսումը և այս նպատակով անձի հմտությունների և հնարավորությունների զարգացումը պետության սոցիալական քաղաքականության առանցքն են։

23-րդ պարբերության պահանջն այն է, որ հաշմանդամություն ունեցող անձանց անկախ և արժանապատիվ կյանքն ապահովելու նպատակով կփոխակերպվեն խնամքի ծառայությունները, կստեղծվեն նոր ծառայություններ, և կբարելավվեն արդեն գործող ծրագրերը, այդ թվում՝ աջակցող միջոցների տրամադրման, զբաղվածության և այլն: Կապահովվի հաշմանդամությամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցումը։

25-րդ պարբերության պահանջն այն է, որ ապահովվելու է տարեց մարդկանց համար արժանապատիվ, առողջ և ակտիվ կենսակերպ, բարելավվելու է խնամքի որակը:

Նախագծի մշակումը բխում է նաև ՀՀ կառավարության «ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2024-2040 թվականների ռազմավարությունը հաստատելու մասին» 2024թ.-ի հոկտեմբերի 17-ի N 1641-Լ որոշման 5-րդ գլխի ռազմավարական նպատակ 3-ի պահանջից։ Այն է՝ ակտիվ, առողջ և արժանապատիվ ծերության պայմանների ապահովում՝ պետության սոցիալ-տնտեսական կյանքում ավագ սերնդի ներկայացուցիչների ներգրավվածությամբ ու նրանց ներուժի ավելացմամբ:

 

 

 

  • Տևողություն

    02.02.2026 18.02.2026
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 64

Տպել

Առաջարկներ`

Թողնել առաջարկ

Առաջարկ 1

doc, docx, pdf, txt, xls, xlsx
Ավելացնել հաջորդ առաջարկը

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում:

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: