Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության արդյունավետ կառուցակարգեր։ Նախագծի ընդունումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ խթան կհանդիսանա՝ բարեվարք և պատասխանատու վարքագծի դրսևորման համար, ինչպես նաև թույլ կտա ապահովել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի նկատմամբ իրավաչափ վերահսկողությունը, վարքագծի կանոնների խախտման դեպքում համապատասխան իրավական հետևանքների անխուսափելիությունը։

  • Քննարկվել է

    30.12.2025 - 15.01.2026

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1647

Տպել

Առաջարկներ`

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

15.01.2026

30.12.2025թ․ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարկվել են ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ նաև՝ Նախագիծ, https://www.e-draft.am/projects/9613/about ), որով առաջարկվում է մասամբ վերցանել քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելը բացառող դրույթները։ Ըստ այդմ, գործող օրենքում ավելացվում է 28․1 հոդվածը, որով կարգապահական պատասխանատվության կիրառման հնարավորություն է նախատեսվում փոխվարչապետների, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի, նախարարների կամ նրանց տեղակալների նկատմամբ՝ նրանց կողմից վարքագծի կանոնի խախտման առերևույթ հատկանիշներ հայտնաբերելու դեպքում։

Խիստ կարևորելով առաջարկվող փոփոխությունը, դրա հիմքում ընկած՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի (ԳՐԵԿՈ) Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի շրջանակներում կատարված առաջարկությունները՝ գտնում ենք, որ առաջարկվող փոփոխությունը պետք է տարածվի, ի լրումն դրանում նշվածների, նաև այլ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վրա։ Այսպես․

1․ Նախագիծը հիմնավորվել է այն հանգամանքով, որ կարգապահական պատասխանատվության բացակայության պայմաններում պաշտոնատար անձանց կողմից համապատասխան խախտման դեպքերը որևէ իրավական հետևանք չեն առաջացնում, ուստի և չեն սահմանափակում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց՝ զերծ մնալու նմանատիպ խախտումներից։ Լիովին համամիտ լինելով նշված պարզ ճշմարտության հետ, ակնհայտ ենք համարում, որ նույն փաստարկը վերաբերելի է ցանկացած պաշտոնյաների դեպքում, այդ թվում՝ այլ քաղաքական պաշտոններ զբաղեցնողների։ Պատահական չէ, որ ԳՐԵԿՈ Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի 181-րդ կետի առաջարկությամբ առաջարկվում է էթիկայի կանոնների, շահերի բախման և բարեվարքությանն խախտումների համար պատշաճ հետևանքներ նախատեսել բոլոր բարձրաստիճան պաշտոնատար անձանց համար։

Չնայած դրան, նույն առաջարկության վրա հիմնվող Նախագծի կարգավորումը չի տարածվում (կարգապահական պատասխանատվության հնարավորություն չի նախատեսում) Հանրապետության նախագահի, վարչապետի, ԱԺ պատգամավորների, համայնքների ղեկավարների, ավագանու անդամների և համայնքի ղեկավարների տեղակալների վրա։ Եվ եթե առաջին հինգ քաղաքական պաշտոնների դեպքում կարգապահական պատասխանատվության մեխանիզմ չկիրառելը առնվազն գործող կառուցակարգերի տրամաբանությամբ հասկանալի է (նկատի ունենալով նշված պաշտոնների՝ ընտրովի, ոչ նշանակովի լինելու հանգամանքը), ապա համայնքների ղեկավարների տեղակալների վրա առաջարկվող կարգավորումը չտարածելու որևէ իրավաչափ նպատակ գոյություն չունի։ Նշված համայնքային քաղաքական պաշտոններին նշանակումն իրականացվում է համայնքի ղեկավարի կողմից և կարգապահական պատասխանատվությունը նույնպես կարող է կիրառվել նշանակող պաշտոնատար անձի կողմից՝ կրկին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված եզրակացության հիման վրա։

Հիմք ընդունելով վերը նշվածը՝ ապահովելու համար առաջարկվող նախագծի առավել համապարփակությունը և արդյունավետությունը դրա ընդունման համար հռչակված նպատակներին հասնելու, քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց անօրինական վարքագծի կանխարգելման տեսանկյունից, նկատի ունենալով նաև Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի պետությունների խմբի Հայաստանի վերաբերյալ 5-րդ շրջափուլի գնահատման զեկույցի 181 կետում նշված առաջարկությունը, առաջարկում ենք լրացնել նախագիծը և դրանով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացվող 28․1 հոդվածը՝ դրա 1-ին մասում ավելացնելով նաև համայնքի ղեկավարի տեղակալի պաշտոնը։

2․ Օրենքի նախագծի հոդված 2-ում առաջարկվում է անմիջական ղեկավար ունեցող քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնների խախտման դեպքում պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող անձի կողմից խախտման վերաբերյալ հաղորդման ներկայացումը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին։ Մինչդեռ, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարույթներ, այդ թվում վարքագծի կանոնների խախտման մասով եզրակացություն տրամադրելու համար, կարող է իրականացնել, ինչպես ստացված գրավոր դիմումների, այնպես էլ մամուլի հրապարակումների, ազդարարման և այլ ուղիներով ստացված հաղորդումների հիման վրա։ Նշված դեպքում, խիստ սահմանափակված է անմիջական ղեկավար ունեցող քաղաքական անձանց վարքագծի կանոնների խախտման դեպքում միայն պաշտոնի նշանակման իրավասություն ունեցող անձի դիմումի հիման վրա ԿԿՀ-ի եզրակացության ստանալը։ Ելնելով վերոնշյալից առաջարկվում է՝

Օրենքի նախագծի հոդված 2-ի առաջին մասից հանել «համապատասխան պաշտոնատար անձին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը» բառերը։


Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: