««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Պետական կենսաթոշակների մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝
«1. Զինվորական կենսաթոշակի իրավունք ունի`
(…)
3) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայողը, պրոբացիայի ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողը, պրոբացիայի ծառայողը և դատական ակտերի հարկադիր կատարողը:»:
Կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման (այսուհետ նաև՝ Որոշում) 1-ին կետի 4-րդ և 4.1-րդ ենթակետերի համաձայն՝
«4) սույն որոշմամբ հաստատված կանոններով իրենց համակարգի զինվորական ծառայողներին երկարամյա ծառայության, հաշմանդամության զինվորական կենսաթոշակներ, իսկ այդ անձանց մահվան դեպքում` նրանց ընտանիքների անդամներին կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակներ նշանակում ու վճարումն ապահովում են Պաշտպանության նախարարությունը, Արդարադատության նախարարությունը, Ներքին գործերի նախարարությունը, Ազգային անվտանգության ծառայությունը, Պետական պահպանության ծառայությունը՝ իրենց համապատասխան ստորաբաժանումների միջոցով.
4.1) սույն որոշմամբ հաստատված կանոններով` Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունը երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակում ու վճարումն ապահովում է նաև պրոբացիայի այն ծառայողին, որն այդ պաշտոնին նշանակվել է Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողի պաշտոնից.»:
Ոլորտը կարգավորող օրենսդրական դրույթների համալիր վերլությունից պարզ է դառնում, որ սույն կարգավորումները սահմանում են միայն Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության (այժմ արդեն՝ ծառայություն) նախկին՝ այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետական ծառայողից պրոբացիայի պաշտոնին նշանակված ծառայողների երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակ նշանակելու պայմանները: Ընդ որում, երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի նշանակման և վճարման ապահովումը վերապահվում է Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը:
Այս առումով հարկ է նշել, որ Որոշմամբ սահմանված առկա կարգավորումները չեն պարունակում պրոբացիայի մյուս ծառայողների «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով կենսաթոշակ նշանակելու համար դիմելու, կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու), կենսաթոշակի տեսակը փոխելու, կենսաթոշակ վճարելու և կենսաթոշակի գործ (փաստաթղթեր) վարելու վավերապայմաններ, իսկ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) սոցիալական երաշխիքները ամրագրող մի շարք հոդվածներում բացակայում են պրոբացիայի ծառայողներին վերաբերող իրավակարգավորումները:
Բարձրացված հարցի լուծումն ենթադրում է օրենսդրական փոփոխություններ որպիսիք հնարավորություն կընձեռնեն ապահովել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով պրոբացիայի ծառայողի համար սահմանված իրավունքների իրացումը:
Հարկ է նկատել, որ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ում Արդարադատության նախարարության թիվ 15-րդ նպատակի («Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների ռազմավարության իրականացում») միջոցառումների թվում է Պրոբացիայի ծառայության՝ որպես պետական ծառայության առանձին տեսակի կարգավիճակի վերանայմանը և պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքների ընդլայնմանը միտված օրենսդրական փոփոխությունների իրականացումը, որի արդյունքում Պրոբացիայի ծառայությունը պետք է գործի որպես պետական ծառայության առանձին տեսակ, բացառվի տարբերակված մոտեցումը միևնույն կարգավիճակն ունեցող ենթակա պետական մարմինների միջև, ստեղծել անհրաժեշտ նախադրյալներ ծառայությունը մոտիվացված և ձեռնահաս կադրերի համար առավել գրավիչ դարձնելու համար, ընդլայնել պրոբացիայի ծառայողների սոցիալական երաշխիքները։ Պրոբացիայի ծառայողների կարգավիճակը և սոցիալական երաշխիքները հավասարեցվել են այդ թվում նաև Քրեակատարողական ծառայության կարգավիճակին, և «Պետական կենսաթոշակների մասին օրենքում և ոլորտը կարգավորող այլ օրենքներում կատարվել են փոփոխություններ, որոնց համաձայն՝ Պրոբացիայի ծառայողներին վերապահվել է երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակ ստանալու իրավասություն։ Հետևաբար, անհրաժեշտ է կատարել փոփոխություններ նաև Որոշման և Օրենքի մեջ՝ վերջնականապես լուծելով գործնականում առկա ընթացակարգային խնդիրները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը և ակնկալվող արդյունքը.
«ՀՀ կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի թիվ 665-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ նաև՝ Նախագիծ) առաջարկվում է լուծել Պրոբացիայի ծառայողներին երկարամյա զինվորական թոշակ նշանակելու և տրամադրելու ընթացակարգային իրավական բացերը: Մասնավորապես, նախատեսվում է, որ առաջարկվող իրավակարգավորումներով կհստակեցվի զինծառայողներին հավասարեցված անձանց շրջանակը, ինչպես նաև կապահովվի Պրոբացիայի ծառայողների զինվորական կենսաթոշակների նշանակում ու վճարումը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կենսաթոշակ նշանակող ստորաբաժանման միջոցով:
Հաշվի առնելով նաև, որ ԱՆ քրեակատարողական «վարչությունը» վերանվանվել է որպես ԱՆ քրեակատարողական ծառայության՝ Որոշման մի շարք կետերում անհրաժեշտ է փոխարինել «վարչություն» բառը «ծառայության» բառով:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.
Նախագծերը մշակվել են ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծերի ընդունմամբ պետական բյուջեում կառաջանան ծախսեր, որոնք գտնվում են ճշգրտման փուլում։
5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծերը բխում են ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 Հավելվածի՝ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի՝ Արդարադատության նախարարության կողմից կատարման ենթակա 15.1-րդ միջոցառումից:
-
Տևողություն
17.12.2025 05.01.2026 -
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Սոցիալական ապահովություն, Պրոբացիա, Քրեակատարողական, Հանրային ծառայություն
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 54
Տպել
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: