Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Կարգավիճակ Առաջարկության բովանդակությունը Կցված փաստաթղթերը Եզրակացություն Դրույթ
1 2 3 4 5 6
1 Սամվել Հակոբյան 21.11.2025 15:09:40 Քննարկման փուլում է

Առաջարկում եմ հետ կանչել նախագիծը, հետևյալ տատճառաբանությամբ.

 

Խնդրո առարկա հարցի կապակցությամբ թիվ ԵԴ1/0372/01/24 գործով դիրքորոշում է արտահայտել ՀՀ Վճռաբեկ դատարանը: Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է, որ վարելու իրավունքից զրկելը կամ այդ իրավունքը կասեցնելը պետք է լինի օրենքով սահմանված կարգով, այն է՝ իրավաչափ վարչական ակտի հիման վրա: Հակառակ պարագայում, եթե վարչական ակտը կայացվել է օրենքով սահմանված կարգի խախտմամբ և վարչական կամ դատական կարգով անվավեր է ճանաչվել, ապա քննարկվող հանցագործության օբյեկտիվ կողմը բացակայում է, քանզի վերանում է քրեական պատասխանատվության ենթարկվելու պարտադիր նախապայմանը՝ օրենքով սահմանված կարգով վարչական պատասխանատվության ենթարկված լինելը:

 

Այլ խոսքով՝ Վճռաբեկ դատարանի հիշյալ դիրքորոշումը հանգում է հետևյալ փաստական իրավիճակին. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ իրավունքը կասեցված կարգավիճակ ունեցող անձը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության, եթե համապատասխան վարչական ակտը, քրեական պատասխանատվության ենթարկելու պահին, անվավեր չի ճանաչվել վերադասության կամ դատական կարգով: Հակառակ դեպքում, եթե համապատասխան վարչական ակտը, վերադասության կամ դատական կարգով բողոքարկման արդյունքում, կճանաչվի անվավեր, այդպիսով՝ կարձանագրվի իրականացված վարչարարության ոչ իրավաչափ լինելը, ապա անձը չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, իսկ եթե վարչական ակտն անվավեր է ճանաչվել քրեական պատասխանատվության ենթարկվելուց հետո, ապա բացառիկ վերանայման գործիքակազմի կիրառմամբ՝ անձը պետք է արդարացվի: Հետևաբար, այն փաստական իրավիճակը, երբ նախաքննության կամ դատաքնության փուլում քննվում է գործն ըստ մեղադրանքի ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի, ապա այդ ենթադրյալ հանցանքը կատարելու հիմքը՝ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշման վիճարկումը, եթե առկա չէ օրինական ուժի մեջ մտած վերջնական ակտ, արգելք չէ նախաքննությունը կամ դատաքննությունը շարունակելու համար:

 

Վերը նշված եզրահանգումներն ուղղակիորեն բխում են թիվ ԵԴ1/0372/01/24 գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներից, քանի որ անվավեր ճանաչվելու ենթակա ակտը, որպիսին որ կարող է լինել պարեկային ծառայողի կողմից իրականացված վարչարարության արդյունքում կայացված ակտը, օրինական է, քանի դեռ վերադասության կամ դատական կարգով հակառակը, այն է՝ անվավեր լինելը չի արձանագրվել (ի տարբերություն առ ոչինչ լինելու դեպքերի, ոչ թե անվավեր, այլ՝ առ ոչինչ, քանի որ առ ոչինչ վարչական ակտն ընդունվելու պահից իրավաբանական ուժ չունի և ենթակա չէ կատարման - վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին ՀՀ օրենք, հոդված 62):

 

Մինչդեռ, սույն նախագծի հիմնավորումներում նշել եք, որ //Այս կապակցությամբ նկատենք, որ ներկայիս կարգավորումների պայմաններում անձի նկատմամբ վարչական պատասխանատվություն կիրառված լինելը գործնականում դարձել է տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցված, այն չունեցող կամ դրանից զրկված անձին քրեական պատասխանատվության ենթարկելու ոչ թե նախապայման, այլ գործնական խոչընդոտ։ Տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված, այն չունեցած կամ նման իրավունքը կասեցված անձը կարողանում է տևական ժամանակ զերծ մնալ քրեական պատասխանատվությունից՝ վիճարկելու միջոցով հետաձգելով դրա վարչական նախապայմանի վրա հասնելը, ինչը չի բխում այսպիսի արարքների նկատմամբ արագ իրավական հակազդեցության անհրաժեշտությունից և խաթարում է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման խնդրի պատշաճ իրացումը։ Քրեական պատասխանատվության վարչական նախապայմանները վիճարկելու արդյունքում իրենց իրավախախտումը կրկնում և ճանապարհային երթևեկությանը շարունակում են մասնակցել անձինք, ովքեր այդպիսի իրավունք չունեն//։

 

Վերը ներկայացված եզրահանգումների լույսի ներքո փաստվում է նախագծով նշված հիմնավորման անհաշտությունը, քանի որ վարչական ակտի վիճարկումը (ինչպես նշվեց, բացառությամբ այն դեպքի երբ առկա է վարչական ակտն անվավեր ճանաչելու օրինական ուժի մեջ մտած ակտ) չի կարող հիմք հանդիսանալ քրեական պատասխանատվության ենթարկելը ձգձգելու համար:

 

Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ առաջին՝ վարչական ակտի վիճարկումը (ոչ թե օրինական ուժի մեջ մտած ակտը, այլ՝ վիճարկումը) նախադատելի չէ քրեական պատասխանատվության հարցը լուծելու համատեքստում, երկրորդ՝ վարչական ակտի վիճարկումը (եթե առկա չէ այն անվավեր ճանաչելու մասին օրինական ուժի մեջ մտած ակտ) քրեական վարույթի կամ քրեական գործի կասեցման հիմք չէ:

 

Ողջ վերոգրյալի արդյունքում գտնում եմ, որ նախագծով ներկայացված հիմնավորումները չեն համապատասխանում թիվ ԵԴ1/0372/01/24 գործով Վճռաբեկ դատարանի արտահայտած դիրքորոշումներին, հետևապես՝ փաստվում է նախագծով առաջարկվող փոփոխությունները կատարելու անհրաժեշտության բացակայությունը:

 

Հ.Գ. դատական պրակտիկայի ուսումնասիրությունը նույնպես վկայում է իմ կողմից ներկայացված հիմնավորումները դատարանների կողմից ընդունելի լինելու մասին, օրինակ՝ ԿԴ/1171/01/24 ՎԴ/16163/05/24:

.

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: