Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ

ՀՈԻԼԻՍԻ 19-Ի N 893 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 1․ Անհրաժեշտությունը - «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 893-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) ընդունումը պայմանավորված է խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների լիզինգի աջակցության ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) պայմանները բարելավելու, ինչպես նաև արտոնյալ պայմաններով շարժական և շարժական մոդուլային սպանդանոցներ ձեռք բերելու համար սահմանված վերջնաժամկետը երկարաձգելու  անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները – Ծրագրի շրջանակներում լիզինգի պայմանագրերը կնքվում են մինչև 5 տարի ներառյալ մարման ժամկետով, տրամադրվող լիզինգների առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում, սուբսիդավորվում է ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 10, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 6 տոկոսային կետը, իսկ սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ համայնքների բնակավայրերի տարածքներում գործունեություն իրականացնող տնտեսավարողների համար՝ ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը, եթե ձեռք բերվող սարքավորումները շահագործվելու են նույն վայրերում։

Վերջին տարիների խաղողի մթերման գործընթացը ցույց է տվել, որ տնտեսավարողների մթերման հզորությունները և գինեյութի խմորման տարողությունների սակավությունը խոչընդոտում է մեծածավալ մթերումների իրականացմանը, որի արդյունքում դանդաղում է մթերման գործընթացը՝ առաջացնելով հերթեր, խաղողագործների բերքի կորուստներ ու դժգոհություններ։ Գինենյութի խմորման սահմանափակ տարողությունների պատճառով տնտեսավարողները մթերմանը զուգընթաց իրականացնում են գինենյութի թորում, որը տեխնոլոգիական առումով խնդրահարույց է և ազդում է կոնյակի սպիրտի որակական ցուցանիշների վրա։

Մյուս կողմից Ծրագրի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը ՀՀ մարզպետների կողմից ներկայացված բնակավայրերում շահագործելու համար ձեռք բերվող շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների համար սուբսիդավորվում է լիզինգի 12 և կանխավճարի 80 տոկոսային կետը։ Այսօրվա դրությամբ ստացվել է շարժական մոդուլային սպանդանոցի ձեռք բերման 6 հայտ և առկա են նոր հայտերի ստացման ակնկալիքներ։ Նկատի ունենալով, որ ՀՀ մարզպետների կողմից տրամադրված սպանդանոցային ծառայությունների մատուցման  կարիք ունեցող բնակավայրերի թիվը կազմում է շուրջ 170, նպատակահարմար է համարվում արտոնյալ պայմաններով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված վերջնաժամկետը երկարաձգել 1 տարով։

3Կարգավորման նպատակը և բնույթը – Նախագծով առաջարկվում է Ծրագրում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, ըստ որոնց՝

1)   խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ (շնեկային փոխադրիչով սնող բունկեր, ջարդիչ չանչազատիչ, փլուշապոմպ, պնևմատիկ մամլիչ, ժապավենային և շնեկային փոխադրիչներ, մխոցավոր և կենտրոնախույս պոմպեր) և գինենյութի խմորման տարողություններ ձեռք բերելու նպատակով լիզինգները կտրամադրվեն մինչև 7 տարի ներառյալ մարման ժամկետով և կսուբսիդավորվեն ՀՀ դրամով տրամադրված լիզինգի 12, արտարժույթով տրամադրված լիզինգի՝ 7 տոկոսային կետը,

2)  ՀՀ մարզպետների կողմից տրամադրված սպանդանոցային ծառայությունների տրամադրման կարիք ունեցող բնակավայրերում շահագործելու նպատակով արտոնյալ պայմաններով շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոցների ձեռքբերման համար սահմանված մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը վերջնաժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը,

3)  հանել շարժական կամ շարժական մոդուլային սպանդանոց ձեռք բերող շահառուից բեռնափոխադրման գնային առաջարկ ներկայացնելու պահանջը, հաշվի առնելով, որ ներմուծողը ֆինանսական կառույցն է։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինքՆախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից խաղողի մեծածավալ մթերումներ իրականացնող տնտեսավարողների առաջարկությունների հիման վրա: Նախագծի մշակմանն այլ  ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել: 

5. Ակնկալվող արդյունքը Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կտրվի ընդլայնելու սպանդանոցային ցանցը, իսկ գինեգործական արտադրանքի արտադրությամբ զբաղվող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի բարելավված պայմաններով ձեռք բերելու խաղողի առաջնային վերամշակման սարքավորումներ և գինենյութի խմորման տարողություններ, ավելացնելու մթերման հզորությունները և բարելավելու մթերումների գործընթացը։ 

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները – Նախագծի ընդունման դեպքում առաջացող պարտավորությունները կկատարվեն Ծրագրի գծով 2025 թվականին հաստատված բյուջեի և 2026-2028 թվականների ՄԺԾԾ-ի բյուջետային ֆինանսական հայտերով հաշվարկված գումարների շրջանակներում և պետական բյուջեից Էկոնոմիկայի նախարարությանը լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնելու անհրաժեշտություն չի առաջանում։ 

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ - Սույն որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Գյուղատնտեսական հումք մշակող  ընկերությունների արտադրական կարողությունների հզորացում և  արդիականացում՝ տարեկան շուրջ 250 միավոր սարքավորումների ձեռքբերմանն աջակցություն» ակնկալվող արդյունքից (հղում՝  https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf,  227-րդ էջ)։

  • Քննարկվել է

    13.11.2025 - 01.12.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 846

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: