Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24 ի N 1418-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 1418-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1.      Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության կառավարությունը 2023 թվականի օգոստոսի 24-ին ընդունել է «Հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատելու մասին» N 1418-Ն որոշումը (այսուհետ նաև` Որոշում), որի 1-ին կետով հաստատված հավելվածի (այսուհետ նաև` Հավելված) 4-րդ կետի 4-րդ ենթակետի իմաստով՝ Համակարգի մասնակիցներից է պետական կառավարման այն մարմինը, որն ունի մոնիտորինգի տեղեկատվական համակարգում պարունակվող տեղեկատվության հասանելիության իրավունք՝ համաձայն Հայաստանի Հանրապետության օրենսդրության։

Նշված կարգավորումից հետևում է, որ եթե որևէ պետական մարմնի՝ հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգին (այսուհետ նաև՝ Համակարգ) հասանելիության անհրաժեշտությունը ուղղակիորեն կամ անուղղակիորեն բխում է ՀՀ օրենսդրությունից, ապա վերջիններիս պետք է տրվի նման հասանելիություն։

Հավելվածի 3-րդ կետի իմաստով Համակարգի ֆունկցիոնալությունն, ի թիվս այլնի, ապահովվում է դրոշմավորման ենթակա ապրանքների կարգավիճակների և դրանց շրջանառության բոլոր փուլերի գրանցման հնարավորությամբ՝ արտադրությունից կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումից մինչև մանրածախ վաճառք՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառմամբ կամ մինչև այլ կերպ ապրանքը շրջանառությունից հանելը, ինչպես նաև ապրանքների հետագծելիության նպատակով տվյալների հավաքագրմամբ և պահպանմամբ։

Այս տեսանկյունից Համակարգին հասանելիության անհրաժեշտությունը առկա է նաև Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) լիազորությունների իրականացման համար։

Մասնավորապես, «Տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության մասին» օրենքի (այսուհետ նաև՝ Օրենք) 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ Հանձնաժողովը իրականացնում է վերահսկողություն տնտեսական մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ։

Ավելին, նույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն՝ Հանձնաժողովը հարուցում է տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների վերաբերյալ վարույթ և սույն օրենքը խախտելու համար տնտեսավարող սուբյեկտներին, պետական մարմիններին և նրանց պաշտոնատար անձանց ենթարկում է պատասխանատվության՝ հանձնարարելով իր սահմանած ժամկետում շտկել խախտումը և հետագայում բացառել այն։

Օրենքի 43-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հանձնաժողովի նախագահի գրության կամ Հանձնաժողովի որոշման կամ օրենսդրությամբ սահմանված պահանջի հիման վրա պետական մարմինները, ինչպես նաև դրանց պաշտոնատար անձինք պարտավոր են սահմանված ժամկետում ներկայացնել Հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկատվություն, բացառությամբ վիճակագրական, բանկային, ապահովագրական, կենսաթոշակային և բժշկական գաղտնիք պարունակող տեղեկությունների:

Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Հանձնաժողովը կարող է ստանալ և լիազորություններն իրականացնելիս օգտագործել պետական էլեկտրոնային հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով ձեռք բերված տեղեկատվությունը:

Հարկ է նշել, որ Համակարգին հասանելիության անհրաժեշտությունը ուղղակիորեն պայմանավորված է Հանձնաժողովի լիազորությունների իրականացման արդյունավետությամբ, մասնավորապես տնտեսական մրցակցության բնագավառում և սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների բացահայտմամբ, տնտեսավարող սուբյեկտի (արտադրողի) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ապրանքի հետագծելիության պարզման անհրաժեշտությամբ։

Միևնույն ժամանակ, վերոգրյալ կարգավորումներից ուղղակիորեն բխում է, որ Հանձնաժողովը իր լիազորությունները իրականացնելու նպատակով ունի իրավասություն նաև պետական մարմիններից պահանջելու և ստանալու անհրաժեշտ տեղեկատվություն, այդ թվում՝ հարթակներից հատուկ տեխնիկածրագրային ուղիների միջոցով։

Մինչդեռ Հավելվածի 4-րդ կետի 4-րդ ենթակետը Համակարգի նկատմամբ ֆունկցիոնալ պահանջներ ձևավորող լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից մեկնաբանվում է այն տրամաբանությամբ, որ Համակարգին որևէ մարմնի հասանելիություն տրամադրելու համար այդպիսի հնարավորությունը պետք է ուղղակիորեն սահմանված լինի որևէ օրենսդրական ակտով և դա այն դեպքում, երբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չէ որևէ պետական մարմնի հասանելիությունը Համակարգին։

Այլ կերպ ասած, նման մեկնաբանության պայմաններում արգելակվում է Համակարգի միջոցով դրանում առկա տեղեկատվության հետ գործառնական կապ ունեցող պետական մարմնի արդյունավետ գործունեությունը, ընդ որում, Համակարգին հասանելիության անհրաժեշտությունն առկա է նաև Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության և Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների լիազորությունների իրականացման համար։

Նշված մարմինների Համակարգի հասանելիության անհրաժեշտությունը ուղղակիորեն պայմանավորված է նրանց լիազորությունների իրականացման արդյունավետությամբ, մասնավորապես տնտեսական, սպառողների շահերի դեմ ուղղված իրավախախտումների բացահայտմամբ, տնտեսավարող սուբյեկտի (արտադրողի) վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև ապրանքի հետագծելիության պարզման անհրաժեշտությամբ։

Նշված մոտեցումը կապահովի վերահսկող մարմինների լիազորությունների արդյունավետ իրագործումը և կբարձրացնի ապրանքների շրջանառության թափանցիկությունը և անվտանգության մակարդակը։

Վերոգրյալի հաշվառմամբ անհրաժեշտություն է առաջացել հստակեցնելու Համակարգի մասնակից պետական կառավարման մարմինների ցանկը՝ հստակ թվարկմամբ ուղղակիորեն ամրագրելով այն պետական կառավարման մարմիններին, որոնց գործառույթների առանձնահատկությունը պահանջում է Համակարգի տվյալներին անմիջական հասանելիություն։

Հիմք ընդունելով նշյալը՝ անհրաժեշտ է փոփոխություն իրականացնել՝ որպես Համակարգին անմիջական հասանելիություն ունեցող մարմիններ նախատեսելով Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմիններին և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովին։

 

2.Կարգավորման նպատակը

Նախագծի ընդունումը նպատակ ունի Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների իրականացման նպատակով ապահովել նշված մարմինների հասանելիությունը հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիտորինգի տեղեկատվական համակարգին։

 

3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Սննդամթերքի անվտանգության, Շուկայի վերահսկողության, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինների և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի լիազորությունների առավել արդյունավետ իրականացումը։

 4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության և Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի կողմից:

 5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1418-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

 6. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետՀայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 1978-Լ որոշման Հավելված 1-ով հաստատված Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից, ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից (CEPA), Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության և Ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզը հաստատելու մասին» թիվ 666–Լ որոշումից։

 

  • Քննարկվել է

    31.10.2025 - 15.11.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական, Տեսչական համակարգ

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1128

Տպել

Առաջարկներ`

Մարուսյա Բաբայան

03.11.2025

  • Լիովին համաձայն եմ Ա:յս համակարգի ներդրումը ոչ միայն տեխնոլոգիական առաջընթաց է, այլև կարևոր քայլ է դեպի պատասխանատու և արդար տնտեսական միջավայրի ձևավորում։ Այն համապատասխանում է միջազգային լավագույն փորձին և կարող է ծառայել որպես հիմք՝ հետագա թվայնացման և վերահսկողության մեխանիզմների զարգացման համար։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: