«Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրաման
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 04-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը սահմանելու մասին» հրամանների նախագծերի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը, իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Գործող կարգավորումները, որոնք սահմանված են ՀՀ տարածքային կառավարման նախարարի 2008 թվականի դեկտեմբերի 4-ի N 04-Ն հրամանով հաստատված «Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի յուրաքանչյուր ենթախմբի ընդհանուր նկարագրով», այլևս ամբողջությամբ չեն համապատասխանում համայնքային կառավարման համակարգում տեղի ունեցած փոփոխություններին և արդի պահանջներին։
Վերջին տարիներին համայնքների միավորման, կառավարման կառուցվածքների փոփոխության, ինչպես նաև համայնքային ծառայողների գործառույթների և պատասխանատվության ընդլայնման արդյունքում անհրաժեշտ է դարձել վերանայել պաշտոնների նկարագրության և դասակարգման մեխանիզմը։ Գործող կարգը չի ապահովում պաշտոնների բովանդակային տարբերակումը ըստ պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների և աշխատանքի ազդեցության աստիճանի, ինչի հետևանքով բարդացել է պաշտոնների համեմատական գնահատման, մրցութային և ատեստավորման գործընթացների իրականացումը։
Արդյունքում անհրաժեշտ է ընդունել նոր իրավական ակտ, որով կհաստատվի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրեր կազմելու մեթոդաբանությունը, որը կսահմանի՝
1) պաշտոնների դասակարգման միասնական սկզբունքներ և չափանիշներ,
2) պաշտոնների նկարագրերի կազմման և հաստատման կարգ,
3) պաշտոնատար անձանց գիտելիքների, հմտությունների և կոմպետենցիաների միասնական պահանջներ,
4) պաշտոնների փոխարինման և գործառութային փոխկապակցության միասնական մոտեցումներ։
Նոր մեթոդաբանության ընդունմամբ կապահովվի համայնքային ծառայության պաշտոնների կառուցվածքային և բովանդակային միասնականությունը, ծառայողական հարաբերությունների թափանցիկությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև համայնքային կառավարման համակարգի արդիականացումը՝ ժամանակակից կառավարման պահանջներին համապատասխան։
2․ Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ձևավորել համայնքային ծառայության պաշտոնների նկարագրերի և անձնագրերի միասնական համակարգ, որը կհամապատասխանի համայնքային կառավարման ոլորտում տեղի ունեցած կառուցվածքային, բովանդակային և գործառութային փոփոխություններին։
Նոր մեթոդաբանության կիրառումը կապահովի․
1) համայնքային ծառայության պաշտոնների հստակ դասակարգում ըստ խմբերի և ենթախմբերի,
2) պաշտոնների նկարագրերի կազմման և գնահատման միասնական սկզբունքների կիրառում բոլոր համայնքներում,
3) պաշտոնների միջև գործառութային կապերի, փոխարինման և ենթակայության հստակեցում,
4) պաշտոնների համար պահանջվող գիտելիքների, հմտությունների և կոմպետենցիաների միատեսակ չափորոշիչների սահմանում,
5) համայնքային ծառայողների աշխատանքի բովանդակային գնահատման և առաջխաղացման օբյեկտիվ մեխանիզմների ձևավորում,
6) համայնքային կառավարման արդյունավետության, հաշվետվողականության և կառավարման շարունակականության բարձրացում։
Արդյունքում կապահովվի համայնքային ծառայության համակարգի գործառութային և կառուցվածքային համաչափությունը, կառավարման գործընթացների թափանցիկությունն ու արդյունավետությունը, ինչպես նաև համայնքային ծառայողների մասնագիտական կարողությունների զարգացումը և ծառայողական գործունեության որակի բարձրացումը։
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել են տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնի, միաժամանակ չի բերի պետական և համայնքային բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության:
5․ Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և/կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ․
Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշման hավելված N 1-ի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 1.2 կետի կատարման անհրաժեշտությունից, այն է՝ «Համայնքային ծառայության համակարգի ինստիտուցիոնալ և օրենսդրական բարեփոխումների իրականացում»։
-
Քննարկվել է
17.10.2025 - 01.11.2025
-
Տեսակ
Հրաման
-
Ոլորտ
Տարածքային կառավարման և զարգացման
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 828
Տպել