ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ հաստատված՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգի և պայմանների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից գերակայություն ճանաչված յուրաքանչյուր ոլորտի մասնագիտություններով քաղաքացիների նշանակալի նվաճումներից են համարվում՝ դիմելու օրվան նախորդող երեք տարվա ընթացքում տվյալ մասնագիտության գծով միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններերում գիտական հրապարակումները, ինչպես նաև հայոց լեզվից կամ հայ գրականությունից կամ հայ ժողովրդի պատմությունից մենագրությունները կամ ստացած արտոնագրերը կամ գրանցված հեղինակային իրավունքները:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով դիմած քաղաքացիների՝ գիտության և կրթության բնագավառներում ունեցած նշանակալի նվաճումների գնահատման չափանիշների սահմանային արժեքները՝ հետևյալ պատճառաբանությամբ.
Մենագրությունը մեկ կամ մի քանի հեղինակների կողմից որոշակի թեմատիկայի նվիրված գիտական աշխատություն է, որը հիմնված է նաև հեղինակների սեփական հրապարակումների վրա՝ գիտական հոդվածների տեսքով: Իսկ վերջիններս գնահատվում են ըստ նախագծում ներկայացված կարգի, ներառյալ հայոց լեզվին կամ հայ գրականությանը կամ հայ ժողովրդի պատմությանը վերաբերող հետազոտությունները:
Նախագծով առաջարկվում է միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններից բացի ներառել նաև Բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկում ընդգրկված ամսագրերը, որոնք ներառում են բոլոր ուղղությունները, այդ թվում՝ հայոց լեզուն, հայ գրականությունը և հայ ժողովրդի պատմությունը: Արտոնագրերը և գրանցված հեղինակային իրավունքները նույնպես հիմնված են գիտական ամսագրերում հրատարկված հետազոտական արդյունքների վրա:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջների համաձայն՝ գիտության, կրթության, մշակույթի, արվեստի և սպորտի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում կարող է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ, որով սահմանվում են գիտության և կրթության բնագավառում նշանակալի նվաճումների գնահատման չափանիշներ, որոնց սահմանային արժեքների բավարարման դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տրվում է պարտադիր զինվորական ծառայության տարկետման իրավունք: Սույն նախագծով առաջարկվում է իջեցնել կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունք տալու սահմանային արժեքները` մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր, ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկում ընդգրկել նաև բարձրագույն որակավորման կոմիտեի ցանկի ամսագրերը:
Օտարերկրյա բուհերում սովորող ուսանողների տարկետում տրամադրելու խնդրի արդիականությունը պայամավորված է երկու հիմնական գործոնով: Առաջին՝ հաշվի առնելով որակյալ մասնագիտական կադրերի անհրաժեշտությունը Հայաստանի տարբեր ոլորտներում, ինչպես նաև որոշ ոլորտներում որակյալ մասնագետների բացակայությունը, օտարերկրյա հեղինակավոր բուհերում կրթություն ստացող երիտասարդներին տարկետման տրամադրումը կարող է հսկայական նշանակություն ունենալ երկիրը որակյալ կադրերով համալրելու տեսանկյունից: Երկրորդ՝ հաշվի առնելով, որ հայրենադարձությունը հանդիսանում է Հայաստանի համար կարևոր առաջնահերթություն: Արտերկրում բնակվող և այնտեղ կրթություն ստացող ՀՀ քաղաքացիների համար հայրենադարձության համար բարենպաստ պայմանների շարքում է նաև վերջիններս կողմից արտասահմանյան համալսարարններում որակյալ կրթություն ստանալու հնարավորության ստեղծման հանգամանքը:
Հաշվի առնելով վերը նշվածը, տարկետման տրամադրումը աշխարհի լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման ցանկերում ներառված բուհերում բակալավրիատ, մագիստրատուրա և ասպիրանտուրա ընդունված և ուսման համար անհրաժեշտ ֆինանսավորումն ապահոված ուսանողներին՝ հետագայում հնարավորություն կընձեռի ուսման ավարտից հետո վերադառնալու Հայաստան և գիտելիքները ներդնելու երկրի զարգացման գործում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն իջեցվում են կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի տալու սահմանային արժեքները (մագիստրոսի կրթական ծրագրի դեպքում` 70-ից մինչև 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի դեպքում՝ 80-ից մինչև 65 բալային միավոր), ինչպես նաև գիտական ամսագրերի ցանկում ընդգրկել նաև Հայաստանի Հանրապետության բարձրագույն որոկավորման կոմիտեի ցանկի ամսագրերը: Առաջարկվող փոփոխություններն ուղղված են ապահովելու գիտության և կրթության բնագավառներում նշանակալի ներդրում ունեցող քաղաքացիներին իրենց գործունեությամբ անընդմեջ զբաղվելու հնարավորությունների իրացմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունմամբ կընդլայնվի գիտության և կրթության բնագավառներում գործունեություն ծավալող (ուսումնառություն իրականացնող) և այդ բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու շահառուների շրջանակը:
- Այլ տեղեկություններ չկան:
- Նախագիծը քննարկվել է շահառուների լայն շրջանակում: