«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ավտոցիստեռնը համարվում է արտադրական վտանգավոր օբյեկտներ, որն օգտագործվում է դեպի ԱՀՎԼԿ կամ հակառակ ուղղությամբ հեղուկ վառելանյութ առաքելու կամ փոխադրելու համար։ Այն սահմանված կարգով ենթակա է գրանցման արտադրական վտանգավոր օբյեկտների պետական ռեեստրում։ Ավտոցիստեռնը տարեկան առնվազն մեկ անգամ պետք է ենթարկվի տեխնիկական անվտանգության փորձաքննության, այն պետք է ունենա վտանգավոր բեռներ փոխադրող տրանսպորտային միջոցի հաստատման վկայական և բավարարի ավտոմոբիլային տրանսպորտով վտանգավոր բեռների փոխադրումներին ներկայացվող պահանջներին։
ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 18-ի «Ավտոտրանսպորտային միջոցների հեղուկ վառելանյութի լցավորման կայանների կառուցվածքի, հեղուկ վառելանյութի պահման, վաճառքի, պահեստավորման, առաքման, փոխադրման, բաշխման և լցավորման կայանների անվտանգ շահագործման տեխնիկական անվտանգության կանոնները սահմանելու մասին» N 1347-Ն որոշման 85-րդ կետի համաձայն՝ արգելվում է իրականացնել ավտոցիստեռնի ամենամյա տեխնիկական զննությունը, եթե բացակայում են ավտոցիստեռնի ռեեստրում գրանցման վկայականը և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը:
Քանի որ ՀՀ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգը սահմանված է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշմամբ, որում նախատեսված են նաև տեխնիկական զննություն իրականացնողի կողմից տրանսպորտային միջոցի տեխնիկական զննություն չիրականացնելու դեպքերը, ուստի անհրաժեշտ է որպեսզի ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականի և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացության բացակայությունը ևս վերը նշված որոշմամբ սահմանվի տեխնիկական զննության իրականացման արգելք։
Միաժամանակ, քանի որ տեխնիկական զննություն իրականազնողը հասանելիություն չունի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրին, ուստի նախագծով առաջարկվում է, որ ավտոցիստեռնի տեխնիկական զննություն անցնելու դեպքում, բացի ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշուման սահմանված փաստաթղթերից, տրանսպորտային միջոցի տիրապետողը կամ սեփականատերը տեխնիկական զննության կայան ներկայացնի ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականը և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը։
- Կարգավորման նպատակն ու բնույթը.
Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշուման 7-րդ կետը լրացնել 4-րդ ենթակետով, համաձայն որի՝ ավտոցիստեռնի դեպքում՝ տեխնիկական զննություն անցկացնելու համար տրանսպորտային միջոցի տիրապետողը կամ սեփականատերը տեխնիկական զննության կայան պետք է ներկայացնի նաև ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականը և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը։
- 3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կողմից։
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունումը բխում Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050՝ Մեգանպատակ 02 «Պաշտպանված Հայաստան»․ Ապահովենք անհրաժեշտ և բավարար պայմաններ՝ Հայաստանի կենսական շահերի պաշտպանության, արտաքին ուժերի ռազմական, տեղեկատվական և կիբեր հարձակումների, ինչպես նաև բնածին, տեխնածին և մարդածին աղետների ռիսկերը կանխարգելելու, պատճառած կորուստները նվազեցնելու և արագ վերականգնվելու համար։ Որպես թիրախային արդյունք ունենալու ենք «2.4 Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու պատրաստվածության բարձրագույն մակարդակ»։
- Ակնկալվող արդյունքը․
Նախագծի ընդունման արդյունքում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու կարգում կսահմանվի արգելք ավտոցիստեռնի ամենամյա տեխնիկական զննության իրականացման, եթե բացակայում են ավտոցիստեռնի արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման վկայականը և ամենամյա պարտադիր տեխնիկական անվտանգության փորձաքննության եզրակացությունը:
ՀՀ ներքին գործերի նախարարություն
-
Քննարկվել է
07.10.2025 - 22.10.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Գերատեսչություն
Ներքին գործերի նախարարություն
Դիտումներ` 611
Տպել