Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

  • Դատախազի կողմից հարցաքննություն կատարելը, նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդություններով դատարան դիմելը հակասահմանադրական է հետևյալ հիմնավորմամբ.

Առաջին` ՀՀ Սահմանադրական դատարանը 2017 թվականի հունիսի 13-ի  ՍԴՈ-1373 որոշմամբ սահմանել է. «երբ դատախազը ժամանակին ու պատշաճ ձևով իրազեկված չի լինում քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմից դատարան միջնորդություն ներկայացնելու կամ դատարանի կողմից ընդունված որոշման մասին, ապա`

ա/ հնարավոր չի դառնում արդյունավետ իրացնել օրենսգրքի 283-րդ հոդվածի 2-րդ մասի և 287-րդ հոդվածի 1-ին մասի հիմքերով դատախազին վերապահված իրավասությունը,

բ/ վտանգվում է և՛ անձի շահերի պաշտպանության իրավունքը, և՛  ատախազական հսկողության արդյունավետ իրականացման սահմանադրաիրավական պահանջը:

Այս հանգամանքները նկատի ունենալով, ինչպես նաև հաշվի առնելով, որ դատական պրակտիկայի համար մարդու սահմանադրական իրավունքների անմիջական գործողությունը և իրավունքի գերակայության սկզբունքի իրացումը դեռևս ենթադասվում են իրավանորմերի տառացի ընկալմանը՝ Սահմանադրական դատարանը գտնում է, որ ՀՀ Ազգային ժողովը պարտավոր է վերոնշյալ իրավակարգավորումներում կատարել այնպիսի հստակեցումներ, որոնք իրավական որոշակիության սահմանադրական սկզբունքի պահանջներից և սույն գործով Սահմանադրական դատարան իր իսկ կողմից ներկայացված բացատրություններից ելնելով`

ա/ կապահովեն մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը,

բ/ կերաշխավորեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու վերաբերյալ դատարանի որոշումը դատախազի կողմից բողոքարկելու լիազորության պատշաճ իրացումը»:

Այս որոշումից բխում է`

  1. Օրենսդրությամբ պետք է նախատեսել, դրույթ, որ քննչական գործողություններ կատարելու և դատավարական հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին քննիչի կողմիցդատարանմիջնորդություն ներկայացնելու կամ դատարանի կողմից ընդունված որոշման մասին պետք է ծանուցվի հսկողություն իրականացնող դատախազը,
  2. քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելը հետապնդում է ապացույցներ հավաքելու նպատակ, ուստի դրա նկատմամբ պետք է առկա լինի դատախազական հսկողություն։ Մինչդեռ, օրենսդիրը պահպանել է դատախազի կողմից քննչական գործողություններ կատարելու նպատակով միջնորդություն ներկայացնելու դատախազի լիազորությունը, որը դուրս է դատախազության սահմանադրական լիազորություններից։ ՀՀ Սահմանադրական դատարանի վերը նշված իրավական դիրքորոշման հիմքում ընկած է այն մոտեցումը, որ քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելը պետք է գտնվի դատախազական հսկողության տիրույթում, քանի որ այն մինչդատական վարույթի, քննության մաս է։ Մինչդեռ օրենսդիրը դատախազին վերապահելով քննչական գործողություններ կատարելու նպատակով միջնորդություն ներկայացնելու լիազորություն, ըստ էության միաձուլել է նախաքննության և դրա նկատմամբ հսկողության գործառույթները։ Եթե հսկող դատախազը ներկայացնում է քննչական գործողություն կատարելու վերաբերյալ միջնորդություն, ապա դրանով իսկ իրականցնում է մինչդատական վարույթ, ուստի միաժամանակ չի կարող այդ նույն վարույթի նկատմամբ իրականացնել հսկողություն։

Երկրորդ` ՀՀ քր. դատ. օր–ի նախագծում նախատեսված չէ դատախազի կողմից քննչական գործողություններ կատարելու վերաբերյալ դատարան միջնորդություն ներկայացնելու լիազորություն։ Նախագծի 38–րդ հոդվածի համաձայն՝ դատախազը իրավասու է սույն օրենսգրքով սահմանված դեպքերում հետ վերցնել քննիչի՝ դատարան ներկայացրած միջնորդությունը կամ մասնակցել դատական երաշխիքների վարույթին։ Նախագծի 299–րդ հոդվածում ուղղակի սահմանված է, որ ապացուցողական գործողություններ կատարելու միջնորդությունը դատարան է ներկայացվում քննիչի կողմից:

Երրորդ` ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 10-ի նիստի N 9 արձանագրային որոշմամբ հաստատված ՀՀ քր. դատ. օր–ի հայեցակարգում սահմանված է.

«4.5. Նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողությունը ներառում է այնպիսի լիազորություններ, ինչպիսիք են քննիչին օրինականության խախտումների վերացմանն ուղղված հանձնարարություններ տալը, քննչական գործողությունների կատարմանը մասնակցելը, քննիչի գործողությունների դեմ բերված բողոքները քննելը, քննիչի ընդունած որոշումները վերացնելը, քննիչին վարույթից հեռացնելը, մեղադրական եզրակացությունը կամ մեղադրական ակտը հաստատելը և այլն։

4.6. Դատախազական հսկողության սահմանադրական գործառույթի իրացումը չի նշանակում դատախազի կողմից քննության ընթացքի կանխորոշում կամ ուղղորդում, քննիչի փոխարեն որոշումների ընդունում կամ գործողությունների կատարում։ Նման մոտեցման պայմաններում անհարկի չի սահմանափակվի նաև քննիչի դատավարական ինքնուրույնությունը։»:

Հայեցակարգից բխում է, որ քննչական գործողություններ կատարելու միջնորդություն ներկայացնելը չի մտնում դատախազական հսկողության գործիքակազմի մեջ:

 

  • Բացի քննչական գործողություններ կատարելու համար դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների սահմանադրականության հարցից, նախագծով կարգավորում են ստանում այդ գործընթացում տեղ գտած տեխնիկական բնույթ կրող որոշակի խնդիրներ: Մասնավորապես.

Գործող իրավակարգավորման պայմաններում նամակագրության, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների վրա կալանք դնելու, հեռախոսային խոսակցությունները լսելու, բնակարանի խուզարկության միջնորդությունների քննարկմանը քննիչի մասնակցությունը պարտադիր է, սակայն գործնականում այդ մասնակցությունը  կրում է ձևական բնույթ և ինչպես դատարանների, այնպես էլ քննիչների համար ավելորդ ծանրաբեռնվածություն և ժամանակի վատնում է առաջացնում: Բացի այդ, քանի որ գործնականում  նշված միջնորդությունները  քննելու համար առանձնացվել են քրեական մասնագիտացում ունեցող կոնկրետ դատավորներ, որոնք գործում են որոշակի դատարաններում, դատարանի որոշմամբ կատարվող քննչական գործողությունը դատարան ներկայացնելիս կամ դրանք դատարանում քննարկելիս հաճախ առաջանում են կազմակերպչական բնույթի խնդիրներ: Օրինակ, ՀՀ Արագածոտնի մարզում կան քրեական մասնագիտացում ունեցող 2 դատավորներ, որոնցից մեկը գործում է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աշտարակի նստավայրում, իսկ մյուսը՝ Ապարանի: Թալինի քննչական բաժնում քննվող քրեական գործերով վերոնշյալ միջնորդությունների քննարկման համար քննիչը Թալինից մեկնում է Ապարան կամ լավագույն դեպքում Աշտարակ քաղաք, ընդ որում՝ առաջինի դեպքում քննիչն անցնում է շուրջ 100 կմ, իսկ մյուս դեպքում՝ 60 կմ տարածություն: Խնդիրներն առավել են բարդանում, Երբ քրեական մասնագիտացում ունեցող դատավորներից մեկը /առավել ևս Աշտարակի տարածքում գործողը/ մեկնում է արձակուրդ կամ հիվանդության և այլ պատճառներով. տվյալ ժամանակահատվածում չի կարողանում ներկայանալ աշխատանքի, կամ միջնորդությունը ներկայացնելու ժամանակահատվածում ունենում է աշխատանքային ծանրաբեռնվածություն /դատական նիստեր՝ կապված մինչդատական վարույթի ընթացքում ներկայացված միջնորդությունների քննարկման կամ դատաքննության հետ/:

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը ունի չորս նստավայր' Կապան, Գորիս, Մեղրի և Սիսիան քաղաքներում: ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սիսիան և Մեղրի քաղաքների նստավայրերում քաղաքացիական մասնագիտացման դատավորների կողմից քննվում են միայն քաղաքացիական գործեր, իսկ Կապան և Գորիս քաղաքների նստավայրերում քաղաքացիական ու քրեական մասնագիտացման դատավորների կողմից քննվում են քրեական և քաղաքացիական գործեր:

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն է իրականացվում Գորիս և Կապան քաղաքների նստավայրերում՝ քրեական մասնագիտացման դատավորների կողմից:

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի բաժնում և Մեղրիի վարչական տարածքը սպասարկող քննիչի կողմից քննվող քրեական գործերի նախաքննության ընթացքում դատարանի որոշմամբ քննչական գործողությունների անհապաղ կատարման անհրաժեշտության դեպքում նշված միջնորդությունները քննվում են Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Կապան կամ Գորիս քաղաքների նստավայրերում: Ընդ որում՝ առաջինի դեպքում քննիչն անցնում է շուրջ 110 կմ, իսկ մյուս դեպքում՝ 45 կմ տարածություն:

Հարկ է նշել, որ միջազգային փորձի ուսումնասիրությունները վկայում են, որ մի շարք երկրներում դատարանում քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձի կամ նրա ներկայացուցիչի մասնակցությունը պարտադիր չէ:

Այսպես.

ՌԴ քրեական դատավարության օրենսգրքի  165-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը սահմանում են, որ քննիչը քննչական մարմնի ղեկավարի համաձայնությամբ, իսկ հետաքննիչը՝ դատախազի համաձայնությամբ, միջնորդություն է ներկայացնում  դատարան՝ քննչական գործողություններ իրականացնելու վերաբերյալ, ինչի  մասին կայացվում է որոշում: Դատական նիստին իրավունք ունեն մասնակցել  դատախազը, քննիչը և հետաքննիչը:

Վրաստանի քրեական դատավարության օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է, որ մասնավոր  սեփականության, գույքի տիրապետման,  անձնական կյանքի անձեռնմխելիությունը սահմանափակող քննչական գործողությունները իրականացվում են դատարանի որոշման հիման վրա՝ կողմի միջնորդությամբ: Դատարանը իրավունք ունի  միջնորդությունը  քննարկել  միջնորդությունը ներկայացրած կողմի  մասնակցությամբ: 

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Օրենքի նախագծով առաջարկվում է քննչական գործողություններ կատարելու համար դատարան միջնորդություններ ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակից հանել դատախազներին, դրանով իսկ  գործող իրավակարգավորումները համապատասխանեցնելով ՀՀ Սահմանադրությանը, միաժամանակ հետաքննության մարմնին,        քննիչին ու դատարանին պարտավորեցնելով համապատասխանաբար միջնորդություններ հարուցելու և դրանց վերաբերյալ կայացված որոշումների պատճեներն ուղարկել հսկող դատախազին՝ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը: Հետաքննության մարմինը, քննիչը քննչական գործողություններ կատարելու համար միջնորդություն հարուցելու որոշումը (պատճենը) դատարան և հսկող դատախազին կարող է ուղարկել պաշտոնական էլեկտրոնային փոստով: Ընդ որում, միջնորդությամբ դիմած պաշտոնատար անձը կամ նրա ներկայացուցիչը քննչական գործողություններ կատարելու միջնորդության քննարկմանը մասնակցում է դատարանի պահանջով կամ միջնորդություն ներկայացրած պաշտոնատար անձի նախաձեռնությամբ։ 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

 Օրենքի նախագծի ընդունման արդյունքում քննչական գործողություններ կատարելու միջնորդություններով      դատարան դիմելու վերաբերյալ իրավակարգավորումները կհամապատասխանեցվեն ՀՀ Սահմանադրությանը,  միաժամանակ ապահովելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության լիարժեք իրականացումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և  ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    21.05.2018 - 11.06.2018

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Նախարարություն

    ՀՀ քննչական կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9323

Տպել