ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
« » 2025 թ. N …..-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սոցիալական աջակցության մասին» օրենքի 58-րդ հոդվածի 4-րդ մասը.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
- Սահմանել շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում հասարակական մշտադիտարկման իրականացման կարգը, պայմանները, հասարակական կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև հասարակական դիտորդների խմբի իրավասությունների շրջանակը՝ համաձայն հավելվածի։
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Հանձնարարել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետին՝ սույն հրամանն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում կազմակերպել հասարակական դիտորդների խմբի անդամների ընտրության մրցույթի հայտի հրապարակումը նախարարության պաշտոնական կայքէջում, իսկ սույն հրամանում ներգրավված մյուս ստորաբաժանումներին և անձանց՝ իրականացնել համապատասխան ընթացակարգերի ապահովումը:
Հավելված
Հայաստանի Հանրապետության աշախտանքի և
սոցիալական հարցերի նախարարի
2025 թվականի -ի
N …..Ն հրամանի
ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՄՇՏԱԴԻՏԱՐԿՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿԸ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն հավելվածով կարգավորվում են շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպություններում՝ անկախ կազմակերպաիրավական տեսակից, սեփականության ձևից և ֆինանսավորման աղբյուրից (այսուհետ` Կազմակերպություն) «Սոցիալական աջակցության մասին» օրենքով սահմանված դեպքերում և կարգով խնամքի տրամադրման նկատմամբ հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) կողմից հասարակական մշտադիտարկում իրականացնելու հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ մշտադիտարկման իրականացման կարգն ու դիտորդական խմբի իրավասությունները:
- Խումբը զբաղվում է Կազմակերպությունում խնամք ստացող անձի իրավունքների ապահովման նկատմամբ մշտադիտարկմամբ ու այդ իրավունքների պաշտպանությամբ, ինչպես նաև խնամքի տրամադրման օրենսդրությամբ սահմանված նվազագույն չափորոշիչների, կարգի և պայմանների պահպանման մշտադիտարկմամբ։
- Խումբը գործում է հասարակական հիմունքներով:
- Իր գործունեության շրջանակներում Խումբն առաջնորդվում է Սահմանադրությամբ, վավերացրած միջազգային պայմանագրերով, «Սոցիալական աջակցության մասին» օրենքով և այլ օրենսդրությամբ, ներառյալ՝ սույն հավելվածով:
- Խմբի գործունեության հիմնական նպատակներն են՝
1) Կազմակերպությունում հասարակական մշտադիտարկումների իրականացումը՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովվածության տեսանկյունից,
2) մարդու իրավունքների խախտումների հայտնաբերումը և բացահայտումը, ինչպես նաև խախտված իրավունքների վերականգնմանը և նման խախտումների կանխարգելմանն աջակցության ցուցաբերումը,
3) ոլորտային իրավական ակտերի ուսումնասիրությունը, և ըստ անհրաժեշտության, դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու վերաբերյալ կամ նոր իրավական ակտեր ընդունելու առաջարկությունների ներկայացումը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին (այսուհետ՝ Նախարար),
4) երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի սոցիալական պաշտպանության բնագավառում մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակային վերլուծությունների, եզրակացությունների, առաջարկությունների կազմում և ներկայացում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (այսուհետ՝ Նախարարություն) մասնագիտացված ստորաբաժանումներին։
- ԽՄԲԻ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ
- Խմբի կազմը հաստատվում է Նախարարի հրամանով՝ մրցութային կարգով ընտրված դիտորդների տվյալների հիման վրա։
- Խմբի անդամ կարող է լինել հայերենին տիրապետող, Հայաստանի Հանրապետության 21 տարին լրացած այն քաղաքացին՝ անկախ ազգությունից, հաշմանդամությունից, ռասայից, սեռից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ հանգամանքներից, որը Նախարարության կողմից մրցութային կարգով ընտրվել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ ղեկավարվելով սույն հավելվածի 9-րդ կետի պահանջներով։
- 8. Խմբի անդամների թիվը չի կարող գերազանցել 21-ը: Խմբի կազմում պետք է ապահովված լինի երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների պաշտպանության ոլորտային մասնագետների հավասար ներգրավվածությունը:
- Խմբի անդամ կարող է լինել ցանկացած մասնագիտություն ունեցող անձ, սակայն Խմբի անդամի ընտրության ժամանակ նախապատվությունը տրվում է իրավաբանի, մանկավարժի, բժշկի, սոցիալական աշխատողի, հոգեբանի, սոցիոլոգի մասնագիտություն և առնվազն 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ունեցող անձանց, ինչպես նաև այն անձին կամ անձին ներկայացնող հասարակական կազմակերպությանը, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում Խմբի գործունեության նպատակներին կամ Նախարարության լիազորություններին ու խնդիրներին, մասնավորապես՝ երեխայի, տարեցի կամ հաշմանդամություն ունեցող անձի հիմնահարցերին: Սույն հավելվածի իմաստով, հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է համարվում հասարակական կազմակերպության անդամը, աշխատողը, ինչպես նաև հասարակական կազմակերպության կողմից լիազորված անձը:
- Հասարակական դիտորդ դառնալու ցանկություն ունեցող անձը (այսուհետ նաև՝ դիմող) Նախարարություն ներկայացնում է գրավոր դիմում, որին կցվում է նրա անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը, ինքնակենսագրությունը, մասնագիտական աշխատանքային փորձը հիմնավորող փաստաթղթեր, նրան ներկայացնող հասարակական կազմակերպության երաշխավորագիրը, այդ կազմակերպության կանոնադրությունը և գործունեության համառոտ նկարագիրը, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում այլ փաստաթղթեր, որոնք հիմնավորում են նրա մասնագիտացումը, Խմբի գործունեության հիմնական նպատակներին առնչությունը կամ Խմբի անդամ դառնալու համար էական այլ տեղեկություն։ Յուրաքանչյուր հասարակական կազմակերպություն Խմբի կազմում կարող է ունենալ միայն մեկ ներկայացուցիչ։
- Խմբի կազմում ընդգրկվելու վերաբերյալ դիմումների ներկայացման վերջնաժամկետը նշվում է մրցույթի հայտում, որը հրապարակվում է Նախարարության պաշտոնական կայքէջում: Մրցույթի հայտը Նախարարության պաշտոնական կայքէջում տեղադրվում է մեկ ամիս տևողությամբ:
- Սույն հավելվածի 11-րդ կետում նշված վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան մեկշաբաթյա ժամկետում սույն հավելվածի 9-րդ և 10-րդ կետերով սահմանված չափորոշիչներին համապատասխան ընտրված՝ Խմբի անդամների թեկնածուների կազմը Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը փոխանցում է մրցութային հանձնաժողովին, որը փաստաթղթային ստուգման և հարցազրույցի փուլերը կազմակերպելուց հետո՝ դիմողների հաստատված ցանկն ու անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնում է Նախարարին՝ նախապես այն համաձայնեցնելով Նախարարության հիմնական մասնագիտական ստորաբաժանումը և ոլորտը համակարգող Նախարարի տեղակալի հետ։
- Խմբի կազմում ընդգրկվելու կամ դիմումը մերժելու մասին դիմողը գրավոր տեղեկացվում է սույն հավելվածի 11-րդ կետում նշված վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում՝ Նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից։
- Սույն հավելվածի 11-րդ կետում նշված վերջնաժամկետը լրանալուց հետո ոչ ուշ, քան երկամսյա ժամկետում Խմբի անհատական կազմը հաստատելու մասին Նախարարի հրամանը տեղադրվում է Նախարարության պաշտոնական կայքէջում։
- Խմբի անդամի լիազորությունները տրվում են երեք տարի ժամկետով և չեն կարող երկարաձգվել։ Խմբի անդամի լիազորությունները դադարելուց հետո նույն անձը Խմբի անդամ կարող է դառնալ լիազորությունները դադարելուց երկու տարի անց:
- Խմբի անդամ դառնալուց երկշաբաթյա ժամկետում Նախարարությունը կազմակերպում է այդ անդամների եռօրյա վերապատրաստում և իրազեկում՝ ներգրավելով ոլորտային մասնագետների և փորձագետների: Խմբի անդամին Նախարարության կողմից տրվում է անդամությունը հաստատող վկայական (Ձև 1), որը նա պետք է ներկայացնի Կազմակերպությունում մշտադիտարկում իրականացնելուց առաջ և կրի իր մոտ Կազմաերպությունում գտնվելու ողջ ընթացքում։
- Նախարարությունը Կազմակերպություններին տրամադրում է Խմբի անդամների ցուցակը, իսկ ցուցակում փոփոխություններ կատարվելու դեպքում՝ նաև այդ փոփոխությունները՝ ոչ ուշ, քան այդ ցուցակը հաստատելու կամ փոփոխությունները կատարելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում։
- Խմբի անդամները ձայների պարզ մեծամասնությամբ այդ Խմբի անդամների կազմից մեկ տարի ժամկետով ընտրում են Խմբի նախագահ, անհրաժեշտության դեպքում՝ նաև տեղակալ կամ տեղակալներ։ Խմբի նախագահ չընտրելու դեպքում խմբի անդամներն իրականացնում են իրենց լիազորությունները՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: Խմբի նախագահը (նրա բացակայության դեպքում՝ տեղակալը կամ տեղակալներից մեկը) ղեկավարում է Խմբի գործունեությունը։ Նույն անձը կարող է ընտրվել Խմբի նախագահ առավելագույնը երկու անգամ անընդմեջ։ Խմբի նախագահի լիազորությունների ժամկետը լրանալուց երկու շաբաթ առաջ կազմակերպվում է Խմբի նոր նախագահի ընտրությունը՝ Խմբի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
- Հասարակական դիտորդ չի կարող լինել այն անձը, որը՝
- ունի դատվածություն, որն օրենքով սահմանված կարգով չի մարվել կամ վերացվել, բացառությամբ սույն կետի 2-րդ ենթակետում նշված դեպքերի,
- երբևէ դատապարտվել է մարդու, բնակչության առողջության կամ հասարակական կարգի կամ բարոյականության դեմ ուղղված ցանկացած հանցագործության համար՝ անկախ դատվածությունը մարվելու կամ վերացվելու հանգամանքից,
- ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
- զրկվել է ծնողական իրավունքներից կամ սահմանափակվել է ծնողական իրավունքներում,
- ունի Հայաստանի Հանրապետության 2005 թվականի մայիսի 5-ի N517-Ն որոշմամբ հաստատված հիվանդություններից մեկը,
- նախկինում հանդիսացել է որդեգրող և որդեգրումը դատական կարգով վերացվել է այդ անձի մեղքով,
- ներկայացրել է երաշխավորագիր հասարակական այն կազմակերպությունից, որը Նախարարության հետ համագործակցության ընթացքում դրսևորել է ոչ գործընկերային հարաբերություններ կամ ում հետ համագործակցության հուշագիրը կամ պայմանագիրը վաղաժամ լուծվել է՝ այդ կազմակերպության կողմից հուշագրի կամ պայմանագրի պահանջները խախտելու կամ չկատարելու համար,
- քաղաքացիական գործով հայցվոր կամ համապատասխանող է հանդիսանում Նախարարության դեմ ներկայացված հայցի շրջանակներում,
- հանրային ծառայող է:
- Փաստաթղթերն ընդունելու նպատակով Նախարարության կողմից վարվում է գրանցամատյան, որտեղ նշվում են հասարակական դիտորդ դառնալու հայտ (Ձև 2) ներկայացրած անձի՝ հայտով ներկայացված տեղեկությունները և փաստաթղթերի քանակը:
- Փոստով ուղարկված փաստաթղթերը համարվում են ժամկետում ներկայացված, եթե դրանք ներկայացվել են փոստ մինչև սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված վերջնաժամկետը:
- Փոստով և էլեկտրոնային եղանակով ուղարկված փաստաթղթերի ստացման վերաբերյալ դիմողը ծանուցվում է փաստաթղթերը ստանալուն հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում իր կողմից ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեով:
- Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կազմակերպվում է Նախարարության կողմից՝ Խմբի կազմում 11 դիտորդից պակաս անդամների առկայության դեպքում: Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու գործընթացը կարող է կազմակերպվել նաև Խմբի գրավոր դիմումի հիման վրա՝ Նախարարության համաձայնությամբ:
- Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու համար անցկացվող մրցույթը սկսելուց առնվազն մեկ ամիս առաջ հրապարակվում է դրա մասին հայտարարություն՝ Նախարարության պաշտոնական կայքէջում:
- Սույն հավելվածի 11-րդ և 24-րդ կետերում նշված մրցույթի հայտարարության մեջ պետք է ներառվեն առնվազն հետևյալ տվյալները`
1) հայտերը ներկայացնելու վայրը, հասցեն, էլեկտրոնային փոստի հասցեն և հայտեր ընդունելու հետ կապված պատասխանատու անձի հեռախոսահամարը,
2) հայտերի ընդունման օրերը և ժամերը,
3) դիմողին ներկայացվող պահանջները և հայտին կից ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
4) հայտերը ներկայացնելու վերջնաժամկետը:
- ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ
- Խմբին անդամակցումն իրականացվում է փուլերով: Առաջին փուլում մրցութային հանձնաժողովի կողմից ստուգվում է փաստաթղթերի ամբողջականությունը և համապատասխանությունը նախապես ներկայացված մրցույթի հայտարարությանը:
- Փաստաթղթերը թերի լինելու կամ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկին չհամապատասխանելու դեպքերում դիմողը դրա մասին ծանուցվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում (էլեկտրոնային փոստով կամ գրավոր), և նրան տրամադրվում է երեք աշխատանքային օր՝ համապատասխան թերությունները շտկելու համար:
- Սույն հավելվածի 27-րդ կետում սահմանված ժամկետում թերությունները չշտկելու դեպքում դիմողի ներկայացրած հայտին ընթացք չի տրվում:
- Խմբի անդամակցման երկրորդ փուլը դիմողների հարցազրույցն է՝ մրցութային հանձնաժողովի կողմից: Հարցազրույցը կազմակերպվում է երեխայի, տարեցի և հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իմացության, Նախարարության և Կազմակերպությունների լիազորությունների ու գործառույթների, նրա՝ այդ լիազորություններին ու գործառույթների իրականացմանն աջակցելու գիտելիքների ու հմտությունների պարզելու համար:
- Հարցազրույցի հարցաշարը կազմվում է մրցութային հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր հարցազրույցից երեք աշխատանքային օր առաջ և սույն հավելվածի 11-րդ և 24-րդ կետերում նշված հայտարարությունը Նախարարության պաշտոնական կայքէջում հրապարակելուց երեք աշխատանքային օր առաջ տրամադրվում է Նախարարի՝ ոլորտը համակարգող տեղակալին՝ համաձայնեցման համար:
- Սույն հավելվածի 7-րդ, 9-11-րդ և 19-րդ կետերով նշված պահանջներին չհամապատասխանելու կամ օբյեկտիվ այլ հիմքերի առկայության դեպքում Նախարարը մրցութային հանձնաժողովի որոշումը վերանայելու պահանջով վերադարձնում է այն մրցութային հանձնաժողովին՝ նշելով սույն հավելվածի 11-րդ կետով նշված պահանջներին անհամապատասխանությունը կամ այլ օբյեկտիվ հանգամանքների առկայությունը: Սույն կետով նախատեսված դեպքում մինչև միջնորդության մեջ նշված հանգամանքների վերացումն անձը չի կարող ընտրվել որպես Խմբի անդամ:
- Խմբի կազմում նոր անդամ ընդգրկելու վերաբերյալ հրապարակված հայտարարության վերջին օրը մրցութային հանձնաժողովը գումարում է նիստ ստացված հայտերն ուսումնասիրելու համար։ Նիստը և մրցութային հանձնաժողովի աշխատանքները կարող են իրականացվել առկա կամ առցանց։
- Մրցութային հանձնաժողովը ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրում է դիմողների կողմից ներկայացված հայտերը սույն հավելվածի 11-րդ կետով նախատեսված հայտարարության ժամկետի վերջին օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում։ Մրցութային հանձնաժողովի կողմից ուսումնասիրված արդյունքները ներկայացվում են քվեարկության և հաստատման։ Սույն կետով հաստատված դիմողների համար՝ ցուցակը հաստատելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է հարցազրույց:
- Հարցազրույցից առաջ մրցութային հանձնաժողովին ներկայացվում են դիմողների ամբողջական տվյալները և իրենց կարծիքը նրանց՝ որպես Խմբի անդամ ընդգրկելու վերաբերյալ։ Հարցազրույցը հաղթահարած դիտորդների ցուցակը ներկայացվում է Նախարարի հաստատման:
- Խմբի կազմում նոր անդամի ընդգրկումն իրականացվում է սույն հավելվածով նախատեսված ընթացակարգով՝ մրցութային հանձնաժողովի նիստի ընթացքում քվեարկության միջոցով՝ անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։
- Խմբի կազմը հաստատվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում, ապահովվում է մրցույթի արդյունքների մասին հայտարարության հրապարակումը Նախարարության պաշտոնական կայքէջում, և հինգ աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպվում է նրա անունով վկայականի պատրաստումն ու տրամադրումը դիմողին։
- ԽՄԲԻ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ
- Կազմակերպությունում մշտադիտարկումներ իրականացնելու նպատակով Խումբը՝ անկախ Խմբում ներառված դիտորդների փաստացի թվից, կատարում է այցելություններ, օրենսդրությամբ սահմանված կարգով ուղղում է հարցադրումներ համապատասխան մարմիններին և կազմակերպություններին, առանձնազրույթներ ունենում Կազմակերպության աշխատողների, Կազմակերպությունում խնամք ստացող անձանց և նրանց ներկայացուցիչների հետ։
- Այցելությունները կարող են լինել պլանային և ոչ պլանային:
- Յուրաքանչյուր Կազմակերպությունում Խումբը տարեկան կատարում է առնվազն երկու պլանային այցելություն:
- Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր է կատարել տարեկան առնվազն վեց այցելություն և դրանց վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն։ Սույն կետում նշված նվազագույն շեմը չապահովելու դեպքում՝ Խումբը քննարկում է Խմբի անդամին անդամությունից զրկելու հարցը։ Այցելությունները կազմակերպելիս և իրականացնելիս անհրաժեշտ է բացառել Խմբի անդամի շահերի բախումը:
- Պլանային այցելությունները հիմնականում կատարվում են աշխատանքային օրերին և ժամերին, իսկ ոչ պլանային այցելությունները կարող են կատարվել ըստ անհրաժեշտության՝ նաև ոչ աշխատանքային կամ տոն օրերին կամ ոչ աշխատանքային ժամերին։ Ոչ պլանային այցելությունը հասարակական դիտորդի կողմից պետք է լինի գրավոր պատճառաբանված և հիմնավորված։
- Յուրաքանչյուր այցելություն կատարվում է Խմբի առնվազն երեք անդամի կողմից: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ժեստերի լեզվի թարգմանչի, հոգեբանի (երեխայի դեպքում՝ մանկական հոգեբանի), հոգեբույժի կամ այլ մասնագետի մասնակցությունն այցելություններին:
- Պլանային այցելությունները նույնպես կարող են կատարվել առանց նախապես զգուշացման` չխախտելով Կազմակերպության բնականոն գործունեությունն ու ներքին կանոնակարգը։
- Համաճարակային իրավիճակից ելնելով կամ արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված խնամք ստացող անձանց կամ այցելուների առողջության պահպանման կամ անվտանգության նկատառումներով այցելությունները Կազմակերպություն սահմանափակվում են` Կազմակերպության տնօրենի հրամանով:
- Խմբի անդամներն իրավունք ունեն անարգել այցելել Կազմակերպության ցանկացած տարածք` Կազմակերպության ներկայացուցչի ուղեկցությամբ` չխախտելով Կազմակերպության ներքին կանոնակարգը։
- Այցելության ընթացքում Խմբի անդամները չեն կարող իրականացնել ձայնագրություններ կամ տեսաձայնագրություններ, բացառությամբ օրենքում ուղղակի ամրագրված դեպքերում կամ եթե ձայնագրվող կամ տեսաձայնագրվող բոլոր անձինք հայտնել են իրենց համաձայնությունը ձայնագրություն կամ տեսաձայնագրություն կատարելու վերաբերյալ: Եթե ձայնագրության կամ տեսաձայնագրության ներկա գտնվող անձն անգործունակ է, ապա նրա փոխարեն համաձայնություն հայտնում է հաստատությունը: Եթե ձայնագրության կամ տեսաձայնագրության ներկա գտնվող անձն անչափահաս է, ապա նրա կարծիքը հաշվի առնելուց հետո ձայնագրությունը կամ տեսաձայնագրությունն իրականացվում է, եթե դա բխում է երեխայի լավագույն շահերից: Արգելվում է Կազմակերպության աշխատողների անձնական իրերի կամ առարկաների կամ աշխատանքային փաստաթղթերի և նյութերի տեսաձայնագրությունը կամ նկարահանումը:
- Խմբի անդամներն իրավունք ունեն առանձնազրույց ունենալ Կազմակերպության ծառայություններից օգտվող անձանց հետ՝ նրանց բանավոր համաձայնության դեպքում, իսկ երեխայի դեպքում՝ կազմակերպության մանկավարժի կամ հոգեբանի գրավոր համաձայնությամբ կամ անմիջական ներկայությամբ։
- Խմբի անդամներն իրավունք ունեն ծանոթանալ Կազմակերպության փաստաթղթերի բովանդակությանը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերում գաղտնիք հանդիսացող տեղեկատվությանը՝ Կազմակերպության պատասխանատու աշխատողի ներկայությամբ, պահպանելով Կազմակերպության շահառուների անձնական տվյալների գաղտնիության սկզբունքը, ինչպես նաև չխախտելով Կազմակերպության կանոնադրությունը կամ օրվա կարգացուցակով նախատեսված միջոցառումները։
- Խմբի անդամը չպետք է՝
1) օգտագործի Խմբի անդամ լինելու փաստն անձնական շահերի համար,
2) տեղեկություններ հրապարակի՝ առանց ստուգելու դրանց հիմնավորվածությունը, և խեղաթյուրի իրական փաստերը, պահպանի անաչառությունն ու օբյեկտիվությունը,
3) առանց Խմբի համաձայնության Խմբի անունից հանդես գա մամլո ասուլիսների, հանդիպումների, քննարկումների ընթացքում, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցներով։
- Խմբի անդամի կողմից օրենսդրությամբ նախատեսված արգելքները և սահմանափակումները չպահպանելու դեպքում նա ենթակա է վարչական կամ քրեական պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
- ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
- Մշտադիտարկումն իրականացվում է Կազմակերպության այցելությունների և դրանց հիման վրա Նախարարությանը հաշվետվությունների կամ զեկույցների ներկայացման ձևով։
- Յուրաքանչյուր այցելության վերաբերյալ Խմբի՝ այցելություն կատարած բոլոր անդամների կողմից ստորագրված հաշվետվությունը ներկայացվում է Խմբի նախագահին՝ այցելությունից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում, իսկ Խմբի նախագահը ներկայացված հաշվետվությունների հիման վրա պատրաստում է տարեկան ամփոփ հաշվետվություն։ Ըստ անհրաժեշտության, կարող են պատրաստվել և ներկայացվել նաև հրատապ և ընթացիկ հաշվետվություններ կամ զեկույցներ: Խմբի հաշվետվությունները կամ զեկույցները մինչև հրապարակելն ուղարկվում են Նախարարություն՝ մեկնաբանության համար, որից հետո ներկայացվում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին և հանրայնացվում։
- Խմբի կողմից ներկայացված հաշվետվության կամ զեկույցի վերաբերյալ Նախարարությունը ներկայացնում է իր մեկնաբանությունները․ տարեկան հաշվետվության վերաբերյալ՝ երկու ամսվա, ընթացիկ հաշվետվության կամ զեկույցի վերաբերյալ՝ մեկ ամսվա, իսկ հրատապ հաշվետվության կամ զեկույցի դեպքում՝ տասնօրյա ժամկետում։
- Սույն հավելվածի 53-րդ կետում նշված մեկնաբանությունները հրապարակվում են հաշվետվության կամ զեկույցի հետ համատեղ։
- Եթե մեկնաբանությունները չեն ներկայացվել սույն հավելվածի 53-րդ կետում սահմանված ժամկետներում, հաշվետվությունը կամ զեկույցը կարող է հրապարակվել առանց մեկնաբանության։
- Հաշվետվությունը կամ զեկույցը հաստատվում է Խմբի որոշմամբ, որն ընդունվում է քվեարկությամբ՝ Խմբի նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ։ Խմբի յուրաքանչյուր անդամ պարտավոր է մասնակցել Խմբի նիստերն: Սույն կետում նշված պարտականությունը մեկ տարվա ընթացքում երկու անգամ անհարգելի պատճառով չկատարելու դեպքում Խումբը քննարկում է Խմբի անդամին անդամությունից զրկելու հարցը, և զրկելու որոշում կայացնելու դեպքում՝ միջնորդությամբ դիմում Նախարարին Խմբի անդամի լիազորությունները դադարեցնելու համար։ Սույն կետում նշված պարտականությունը չկատարելը համարվում է հարգելի, եթե Խմբի նիստին անդամը չի մասնակցել իր կամ իր մերձավոր ազգականի հիվանդության, իր մերձավոր ազգականի մահվան, տեխնիկածին կամ տարերային աղետի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից բացակայելու պատճառով:
- Անհրաժեշտության դեպքում Խմբի նախագահը՝ Նախարարության գրավոր միջնորդությամբ կամ Խմբի անդամների պարզ մեծամասնությամբ սեփական նախաձեռնությամբ, Խմբի գործունեության շրջանակներում մշտադիտարկման աշխատանքներին կարող է ներգրավել համապատասխան մասնագիտական ուղղվածության փորձագետների։ Խմբի միջնորդությամբ Նախարարությունը փորձագետին տալիս է ժամանակավոր անցաթուղթ՝ Կազմակերպություն այցելելու համար։ Փորձագետը Կազմակերպություն կարող է այցելել միայն Խմբի անդամների հետ և մասնակցել նիստին միայն այդ հարցի առնչությամբ իր փորձագիտական կարծիքը հայտնելու համար։
- ԽՄԲԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
- Խումբն առնվազն եռամսյակը մեկ անգամ հրավիրում և անցկացնում է նիստեր։ Նիստերն անցկացվում են դռնբաց, իսկ Խմբի որոշմամբ քվեարկությունը կարող է լինել նաև փակ՝ գաղտնի։ Խմբի որոշմամբ նիստերին կարող է ներկա գտնվել սույն հավելվածի 57-րդ կետով սահմանված կարգով ներգրավված փորձագետը։
- Յուրաքանչյուր նիստից առնվազն մեկ շաբաթ առաջ նիստի օրակարգը տրամադրվում է Խմբի բոլոր անդամներին և Նախարարություն։
- Խմբի արտահերթ նիստ կարող է հրավիրել՝
1) Խմբի առնվազն երկու անդամ՝ համատեղ դիմումով,
2) Խմբի նախագահը։
- Նիստը համարվում է կայացած, եթե ներկա է Խմբի անդամների կեսից ավելին։ Որոշման ընդունման համար անհրաժեշտ է Խմբի անդամների ձայների կեսից ավելին, բացառությամբ՝ Խմբի գործունեության ներքին կանոնները, էթիկայի կանոնները հաստատելու և Խմբի անդամի լիազորությունների դադարեցման համար ներկայացված միջնորդության քննարկման հետ կապված դեպքերի, որոնց համար անհրաժեշտ է ձայների երկու երրորդը։
- Ընթացիկ, տարեկան կամ հրատապ հաշվետվությունների կամ զեկույցների հաստատման որոշումը ստորագրում են Խմբի բոլոր անդամները:
- Եթե Խմբի որևէ անդամ համաձայն չէ հաշվետվության կամ զեկույցի կամ դրանց առանձին մասերի հետ, ապա կարող է ներկայացնել այլընտրանքային հաշվետվություն կամ զեկույց կամ տրամադրել հատուկ կարծիք Խմբի կողմից հաստատված հաշվետվության կամ զեկույցի մասին։
- ԽՄԲԻ ԱՆԴԱՄԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
- Խմբի անդամի լիազորությունները դադարեցվում են Նախարարի հրամանով, եթե՝
1) լրացել է Խմբի անդամի լիազորությունների ժամկետը,
2) առկա է Խմբի կողմից Նախարարին ուղղված միջնորդություն՝ Խմբի որևէ անդամի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ,
3) առկա է Խմբի անդամի դիմումն իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ,
4) առկա է Խմբի անդամի թեկնածությունը ներկայացրած հասարակական կազմակերպության դիմումը Խմբի անդամի լիազորությունների դադարեցման կամ նրան մեկ այլ անդամով փոխարինելու վերաբերյալ,
5) առկա է սույն հավելվածի 19-րդ կետով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
Ձև 1
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՈՒՄԲ
|
|
ՎԿԱՅԱԿԱՆ N__
_________________________
(անուն, ազգանուն)
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԱՆԴԱՄ
Ուժի մեջ է մինչև __ ___ 20__թ.
Նախարար`
|
|
Ձև 2
|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ՝ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ԽՄԲԻ ԿԱԶՄՈՒՄ ՈՐՊԵՍ ԱՆԴԱՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՀԱՅՏ
|
|
Անուն
|
|
|
Ազգանուն
|
|
|
Անձնագրի համար
|
|
|
Հեռախոսահամար
|
|
|
Էլեկտրոնային փոստի հասցե
|
|
|
Կից ներկայացվող փաստաթղթերի ցանկ՝
|
|
1. Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն)
|
|
2. Բարձրագույն ուսումնական հաստատության կամ մասնագիտական հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող կազմակերպության կողմից տրված ավարտական վկայական՝ դիպլոմ (պատճեն)
|
|
3. Ինքնակենսագրական
|
|
4. Երաշխավորագիր հասարակական կազմակերպության կողմից (բնօրինակ)
|
|
5․ Հասարակական կազմակերպության կանոնադրությունը (պատճեն)
|
|
6. այլ վերաբերելի փաստաթղթեր (բնօրինակ կամ պատճեն)
|
|
7. 2 լուսանկար 3*4 չափսի
|