Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 

1․ Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային կանոնների (այսուհետ՝ ԷՄՇ կանոններ) համաձայն՝ էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու, էլեկտրական էներգիա ներկրելու կամ արտահանելու, ինչպես նաև ծառայություններ ստանալու նպատակով ԷՄՇ առևտրի մասնակիցները, բացառությամբ երաշխավորված մատակարարի, արտադրողների, հաղորդողի և հաշվեկշռման ծառայություն մատուցողի (ՀԾՄ), շուկայի օպերատորին ներկայացնում են Հայաստանի Հանրապետությունում գործող որևէ առևտրային բանկի կողմից տրամադրված երաշխիք։

Միևնույն ժամանակ, 2025 թվականի մայիսի 14-ին ընդունվել է «Էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-111-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք), որը, բացառությամբ 1-ին և 7-րդ հոդվածների, ուժի մեջ է մտել 2025 թվականի օգոստոսի 1-ից։ Օրենքի համաձայն՝ այն սպառողները, որոնք նախորդ օրացուցային տարվա ընթացքում իրենց 6 (10) կՎ ու բարձր լարման՝ մեկ միլիոն կՎտժ սպառումը գերազանցող բոլոր հաշվառման կետերում միասին ունեցել են 12 միլիոն կՎտժ-ից ավելի սպառում, պարտավոր են մինչև տվյալ տարվա փետրվարի 1-ը Օրենքի և շուկայի կանոնների համաձայն տվյալ հաշվառման կետերի մասով ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ։ Նման կարգավիճակ չստանալու դեպքում նշված սպառողին էլեկտրական էներգիայի մատակարարումն իրականացվելու է բացառապես երաշխավորված մատակարարի կողմից, և սպառողն այդ կետում (կետերում) սպառած էլեկտրական էներգիայի համար վճարելու է որակավորված սպառողի կարգավիճակ չստացած սպառողների համար հանձնաժողովի սահմանած առավելագույն սակագնով։

Այս առումով, պետական բյուջեից սուբսիդիա ստացող ընկերություններն իրենց ֆինանսական վիճակով պայմանավորված խնդիրներ կարող են ունենալ բանկային երաշխիք ներկայացնելու մասով։ Մասնավորապես, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է դիմել «Ջրառ» ՓԲԸ-ն Օրենքի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ ԷՄՇ կանոններում բանկային երաշխիքի տրամադրման հարցում արտոնություններ սահմանելու հետ կապված։ Խնդրո առարկա հարցի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարությունում կազմակերպվել է աշխատանքային քննարկում՝ հանձնաժողովի, «Հաշվարկային կենտրոն» և «Ջրառ» ՓԲԸ-ների մասնակցությամբ, որի արդյունքներով ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչներն առաջարկել են պետական բյուջեից սուբսիդիա ստացող ընկերությունների համար ԷՄՇ կանոններով նախատեսված բանկային երաշխիքի փոխարեն, որպես էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում առևտրի իրականացման երաշխավորություն, պետության հետ կնքված սուբսիդավորման պայմանագիրը ներկայացնելու տարբերակը։ Բացի այդ «Ջրառ» ՓԲԸ-ն առաջարկել է ԷՄՇ-ում առևտրի իրականացման համար որպես երաշխիք նախատեսել նաև պետական երաշխիքը։

Առաջարկն ընդունվել է հանձնաժողովի կողմից՝ պայմանով, որ սուբսիդիայի պայմանագրում ամրագրվեն այնպիսի դրույթներ, որոնք շուկայի օպերատորին կտան բանկային երաշխիքով նախատեսված բոլոր հնարավորությունները՝ տվյալ ԷՄՇ մասնակցի կողմից ձեռք բերված էլեկտրական էներգիայի դիմաց վճարումները երաշխավորված իրականացնելու համար, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում դիմելու համապատասխան պետական մարմնին՝ սուբսիդիայի գումարներից այդ վճարումներն իրականացնելու համար, ինչպես նաև պետական երաշխիքը պետք է համապատասխանի բանկի կողմից տրված երաշխիքի պահանջներին։

Միաժամանակ, ԷՄՇ կանոններով նախատեսվել է, որ էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների համաձայն սակագնային կարգավորման ենթակա կայանները (այսուհետ՝ ԿԷԱ կայան) համակարգի օպերատորի կողմից կարող են ներառվել կարգավարման գործընթացում։ Ընդ որում, հզորությունը նվազեցնելու վերաբերյալ կարգավարական կարգադրության տրման դեպքում, ԿԷԱ կայանի բացասական անհաշվեկշռույթները զրոյացվում են շուկայի օպերատորի կողմից՝ կարգավարական կարգադրության շրջանակում տրված չափաքանակով, իսկ հզորությունն ավելացնելու վերաբերյալ կարգավարական կարգադրության տրման դեպքում, վերջինիս կարգավարական կարգադրության շրջանակում տրված չափաքանակով վճարվում է հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի (այսուհետ՝ ՀԾՄ-ի) կողմից տվյալ ԿԷԱ կայանի համար hանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնով: Համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում ԿԷԱ կայանների՝ օր առաջ շուկայում (այսուհետ՝ ՕԱՇ) առանց սահմանափակման առևտրին մասնակցության պարագայում խնդրահարույց է լինելու կնքված գործարքների մասով առաջացող բացասական անհաշվեկշռույթների զրոյացման հարցը՝ համակարգի համար առաջացնելով լրացուցիչ ծախս։

Բացի այդ ԷՄՇ կանոնների համաձայն՝ սակագնային կարգավորման ենթակա արտադրողների կողմից օր առաջ շուկա ներկայացվող վաճառքի հայտերի գները չեն կարող գերազանցել տվյալ կայանի համար հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնի հարյուր քառասուն տոկոսը կամ այդ կայանի սակագնից ցածր լինել։ ԿԷԱ կայաններ են հանդիսանում «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայկական ատոմային էլեկտրական» ՓԲԸ-ները, որոնց ակագների վերջին վերանայման արդյունքում նշված սահմանափակումները կարող են խոչընդոտներ առաջացնել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի ՕԱՇ-ում  էլեկտրական էներգիա վաճառքի համար։ Մասնավորապես՝ «Հայկական ատոմային էլեկտրական» ՓԲԸ-ի   հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագնի հարյուր քառասուն տոկոսը ավելի փոքր ցուցանիշ է քան «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի հանձնաժողովի սահմանած էլեկտրական էներգիայի սակագինը, որի հետևանքով կա մտավախություն, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի ՕԱՇ-ում էլեկտրական էներգիայի վաճառքի հայտերը չեն բավարարվի։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ նախատեսել ԷՄՇ կանոններում։ 

 

2․ Կարգավորման նպատակը և բնույթը

Պետական բյուջեից սուբսիդիա ստացող ընկերությունների՝ անխոչընդոտ և առանց ֆինանսական լրացուցիչ պարտավորությունների մուտքն էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա ապահովելու նպատակով փոփոխություն է նախաձեռնվել ԷՄՇ կանոններում՝ որպես երաշխիք սահմանելով նաև ՀՀ կառավարության լիազոր մարմնի հետ կնքված ՀՀ պետական բյուջեից սուբսիդիայի տրամադրման պայմանագիրը և ՀՀ կառավարության լիազոր մարմնի կողմից տրված պետական երաշխիքը։

Նշվածով պայմանավորված, ԷՄՇ կանոններում բանկային երաշխիքին առնչվող դրույթները նույնպես խմբագրվել և համապատասխանեցվել են երաշխիք հասկացության հետ։

Կարգավորում է նախատեսվել ԿԷԱ կայանների համար՝ համակարգի օպերատորի կողմից կարգավարման գործընթացում ներառվելու դեպքում ՕԱՇ առևտրին մասնակցելու մասով՝ նպատակ ունենալով ՕԱՇ-ում կնքված գործարքների մասով առաջացող բացասական անհաշվեկշռույթների փոխհատուցումը լրացուցիչ ֆինանսական ծախս չդարձնել էլեկտրաէներգետիկական համակարգի համար։ Մասնավորապես, նախատեսվել է դրույթ, համաձայն որի՝ կարգավարական կարգադրությամբ սահմանված ժամանակահատվածի համար ԿԷԱ կայանը մասնակցում է ՕԱՇ-ին, եթե տրված կարգավարական կարգադրության կիրառման արդյունքում վերջինիս տնօրինելի մնացորդային հզորությունը թույլ է տալիս ներկայացնել ՕԱՇ հայտ, իսկ մինչև կարգավարման գործընթացում ներառվելը ներկայացված ՕԱՇ հայտը ԿԷԱ կայանը համապատասխանեցնում (փոփոխում կամ չեղարկում) է տրված կարգավարական կարգադրությանը, եթե այն տրվել է ՕԱՇ փակումից առնվազն 30 րոպե առաջ։

Միաժամանակ, ԿԷԱ կայանների կողմից ՕԱՇ-ում առևտուրն անխոչընդոտ իրականացնելու համար համապատասխան փոփոխություններ են նախատեսել ԷՄՇ կանոններում՝ սահմանելով, որ ԿԷԱ կայանների կողմից օր առաջ շուկա ներկայացվող վաճառքի հայտերի գները չեն կարող ցածր լինել հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի նվազագույն գնից։

 

3․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

4․ Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պետական բյուջեից սուբսիդիա ստացող ընկերությունների՝ անխոչընդոտ և առանց ֆինանսական լրացուցիչ պարտավորությունների մուտքն էլեկտրաէներգետիկական ազատականացված շուկա, ինչպես նաև կապահովի ԿԷԱ կայանների կողմից ՕԱՇ-ում անխոչընդոտ մասնակցությունը և համակարգում լրացուցիչ ծախսեր չառաջացնելու նպատակով կկանոնակարգվի ՕԱՇ-ում ԿԷԱ կայանների կողմից տնօրինելի հզորությունը գերազանցող մասով հայտեր չներկայացնելու գործընթացը։

  • Քննարկվել է

    19.09.2025 - 05.10.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Գերատեսչություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1154

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: