Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 175-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1․ Ընթացիկ իրավիճակը և ակտերի ընդունման անհրաժեշտությունը․

ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշմամբ սահմանում են ոստիկանության ծառայողին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության և առողջական վիճակի հետ կապված պահանջները։ Նշված որոշմամբ նախատեսված ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները ներկայացվում են նաև քաղաքացիներին` ոստիկանությունում ծառայության անցնելու համար։

««Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2025 թվականի հուլիսի 3-ին ՀՕ-240-Ն օրենքով հանվել է ոստիկանությունում  ծառայության անցնելու տարիքային վերին շեմի սահմանափակումը։ 

Արդյունքում ոստիկանությունում ծառայության անցնելու համար  թեկնածուները կգնահատվեն ոչ թե տարիքի, այլ իրենց անձնական, գործնական հատկանիշներով, կրթությամբ, ֆիզիկական պատրաստականությամբ և առողջական վիճակի հիման վրա։

Ինչպես նաև ոստիկանության ծառայողի և ոստիկանությունում ծառայության անցնելու համար քաղաքացիների ֆիզիկական պատրաստականության նորմատիվները մշակվել և վերանայվել են՝ համադրելով միջազգային լավագույն փորձը։

Մասնավորապես ԵՄ անդամ պետություններում (օր.՝ Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ) ոստիկանության ֆիզիկական վարժությունները բաժանվում են ըստ տարիքային խմբերի՝ յուրաքանչյուր խմբի համար սահմանելով նվազագույն անցողիկ շեմեր՝ պահպանելով ոչ միայն հիմնական շարժողական ունակությունները (ուժ, արագություն, տոկունություն), այլև համապատասխանեցնելով չափանիշները տարիքային և սեռային առանձնահատկություններին։ 50 և բարձր տարիքային խմբերի համար կիրառվում են հարմարեցված նորմատիվներ, որոնք թույլ են տալիս ծառայողներին պահպանել պաշտոնեական պարտականությունների համար անհրաժեշտ նվազագույն ֆիզիկական կարողությունները՝ չստեղծելով առողջական ռիսկեր։

Կանադայում օգտագործվում է «PARE test (Police Officer Physical Abilities Test)» վարժությունը, որտեղ կապված տարիքային խմբից՝ ուժային և արագաշարժության պահանջները նվազեցվում են։

Ավստրալիայում, շեմերի աստիճանական նվազման սկզբունքով, «40+», «50+», «55+» տարիքային խմբերի համար գործում են հստակ սահմանված պահանջներ։

Ելնելով կտարված օրենսդրական փոփոխություններից և հաշվի առնելով միջազգային լավագույն փորձը՝ նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի N 175-Ն որոշմամբ սահմանված N 1 հավելվածի N2 և N 3 աղյուսակները շարադրել նոր խմագրությամբ։

2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության  2024 թվականի նոյեմբերի 15-ի «Ոստիկանության բարեփոխումների իրականացման ռազմավարությունը և դրանից բխող 2024-2026 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 1803-Լ որոշումից։

3․ Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով նախատեսվում է ոստիկանության ծառայողին և ծառայության ընդունվող թեկնածուին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության հետ կապված պահանջների վերանայում և հստակեցում։

Նախագծով առաջարկվում է  արական և  իգական սեռի ծառայողներին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության նորմատիվներ սահմանվող N 2 և N 3 աղյուսակները շարադրել նոր խմբագրությամբ, նախատեսելով  բժշկատարիքային համանման խմբեր՝ սեռային առանձնահատկությունների հաշվառմամբ։

4․ Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից:

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

6․ Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխված դրույթների  իրականացումը և հստակեցնելով ոստիկանության ծառայողին և ոստիկանությունում ծառայության անցնելու համար քաղաքացիներին ներկայացվող ֆիզիկական պատրաստականության հետ կապված պահանջները՝ ունենալ ոստիկանության ծառայողներ, ովքեր իրենց մասնագիտական, ֆիզիկական պատրաստականությամբ, առողջական վիճակով լիարժեքորեն կկատարեն իրենց վրա դրված պարտականությունները՝ առանց տարիքային սահմանափակման։

  ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Քննարկվել է

    01.09.2025 - 16.09.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1120

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: