Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 252-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ռազմավարական կառավարումը ենթադրում է համակարգաստեղծ նպատակների սահմանում և դրանց իրագործում ինստիտուցիոնալ կարողությունների ու ռեսուրսների ներգրավմամբ: Այն հանրային կառավարման համակարգի առանցքային գործառույթներից է: Այսպես, Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ պետությունների 73%-ը պետության տեսլականի սահմանումը դիտարկում է իբրև կառավարության կենտրոնական օղակի առանցքային գործառույթ: Ընդ որում՝ գիտականորեն ապացուցված է, որ գործառույթի դրական ազդեցությունը կառավարման արդյունավետության վրա մեծանում է, երբ այն հիմնված է լինում ֆորմալ, փաստահենք ու մասնակցային ընթացակարգերի վրա:

Ստորև ներկայացված են Հայաստանի Հանրապետության ռազմավարական կառավարման համակարգի հիմնական խնդիրները, որոնք վերաբերելի են առհասարակ քաղաքականությունների մշակման գործընթացին ու պայմանավորված են ինչպես գործող կարգավորումների բացերով, այնպես էլ ինստիտուցիոնալ կարողությունների սահմանափակությամբ: Խնդիրները վեր են հանվել Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության մշակման գործընթացում և վերջինիս հաջորդած փորձագիտական քննարկումների հիման վրա՝ հիմք ընդունելով հետևյալ հետազոտությունները՝

  • ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության Հանրային կառավարման սկզբունքները և վերջինիս հիման վրա իրականացված՝ Հայաստանում հանրային կառավարման համակարգի ելակետային գնահատման զեկույցը (2019թ.),
  • Համաշխարհային բանկի կողմից 2024 թվականին իրականացված՝ Վարչապետի աշխատակազմի գործառութային վերլուծության զեկույցը,
  • ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ իրականացված՝ Հայաստանի ռազմավարական փաստաթղթերի ուսումնասիրության զեկույցը:

Առկա մարտահրավերներն են՝

  • Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգության և միմյանց հետ փոխկապվածության անկատարությունը, ինչը նվազեցնում է բարեփոխումների ներդաշնակությունը, իրատեսականությունն ու ռեսուրսների պլանավորման արդյունավետությունը, և հատկապես դժվարացնում է միասնական գերակայությունների սահմանումը:
  • Քաղաքականության պլանավորման փաստաթղթերի և դրանց իրականացման համար ռեսուրսների պլանավորման գործընթացների ոչ ամբողջական կապը, ինչի արդյունքում չի պահպանվում ֆիսկալ մատչելիությունը (ֆինանսավորման առկայությունը), և համակարգը չի ապահովում սահմանված թիրախների ամբողջական իրագործումը։
  • Կառավարության ծրագրի ու կառավարության գործունեության հնգամյա միջոցառումների ծրագրի անորոշ դերը ռազմավարական փաստաթղթերի համակարգում, ինչը հանգեցնում է ռազմավարական ու քաղաքական նպատակների միջև խզվածքին, գերակայությունների սահմանման, դրանց ներդաշնակեցման, մշտադիտարկման համակարգերի արդյունավետության նվազմանը ու վտանգում է քաղաքականությունների շարունակականությունը:
  • Հանրային ներդրումների կառավարման համակարգի հետ չկարգավորված կապը, ինչը խնդրահարույց է հատկապես երկարաժամկետ ներդրումների կառավարման տեսանկյունից։
  • Փաստաթղթերի ու թիրախային ցուցանիշների մեծաքանակությունը, ինչը մեծացնում է բարեփոխումների մասնատվածությունը, ցուցանիշների անհամապատասխանությունը, խաթարում առաջնահերթությունների սահմանումն ու դրանց մշտադիտարկման արդյունավետությունը:
  • Մշտադիտարկման ու գնահատման համակարգի անկատարությունը և կենտրոնացումը գործընթացի, ոչ թե արդյունքների վրա: Խնդրահարույց է ինչպես ցուցանիշների որակը, այնպես էլ համակարգային ու պարբերական մշտադիտարկման պրակտիկայի ու անհրաժեշտ տվյալների բացակայությունը:
  • Անհրաժեշտ կարողությունների բացը, ինչը թույլ չի տվել հետևողականորեն իրականացնել քաղաքականությունների մշակման փաստաթղթերի որակի վերահսկողություն և միմյանց հետ ներդաշնակեցում:
  • Թվային գործիքների բացակայությունը, ինչը դժվարացնում է փաստաթղթերի ներդաշնակեցումն ու մշտադիտարկումը՝ հանգեցնելով նաև դրանց իրագործման անբավարար մակարդակի:
  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ սահմանված նպատակները, ինչպես նաև վերոնշյալ զեկույցների եզրակացությունները՝ սույն նախագիծը սահմանում է կառավարության և պետական կառավարման համակարգի մարմինների ռազմավարական կառավարման համակարգի նոր ճարտարապետությունը և վերջինիս սպասարկող ընթացակարգերը: Մասնավորապես՝ սահմանվող նոր համակարգի նպատակներն են՝

  • Ռազմավարական փաստաթղթերի որակի բարձրացումը,
  • Ռազմավարական փաստաթղթերի ներդաշնակեցումը միմյանց և քաղաքական ու ֆինանսական պլանավորման փաստաթղթերի հետ ինտեգրված բիզնես պրոցեսների միջոցով,
  • Հստակ առաջնահերթությունների սահմանումը,
  • Ռազմավարությունների մշտադիտարկման ու գնահատման միասնական համակարգի ներդնումը:
  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները

Նախագիծը մշակել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը՝ զարգացման գործընկերների՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ զարգացման ծրագրի, Համաշխարհային բանկի, ՏՀԶԿ/ԵՄ ՍԻԳՄԱ նախաձեռնության աջակցությամբ:

Նախագծի հիմքում ընկած հայեցակարգը քննարկվել է քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և փորձագիտական համայնքի ներկայացուցիչների հետ:

Նախագծի մշակման գործընթացում տեղի են ունեցել քննարկումներ ԵՄ անդամ պետությունների, ԱՄՆ-ի ու ՄԲ-ի՝ ռազմավարական կառավարման գործընթացը համակարգող հանրային ծառայողների, Օքսֆորդի համալսարանի ակադեմիական անձնակազմի հետ՝ լավագույն փորձի փոխանակման նպատակով:

  1. Ակնկալվող արդյունքը

Ռազմավարական կառավարման նոր համակարգի ներդրմամբ ռազմավարական պլանավորումից անցում է կատարվում ռազմավարական կառավարման (տարբերությունը տե՛ս հետևյալ հղմամբ): Արդյունքում, հանրային ռեսուրսները բացառապես փաստաթղթերի մշակման վրա կենտրոնացման փոխարեն կուղղվեն ռազմավարական կառավարման ողջ շղթային՝ պլանավորումից մինչև իրականացում, մշտադիտարկում ու գնահատում: Հետազոտությունները վկայում են, որ արդյունավետ իրականացման դեպքում ռազմավարական կառավարման ներդրումը նպաստում է՝

  • Կատարողականի բարելավմանը - այն բարելավում է որոշումների կայացումը և կազմակերպության արդյունավետությունը՝ հանգեցնելով ընդհանուր կատարողականի ու արտադրողականության բարելավմանը:
  • Ճգնաժամերի կառավարմանը - թեպետ ռազմավարական կառավարումը երբեմն քննադատության է ենթարկվում իր ոչ ճկունության ու ֆորմալիզմի համար, հետազոտությունները փաստում են, որ այն առավել կարևոր է հատկապես ճգնաժամերի կառավարման համատեքստում՝ անորոշությունները ժամանակին կանխատեսելու ու պլանավորելու նպատակով:
  • Երկարաժամկետ խնդիրների հասցեագրմանը - կառավարությունները սովորաբար բախվում են այնպիսի մարտահրավերների, ինչպես օրինակ՝ կլիմայի փոփոխությունը կամ ժողովրդագրական խնդիրները, որոնց հետևանքներն ու հաղթահարման քաղաքականությունները պահանջում են տևական, հետևողական աշխատանք, որը հաճախ ավելի երկար է, քան կառավարությունների քաղաքական շրջափուլը: Ռազմավարական կառավարումը միտված է հատկապես այսպիսի խնդիրների հասցեագրմանը:
  • Արտաքին ու ներքին հաղորդակցությանը - Ռազմավարական կառավարման արդյունքում հանրային իշխանության մարմինների նպատակներն ու թիրախները սահմանելիս հանրային հատվածը հստակ հաղորդակցում է իր աշխատակիցներին իրենց աշխատանքի հետագա ուղղվածության մասին, ինչն իր հերթին նպաստում է կառավարչական արդյունավետության բարձրացմանը: Ավելին, ռազմավարական փաստաթղթերը հստակ ուղերձ են արտաքին աշխարհին՝ քաղաքացիներին, մասնավոր հատվածին ու զարգացման գործընկերներին, պետության գերակայությունների ու ապագայի ծրագրերի մասին՝ մեծացնելով հանրային քաղաքականության կանխատեսելիությունը: Սա առանցքային գործառույթ է հատկապես ժողովրդավարական պետությունների պարագայում, քանի որ նպաստում է հանրային թափանցիկության ու հաշվետվողականության բարձրացմանը:

Ըստ այդմ՝ բարեփոխման վերջնանպատակը հանրային կառավարման համակարգի կատարողականի ու արտադրողականության բարձրացումն է: Միջնաժամկետ կտրվածքով ակնկալվում է, որ ռազմավարական փաստաթղթերը կդառնան արդյունքամետ, փաստահենք, իրագործելի, և իբրև անուղղակի արդյունք՝ կնվազի նաև դրանց քանակը՝ դյուրինացնելով մշտադիտարկման ու առաջնահերթությունների սահմանման գործընթացը:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Բացակայում է:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Սույն որոշման ընդունումը Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությամբ և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով ստանձնած հանձնառություն է:

  • Քննարկվել է

    06.08.2025 - 22.08.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային կառավարում

  • Գերատեսչություն

    Փոխվարչապետի գրասենյակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2237

Տպել

Առաջարկներ`

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.08.2025

ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապակարման միասնական կայքում տեղադրվել է «ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ստորև ներկայացվում են «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» դիտարկումներն ու առաջարկությունները տվյալ որոշման 2-րդ հավելվածի վերաբերյալ, որով սահմանվում է ՀՀ կառավարության ռազմավարական կառավարման աշխատակարգը (այսուհետ՝ Նախագիծ): Ընդհանուր դրույթներ 1. Տվյալ բաժնի 3-րդ կետում օգտագործվող հիմնական հասկացությունների շարքում՝ «ենթանպատակ» հասկացությունը սահմանված է որպես «ռազմավարական նպատակից բխող ցանկալի միջանկյալ արդյունք», իսկ «միջանկյալ արդյունք» հասկացությունը՝ «ուղղակի արդյունքի միջնաժամկետ հետևանք», որը «սովորաբար արտահայտում է համակարգային, վարքաբանական փոփոխությունները, որոնք տեղի են ունենում ուղղակի արդյունքից վերջնարդյունքին հասնելու միջակայքում»։ Այս երկու հասկացությունների համադրումից բխում է, որ դրանք նույնական են, ինչը ռազմավարությունների ու ռազմավարական ծրագրերի ենթատեքստում կարող է հանգեցնել շփոթության ու անհստակությունների։ Առաջարկություն • Հստակեցնել «ենթանպատակ» հասկացությունը և վերացնել «միջանկյալ արդյունքի» հետ առկա շփոթը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.08.2025

Ռազմավարական կառավարման համակարգի բաղադրիչների փոխկապակցվածությունը 2. Այս բաժնի 6-րդ կետում սահմանված է ռազմավարական պլանավորման փաստաթղթերի աստիճանակարգությունը, որի ամենաբարձր մակարդակում զարգացման «երկարաժամկետ տեսլական» ուղենիշային փաստաթուղթն է։ Հաջորդիվ ռազմավարություններն են՝ իրենց վերջնարդյունքի և միջանկյալ արդյունքի ցուցանիշներով։ Ռազմավարություններից բխում են ռազմավարական ծրագրերը՝ իրենց միջանկյալ և ուղղակի արդյունքի ցուցանիշներով, իսկ ռազմավարություններից, ռազմավարական ծրագրերից ու կառավարության ծրագրից՝ գերատեսչությունների գործառնական ծրագրերը՝ իրենց ուղղակի արդյունքային ցուցանիշներով։ Նախագիծը հստակ չի սահմանում որպես ուղենիշային հանդիսացող զարգացման «երկարաժամկետ տեսլական» փաստաթուղթը։ Եթե, որպես այդպիսին, դիտարկվում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն. 2050 թվական» փաստաթուղթը, ապա դա նշանակում է, որ ներկայացված որոշման նախագծի 3-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն՝ ռազմավարությունների աստիճանակարգության պահանջներին համապատասխան գործող բոլոր ռազմավարությունների զարգացման ուղղություններն ու նպատակները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի վերափոխման ռազմավարության տեսլականին։ Մյուս կողմից, ենթադրաբար, «երկարաժամկետ տեսլականը» պետք է ընդունված լիներ նորմատիվ իրավական ակտով, ինչն այդպես չէ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն. 2050 թվական» փաստաթղթի պարագայում: Առաջարկություն • Նախագծում հստակեցնել ռազմավարությունների համար որպես «երկարաժամկետ տեսլական» հանդիսացող փաստաթուղթը։

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

22.08.2025

3. Նախագծի հետագա բաժիններում պահպանված չէ 6-րդ կետում սահմանված աստիճանակարգության տրամաբանությունը: Այսպես՝ «3. Ռազմավարության մշակման գործընթացը, ներկայացվող պահանջները, մշտադիտարկումը և փոփոխումը» բաժնում նախատեսվում է ռազմավարությունների համար ունենալ միջոցառումների ծրագիր: Միաժամանակ, վերջիններիս կառուցվածքին, բովանդակությանը ու ծրագրի մշակման ձևաթղթերին ներկայացվող պահանջները նույնական են աշխատակարգի «4. Ռազմավարական ծրագրերին ներկայացվող պահանջները, ընդունման գործընթացը և փոփոխումը» բաժնում նախատեսված ռազմավարական ծրագրերին վերաբերող դրույթների հետ, ինչը խճճում է փաստաթղթերի ողջ հիերարխիան և հետագայում առաջացնելու է իրավակիրարկման խնդիրներ։ Արդյունքում ունենալու ենք 6 ռազմավարություն և դրանց որոշակիորեն համարժեք բազմաթիվ ռազմավարական ծրագրեր, որոնց պլանավորման, իրականացման, մշտադիտարկման (մոնիտորինգի) գնահատման ու վերանայման գործընթացները նույնական են։ Բացի այդ, Նախագծի 4-րդ բաժնում նշված է, որ ռազմավարական ծրագրերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ռազմավարությունների «ոչ մանրամասն մշակման հանգամանքով», որը կարող է հիմք հանդիսանալ պետական կառավարման մարմնի ղեկավարի միջնորդությամբ փոխվարչապետի կողմից այս կամ այն ոլորտում նոր ռազմավարական ծրագրերի մշակման անհրաժեշտության վերաբերյալ որոշում կայացնելու համար։ Ռազմավարությունների ու ռազմավարական ծրագրերի համահարթեցումը միևնույն մակարդակում շփոթ է առաջ բերելու նաև դրանց մշտադիտարկման ու գնահատման գործընթացներում, մինչդեռ տրամաբանորեն ռազմավարությունները պետք է մշտադիտարկվեն ու գնահատվեն վերջնական և միջանկյալ արդյունքների ցուցանիշներով, իսկ ռազմավարական ծրագրերը՝ միջանկյալ ու ուղղակի ցուցանիշներով։ Առաջարկություն • Նախագծում լիարժեքորեն պահպանել փաստաթղթերի աստիճանակարգությունը: Խոշորացված 6 ոլորտներում ռազմավարությունների մշակման գործընթացը սահմանափակել ոլորտներում ակնկալվող նպատակներով ու ենթանպատակներով՝ իրենց համապատասխան վերջնարդյունքներով ու միջանկյալ արդյունքներով: • Ռազմավարական ծրագրեր (միգուցե անվանել միջոցառումների ծրագրեր) նախատեսել բոլոր ռազմավարությունների համար: Դրանք կարող են ներառել մեծածավալ կամ փոքրածավալ միջոցառումներ, բայց դրանցից բոլորի ուղղակի արդյունքները միտված կլինեն ապահովել ռազմավարություններում ամրագրված միջանկյալ արդյունքները: • Միջազգային պարտավորություններով նախատեսված ոլորտային ռազմավարություններ ունենալու անհրաժեշտության դեպքում դրանք ևս դիտարկել ավելի լայն՝ խոշորացված ռազմավարությունների ներքո՝ կենտրոնանալով համապատասխան բովանդակության ու վերջնարդյունքների, այլ ոչ ձևական կողմի վրա:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: