«2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ԱՐԱՐԱՏԻ, ԱՐՄԱՎԻՐԻ, ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԼՈՌՈՒ, ՇԻՐԱԿԻ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՏԵՂԱՑԱԾ ԿԱՐԿՈՒՏԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ԴԻՄԱՑ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Անհրաժեշտությունը։
Սույն նախագծի ընդունումը պայմանավորված է 2025 թվականին Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում տեղացած կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց հողօգտագործողներին աջակցելու և վնասը որոշակի չափով մեղմելու անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։
Վնասի հաշվարկները իրականացվել են հիմք ընդունելով ՀՀ մարզպետների աշխատակազմերից ստացված տեղեկատվությունը ըստ մշակաբույսերի տեսակների վնասված ցանքատարածության մակերեսի, վնասվածության աստիճանի վերաբերյալ, գյուղատնտեսության ապահովագրության ծրագրի շրջանակում ապահովագրական գումարի նվազագույն մակարդակը, դրա նկատմամբ վնասի չափից ելնելով հաշվարկվել է վնասի հատուցման գումարը՝ նվազեցնելով ապահովագրական ընկերությունների կողմից չհատուցվող գումարը և ապահովագրավճարը։
Որոշ մշակաբույսերի տեսակներ ապահովագրվող մշակաբույսերի ցանկում ներառված չեն, հետևաբար դրանց ապահովագրության գումարները սահմանված չեն, ուստի այդ դեպքում հիմք են ընդունվել տվյալ մշակաբույսի մշակության համար կատարվող ծախսերի միջինացված օպերատիվ տվյալները, ինչպես նաև հաշվի է առնվել մշակության մակերեսը, իսկ դրանց միջին ապահովագրավճարը հաշվարկվել է տվյալ մշակաբույսի մշակության ծախսերի շուրջ 15%-ի հաշվով։
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ակնկալվող բերքի 30%-ից ավելի կորուստը ունենում է էական ֆինանսական ազդեցություն հողօգտագործողների համար, ապա ներկայացվող նախագծով նախատեսված է աջակցություն տրամադրել այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում գյուղատնտեսական մշակաբույսերին կարկտահարության հասցրած վանսը կազմել է 30-100 %:
Համաձայն ՀՀ մարզպետների աշխատակազմերից տրամադրված տեղեկատվության, 2025 թվականին կարկտահարության հետևանքով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում ընդհանուր վնասված ցանքատարածությունների և այգետարածքների մակերեսը կազմում է 8373,32 հա։
- Ըստ ՀՀ մարզերի վնասի չափը և աջակցության գումարը կազմում է՝ Արագածոտնի մարզում՝ 2280,41 հա պտղի և հատապտղի համար՝ 665,870,607․26 ՀՀ դրամ,
- Արարատի մարզում՝ 2118,09 հա պտղատու այգիների, բանջարեղենի համար՝ 595,887,102․92 ՀՀ դրամ,
- Արմավիրի մարզի 2038,08 հա մակերեսով պտղատուների, խաղողի և բանջարեղենի համար վնասը կազմում է 601,940,404․00 ՀՀ դրամ,
- Գեղարքունիքի մարզում՝ 20,00 հա հացահատիկի, հատիկաընդեղենի պտղատուների, կարտոֆիլի և բանջարեղենի համար՝ 3,359,660․00 ՀՀ դրամ,
- Լոռու մարզում 1245,21 հա հացահատիկի, հատիկաընդեղենի, բանջարեղենի, կարտոֆիլի, պտղի և բազմամյա խոտաբույսերի համար՝ 206,701,940․00 ՀՀ դրամ,
- Շիրակի մարզում՝ 143,91 հա հացահատիկի, հատիկաընդեղեն և բազմամյա խոտաբույսերի համար՝ 8,093,014․40 ՀՀ դրամ,
- Տավուշի մարզում 527,62 հա պտղի, հատապտղի և բանջարեղենի համար՝ 142,170,752․00 ՀՀ դրամ։
Ելնելով վերոգրյալից, ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից տրամադրված տեղեկատվության համաձայն կարկտահարության հետևանքով 30-100 % վնաս կրած հողօգտագործողներին տրամադրվող ընդհանուր աջակցության գումարը կազմում է շուրջ 2,224,023,480.58 ՀՀ դրամ գումար։ Կից ներկայացվում են հիմնավորիչ հաշվարկները։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ:
Նախագիծը չի բխում ոլորտային կամ այլ ռազմավարական փաստաթղթերից։
Կարգավորման նպատակը և բնույթը։
- Կարկուտի հետևանքով պատճառված վնասների դիմաց աջակցությունը տրամադրվում է այն հողօգտագործողներին, որոնց ցանքատարածություններում և այգետարածքներում ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10-ի N 1582-Ն որոշման համաձայն հանրապետական հանձնաժողովի կողմից ամփոփված և հրապարակված ակտերի հիման վրա գյուղատնտեսական մշակաբույսերին հասցված վնասը կազմել է 30-100 %:
2․ Կարգը հաստատվելուց հետո շահառուները մինչև 2025 թվականի սեպտեմբերի 20-ը (ներառյալ) դիմում են համայնքի ղեկավարին՝ դիմումում նշելով կարգի 2-րդ կետին համապատասխանելիության և աջակցություն ստանալու մասին, ինչպես նաև նշելով կրած վնասի տեսակի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ տեղեկատվություն։ Դիմումին կից ներկայացվում են անձը հաստատող փաստաթղթի պատճենը, այգետարածքների և ցանքատարածությունների դեպքում՝ անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի (առկայության դեպքում) պատճենը և կարգին համապատասխան անշարժ գույքի օգտագործումը հիմնավորող կամ այլ փաստաթղթեր։ Դիմումը մերժվում է, եթե դիմումում ներկայացված տվյալները հավաստի չեն, կամ դիմումը կից փաստաթղթերով չի համապատասխանում կարգի պահանջներին, կամ դիմողը կարգի իմաստով չի հանդիսանում շահառու։ Դիմումը հաստատելու կամ մերժելու մասին համայնքի կողմից 5 աշխատանքային օրվա ընթացքում էլեկտրոնային հաղորդագրություն է ուղարկվում շահառուի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեին կամ բջջային հեռախոսահամարին։ Էլեկտրոնային հաղորդագրությունը պարունակում է դիմումատուի տվյալները, դիմումը ներկայացնելու ամսաթիվը, հաստատումը կամ դիմումը մերժելու դեպքում՝ նաև մերժելու հիմքերը։
3․ Համայնքային հանձնաժողովների կողմից մինչև սեպտեմբերի 30-ը (ներառյալ) ամփոփվում են ստացված դիմումները, վերստուգվում են համայնքային հանձնաժողովների կողմից նախնական կազմված ակտերն ու դիմումի տվյալները և կարգի 2-րդ կետի համապատասխան կազմվում են շահառուների վերաբերյալ ակտերը, որոնցում ներառվում է գյուղատնտեսության ոլորտում նրանց պատճառված վնասների վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը։ Համայնքային հանձնաժողովների կողմից շահառուի տվյալները համեմատվում (համադրվում) են նաև բնակչության պետական ռեգիստրի, քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների շտեմարանների տվյալների հետ։ Կազմված ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն շահառուների անձը հաստատող փաստաթղթի, բնակության/գտնվելու վայրի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի հասցեի (առկայության դեպքում) և բանկային հաշվեհամարի վերաբերյալ։ Այգետարածքներ և ցանքատարածություններ ունեցող շահառուների համար ակտերը պետք է պարունակեն նաև տեղեկատվություն հողամասի նպատակային և գործառնական նշանակության, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ իրավունքի գրանցման վկայականի առկայության (առկայության դեպքում՝ վկայականի համար, տրման ամսաթիվ, սեփականատերերի և օգտագործողի վերաբերյալ տվյալներ) կամ բացակայության վերաբերյալ։ Համայնքային հանձնաժողովի կողմից կազմվող և մարզային հանձնաժողովի քննարկմանը ներկայացվող ակտի ձևաչափը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը (այսուհետ՝ Նախարարություն) և կարգի հաստատումից հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում տրամադրում համապատասխան մարզպետների աշխատակազմերին՝ համայնքներին տրամադրելու համար:
4․ Համայնքային հանձնաժողովները կարգի 5-րդ կետով սահմանված ժամկետում, կազմված ակտերը համապատասխան հիմքերով (շահառուների անձը հաստատող փաստաթղթերի պատճեններ, անշարժ գույքի (հողամասի) նկատմամբ սեփականության իրավունքի վկայականներ, հողամասի օգտագործումը հավաստող փաստաթղթեր և այլն) ներկայացնում են մարզային հանձնաժողովների քննարկմանը։
5․ Մարզային հանձնաժողովները 3 աշխատանքային օրվա ընթացքում համայնքային հանձնաժողովների հետ քննարկում են կարգի 6-րդ կետով ներկայացված ակտերն ու հիմնավորումները և ներկայացնում հանրապետական հանձնաժողովի հաստատմանը, որը 3 աշխատանքային օրվա ընթացքում քննարկում և հաստատում է ակտերը և տրամադրում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը (այսուհետ՝ ՆԳՆ)։ ՆԳՆ-ն 2 աշխատանքային օրվա ընթացքում հանրապետական հանձնաժողովի կողմից հաստատված ակտերը տրամադրում է Նախարարությանը: Ներկայացված տվյալներում միայն տեխնիկական թերություններ կամ վրիպակներ հայտնաբերվելու դեպքում նախարարությունը դիմում է ՆԳՆ-ին՝ 5 աշխատանքային օրվա ընթացքում շտկումներ կատարելու և ճշտված տվյալները Նախարարություն ներկայացնելու համար։
Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ կառաջանան։ Ըստ այդմ՝ զուգահեռաբար ներկայացվում է առաջարկություն՝ նախագծով նախատեսված փոխհատուցման տրամադրման ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու վերաբերյալ:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Սույն նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից:
Ակնկալվող արդյունքը։
Նախագծի ընդունման արդյունքում կարկուտի հասցված վնասների դիմաց տրամադրված աջակցության միջոցով հնարավոր կլինի հողօգտագործողների համար որոշակի չափով մեղմել կրած ֆինանսական կորուստները և շարունակել գյուղատնտեսական գործունեությունը։
-
Քննարկվել է
30.07.2025 - 19.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
Դիտումներ` 1585
Տպել