ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- 1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասը նախատեսում է, որ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվում է հավելում նրա հիմնական աշխատավարձի ոչ պակաս, քան 30 տոկոսի չափով, իսկ առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար` ոչ պակաս, քան 50 տոկոսի չափով, ցանկերը սահմանված են ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի թիվ N 1698-Ն որոշմամբ, որն ընդունվել է 2010 թվականի դեկտեմբերի 2-ին։ Նշյալ որոշումով, ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության «Առողջության համար վնասակար աշխատանքների և մասնագիտությունների ու առողջության համար առանձնապես վնասակար, առանձնապես ծանր աշխատանքների և մասնագիտությունների ցանկերը հաստատելու մասին» 2003 թվականի դեկտեմբերի 11-ի N 1907-Ն որոշումը, որի հավելվածներով սահմանված էին ՀԱԷԿ-ում առողջության համար վնասակար և առանձնապես վնասակար մասնագիտությունների (պաշտոնների կամ հաստիքների) ցանկերը, որոնք հնարավորություն էին տալիս աշխատողներին վճարել վտանգի վճարը (hazard pay՝ լրացուցիչ վճար՝ վտանգավոր պարտականությունների կամ ֆիզիկական դժվարություններ պարունակող աշխատանք կատարելու համար)։ Ընդ որում, այն աշխատողներին, որոնք աշխատում են ծանր (վնասակար) պայմաններում, հնարավորություն է տալիս նաև անցնելու թոշակի արտոնյալ ռեժիմով:
Կարծում ենք, որ ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկով նախատեսված աշխատանքները կատարելու համար աշխատողին վճարվող հավելումը դիտարկվում է որպես տվյալ աշխատակցին լրացուցիչ եկամուտով ապահովելու և մոտիվացնելու միջոց։
Ի լրումն վերոնշյալի անհրաժեշտ է նշել, որ գործող որոշման մեջ անհրաժեշտ է իրականացնել փոփոխություններ՝ պայմանավորված ՀԱԷԿ-ի աշխատակիցների համար և´ պայմանների ընթացիկ նշանակման, և´ հետագայում արտոնյալ կենսաթոշակի անցնելու հետ կապված խնդիրները (այդ թվում՝ դատական գործընթացները) բացառելու նպատակով։
- 2. Առաջարկվող կարգավորումների բնույթը:
Այսպիսով, փոփոխությունը նպատակ ունի պահպանելով ՀԱԷԿ-ի աշխատակիցների վարձատրության չափը, վերանայել ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը` հիմք ընդունելով նաև աշխատակցի փաստացի ներգրավվածությունը նմանատիպ աշխատանքներում:
- 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ:
- 4. Ակնկալվող արդյունքը.
Որոշման ընդունման արդյունքում, ներկայում գործող կարգավորումները կհամապատասխանեցվեն ՀԱԷԿ-ում գործող աշխատապայմաններին, նպաստելով միջուկային բնագավառում մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատակիցների աշխատանքի պայմանների անվտանգության մակարդակի բարելավմանը։ Բացի վերոնշյալից, նախագծի ընդունումը կնպաստի արտոնյալ կենսաթոշակի անցնելու հետ կապված ընթացակարգի հեշտացմանը։
- 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է:
- 6. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումներ կամ նվազեցումներ.
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում հնարավոր է ծախսերի ավելացում։
- 7. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.
Նախագծի ընդունման դեպքում ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերում կարող է առաջանալ փոփոխությունների կամ լրացումների անհրաժեշտություն:
-
Քննարկվել է
21.07.2025 - 06.08.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Էներգետիկա և բնական պաշարներ, Միջուկային անվտանգություն
-
Գերատեսչություն
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Դիտումներ` 1093
Տպել