Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

  • ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նաև Օրենսգիրք) 436-րդ հոդվածը քրեական պատասխանատվություն է նախատեսում կաշառք տալու համար, իսկ նույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում նախատեսված է խոշոր և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու հանցակազմերը:

Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը նախ և առաջ պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափերի հստակեցման կապակցությամբ առկա է օրենսդրական բաց, որի կապակցությամբ Վճռաբեկ դատարանը Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 քրեական գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ (այսուհետ նաև՝ Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշում) իրավական դիրքորոշում է արտահայտել։

Այսպես

ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝

«1. Սույն օրենսգրքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

(...)

17) հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը` սույն օրենսգրքում հափշտակված գույքի, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի մանր չափ է համարվում 500.000 Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը չգերազանցող գումարը (արժեքը), առանձնապես խոշոր չափ է համարվում 5 միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը գերազանցող գումարը (արժեքը), բացառությամբ սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված դեպքերի.»:

 

ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի համաձայն՝

«1. Կաշառք տալը՝ պաշտոնատար անձին կամ նրա մատնանշած անձին անձամբ կամ միջնորդի միջոցով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն խոստանալը, առաջարկելը կամ տրամադրելը՝ պաշտոնատար անձի իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին գործողություն կատարելու կամ չկատարելու համար՝

պատժվում է (...):

  1. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքը, որը կատարվել է`

(...)

2) խոշոր չափերով կամ

(...):

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է՝

(...)

2) առանձնապես խոշոր չափերով`

(...):»:

Վճռաբեկ դատարանի թիվ ՀԿԴ/0054/01/22 որոշմամբ ի թիվս այլնի արձանագրվել է հետևյալը.

«(...) Ի տարբերություն ՀՀ նախկին քրեական օրենսգրքի՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքով հափշտակության, պատճառված գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը սահմանվում են ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածով՝ օրենսգրքում օգտագործվող հիմնական հասկացությունների ներքո։ Վերոնշյալ չափերը ընդհանուր են ՀՀ գործող քրեական օրենսգրքի հատուկ մասով սահմանված բոլոր այն հանցակազմերի համար, որոնցում հանցագործության չափերը նախատեսված են որպես հանցակազմի պարտադիր հատկանիշ կամ հանցակազմը որակյալ կամ առավել որակյալ դարձնող հանգամանք, եթե կոնկրետ հանցակազմի շրջանակում այլ չափ սահմանված չէ (օրինակ՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի հոդվածներ 267-ը, 282-ը, 290-ը և այլն)։

111 Անդրադառնալով ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով նախատեսված կաշառք տալու հանցակազմին՝ հարկ է արձանագրել, որ տվյալ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով որպես ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանք նախատեսված են նույն արարքի կատարումը խոշոր և առանձնապես խոշոր չափերով։ «Խոշոր» և «առանձնապես խոշոր» չափ հասկացությունների պարագայում գործ ունենք չափելի երևույթների հետ, ուստի օրենսդիրը կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի շրջանակներում՝ ընդհանուր հասկացությունների ներքո, կա՛մ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով պետք է հստակ սահմաներ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Մինչդեռ, քրեական օրենսգրքի վերաբերելի նորմերի վերլուծությունը ցույց է տալիս, որ կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի խոշոր և առանձնապես խոշոր չափերը չեն բացահայտվել։

Այսպես՝ օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում խոսքը գնում է միայն հափշտակության, պատճառված գույքային վնասի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերի մասին, իսկ կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափերը չեն կարող նույնացվել դրանցից որևէ մեկի հետ։ Անդրադառնալով հնարավոր այն մեկնաբանությանը, որ կաշառք տալու չափերը կարող են դիտարկվել հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի ներքո, Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ նման մեկնաբանումը կլինի խիստ տարածական և չի համապատասխանի օրենքի որոշակիության չափանիշներին, քանի որ վերոնշյալ դեպքում խոսքը գնում է գույքը կամ օգուտը հանցավոր ճանապարհով ձեռք բերելու կամ ստանալու, այլ ոչ թե տալու մասին։

12 Ընդհանրացնելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի իմաստով «խոշոր չափ» և «առանձնապես խոշոր չափ» հասկացություններն օրենսդրորեն բացահայտված չեն, մասնավորապես՝ սահմանված չէ, թե կաշառք տալու հանցակազմի պարագայում կաշառքի առարկայի որ չափն է համարվում խոշոր, իսկ որը՝ առանձնապես խոշոր։ Այլ կերպ՝ առկա է օրենսդրական բաց, ինչը որևէ պարագայում չի կարող լրացվել կամ հաղթահարվել դատական մեկնաբանության միջոցով, քանզի դատական մեկնաբանման շրջանակները խստորեն սահմանափակված են օրինականության սկզբունքով, իսկ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը։ Ընդ որում, հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերն անալոգիայով կիրառելը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։

Այսպիսով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետը և 3-րդ մասի 2-րդ կետը չեն համապատասխանում իրավական որոշակիության սկզբունքին, բավարար չափով կանխատեսելի չեն, ուստի չեն կարող անձին դատապարտելու հիմք լինել (...)»:

ՀՀ վճռաբեկ դատարանը՝ Դավիթ Սիմիդյանի վերաբերյալ 2014 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ԵԷԴ/0122/01/13 գործով որոշման շրջանակներում արձանագրել է․

«(…) ՀՀ քրեական օրենսգրքի որևէ նորմում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Հետևաբար նման իրավիճակն օրենսդրական կարգավորման խնդիր է: (…) Դատական մեկնաբանման շրջանակները սահմանափակված են օրինականության սկզբունքով: Այդպիսի մեկնաբանումը հնարավոր է այն դեպքում, երբ իրականացվում է օրենսդրի կողմից սահմանված իրավակարգավորման շրջանակներում, բխում է դրա էությունից և բացառում քրեական օրենքի տարածական մեկնաբանումը կամ անալոգիայով կիրառումը: Վերոգրյալից հետևում է, որ այն դեպքում, երբ հանցակազմի պարտադիր հատկանիշը սահմանող հասկացության բովանդակության բացահայտումը կախված չէ գործի կոնկրետ հանգամանքներից, կարող է սահմանվել դրանցից վերացարկված, սակայն սահմանված չէ օրենքով, դատարանը, չունենալով գնահատման օբյեկտիվ չափանիշներ, զրկված է դրանք մեկնաբանելու հնարավորությունից: Նման դեպքերում օրենքը չի համապատասխանի իրավական որոշակիության սկզբունքին, հետևաբար դրա հիման վրա անձին դատապարտելը կհանգեցնի «չկա հանցագործություն և պատիժ, եթե այն սահմանված չէ օրենքով» (nullum crimen, nulla poena sine lege) կանոնի խախտման»:

Հիմք ընդունելով վերը շարադրված վերլուծությունը՝ նախ հարկ ենք համարում նշել, որ 2021 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածով սահմանված կաշառք տալու հանցակազմի պարագայում օրենսդիրը, որպես այդ հանցանքը որակյալ դարձնող հանգամանքներ դիտարկելով «խոշոր չափը» և «առանձնապես խոշոր չափը», միևնույն ժամանակ, օրենսգրքի հատուկ մասում չի նախատեսել, թե խնդրո առարկա հանցակազմի առարկայի որ չափն է համարվում խոշոր, որը՝ առանձնապես խոշոր։ Դրա հետ մեկտեղ հարկ է փաստել, որ նույն օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետում օրենսդիրը սահմանել է հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի չափերը, ինչից, սակայն, հետևում է, որ սահմանված այդ չափերը վերաբերելի չեն կաշառք տալու հանցակազմին, քանի որ «հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույք կամ օգուտ չափ» եզրույթը որևէ կերպ չի կարող նույնացվել կաշառք տալու դեպքում կաշառքի առարկայի չափի հետ։ Այլ կերպ՝ քննարկվող նորմը չի սահմանել կաշառք տալու հանցակազմի առարկա կաշառքի չափը։

Հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի ձևավորած և վերը մեջբերված նախադեպային իրավական դիրքորոշումները, հարկ ենք համարում նշել, որ տվյալ դեպքում առկա օրենսդրական բացը չի կարող վերացվել, հաղթահարվել կամ լրացվել դատական մեկնաբանման միջոցով, քանի որ օրինականության սկզբունքի անքակտելի տարրն է քրեական օրենքը տարածական մեկնաբանելու և անալոգիայով կիրառելու արգելքը: Ընդ որում, պետք է փաստել, որ 2021 թվականին ընդունված քրեական օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասը ուղղակիորեն արգելում է քրեական օրենքի ընդհանուր մասի նորմերի անալոգիայով կիրառումը, եթե դա վատթարացնում է անձի վիճակը։

  • ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի համաձայն՝

«1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել հոգեկան առողջության այնպիսի խնդիր, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատահոգեբուժական փորձաքննության եզրակացության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Այդ անձի նկատմամբ նշանակվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոց, իսկ առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, երբ հոգեբուժական հանձնաժողովի եզրակացության համաձայն՝ անձը կարող է կրել պատիժ, դատարանը վերացնում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցը և նշանակում է պատիժ:

(...)

  1. Եթե հանցանքը կատարելուց հետո, բայց մինչև դատավճիռ կայացնելը անձի մոտ ի հայտ է եկել այնպիսի այլ հիվանդություն, որն անհնարին է դարձնում պատիժ նշանակելը, ապա դատաբժշկական փորձաքննության հիման վրա պատժի նշանակումը հետաձգվում է: Անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը, բժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն, հնարավոր է դարձնում պատժի կատարումը, դատարանը պատիժ է նշանակում:

(...)

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձի առողջական վիճակի այնպիսի փոփոխության դեպքում, որը հնարավոր է դարձնում պատժի կատարումը, անձը ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները: Սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձի ապաքինվելու դեպքում նա ենթակա է պատժի, եթե չեն անցել սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետները:
  2. Եթե սույն հոդվածի 1-ին կամ 3-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 83-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 74-րդ հոդվածով սահմանված կարգով: Եթե սույն հոդվածի 2-րդ կամ 4-րդ մասով նախատեսված անձը մինչև սույն օրենսգրքի 90-րդ հոդվածով սահմանված վաղեմության ժամկետներն անցնելը կատարում է նոր հանցանք, ապա դատարանը պատիժ է նշանակում սույն օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով:

(...)»:

Վերոգրյալ իրավանորմի վերլուծությունից բխում է, որ այն անձը, ում նկատմամբ պատիժ նշանակելը հետաձգվել է, առողջական վիճակի փոփոխությամբ այմանավորված ենթակա է պատժի, եթե չեն անցել ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հդվածով նախատեսված՝ քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանված ընդհանուր վաղեմության ժամկետները։ Մինչդեռ, հիշյալ հոդվածում հղում չի տրվում ՀՀ քրեական օրենսգրքի 106-րդ հոդվածին, որը նախատեսում է անչափահասներին քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության հատուկ ժամկետները, մասնավորապես՝ մինչև 18 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երկրորդի չափով, իսկ 18-ից մինչև 21 տարին լրանալը հանցանք կատարած անձին վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելիս ՀՀ քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածով նախատեսված վաղեմության ժամկետները համապատասխանաբար կրճատվում են մեկ երրորդի չափով:

Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում կատարել այնպիսի լրացում, որը կամբողջացնի քրեական պատասխանատվությունից ազատելու համար սահմանված վաղեմության ժամկետների ինստիտուտը, այդ թվում՝ անչափահասների և 21 տարին չլրացած անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու մասով:

  • Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում տեղ գտած նոր հանցակազմերից է 440-րդ հոդվածով նախատեսված՝ կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության կամ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելու պատրվակով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն ստանալը:

Հիշյալ հոդվածով արարքը խոշոր և առանձնապես խոշոր չափերով կատարելը նաատեսված չէ որպես արարքը ծանրանցող հանգամանք:

Մինչդեռ, պետք է նկատի ունենալ, որ ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված արարքների համար, հաշվի առնելով դրանց հանրային վտանգավորության բարձր աստիճանը, խարդախության եղանակով հափշտակության հասարակ հանցակազմի համեմատ իրավացիորեն սահմանվել են առավել խիստ պատիժներ։ Մասնավորապես, եթե ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի (Խարդախություն) առաջին մասով նախատեսված՝ մանր չափերով խարդախությունը ոչ մեծ ծանրության հանցանք է, ապա ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված նույն չափերով հանցանքը հանդիսանում է միջին ծանրության հանցանք։

Որպես հանրային ծառայության շահերի դեմ ուղղված, պետական իշխանության հեղինակության դեմ ոտնձգող կոռուպցիոն հանցանքներ լիովին ընկալելի է, որ Օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված հանցանքների վտանգավորությունն ավելի բարձր է, հետևաբար՝ առավել խիստ պատիժներ պետք է սահմանվեն քան՝ օբյեկտիվ կողմի դրսևորումներով որոշակի նմանություններ ունեցող խարդախության համար։

Այնուամենայնիվ, քանի որ ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածով արարքը խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարելը որպես ծանրացնող հանգամանքներ սահմանված չեն, ուստի ստացվում է, որ այս արարքները խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարելու համար ավելի մեղմ պատիժներ են սահմանված, քան խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով խարդախության համար։

Մինչդեռ, կատարված հանցանքին պետական հակազդեցության համաչափությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածում որպես արարքը ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքներ նախատեսել՝ այն խոշոր կամ առանձնապես խոշոր չափերով կատարելը:

Այս համատեքստում, ուշագրավ է այն հանգամանքը, որ Օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված արարքները միջին ծանրության հանցանքներն են, որպիսի պայմաններում, ինչպես նախաքննական մարմինները, այնպես էլ օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները զրկված են այս կոռուպցիոն հանցանքների բացահայտման այնպիսի գործիքակազմի կիրառման հնարավորությունից, ինչպիսիք են գաղտնի քննչական գործողությունները և դատարանի թույլտվությամբ կատարվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները։

Նման պայմանններում ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված արարքները առանձնապես խոշոր չափերով կատարելը որպես արարքը առավել ծանրացնող հանգամանք նախատեսելը՝ այն առանձնապես ծանր հանցանք սահմանելու միջոցով, թույլ կտա այդ հանցանքի բացահայտման համար կիրառել նաև վերոհիշյալ գործիքակազմերը։

Միաժամանակ, ելնելով ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների և դրանց չափերի միասնական քաղաքականության և համաչափության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունից՝ հարկ է վերանայել նաև Օրենսգրքի 440-րդ հոդվածով նախատեսված պատժատեսակները և դրանց չափերը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

2.1 Սույն հիմնավորման 1.1 կետում շարադրված իրական ակտերից և վերլուծություններից պարզ է դառնում, որ այն հանցակազմերում, որտեղ կաշառք տալու և ապօրինի վարձատրություն տալու խոշոր և առանձնապես չափեր են նախատեսված, այդ չափերի բացահայտման առումով առկա է օրենսդրական բաց, որը կարող է լրացվել միայն օրենսդրական փոփոխություն կատարելով։

Վերոգրյալից ելնելով՝ առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 17-րդ կետում փոփոխություն կատարել և առավել ընդհանրական ձևակերպում սահմանել, որով  կբացահայտվեն նաև կաշառքի և ապօրինի վարձատրության չափերը։ Մասնավորապես առաջարկվում է «հափշտակության, պատճառած գույքային վնասի կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կամ ստացված գույքի կամ օգուտի» բառերը փոխարինել «գույքային բնույթի» բառերով:

2.2 Առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 87-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերում հղում կատարել նաև անչափահասներին վաղեմության ժամկետն անցնելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավանորմին:

2․3 Սույն հիմնավորման 1․3 կետում նշված խնդիրները լուծելու համար առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածը լրացնել հանցակազմերի որակյալ և առավել որակյալ տեսակներով՝ խոշոր չափերով կատարված արարքի համար որպես պատիժ նախատեսելով ազատազրկումը` երեքից վեց տարի ժամկետով, իսկ առանձնապես խոշոր չափերով կատարված արարքի համար՝ ազատազրկումը՝ չորսից տասը տարի ժամկետով։

Բացի այդ, հաշվի առնելով քրեական օրենսգրքով նախատեսված արարքների համար սահմանված պատժատեսակների և դրանց չափերի միասնական քաղաքականության և համաչափության սկզբունքի ապահովման անհրաժեշտությունը՝ Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 440-րդ հոդվածում՝

  • 1-ին մասում «երկուսից հինգ» բառերը փոխարինել «առավելագույնը երեք» բառերով։
  • 2-րդ մասը «պատժվում է» բառից հետո լրացնել «հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ» բառերով։
  • 3-րդ մասում «երկուսից հինգ» բառերը փոխարինել «մեկից չորս» բառերով։
  • 4-րդ մասը «իրական» բառից առաջ լրացնել «Պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած» բառերով, իսկ «պատժվում է» բառից հետո լրացնել «հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ» բառերով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվեն կաշառքի և ապօրինի վարձատրության խոշոր և առանձնապես խոշոր չափերը, որոնք հնարավորություն կընձեռեն լուծելու այն օրենսդրական բացը, որին Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Սարգիս Գրիգորյանի վերաբերյալ թիվ ՀԿԴ/0054/01/22 գործով 2024 թվականի հուլիսի 26-ի նախադեպային որոշմամբ:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունմամբ ՀՀ պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխություններ չի նախատեսվում։

 

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

Նախագծի ընդունմամբ ոլորտային ենթաօրենսդրական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանալու:

 

  1. Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը բխում է Կառավարության 2022 թվականի հուլիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1441-Լ որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1133-Լ որոշման պահանջներից, մասնավորապես՝ ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերի ուժի մեջ մտնելուց հետո մոնիթորինգ իրականացնելու և օրենսգրքերի դրույթների կիրառման կապակցությամբ գործնականում ծագող խնդիրները վեր հանելու պահանջներից:

  • Քննարկվել է

    04.07.2025 - 25.07.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Քրեական օրենսդրություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1745

Տպել

Առաջարկներ`

Կանանց իրավունքների տուն

23.07.2025

«Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրելով «ՀՀ քրեական օրենսգրում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխության վերաբերյալ նախագծի առնչությամբ, գտնում ենք, որ առկա է հետևյալը․ Իրավունքի զարգացման պատմությունն առանաձնանում է քրեական և քաղաքացիական իրավունքներում հստակություն ու որոշակիություն սահմանելով։ Նման մոտեցման մեջ հատկապես առանձնանում է այն, որ եթե քաղաքացիական իրավունքում հնարավոր է բազմաբնույթ իրավական հարաբերությունները կարգավորել նմանատիպ այլ կամ գործարար շրջանառության սովորույթին հղում կատրաելով, ապա քրեական իրավունքը նման մոտեցումը բացառում է։ Սրա հիմնավորումն այն էր, որ հայկական իրավական համակարգում դեռևս չէր կիրառվում նախադեպային իրավունքը, իսկ նույնիսկ, նույն փաստական հանգամանքներով գործերին անհրաժեշտ է տալ անհատական մոտեցում։ Նշված մոտեցումը պահպանվեց մինչև ՀՀ նոր քրեական օրենսգրքի ընդունում, որի 23-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանեց, որ «Քրեական օրենքի Ընդհանուր մասի նորմերը կարող են անալոգիայով կիրառվել, եթե դա չի վատթարացնում անձի վիճակը»: Հարկ է նշել, որ անալոգիայի կիրառումը նախատեսվել է միայն օրենսգրքի Ընդհանուր մասի նորմերի համար, այն էլ պայմանով, որ դա չի վատթարացնում անձի վիճակը: Միևնույն ժամանակ սա չի կարող բացառել իրավունքի տեսանկյունից իրավական որոշակիության սկզբունքի կիրառմանը։ Հավելենք նաև այն, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում դատարանը կաշկանդված է գործել բացառապես օրենքի հստակ սահմանված սահմաններում։ Այսպես, Նախագծի վերաբերյալ անհրաժեշտ ենք համարում անդրադառնալ բազմաթիվ անգամներ դատարանների կողմից առանձնացված իրավական որոշակիության սկզբունքի համատեքստում օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրությանը: Մարդու իրավունքների և ազատությունների Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, երբ որոշվում է նրա քաղաքացիական իրավունքները և պարտականությունները կամ նրան ներկայացրած ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք: ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացված որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների համատեքստում անդրադարձել է իրավական որոշակիության սկզբունքին և այդ սկզբունքի շրջանակներում` օրինական ուժի մեջ մտած դատական ակտի պարտադիրության հատկանիշին: Մասնավորապես, վկայակոչված որոշմամբ արձանագրվել է, որ արդար դատաքննության իրավունքը պահպանված է այն դեպքում, երբ անձը հնարավորություն ունի ստանալու որոշակի, հաստատուն որոշում` կապված իր իրավունքների և պարտականությունների հետ, ու կարող է համոզված լինել, որ որոշ ժամանակ անց այդ որոշումը չի վերացվի: Եվրոպական դատարանը նշել է, որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը պետք է մեկնաբանվի Կոնվենցիայի նախաբանի լույսի ներքո, որի համաձայն` պայմանավորվող կողմերի ընդհանուր ժառանգության մասն է իրավունքի գերակայությունը, որի հիմնարար հայեցակետերից է իրավական որոշակիության սկզբունքը, որն inter alia պահանջում է, որ դատարանի կողմից որևէ հարցի կապակցությամբ կայացված վերջնական դատական ակտը կասկած չհարուցի (տե՛ս, Բրումարեսկուն ընդդեմ Ռումինիայի գործով Եվրոպական դատարանի 28.10.1999 թվականի վճիռը, գանգատ թիվ 28342/95, կետ 61), միաժամանակ նշել է, որ իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է res judicata սկզբունքի, այն է` դատական ակտերի վերջնական լինելու սկզբունքի պահպանում: Այդ սկզբունքը պահանջում է, որ կողմերից ոչ մեկը չունենա իրավունք պահանջելու վերջնական և պարտադիր դատական ակտի վերանայում` ուղղակի գործի կրկնակի քննության և գործով նոր ակտի կայացման նպատակով: Այսինքն` հարցի առնչությամբ երկու կարծիքի առկայության հնարավորությունը չպետք է հիմք հանդիսանա կրկնակի քննության համար: Նահանջն այդ սկզբունքից արդարացված է միայն այն դեպքում, երբ դա անհրաժեշտ է էական և անհերքելի բնույթ ունեցող հանգամանքներում: Իրավական որոշակիության սկզբունքի բովանդակության մեջ ներառվում են հետևյալ դրույթները. - դատարանների կողմից կայացված վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական որոշումները ենթակա չեն վերանայման, - անթույլատրելի է դատարանի կողմից արդեն մեկ անգամ լուծված գործի կրկնակի քննություն, - կողմերից ոչ մեկը չի կարող պահանջել վերջնական, այսինքն` օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի վերանայում միայն կրկնակի քննության իրականացման և նոր ակտի կայացման նպատակով, - վերջնական դատական ակտի վերանայումը նահանջ չէ իրավական որոշակիության սկզբունքից, եթե այն իրականացվում է դատական սխալի, արդարադատության սխալ իրականացման ուղղման նպատակով, - վերանայումը չի կարող լինել բողոքարկման քողարկված ձև, իսկ գործի նկատմամբ կողմերի հակադիր հայացքների առկայությունն ինքնին չի կարող հիմք ծառայել վերջնական դատական ակտի վերանայման համար: Իրավական որոշակիության դրույթներին լիարժեք չափով չհամապատասխանող դատավարության փուլերի առկայությունը բերում է գործի քննության ժամկետների ավելացմանը, ինչն ակնհայտորեն հետապնդվում է գործերի քանակի աճով, ինչում Եվրոպական դատարանը տեսնում է ողջամիտ ժամկետներում դատական վեճերի քննության սկզբունքի խախտում (տե՛ս, Գայանե Վարդանյանն ընդդեմ Վարդան ու Միշա Վարդանյանների և մյուսների թիվ ԱՐԴ/0062/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը): Ուստի, գործող քրեական օրենսգրքում կատարվող փոփոխությունը, որը միտված է իրավական որոշակիությանն ու հստակեցնելու է արարքի կատարման պարագայում ոչ վերացական ու կիրառման ենթակա դատական ակտի կայացմանը, որպես իրավապաշտպան կառույցի, գտնում ենք դրական։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: