Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

«ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և 1-ին մասը լրացնել նոր՝ 4-ից 16-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ․

«4) մաքսային վճարներ՝ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված՝ ներմուծման մաքսատուրքեր, արտահանման մաքսատուրքեր, ավելացված արժեքի հարկ, ակցիզային հարկ, ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար վճարվող մաքսատուրքրեր և հարկեր մաքսային գործառնությունների համար վճարվող պետական տուրք.

5) մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկեր՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված՝ բնապահպանական և ճանապարհային հարկեր.

6) ներքին շուկայի պաշտպանության միջոցներ՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրով նախատեսված՝ hատուկ պաշտպանական, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր.

7)  տոկոս` Միության մաքսային օրենսգրքով սահմանված՝ մաքսատուրքերի և հարկերի վճարման հետաձգման համար վճարվող կամ գանձվող տոկոսներ․

8) տույժ՝ մաքսային վճարները, մաքսային մարմինների վճարման ենթակա այլ հարկերը, ներքին շուկայի պաշտպանության միջոցները՝ Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված ժամկետներում չվճարելու կամ այդ ժամկետներից ուշ վճարելու համար նշված իրավական ակտերով նախատեսված կարգով, չափով և ժամկետներում վճարման ենթակա գումարներ.

9) տուգանք՝ Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված պահանջները չկատարելու կամ խախտումներով (թերի) կատարելու համար սահմանված պատասխանատվության միջոց.

10) մաքսային պարտավորություն՝ Միության մաքսային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի, «Պետական տուրքի մասին» օրենքի համաձայն ծագած (ծագող), այդ իրավական ակտերով սահմանված չափով, կարգով և ժամկետներում վճարման (գանձման) ենթակա՝ սույն օրենքով նախատեսված մաքսային վճարներ, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկեր, ներքին շուկայի պաշտպանության միջոցներ, պետական տուրքեր, տույժեր, տոկոսներ, տուգանքներ.

11) կանխավճար՝ մեկ մաքսային փաստաթղթով հաշվարկված (հաշվարկվող) կամ մեկից ավելի մաքսային փաստաթղթերի հիման վրա հաշվարկված (հաշվարկվող) մաքսային պարտավորությունների մարման նպատակով մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված՝ ազատ դրամական միջոց (գումար), որն առաջանում է հետևյալ միջոցներից՝

ա. մաքսային միասնական հաշվին կատարված վճարումներից.

բ. մաքսային փաստաթղթերի (այդ թվում` ճշգրտված) ներկայացման կամ մաքսային մարմինների կողմից ձևավորման և առաջադրման արդյունքում մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված գումարներից.

գ. մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություններով մաքսային պարտավորությունների առաջադրման արդյունքում մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված գումարներից.

դ. անձի կողմից ներկայացրած մաքսային փաստաթղթերի հիման վրա մաքսային մարմնի կողմից առաջադրված մաքսային պարտավորությունների վերաբերյալ մաքսային ծառայողի գործողության (անգործության) բողոքարկման մասով դատարանի վճռի կատարմա­­­ն կամ բողոքարկման հանձնաժողովի ընդունած որոշման արդյունքում` մաքսային պարտավորության պակասեցումից կամ մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված` մաքսային պարտավորությունների ամբողջությունից փոխհատուցվող գումարներից.

12) մաքսային միասնական հաշիվ` սույն օրենքով սահմանված դեպքերում մաքսային պարտավորությունների մարման նպատակով գանձապետարանի կողմից վարվող՝ մաքսային մարմնի կողմից տնօրինվող պետական արտաբյուջետային միջոցների ավանդային ենթահաշիվ.

13) գանձապետարան՝ ՀՀ կառավարության կողմից լիազորված` ֆինանսական բնագավառում պետական կարգավորում իրականացնող պետական մարմնի կենտրոնական գանձապետարան.

­­­­14) մաքսային փաստաթուղթ՝ մաքսային հայտարարագիր և այլ փաստաթղթեր, որոնք կազմվում են մաքսային գործառնությունների և մաքսային հսկողության իրականացման նպատակներով, ինչպես նաև մաքսային հսկողության իրականացման և մաքսային գործառնությունների կատարման ընթացքում և այդպիսի հսկողության և գործառնությունների արդյունքներով.

15) վճարող՝ իրավաբանական կամ ֆիզիկական անձ (այդ թվում՝ անհատ ձեռնարկատեր), որը Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» օրենքով և սույն օրենքով սահմանված դեպքերում ունի կամ կարող է ունենալ մաքսային պարտավորություն.

16) մաքսային անձնական հաշվի քարտ՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող՝ ավտոմատացված համակարգում պարունակվող տեղեկությունների ամբողջություն, որն արտացոլում է անձանց կողմից պետական գանձապետական հաշվին փոխանցված կամ վճարված դրամական միջոցների շարժը և հաշվառումը: Մաքսային անձնական հաշվի քարտի ստեղծման և վարման կարգը սահմանվում է Կոմիտեի կողմից։

Հոդված 2 Օրենքի  38-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 38 Մաքսային պարտավորությունների վճարման ժամկետները

1. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի վճարման ժամկետները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքով և սույն օրենքով:

2. Միության մաքսային օրենսգրքի 117-րդ հոդվածով սահմանված դեպքում մաքսատուրքը, հարկերը, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են մինչև մաքսային հայտարարագիր ներկայացնելը:

3. Միության մաքսային օրենսգրքի 57-րդ հոդվածի 3-րդ կետի և 74-րդ հոդվածի 2-րդ կետի երկրորդ պարբերությանը համապատասխան՝ Հանձնաժողովի նախատեսած դեպքերում «Հատուկ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների համար մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գծով մաքսային պարտավորության կատարման ժամկետը սահմանվում է Հանձնաժողովի կողմից, իսկ Հանձնաժողովի սահմանած դեպքերում՝ օրենքով:

4. Հարկերի վճարումը իրականացվում է Միության օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված ժամկետներում:

5. Մաքսատուրքի, հարկերի վճարումը հետաձգելու համար տոկոսները վճարվում են ոչ ուշ, քան հետաձգման ժամկետն ավարտվելուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մաքսատուրքի, հարկերի տարաժամկետ վճարման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված տոկոսները կարող են վճարվել փուլ առ փուլ, սույն օրենքի 45-րդ հոդվածի 10-րդ մասով նախատեսված ժամանակացույցին համապատասխան, բայց ոչ ուշ, քան տարաժամկետ վճարման համար նախատեսված ամբողջ ժամկետի ավարտից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

6. Սույն օրենքով սահմանված դեպքերում ստուգվող անձը մաքսային հսկողության (ստուգման) ակտը և մաքսային մարմնի համապատասխան որոշումը (որոշումները) ստանալուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, պարտավոր է կատարել նշված ակտով և որոշմամբ (որոշումներով) առաջադրված մաքսային պարտավորությունների վճարումը և օրենսդրությամբ սահմանված այլ պահանջներ: Սույն մասով սահմանված ժամկետում նշված գումարները վճարելու դեպքում օրենքով սահմանված տույժերն այդ ժամկետի համար չեն հաշվարկվում:

7. Տուգանքների վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված մաքսային կանոնների խախտման համար այդ օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում։

Հոդված 3 Օրենքի 39-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ․

«Հոդված 39. Մաքսային պարտավորությունների վճարման կարգը

1. Մաքսային պարտավորությունները վճարելու կարգը սահմանվում է Միության մաքսային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով, «Պետական տուրքի մասին» և սույն օրենքով։

2. Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված ներմուծման մաքսատուրքը վճարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում բացված` Միության մասին պայմանագրով սահմանված միասնական հաշվին:

3. Հանձնաժողովի իրավական ակտերով սահմանված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերը վճարվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական գանձապետարանում բացված՝ Միության մասին պայմանագրով սահմանված միասնական հաշվին:

4. Միության մասին պայմանագրով սահմանված նախնական հատուկ, նախնական հակագնագցման և նախնական փոխհատուցման տուրքերի գծով պարտավորությունների մարումն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական եկամտային հաշիվներին։

5. Մաքսային մարմիններին վճարվող ավելացված արժեքի հարկի, ակցիզային հարկի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով պարտավորությունների մարումն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական եկամտային հաշիվներին։

6. Ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման ապրանքների ներմուծման համար վճարվող մաքսատուրքերի և հարկերի գծով պարտավորությունների մարումն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական եկամտային հաշվին։

7. Մաքսային գործառնությունների կատարման համար պետական տուրքի գծով պարտավորությունների մարումն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական եկամտային հաշվին։

8. Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված արտահանման մաքսատուրքերի գծով պարտավորությունների մարումն արտացոլվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ համապատասխան գանձապետական եկամտային հաշվին։

9. Մաքսային պարտավորությունները հաշվառվում են վճարողի մաքսային անձնական հաշվի քարտում։

10. Մաքսային պարտավորությունների վճարումը կատարվում է վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների միջոցով՝ անկանխիկ եղանակով մաքսային մարմինների հայտարարագրման էլեկտրոնային համակարգի մաս կազմող՝ մաքսային պարտավորությունների կատարման էլեկտրոնային ենթահամակարգի (սույն գլխում՝ համակարգ) միջոցով:

11. Մաքսային պարտավորությունների վճարման նպատակով վճարողի կամ մաքսային մարմինների կողմից օգտագործվում են մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները։

12. Մաքսային պարտավորությունների վճարումը կանխավճարներից իրականացվում է վճարողի հանձնարարագրի հիման վրա:

1) Սույն մասի իմաստով վճարողի հանձնարարագիր է համարվում հետևյալ փաստաթղթերի ներկայացմանը զուգահեռ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարներից մաքսային պարտավորությունների մարման՝ Կառավարության կողմից սահմանված վճարման եղանակների վերաբերյալ ընտրությունը.մաքսային հայտարարագիր կամ մաքսային հայտարարագրի ճշգրտում.

2) Միության մաքսային օրենսգրքի 277-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դիմում.

3) մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսային պարտավորությունների հաշվարկման և առաջադրման համար նախատեսված՝ Միության մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային փաստաթուղթ․

4) մաքսային մարմիններին վճարման ենթակա մաքսային պարտավորությունների՝ օրենսդրությամբ սահմանված ժամկետում չվճարելու դեպքում դրանց հաշվարկման և առաջադրման համար կազմված օրենսդրությամբ սահմանված փաստաթուղթ․

5) օրենսդրությամբ սահմանված՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա վճարների հաշվարկ և (կամ) վճարման մաքսային պարտավորություն պարունակող այլ փաստաթուղթ։

13. Սույն հոդվածի 12-րդ մասում նշված փաստաթղթերըկազմվում և ներկայացվում են էլեկտրոնային եղանակով` Համակարգի միջոցով։

14. Մաքսային պարտավորությունների՝ կանխավաճարներից մարման եղանակները և հերթականությունը սահմանվում է Կառավարության կողմից։

15. Անձնական օգտագործման ապրանքների համար մաքսային պարտավորությունների վճարումը կարող է իրականացվել ինչպես Համակարգի կիրառմամբ՝ մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարների օգտագործմամբ, այնպես էլ՝ նրա կողմից դրամական միջոցներն վճարային գործիքների կիրառմամբ պետական գանձապետական համապատասխան հաշվին փոխանցելու միջոցով։ Միության մաքսային օրենսգրքի 52-րդ հոդվածի 5-րդ կետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ մաքսային մարմիններին վճարման ենթակա հարկերի և տուրքերի, մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի հաշվառման և վճարման նպատակով կարող է կիրառվել մաքսային մուտքի անդորրագիրը՝ Կոմիտեի կողմից սահմանված կարգով։

16. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարներից մաքսային պարտավորությունները համարվում են վճարված վճարողի կամ Համակարգի կողմից դրանց մարման նպատակով համապատասխան գանձապետական հաշվին փոխանցվելու վերաբերյալ փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները մաքսային մարմիններին ներկայացվելու (հասանելի դառնալու) պահից։

17. Սույն հոդվածի 16-րդ մասով սահմանված կարգով մաքսային մարմիններին մաքսային պարտավորությունների վճարված լինելու մասին փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները մաքսային մարմիններին ներկայացվելու (հասանելի դառնալու) պահից այդպիսի վճարման համար հիմք հանդիսացող հանձնարարագիրը դառնում է անհետկանչելի։

18. Մաքսային պարտավորությունները մարվում են նախ գանձապետարանի կողմից վարվող պետական բյուջեի միջոցների առանձին ենթահաշվում առկա՝ մինչև սույն հոդվածով սահմանված դրույթների ուժի մեջ մտնելն առաջացած գերավճարների հաշվին, այնուհետև՝ մաքսային միասնական հաշվում առկա գումարների հաշվին:

19. Անհաղթահարելի ուժի ազդեցության առկայության կամ համակարգի անսարքության պատճառով դրա կիրառման անհնարինության դեպքում մաքսային պարտավորությունների վճարումը կարող է իրականացվել դրամական միջոցները այլ հնարավոր եղանակով համապատասխան գանձապետական հաշիվներին վճարելու միջոցով, պայմանով, որ անսարքության վերացումից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում վերջիններս մաքսային մարմինների կողմից կհաշվառվեն համակարգում:

Հոդված 4  Օրենքը 39-րդ հոդվածից հետո լրացնել նոր 39․1 և   39․2 հոդվածներով հետևյալ բովանդակությամբ․

«Հոդված 391 Մաքսային պարտավորությունների կատարման առանձնահատկությունները իրավաբանական անձի լուծարման դեպքում  

1. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունների կատարման պարտականությունը դրվում է այդ կազմակերպության լուծարման հանձնաժողովի վրա` այդ կազմակերպության դրամական միջոցների, ներառյալ՝ գույքի և ապրանքների վաճառքից ստացված միջոցների հաշվին: Լուծարման հանձնաժողովը պարտավոր է մաքսային պարտավորությունն ընդգրկել լուծարման հաշվեկշռում:

2. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունների և այդ անձի այլ վճարումների կատարման առաջնահերթությունը սահմանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում:

3. Լուծարվող իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները ենթակա են կատարման մինչև Օրենսգրքով սահմանված վերջնաժամկետը, բայց ոչ ուշ, քան կազմակերպության լուծարման օրը:

Հոդված 392  Մաքսային պարտավորությունների կատարումը իրավաբանական անձի վերակազմակերպման դեպքում  

1. Վերակազմակերպված իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները կատարվում են իրավաբանական անձի իրավահաջորդի (իրավահաջորդների) կողմից սույն հոդվածով սահմանված կարգով:

2. Իրավաբանական անձանց միաձուլման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ իրավաբանական անձանց միաձուլումից առաջացած իրավաբանական անձը:

3. Իրավաբանական անձանց միացման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այն անձը, որին միացել է մյուս իրավաբանական անձը:

4. Իրավաբանական անձանց բաժանման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ են համարվում այդ բաժանումից առաջացած իրավաբանական անձինք` բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

5. Իրավաբանական անձի կազմից մեկ կամ մի քանի իրավաբանական անձանց առանձնացման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձի մաքսային պարտավորությունները առանձնացված անձանցից յուրաքանչյուրին են անցնում բաժանիչ հաշվեկշռին համապատասխան:

6. Իրավաբանական անձի վերակազմավորման դեպքում մաքսային պարտավորությունների կատարման առումով իրավահաջորդ է համարվում այդ իրավաբանական անձի վերակազմավորման արդյունքում առաջացած անձը:

Հոդված 5. Օրենքի 42-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ․

«Հոդված 42 Կանխավճարները

1. Կանխավճարները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածով:

2. Մաքսային միասնական հաշվին վճարված կանխավճարների հաշվառման օր է համարվում դրանց՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման օրը:

3. Կանխավճարները, նախքան մաքսային պարտավորությունների վճարման ժամկետի ավարտը վճարողի կողմից փոխանցվում կամ վճարվում են սույն օրենքով նախատեսված մաքսային միասնական հաշվին: Մաքսային պարտավորությունների վճարման ավտոմատացման նպատակով կանխավճարները մաքսային միասնական հաշվին փոխանցվում են կամ վճարվում են նախքան օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային պարտավորությունների ծագման պահը կամ մաքսային պարտավորությունների ծագմանը զուգահեռ։

3. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները չեն համարվում պետական բյուջեի եկամուտներ և վճարներ և տնօրինվում են վճարողի կողմից մինչև դրանց մաքսային պարտավորությունների վճարման նպատակով օգտագործումը։

4. Մաքսային միասնական հաշվին առկա կանխավճարները մինչև մաքսային պարտավորությունների կատարման ժամկետի վրա հասնելը վճարողի կողմից համակարգի կիրառմամբ կարող են ուղղվել վճարողի նշած մաքսային պարտավորությունների մարմանը: Վճարողի կողմից սույն մասով նախատեսված գործողությունը չկատարելու դեպքում մաքսային պարտավորությունների կատարման վերջնաժամկետի վրա հասնելուն պես հաշվում առկա կանխավճարներից մարումներն իրականացվում են ինքնաշխատ եղանակով:

5. Մաքսային միասնական հաշվին փոխանցված կամ վճարված կանխավճարները անմիջապես կարող են օգտագործվել մաքսային պարտավորությունների մարման նպատակով մաքսային մարմիններին այդպիսի փոխանցման վերաբերյալ փաստաթղթերի և (կամ) տեղեկությունների ներկայացման (հասանելի դառնալու) պահից: Մաքսային միասնական հաշվին փոխանցելու պահից կանխավճարների մուտքագրման նպատակով վճարողի կողմից տրված հանձնարարագիրը դառնում է անհետկանչելի։

6. Կանխավճարները վճարողի կամ նրա կողմից լիազորված մաքսային ներկայացուցչի դիմումի հիման վրա կարող են օգտագործվել որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային վճարների, ներքին շուկայի պաշտպանության միջոցների, մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ Կառավարության կողմից սահմանված դեպքերում և պայմանների ապահովման պարագայում: Սույն մասով սահմանված դեպքում մաքսային մարմինները օրենսդրությամբ սահմանված կարգով սառեցնում են որպես մաքսային վճարների, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի և մաքսային մարմիններին վճարման ենթակա այլ հարկերի գծով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ տրամադրված միջոցները։

7. Կանխավճարները կարող են օգտագործվել նաև ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման նպատակով ներմուծվող ապրանքների մասով որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում՝ սույն հոդվածին համապատասխան և Կառավարության կողմից սահմանված դեպքերում և պայմանների ապահովման պարագայում:

8. Միության մաքսային օրենսգրքի 48-րդ հոդվածի 5-րդ կետով նախատեսված հաշվետվությունը արտացոլվում է վճարողի մաքսային անձնական հաշվի քարտում։

Սույն մասով նախատեսված հաշվետվության մեջ արտացոլվող տվյալները սահմանվում են Կոմիտեի կողմից սահմանված կարգով։

9. Վճարողն իրավունք ունի իրական ժամանակում, առցանց եղանակով դիտելու իր մաքսային անձնական հաշվի քարտում առկա դրամական միջոցների շարժը (այդ թվում՝ մաքսային պարտավորությունները և դրանց մարումները):

10. Վճարողը իրավունք ունի արտատպելու իր մաքսային անձնական հաշվի քարտի քաղվածքը, որտեղ նշված տեղեկատվությունը համարվում է մաքսային մարմնի կողմից հաստատված տեղեկատվություն և, ըստ անհրաժեշտության, ընդունվում է այլ կազմակերպությունների և անձանց կողմից:

11. Կանխավճարների՝ մաքսային միասնական հաշվին մուտքագրման եղանակները և կարգը, ինչպես նաև մաքսային մարմիններին տրամադրվող տեղեկությունների կազմը և կարգը սահմանում է Կառավարությունը։»։

Հոդված 6 Օրենքի 55-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Հոդված 55Ավել վճարված կամ գանձված մաքսային պարտավորությունների գումարների վերադարձը կամ հաշվանցումը 

1. Ավել վճարված կամ գանձված մաքսային պարտավորությունների վերադարձի կամ հաշվանցման նպատակով վճարողը կամ նրա իրավահաջորդը մաքսային մարմնին ներկայացնում է դիմում՝ Կոմիտեի կողմից սահմանված կարգով և ձևով։ Դիմումի հետ վճարողը ներկայացնում է նաև մաքսային պարտավորությունների վճարումը կամ գանձումը հաստատող փաստաթղթերը և (կամ) տեղեկությունները։

2. Ավել վճարված կամ գանձված մաքսային պարտավորությունների վերադարձը կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը մաքսային մարմինների կողմից ստանալու օրվան հաջորդող 30 օրացուցային օրվանից ոչ ուշ:

3. Ավել վճարված կամ գանձված մաքսային պարտավորությունների վերադարձը կատարվում է մաքսային միասնական հաշվին հաշվեգրելով որպես կանխավճար, այնուհետև՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դիմումը ներկայացրած անձի նշած վճարողի կամ նրա իրավահաջորդի բանկային հաշվին՝ սույն հոդվածին համապատասխան։

4. Ավել վճարված կամ գանձված մաքսային պարտավորությունների վերադարձն իրականացվում է Հայաստանի Հանրապետության արժույթով։

5. Չօգտագործված կանխավճարները տնօրինվում են վճարողի կողմից մինչև մաքսային կարգավորման օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային պարտավորությունների կատարման ժամկետի վրա հասնելը: Վճարողը կարող է հետ ստանալ իր կողմից չօգտագործված կանխավճարները, եթե առկա չեն նրա կողմից չկատարված  մաքսային պարտավորություններ։ Վճարողի կողմից սահմանված ժամկետում չկատարված կամ մաքսային մարմինների կողմից բռնագանձման ենթակա մաքսային պարտավորությունների առկայության պարագայում կանխավճարների գումարները կարող են վերադարձվել վճարողին, նրա և (կամ) մաքսային մարմինների կողմից սույն մասով նախատեսված մաքսային պարտավորությունների մարումից հետո՝ դրական մնացորդի մասով:

6. Չօգտագործված կանխավճարների վերադարձի նպատակով վճարողը էլեկտրոնային եղանակով մաքսային մարմիններին ներկայացնում է կանխավճարի վերադարձի դիմումը և համապատասխան փաստաթղթերը: Կանխավճարների վերադարձն իրականացվում է անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա՝ ոչ ուշ, քան 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ վերադարձի որոշում ընդունելու միջոցով։ Սույն մասով նախատեսված դիմումի ձևը, դրա մաքսային մարմիններին ներկայացման կարգը, դիմումին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև վերադարձի որոշման ձևը սահմանվում են Կոմիտեի կողմից։

7. Մաքսային միասնական հաշվին մուտքագրված կանխավճարները վերջին օգտագործման օրվանից 5 օրացուցային տարվա ընթացքում վճարողի կողմից տնօրինված չլինելու դեպքում մաքսային մարմինների կողմից փոխանցվում են պետական բյուջեի այլ՝ ոչ հարկային եկամուտների հաշիվներին՝ Կառավարության սահմանած կարգով:

8. Եթե սույն հոդվածի 1-ին և 6-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը նախկինում ներկայացվել են մաքսային մարմիններին, ապա վճարողի կողմից կարող են ներկայացվել այդպիսի փաստաթղթերը նույնականացնող տեղեկություններ՝ պայմանով, որ տեղի չի ունեցել փաստաթղթերի կամ դրանց բովանդակության փոփոխություն։

9. Կանխավճարների վերադարձի ժամանակ դրանց համար տոկոսներ չեն վճարվում և չի իրականացվում ինդեքսավորում: Եթե կանխավճարների վերադարձի դիմումի մեջ նշված՝ վերադարձման ենթակա գումարը մեծ է մաքսային միասնական հաշվին առկա՝ կանխավճարների մնացորդից, ապա վերադարձն իրականացվում է առկա մնացորդի չափով:

10. Կանխավճարների վերադարձի համար ներկայացված դիմումի մերժման և կանխավճարների վերադարձի մերժման դեպքերը սահմանում է Կառավարությունը, իսկ վերադարձի մերժման որոշման ձևը սահմանում է Կոմիտեն։

11. Որպես դրամական միջոցների գրավադրման եղանակով մաքսային պարտավորությունների կատարման ապահովում ներկայացված կանխավճարների վերադարձը կատարվում է վճարողի (նրա իրավահաջորդի) ներկայացրած դիմումի հիման վրա՝ Կոմիտեի սահմանած կարգով սույն հոդվածին համապատասխան:»։

Հոդված 7 Օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 8 Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 9 Օրենքի 59-րդ հոդվածի 1-ն մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 10․ Օրենքի 204-րդ հոդվածի 12-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 11 Օրենքի 338-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։

Հոդված 12 Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրն ընդգրկող ամսվան հաջորդող 7-րդ ամսվա 1-ին օրը, բայց ոչ շուտ, քան մաքսային մարմինների էլեկտրոնային հայտարարագրման ավտոմատ համակարգի կազմում մաքսային մարմիններին վճարվող վճարների ավտոմատացման համակարգի գործարկման օրը։

 

  • Քննարկվել է

    26.06.2025 - 12.07.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Գերատեսչություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1378

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: