«Ներդրումային անշարժ գույքի եվ դրա իրավական կարգավորումների հայեցակարգը հաստատելու մասին»
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԴՐԱ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Անհրաժեշտությունը։ Տնտեսության կայուն և հավասարակշռված զարգացման ապահովման, ներդրումային միջավայրի բարելավման, ինչպես նաև բնակարանային շուկայի դիվերսիֆիկացման նպատակով անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությունում խթանել ներդրումային անշարժ գույքի զարգացման գործընթացը, որի կարևոր բաղադրիչներից է ներդրումային անշարժ գույքի ներդրումն ու զարգացումը:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Վերջին տարիներին Հայաստանի Հանրապետությունում նկատվում է տնտեսության որոշ ճյուղերի, մասնավորապես՝ անշարժ գույքի զարգացման և շինարարության ոլորտների աճի դրական դինամիկա: Արտաքին և ներքին ներդրումների ծավալների ավելացումը, զբոսաշրջային այցելությունների աճը, վկայում են երկրի տնտեսության պոտենցիալի և ներդրումային գրավչության բարձրացման միտումների մասին:
Տնտեսության կայուն զարգացման, բարենպաստ ներդրումային միջավայրի ապահովման, ինչպես նաև բնակարանային շուկայի դիվերսիֆիկացման համատեքստում անհրաժեշտ է խթանել ներդրումային անշարժ գույքի զարգացումը, այդ թվում՝ բնակարանային հյուրանոցային ֆորմատների՝ ապարտհոթելների ստեղծումը:
Ներդրումային անշարժ գույքի ներդրմամբ տեղի կունենա անշարժ գույքի շուկայի ակտիվություն, որի կիրառման արդյունքում ապահովվելու է երկարաժամկետում՝ տնտեսական աճ։
Ներդրումները անշարժ գույքի ոլորտում խթանում են ենթակառուցվածքների զարգացումը, ինչպիսիք են ճանապարհները, հասարակական ծառայությունները, կոմունալ համակարգերը և այլն։
Ներդրումային անշարժ գույքի նախագծերի (պրոեկտների) իրականացման համար պահանջվում են մեծ թվով աշխատուժ, այդ թվում՝ շինարարներ, ճարտարապետներ, ինժեներներ, ֆինանսական մասնագետներ, ծառայություն մատուցող անձնակազմ և այլն։ Նման ներդրումները նպաստում են նաև փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը։
Ներդրումային անշարժ գույքի նախագծերը (պրոեկտները) հաճախ ներառում են նորագույն տեխնոլոգիաների կիրառություն՝ թե՛ շինարարության որակի, թե՛ էներգախնայողության և կայունության ոլորտներում։ Սա կարող է բերել նաև գիտելիքների և հմտությունների փոխանցում տեղական աշխատուժի մեջ։
Ներդրումներ անշարժ գույքի ոլորտում բերում են խոշոր դրամական հոսքերի, որոնք ներդրվում են երկրի տնտեսության տարբեր ոլորտներում՝ խթանելով ներքին սպառումը և արտաքին առևտուրը։
Փորձենք Ապարտհոթելի ինստիտուտի կարգավորման և ներդրման անհրաժեշտութունը դիտարկել պետության տեսանկյունից․Պետության տեսանկյունից, ապարտհոթելների ինստիտուտի կարգավորումը կարևոր է մի քանի հիմնական պատճառներով։ Նախ, այն կնպաստի պետության հարկային եկամուտների ավելացմանը, ինչը հնարավորություն կտա ֆինանսավորել հանրային ծառայությունները և ենթակառուցվածքները։ Երկրորդ, կարգավորումը կստեղծի հավասար մրցակցային պայմաններ՝ ապահովելով արդարություն հյուրանոցների և ապարտհոթելների միջև։ Այլապես, ի դեմս ոչ ստանդարտ, խիստ պարտավորություններ չունեցող ապարտհոթելների, ռիսկ կա, որ այն կնպաստի տնտեսական խաղի խեղաթյուրմանը։ Հաջորդապես, կարգավորումը հնարավորություն կտա նվազեցնել ստվերային տնտեսության մասշտաբը և ապահովել տվյալների վերահսկելիություն։
Ապարտհոթելների ստանդարտացում և համապատասխան պահանջների ներդրումը նաև կնպաստի քաղաքացիների (զբոսաշրջիկների) անվտանգությանը, քանի որ կստեղծվի վերահսկողություն ապարտհոթելների գործողությունների վրա։ Եթե ներկայացնենք կարգավորման բացակայության առկայության պայմաններում ներկայիս առկա խնդիրների տեսանկյունից, ապա ներկայիս իրավիճակը առաջացնում է մասնավորապես հետևյալ խնդիրները, որոնք կլուծվեն հստակ կարգավորման պայմաններում:
- Հարկերի պատշաճ հավաքագրում և բյուջեի եկամուտների ավելացում
Պետության կայուն ֆինանսավորումը հիմնվում է հարկային եկամուտների վրա։ Վարձով տրվող բնակարանների և արդեն իսկ գործող Ապարտհոթելների զգալի մասը գործում է ստվերային դաշտում՝ առանց գրանցման կամ հարկման, ինչի հետևանքով պետությունը զրկվում է զգալի ֆինանսական ռեսուրսներից և գործընթացի նկատմամաբ վերահսկողության լծակներից։ Կարգավորումը թույլ կտա ստվերի վերացման միջոցով և վարձակալական գործունեության գրանցման միջոցով վերահսկել և ապահովել ոլորտի կանոնակարգված գործարկումը:
- Իրավական հավասարություն և ոլորտի վերահսկում, մրցակցային դաշտի ապահովում
Այս կետը կարծես թե առաջինի շարունակությունն է, քանի որ Պետությունը պատասխանատու է օրինական և հավասար պայմաններ ապահովելու համար բոլոր տնտեսավարողների համար։ Երբ մի խումբ տնտեսվարող (օրինակ՝ հյուրանոցները) պարտավոր է կատարել լիցենզավորման, գործունեությանը ներկայացվող պարտադիր պահանջների ապահովման և հարկային դաշտում պատշաճ գործելու պահանջները, մինչդեռ վարձու բնակարանները և ապարտհոթելները, կարծես թե կարողանում են անարգել շրջանցել այս պահանջները: Կարգավորումը վերացնում է այս ճեղքվածքը և վերականգնում տնտեսական արդարություն։
- Քաղաքաշինական և համայնքային կառավարում
Պետության խնդիրը ոչ միայն տնտեսությունը կարգավորելն է, այլև քաղաքային համակեցության կայունությունն ապահովելը։ Երևանի և այլ խոշոր քաղաքների մեծ թվով բնակարանների կարճաժամկետ վարձակալմամբ զբաղվելու հետևանքով մշտական բնակիչների կյանքի որակը նվազում է։ Տարածքը վարձակալական նպատակով օգտագործելը հանգեցնում է աղմուկի, անվտանգության խախտումների և սոցիալական լարվածության։ Վարձու բնակարանների և Ապարտհոթելների նկատմամբ որևէ սահմանափակման կամ պարտադիր համակեցության պայմաններին հետևելու պահանջի բացակայումը երբեմն հանգեցնում է այնպիսի իրավիճակի որ հարևան սեփականատերը հարկադրված է հանդուրժելու իր հարևանությամբ ամեն օր նոր բնակչի առկայությունը:
- Ազգային անվտանգություն և հանրային կարգ
Վարձու բնակարաններում և ապարտհոթելներում հաճախ չեն պահանջվում անձնագրային տվյալներ, ինչը կարող է ստեղծել անվտանգության խնդիրներ։ Պետությունը, լինելով պատասխանատու հանրային կարգի համար, պետք է ունենա հնարավորություն՝ վերահսկելու՝ ով է բնակվում ժամանակավոր բնակարաններում, ինչպես նաև կանխելու հնարավոր հանցագործություններ կամ ապօրինի գործունեություն (օրինակ՝ թրաֆիքինգ, անօրինական միգրացիա)։
Այսպիսով, ներդրումային անշարժ գույքի ներդրումը երկրում ստեղծում է բազմաբնույթ դրական ազդեցություններ, որոնք ընդգրկում են երկարաժամկետ տնտեսական աճ, աշխատատեղերի ստեղծում, նոր տեխնոլոգիաների ներդրում, դրամական հոսքերի ավելացում և այլն։ Մյուս կողմից՝ այն հնարավորություն է տալիս ներդրողներին դիվերսիֆիկացնելու իրենց ներդրումները և նվազեցնելու ռիսկերը՝ ապահովելով կայուն ու երկարաժամկետ եկամուտներ։
Ներդրումներ անշարժ գույքի ներդրման համար որպես պիլոտային ծրագիր դեռևս իրականացվում է ապարտհոթելների ուղղությամբ, որը պետության տեսանկյունից արդյունավետ գործիք լինելու պարագայում հետագայում կարող են ընդլայնվել ներառելով այլ հասարակական տարածքներ»։
Միջազգային փորձի վերլուծությունը ցույց է տալիս, որ՝
- ապարտհոթելների զարգացման հաջող մոդելները հիմնվում են հստակ իրավական կարգավորման, ծառայությունների որակական չափորոշիչների սահմանման և ներդրողների շահերի պաշտպանման սկզբունքների վրա,
- պետական քաղաքականության աջակցությունը՝ հարկային, ֆինանսական և ինստիտուցիոնալ գործիքակազմերի միջոցով, հանդիսանում է ոլորտի կայուն զարգացման հիմնական նախապայմաններից մեկը,
Միաժամանակ հայտնում ենք նաև, որ սույն նախագծի ընդունումից հետո նախատեսվում է սահմանել ներդրումային անշարժ գույքի տեխնիկական պահանջները և համապատասխան չափորոշիչները։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Նախագծի ընդունումը կնպաստի Հայաստանի Հանրապետության տնտեսության իրական հատվածում ներդրումների, այդ թվում օտարերկրյա ներդրումների (բրեդների) ներգրավմանը՝ ստեղծելով գործարար բարենպաստ և մրցակցային միջավայր։
- Կարգավորման նպատակը և բնույթը։ Հայեցակարգի նպատակն է ներդրումային անշարժ գույքի զարգացման խթանումը Հայաստանի Հանրապետությունում, ապարտհոթելների գործունեության ներդնումն ու կանոնակարգումը որպես ներդրումային անշարժ գույքի տեսակ, միջազգային նոր ներդրումների (բրենդների) ներգրավումը, իրավական անորոշությունների վերացումը և ներդրումային միջավայրի կայունության ապահովումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվի ներդրումային անշարժ գույքի հասկացությունը, կսահմանվեն իրավական կարգավորումներ, պետության կողմից տրամադրվող օժանդակության/աջակցության տեսակները, ինչպես նաև խթան կհանդիսանա նոր ներդրումների և միջազգային բրենդների ներգրավմանը և աշխատատեղերի ստեղծմանը։
- Այլ տեղեկություններ։ Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում կամ նվազում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։
Նախագիծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» բաժնի «Գործարար և ներդրումային միջավայրի բարելավում» կետից։ Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար առաջնահերթ նպատակներն են կապիտալի և ֆինանսական միջոցների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև գործարար և պետություն հարաբերությունների ճկունության բարձրացումը։
Ինչպես նաև բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. Ծրագրի 2․7 «Քաղաքաշինություն» կետից։ Բնագավառում առկա մարտահրավերները պետք է դիտարկվեն երկրի մրցունակության բարձրացման, տարածքների զարգացման առկա անհամամասնությունների հաղթահարման, ներդրումային բարենպաստ միջավայրի ձևավորման, աշխատատեղերի ստեղծման, հասարակության բոլոր խմբերի համար սոցիալական, ինժեներական ենթակառուցվածքների մատչելիության, պատմամշակութային ժառանգության պահպանման և շրջակա միջավայրի վրա քաղաքաշինական գործունեության բացասական ազդեցությունների վերացման համատեքստում:
-
Քննարկվել է
11.06.2025 - 26.06.2025
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Էկոնոմիկա, Տնտեսական
-
Գերատեսչություն
Էկոնոմիկայի նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 1457
Տպել