Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի  (այսուհետ՝ նաև Դատական օրենսգիրք) 94–րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ « Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը: (...) »:

Սահմանադրական դատարանը իր 2025 թվականի ապրիլի 22-ի թիվ ՍԴՈ-1780  որոշմամբ Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը[1] ճանաչել է  Սահմանադրության 49[2]-րդ հոդվածին՝ 75[3]-րդ հոդվածի հետ համակցության մեջ, 164-րդ հոդվածի 1-ին մասին[4], 174-րդ հոդվածի 1-3-րդ[5] մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին[6] հակասող:

Սահմանադրական դատարանը իր որոշմամբ արտահայտել է այն դիրքորոշումը, որ Սահմանադրության 49-րդ հոդվածը (հիմնական իրավունքներից «Հանրային ծառայության անցնելու իրավունքը») երաշխավորում է յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ դատավորի, հանրային ծառայության անցնելու և պաշտոնավարելու իրավունքը ընդհանուր հիմունքներով:

Հղում կատարելով իր 2019 թվականի նոյեմբերի 15-ի ՍԴՈ-1488 որոշմանը, նշել է, որ (...) ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ծավալի մեջ ներառվում է նաև անձի կողմից ընդհանուր հիմունքներով զբաղեցված հանրային պաշտոնում պաշտոնավարելու իրավունքը, որը, իր հերթին, ենթադրում է օրենքով չնախատեսված, ինչպես նաև կամայական հիմքերով հանրային ծառայությունից ազատվելու արգելք: Դատավորի պաշտոնն զբաղեցնող անձանց համար՝ այնքանով, որքանով որ դա վերաբերում է դատավորի՝ որպես հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի կրողին, առկա է լրացուցիչ՝ իրավական պետության հիմնարար սկզբունքից ածանցվող անփոփոխելիության սահմանադրական երաշխիք, որի ապահովման մանրամասները պետք է սահմանվեն բացառապես սահմանադրական օրենքով՝ Դատական օրենսգրքով (...):

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է, որ այն դեպքում, երբ դատավորի նկատմամբ կիրառվում է «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժը՝ ի հաշիվ վերջինիս իրավասահմանափակիչ ներուժի խիստ ինտենսիվ բնույթի, սահմանափակ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքը:

Այլ կերպ՝ կարգապահական տույժերի տեսակներից «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» տույժի կիրառման հետևանքային ազդեցության շրջանակի մեջ ներառվում է նաև հանրային ծառայության անցնելու իրավունքի սահմանափակումը. հետևաբար՝ անհրաժեշտ է, որ նշված    կարգապահական տույժի կիրառումը յուրաքանչյուր դեպքում ուղեկցվի ինչպես նյութաիրավական, այնպես էլ ընթացակարգային այնպիսի երաշխիքներով, որոնց առկայությունը կբացառի վերոնշյալ սահմանադրական իրավունքի անհամաչափ սահմանափակման հնարավորությունը:

Սահմանադրական դատարանն արձանագրել է, նաև որ Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված ընթացակարգի ուժով դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելիս նրա լիազորություններն էական կարգապակական խախտման հիմքով դադարեցնելու վերաբերյալ Խորհրդի որոշումը կարող է ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի, այսինքն՝ հինգ կողմ ձայներով:

Հաշվի առնելով քննարկման առարկա իրավահարաբերությունների կարևորությունն ու խնդրո առարկա շահերի խոցելիությունը, ինչպես նաև դրանց նկատմամբ հանրային արձագանքի զգայունությունը՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթները պետք է իրականացվեն դատական վարույթներին առաջադրվող սահմանադրաիրավական և դատավարական սկզբունքների խստիվ պահպանմամբ, այդ թվում՝ համապատասխան որոշումների ընդունման ընթացակարգի առնչությամբ, իսկ այդ որոշումների ընդունման ընթացակարգերն ամրագրող իրավակարգավորումները չպետք է լինեն խնդրահարույց՝ անձի, առավել ևս՝ դատավորի կարգավիճակ ունեցող անձի, անհատական իրավունք(ներ)ին միջամտության առումով:

Նշվածն առանձնակի կարևորություն է ձեռք բերում կարգապահական վարույթի արդյունքներով «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ, ինչը ենթադրում է ամենաինտենսիվ միջամտություն անձի անհատական իրավունք(ներ)ին, դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման ընդունման պայմաններում:

Հաշվի առնելով Խորհրդի կողմից դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու իր սահմանադրական բացառիկ լիազորության իրականացման շրջանակում «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի (վերջինիս ընտրությունն ու կիրառումը Խորհրդի, ըստ էության, օրենսդրական մենաշնորհն է) կիրառմամբ դատավորի լիազորությունները դադարեցնելու հետևանքային ազդեցությունը՝ Սահմանադրական դատարանը գտել է, որ օրենսդիրը պետք է նախատեսի այնպիսի կարգավորում, որը, մի կողմից` կբացառի Խորհրդի նշված լիազորության իրականացման շրջանակում Օրենսգրքի 149-րդ հոդվածի 1-ին մասում թվարկված կարգապահական տույժերի տեսակներից մեկի, առավել ևս՝ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ որոշման ընդունման հնարավորությունը՝ բացառապես հինգ դատավորի կամ բացառապես հինգ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների կողմ ձայներով, մյուս կողմից՝ կերաշխավորի վերոնշյալ որոշման ընդունումը Խորհրդի անդամների ընդհանուր թվի պարզ մեծամասնությամբ, այսինքն՝ առնվազն վեց կողմ ձայներով, քանզի ԲԴԽ-ն, Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ կազմված է տասն անդամից: Մինչդեռ Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված կարգավորման գործողության ուժով դատավորը կարող է կարգապահական պատասխանատվության ենթարկվել, արդյունքում՝ նրա լիազորություններն էական կարգապահական խախտման հիմքով կարող են դադարեցվել Խորհրդի համապատասխան որոշմանը Խորհրդի հինգ անդամի կողմ քվեարկելու դեպքում:           Այդ առնչությամբ Սահմանադրական դատարանը փաստել  է, որ Բարձրագույն դատական խորհրդի ՝ տասն անդամից կազմված լինելու վերաբերյալ սահմանադրական դրույթի գործողության պայմաններում Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունում գործածված «խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը» ձևակերպումը չի տեղավորվում «մեծամասնություն» եզրույթի ներքո:

Տվյալ դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությունը վերաբերում է Խորհրդի՝ որպես դատարան հանդես գալու լիազորությունների իրականացմամբ որոշումների ընդունմանը, ինչն ավելի է ընդգծում վերոնշյալ օրենսդրական կարգավորման՝ սահմանադրականության առումով խնդրահարույց լինելը՝ առավել ևս այն պայմաններում, երբ Բարձրագույն դատական խորհրդի ՝ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան՝ դատարանակազմական լիազորություններ իրականացնելիս որոշումների ընդունման համար պահանջվում է Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը:

Սահմանադրական դատարանը նկատել է, որ Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի թեկնածուի հավակնորդին համապատասխան ցուցակ ներառելու մասին կայացվող որոշումներն այս ատյանի ձևավորման վերը նշված նպատակին համահունչ կայացնելու համար օրենսդրի կողմից իրավացիորեն ընտրվել է որոշումների կայացման ձայների այնպիսի քանակ, որն ապահովի պետական իշխանության երկու ճյուղերից ընտրված Բարձրագույն դատական խորհրդի անդամների համաձայնությունը, ինչը, տվյալ դեպքում Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունն է՝ առնվազն 6 ձայն։ Սա բխում է դատական իշխանության ձևավորման՝ ներառյալ դատավորներ նշանակելու ընթացակարգի բաղադրիչ համարվող մասերին վերաբերող որոշումներին առաջադրվող ժողովրդավարական լեգիտիմության պահանջից։[7]

Հաշվի առնելով ողջ վերոգրյալը՝ Սահմանադրական դատարանը գտնել է, որ Օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի առաջին նախադասությամբ ամրագրված այն կարգավորումը, որին համապատասխան՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին Խորհրդի որոշման ընդունման համար սահմանված է ձայների այնպիսի շեմ, ինչպիսին է Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը, Բարձրագույն դատական խորհրդի կողմից դատավորի նկատմամբ «էական կարգապահական խախտման հիմքով լիազորությունների դադարեցում» կարգապահական տույժի կիրառմամբ համապատասխան որոշման՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամների հինգ կողմ ձայներով ընդունման պայմաններում, հանգեցնում է Բարձրագույն դատական խորհրդի որոշման ժողովրդավարական լեգիտիմության բարձր գործակից չապահովելու առումով անձի՝ հանրային ծառայության անցնելու հիմնական իրավունքի ոչ իրավաչափ սահմանափակման, հետևաբար՝ համահունչ չէ Սահմանադրության 49-րդ հոդվածին՝ 75-րդ հոդվածի հետ համակցության մեջ, ինչպես նաև 164-րդ հոդվածի 1-ին մասին, 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերին, 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին և 2-րդ մասին:

Նույն որոշմամբ, Սահմանադրական դատարանը հաշվի առնելով իրավական անվտանգությունը չխաթարելու անհրաժեշտությունը՝ Սահմանադրության 170-րդ հոդվածի 3-րդ մասին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 68-րդ հոդվածի 9-րդ մասի 4-րդ կետին, 19-րդ մասին և 69-րդ հոդվածի 13-րդ մասին համապատասխան` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ Սահմանադրական դատարանի սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին կետով՝ դրանում նշված օրենսդրական կարգավորման մասով, Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթի իրավական ուժը կորցնելու վերջնաժամկետ սահմանել 2025 թվականի հուլիսի 1-ը՝ հնարավորություն ընձեռելով Ազգային ժողովին այն համապատասխանեցնելու սույն որոշմանը:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվող կարգավորմամբ նախատեսվում է Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը համապատասխանեցնել Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 22-ի ՍԴՈ-1780 որոշմանը:

 

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում Դատական օրենսգրքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությունը կհամապատասխանեցվի  Սահմանադրական դատարանի 2025 թվականի ապրիլի 22-ի ՍԴՈ-1780 որոշմանը:

 

5. Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը  բացակայում է և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում չեն սպասվում փոփոխություններ:

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է:

 

[1] «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին նախադասությամբ սահմանվում է. «Դատավորին և Բարձրագույն դատական խորհրդի անդամին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու, իր լիազորությունների իրականացման կապակցությամբ դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի անդամի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին Բարձրագույն դատական խորհրդի որոշումներն ընդունվում են խորհրդակցական սենյակում՝ բաց քվեարկությամբ՝ նիստին մասնակցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, եթե որոշմանը կողմ է քվեարկել խորհրդի անդամների ընդհանուր թվի առնվազն կեսը:

[2] Սահմանադրության 49-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր քաղաքացի ունի ընդհանուր հիմունքներով հանրային ծառայության անցնելու իրավունք: Մանրամասները սահմանվում են օրենքով:»

[3] Սահմանադրության 75-րդ հոդվածի համաձայն՝ «Հիմնական իրավունքները և ազատությունները կարգավորելիս օրենքները սահմանում են այդ իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր:»:

[4] Սահմանադրության 164-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Արդարադատություն իրականացնելիս դատավորն անկախ է, անաչառ և գործում է միայն Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան:»:

[5] Սահմանադրության 174-րդ հոդվածի 1-3-րդ մասերի համաձայն՝ «1. Բարձրագույն դատական խորհուրդը կազմված է տասն անդամից:

  1. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է դատավորների ընդհանուր ժողովը՝ դատավորի առնվազն տասը տարվա փորձառություն ունեցող դատավորների կազմից: Բարձրագույն դատական խորհրդում պետք է ընդգրկվեն դատավորներ բոլոր ատյանների դատարաններից: Դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատարանի նախագահ կամ Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ:
  2. Բարձրագույն դատական խորհրդի հինգ անդամներին ընտրում է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, ընտրական իրավունք ունեցող, բարձր մասնագիտական որակներով և մասնագիտական աշխատանքի առնվազն տասնհինգ տարվա փորձառությամբ իրավաբան գիտնականների և այլ հեղինակավոր իրավաբանների թվից: Ազգային ժողովի կողմից ընտրված անդամը չի կարող լինել դատավոր:

[6] Սահմանադրության 175-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ « Բարձրագույն դատական խորհուրդը`լուծում է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը»,  իսկ 2-րդ մասի համաձայն՝ «ատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հարց քննարկելու, ինչպես նաև Դատական օրենսգրքով սահմանված այլ դեպքերում Բարձրագույն դատական խորհուրդը հանդես է գալիս որպես դատարան:»:

[7] Սահմանադրական դատարանի 2021 թվականի հունիսի 10-ի ՍԴՈ-1598 որոշում

  • Քննարկվել է

    13.05.2025 - 28.05.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն

  • Գերատեսչություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1675

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: