Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ

                              

     1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

      ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված գործառույթները՝ միջին ռիսկայնության աստիճանի որոշ օբյեկտների, մասնավորապես, 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող շինությունների կառուցման նպատակով նախագծային փաստաթղթերի մշակման, համաձայնեցման և հաստատման, շինարարության թույլտվության և ավարտական ակտի տրամադրման գործընթացն ու համայնքների կողմից ծանրաբեռնվածությունն հաճախ առիթ են ստեղծում քաղաքացիների կողմից վերոհիշյալ թույլտվությունների ստացման համար բախվել ավելորդ վարչարարության և գործընթացի ժամկետների խախտման հետ։

      Նշված խնդիրներից խուսափելու նպատակով կառուցապատողները նախընտրում էին իրականացնել ինքնակամ շինարարական աշխատանքներ և հետագայում դիմել համայնքներ՝ ինքնակամ շինությունն օրինականացնելու համար։

     2021 թվականի դեկտեմբերի 16-ին Ազգային ժողովի կողմից «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-397-Ն օրենքի և հարակից օրենքների ընդունմամբ արգելվել է օրենքի ուժի մեջ մտնելուց հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը, սակայն կառուցապատման թույլտվությունների տրամադրման հետ կապված վերը նշված խնդիրները չեն վերացել և իրավացիորեն առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը։

     Հաշվի առնելով վերոգրյալը` առաջարկվում է ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ (այսուհետ նաև` Որոշում) սահմանել 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող շինությունների օբյեկտների նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման պարզեցված կարգ։

 

         2. Առաջարկվող կարգավորման բնույթը

          «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ` Նախագիծ) առաջարկվում է Որոշմամբ նախատեսել միջին ռիսկայնության աստիճանի անհատական բնակելի տների և դրանց օժանդակ շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման պարզեցված կարգ։

        Առաջարկվող փոփոխությունների ընդունման դեպքում ակնկալվում է մեծապես դյուրինացնել քաղաքացիների կողմից շինարարական գործունեության իրականացումը։

Նախագծով առաջարկվում է նախատեսել որ ․

  • կառուցապատողին սեփականության կամ կառուցապատման իրավունքով պատկանող առնվազն 400 քառ․ մետր մակերեսով հողամասի վրա 300 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող` մինչև երկու վերգետնյա և մեկ ստորգետնյա հարկ ունեցող ոչ ձեռնարկատիրական նպատակով (բացառությամբ պետական, համայնքային կամ բարեգործական ծրագրերի շրջանակներում իրականացվող) կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատների, մենատների) և դրանց օժանդակ նշանակության 50 քառ. մետր ընդհանուր մակերեսը չգերազանցող շինությունների կառուցման դեպքում շինարարական աշխատանքները կատարվելու են միայն այդ մասին համայնքին ծանուցելուց հետո՝ նախագծային փաստաթղթերի և նախագծային աշխատանքների կապալառուի գրավոր երաշխավորագրի և այլ տեղեկությունների (փաստաթղթերի) առկայությամբ, առանց կառուցապատման թույլտվությունների տրամադրման․
  • աշխատանքը թողարկող նախագծողի երաշխավորագրով է հավաստվելու նախագծային փաստաթղթերի համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին։ Վերջինս իրականացնելու է նաև հեղինակային հսկողությանը վերապահված գործառույթները։ Շինարարության որակի տեխնիկական հսկողությունը փոխարինվում է տեխնիկական հետազննության եզրակացությամբ։
  • շինարարական օբյեկտի տարածքում չորս տարբեր ճակատներում առնվազն երկու մեգապիկսել հզորությամբ տեսախցիկների տեղադրման պարտականություն կառուցապատողի համար և հասանելիության ապահովում (հղման տրամադրմամբ) համապատասխան համայնքի և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի համար․
  • առանց ծանուցման կամ առանց ծանուցմանը կից տրամադրման ենթակա տեղեկությունների ներկայացման իրականացվող շինարարական աշխատանքները համարվելու են ինքնակամ կատարված։

       Նախագծով նախատեսվել են նաև օբյեկտի ավարտը և շահագործման ենթակա լինելու, ոչ էական շեղումներով կառուցված լինելու փաստերը հավաստելու առանձնահատկություններ և այլն։

 

 

      3.Կարգավորման նպատակը, ակնկալվող արդյունքը.

      Նախագծի հիմնական նպատակն է նախատեսել նոր իրավակարգավորումներ՝ ուղղված միջին ռիսկայնության աստիճանի (II կատեգորիա) ոչ ձեռնարկատիրական նպատակով կառուցվող անհատական բնակելի տների (առանձնատները, մենատները) և դրանց օժանդակ նշանակության շինությունների նախագծային փաստաթղթերի մշակման, շինարարական աշխատանքների իրականացման և ավարտված շինարարության շահագործման փաստագրման ընթացակարգի պարզեցմանը:

      Նախագծի ընդունման արդյունքում․

  • քաղաքացիներին հնարավորություն կընձեռվի առանց ավելորդ վարչարարության և քաշքշուկների, լիցենզավորված կազմակերպության (համապատասխան հավաստագիր ունեցող ճարտարապետի) կողմից սահմանված կարգով կազմված նախագծային փաստաթղթերի և նախագծով նախատեսված այլ փաստաթղթերի առկայությամբ իրականացնել շինարարական աշխատանքներ․
  • կթեթևանա համայնքապետարանների աշխատակիցների ծանրաբեռնվածությունը, կխնայվեն վարչական ռեսուրսները։

 

 

      4.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

      Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

 

      5.Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության, պետական և համայնքների բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

      Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Համայնքների բյուջեներում կառաջանան եկամուտների նվազեցումներ։

 

     6.Այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության կամ բացակայության մասին

      Նախագծի ընդունմամբ պայմանավորված այլ իրավական ակտերի ընդունման կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու  անհրաժեշտություն չի առաջանում:

    7.«Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

    Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի Քաղաքաշինության կոմիտե բաժնի 3.2-րդ կետից: Իրատեսորեն գնահատելով քաղաքաշինության բնագավառում առկա իրավիճակը՝ Կառավարությունը նախատեսում է բնագավառի օրենսդրական և նորմատիվային դաշտի բարելավման, քաղաքաշինության բնագավառում իրականացվող գործունեությունների և թույլտվությունների տրամադրման համակարգերի առավելագույնս պարզեցում, ինչպես նաև թվայնացման, քաղաքաշինական օբյեկտների վերաբերյալ տեղեկատվական համակարգերի ներդրման միջոցով ստեղծել նախադրյալներ առկա խնդիրները լուծելու (ընթացակարգերի պարզեցում, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացում, վերահսկողական մեխանիզմների բարելավում) և հետագա զարգացումներն ապահովելու համար:

 

  • Քննարկվել է

    08.05.2025 - 23.05.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Գերատեսչություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2948

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: