ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2018 թվականի N -Ն
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Կառավարությունը որոշում է.
- Սահմանել Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն N 1 հավելվածի.
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018թ.
------- թիվ ------ Ն որոշման
ԿԱՐԳ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
- Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմված է հանձնաժողովի նախագահից, չորս անդամից և քարտուղարից:
- Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վարչապետը:
- Հանձնաժողովը հասարակական հիմունքներով մշտապես գործող մարմին է:
- Հանձնաժողովը քննարկում է այն հանրագրերը, որոնք ենթակա չեն որևէ նախարարության իրավասությանը:
- Եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որևէ նախարարության իրավասությանը, ապա վարչապետի աշխատակազմը հանրագիրը և կից փաստաթղթերը ոչ ուշ, քան դրանք ստանալուն հաջորդող աշխատանքային օրը ուղարկում է Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողով:
- Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
- Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
- Հանձնաժողովի նիuտերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին:
- Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
- Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը,
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը և ժամը,
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք,
4) անհրաժեշտության դեպքում հանրագրի քննարկումներին ներգրավում է մասնագետների,
5) հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարում է հանձնաժողովի անդամներից մեկին,
6) վարչապետի աշխատակազմին տեղեկացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին,
7) կազմակերպում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները,
8) ստորագրում է հանձնաժողովի որոշմամբ ընդունված հանրագրի պատասխանը, գրությունը, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը
9) իրականացնում է սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Հանձնաժողովի անդամը՝
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին,
2) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ վարում է հանձնաժողովի նիստը,
3) հանրագրի պատասխանի նախագծերը քննարկելուց հետո մասնակցում է քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ,
4) իրականացնում է սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը,
2) հանձնաժողովի նիստի անցկացման օրվա և ժամի մասին ծանուցում է հանձնաժողովի անդամներին նիստից 3 օր առաջ,
3) կազմում նիստերի արձանագրություններ,
4) իրականացնում է սույն կարգով իրեն վերապահված այլ լիազորություններ:
- Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ, այդ թվում` չի մասնակցում քվեարկությանը:
- Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում նրա հանձնարարությամբ հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:
- Հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է տվյալ հարցով զեկուցող և հանրագիրն ուղարկում է հանձնաժողովի անդամներին: Հանձնաժողովի նախագահը և անդամները հանրագիրն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, ներկայացնում են հանրագրի պատասխանի նախագիծ:
- Եթե սույն կարգի 15-րդ կետում սահմանված ժամկետում հանրագրի պատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը մեկ շաբաթվա ընթացքում մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում զեկուցողը:
- Հանրագրի պատասխանի նախագիծ մշակած հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստից առնվազն մեկ օր առաջ այն տրամադրում է հանձնաժողովի անդամներին:
- Ներկայացված նախագծերը քննարկվում են հետևյալ կարգով`
1) նախագծերը քվեարկության են դրվում ըստ ներկայացման հաջորդականության.
2) եթե քվեարկության է դրվել մեկ նախագիծ, ապա այն ընդունված է համարվում, եթե ստացել է հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը.
3) եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից է դրվում քվեարկության.
4) եթե քվեարկության է դրվել երկուսից ավելի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության են դրվում առավել շատ ձայներ ստացած երկու նախագծերը.
5) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը.
6) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով և հավասար քանակությամբ ձայներ, ապա հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
- Հանձնաժողովն իր նիստերը պետք է կազմակերպի այնպես, որ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում ապահովվի հանրագրի պատասխանի ներկայացումը հանրագիր ներկայացրած անձին:
- Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը երկու աշխատանքային օրվա ընթացքում ուղարկում է վարչապետի աշխատակազմ:
- Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Նիստի արձանագրության մեջ նշվում են օրակարգը, հանրագրի պատասխանի նախագծերի, ելույթների հակիրճ նկարագրությունը, քվորումի և քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն:
-
Քննարկվել է
06.04.2018 - 27.04.2018
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն
-
Նախարարություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 7991
Տպել