Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2025-2030ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

60%40%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԽԹԱՆՄԱՆ 2025-2030ԹԹ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

«Հայաստանի Հանրապետության արտահանման խթանման 2025-2030թվականների ռազմավարությունը  և դրա կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը  հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է վերջին տարիներին արտահանման խթանման ոլորտի պետական քաղաքականության ուղենիշային ռազմավարության  բացակայությամբ։ Նախագիծը նպատակ ունի սահմանել Հայաստանի արտահանման նոր ռազմավարությունը (այսուհետ՝ Ռազմավարություն)՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի «5․1 ՀՀ արտահանման ռազմավարության և կից ճանապարհային քարտեզի մշակում և իրականացում» միջոցառումը։

2Առաջարկվող կարգավորման բնույթը

Արտահանման խթանման 2025-2030 թվականների ռազմավարությունը  սահմանում է արտահանման խթանման  զարգացման տեսլականը և դրան հասնելու արդյունավետ ճանապարհը։ Ծրագրի հիմքում ընկած է համապարփակ վերլուծական աշխատանք, որի շրջանակներում կատարվել է`

  • Տնտեսության միտումների վերլուծություն, որի շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն Հայաստանի տնտեսության՝ ՀՆԱ-ի, արտաքին առևտրի, աշխատանքի արտադրողականության, զբաղվածության և մի շարք այլ կարևոր բաղադրիչների վերաբերյալ: Ի լրումն` խորքային հետազոտություն է իրականացվել Հայաստանի արտաքին առևտրի ծավալների, աճի տեմպերի, ապրանքային ու շուկաների կառուցվածքի, տնտեսական բարդության, կենտրոնացվածության և պատմական ու ընթացիկ միտումների վերաբերյալ: Ուսումնասիրությունների արդյունքում հնարավոր է եղել վեր հանել Հայաստանի արտահանման և դրանից բխող տնտեսական աճի ռիսկերը։
  • Հայաստանի արտահանման մարտահրավերների վերլուծություն, որի արդյունքում խորքային հարցազրույցների, ֆոկուս խմբային քննարկումների միջոցով վեր են հանվել այն հիմնարար խնդիրները, որոնք կարող են խոչընդոտել կամ հընթացս խոչընդոտում են արտահանման կայուն և շարունակական աճը:
  • Արտահանման քաղաքականության քարտեզագրում և արդյունավետության ուսումնասիրություն, որի շրջանակում վերլուծության են ենթարկվել արտահանմանն առնչվող քաղաքական փաստաթղթերը, արտաքին առևտրին վերաբերող օրենսդրական կարգավորումները, արտահանումը խթանող մեխանիզմների ու ենթակառուցվածքների որակը, շուկաներին լոգիստիկ հասանելիությունը, աշխարհաքաղաքական միտումները և մարտահրավերները:
  • Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրություն, որի շրջանակներում բացահայտվել են արտահանման քաղաքականության այն արդյունավետ գործիքակազմերը և ռազմավարությունները, որոնք կարող են կիրառվել Հայաստանում: Նշյալ ուսումնասիրության մեջ ներառվել են ինչպես զարգացած տնտեսություն ունեցող երկրներ, օրինակ` Գերմանիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի, Միացյալ Թագավորության, այնպես էլ Հայաստանի հետ զարգացման մակարդակով համադրելի` վերին միջին եկամտային ենթախմբի տնտեսությունների փորձը, օրինակ` Սլովենիայի, Կոստա Ռիկայի ու Մալայզիայի։

Արտահանման ոլորտում պետական քաղաքականության տեսլականն է արտահանման վրա հիմնված տնտեսական աճի խթանման միջոցով նպաստել երկրի բնակչության բարեկեցության աճին և տնտեսության կայուն զարգացմանը։

Տեսլականի իրագործման համար սահմանվել են հետևյալ ռազմավարական նպատակները.

  • Տնտեսական աճի ու մրցունակության համար նպաստավոր միջավայրի ստեղծում՝ միջազգային առևտրային հարաբերությունների խթանման և երկրի գործարար միջավայրի բարելավման միջոցով
  • Աշխարհագրական դիրքից բխող ռազմավարական առավելությունների ձեռքբերում՝ ենթակառուցվածքների զարգացման, գործընկերության հաստատման և նորարարական ապրանքների ու լոգիստիկ լուծումների ներդրման միջոցով
  • Արտահանման աճի խթանում՝ ազգային արտահանողների առևտրային ներուժի բարձրացման և բարդ ապրանքների ու ծառայությունների զարգացման խթանման միջոցով
  • Արտաքին շուկաների և ապրանքների դիվերսիֆիկացում՝ հնարավորությունների ընդլայնման, դիմակայունության ու կենսունակ տնտեսական միջավայրի համար ամուր հիմքեր ստեղծելու միջոցով
  • Արտահանման դիմակայուն էկոհամակարգի ստեղծում՝ արտահանման խթանման ծրագրերի ներդրման և համապատասխան ֆինանսական ու ոչ ֆինանսական ենթակառուցվածքների ձևավորման միջոցով

Ելնելով ներկայումս Հայաստանի արտահանման առջև ծառացած մարտահրավերներից և այն ուղղություններից, որոնք սահմանված են որպես առաջնահերթություն Հայաստանի արտահանման համար, Ռազմավարությունը առանձնացնում է հետևյալ գերակայությունները`

  • Արտահանման վրա հիմնված տնտեսական աճի ապահովում,
  • Արտահանման նկատմամբ համապարփակ և համազգային մոտեցման ձևավորում,
  • Արտահանման հանդեպ նորարարական և տեխնոլոգիական մոտեցման զարգացում,
  • Բարձր ավելացված արժեքով և ավելի քիչ ծախսատար ապրանքների արտահանման խթանում:

Արտաքին առևտրի ոլորտում պետության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման նպատակով սույն Ռազմավարության շրջանակում նախանշվում են գործողություններ ըստ արտահանման աճին նպաստող հետևյալ հիմնասյուների․

  • Արտահանմանը նպաստող և մրցունակ միջավայրի ապահովում,
  • Ենթակառուցվածքների զարգացում և լոգիստիկ հասանելիության ապահովում,
  • Արտահանողների և նրանց կարողությունների զարգացում,
  • Շուկաների և հաճախորդների ընդլայնում,
  • Արտահանման խթանում և ֆինանսավորում։

3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի  նախարարության կողմից։

  1. Ակնկալվող արդյունքը

Ռազմավարության իրականացման արդյունքում մինչև 2030 թվականը նախատեսվում են հետևյալ ազդեցության ցուցանիշները՝

  • Բարձրացնել Առևտրի դյուրացման արդյունավետության ցուցանիշը (ՏՀԶԿ)` 2022 թվականի 1.44-ից հասցնելով մինչև 1.80-ի 2030 թվականին:
  • Խթանել Առևտրի ազատության ինդեքսի բարձրացմանը, այն 2024 թվականի 64.9 միավորից դարձնելով մինչև 73 միավոր 2030 թվականին: 
  • Բարելավել Լոգիստիկ արդյունավետության ինդեքսը` 2023 թվականի 2.5-ից մինչև 2030 թվականն այն հասցնելով մինչև 3-ի:
  • Արտահանողների բավարարվածության գնահատականի դրական փոփոխությունը 2024 թվականի համեմատ 2030 թվականին հասցնել մինչև 50%-ի:
  • Բարելավել արտահանող ընկերությունների միջին աշխատավարձի աճի և մասնավոր ընկերությունների միջին աշխատավարձերի աճի համամասնությունը` այն 2024 թվականի -0.3%-ից 2030 թվականին հասցնելով մինչև 3.2%-ի:
  • Խթանել արտահանող կազմակերպությունների քանակի ավելացումը` դրանց թիվը 2023 թվականի 272-ից 2030 թվականին հասցնելով մինչև 440-ի:
  • Նվազեցնել Հայաստանի արտահանման շուկաների կենտրոնացածության Հերֆինդալ-Հիրշմանի ինդեքսը` այն 2024 թվականի 2752-ից 2030 թվականին հասցնելով մինչև 727-ի:
  • Առաջնահերթ շուկաներում նոր արտահանողների թիվը մինչև 2030 թվականը հասցնել մինչև 50-ի:
  • Բարելավել արտահանման խթանման ծախսերի և տեղական արտահանման տարեկան հավելաճի (դոլարային արտահայտությամբ) հարաբերակցության ցուցանիշը` 0.27-ից հասցնելով այն 4.18-ի 2030 թվականին:

 

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

Նախագծով հաստատվող Ռազմավարաական ծրագրի  ընդհանուր ֆինանսական արժեքը մինչև  2030 թվականը գնահատվել է 126,5 մլրդ ՀՀ դրամ:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ռազմավարությունը նախանշում է Հայաստանի արտահանման ոլորտում առաջիկա 6 տարիների նախատեսվող բարեփոխումների շրջանակը և ուրվագծում է արտահանման վրա հիմնված տնտեսական քաղաքականության հենասյուները: Այն փոխկապակցված է Հայաստանում գործող և արտահանման ոլորտին ուղղակի կամ անուղղակի կերպով առնչվող մի շարք քաղաքականությունների հետ, որոնց առանցքը կազմում են 3 ծրագրային փաստաթղթեր` Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը, ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագիրը և Զբաղվածության 2024-2030 թվականների ռազմավարական ծրագիրը:

Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարություն. սույն փաստաթղթով նախանշվող առաջիկա 10 տարվա ընթացքում իրականացվելիք 16 կարևորագույն մեգանպատակներից 7-րդը` «Մշակված արտադրանքի զանգվածային արտահանում»-ը, ենթադրում է «կայացնել բարձր ավելացված արժեքով, մրցունակ վերջնական արտադրանք և զանգվածային նոր աշխատատեղեր ստեղծող, արտաքին շուկաներում ընդլայնվող և այդ շուկաների փոփոխվող պահանջներին արձագանքող մշակող արդյունաբերություն»: Նշված դրույթներն արտացոլվում են Ռազմավարության արդյունքային շրջանակում, և  ռազմավարական նպատակների, ծրագրերի ու միջոցառումների միջոցով, միտված են նշյալ հիմնարար նպատակների իրագործմանը:

ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագիր. ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի շրջանակներում արձանագրվում է հետևյալ դրույթը. «Միջազգային մրցունակության ավելացման ուղին է լինելու արտահանմանը միտված, գիտելիքահենք և ներառական տնտեսության ձևավորումը»: Բացի այդ, ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության նպատակներից մեկն է արտահանումը խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը, որոնք Ռազմավարության գլխավոր սկզբունքներն են հանդիսանում: Հարկ է նշել, որ Ռազմավարության շրջանակներում սահմանված նպատակների իրագործումը մեծապես կնպաստի ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հիմնական թիրախների իրականացմանը, որոնց թվում են` իրական ՀՆԱ-ի միջին տարեկան աճ առնվազն 7%, համախառն գործոնային արտադրողականության տարեկան աճ առնվազն 5%, ինչպես նաև 10%-ից ցածր գործազրկության մակարդակ:

Զբաղվածության 2024-2030թթ. ռազմավարական ծրագիր. Զբաղվածության 2024-2030թթ․ ռազմավարական ծրագիրը` դրա շրջանակներում ուրվագծված տարաբնույթ կարևորագույն նպատակների համատեքստում նախանշում է արդյունաբերական գոտիների ստեղծումը, որոնք խաչվող թեմա են վերջինիս և  Ռազմավարության համար։ Արտահանման խթանման և Զբաղվածության ռազմավարություններում կան դրույթներ, որոնք խթանում են արդյունաբերական գոտիների ստեղծումը և տնտեսական գործունեությունը: Այդ գոտիներում ստեղծվելիք ապրանքը հիմնականում նախատեսված է արտահանման համար, ինչն էլ կապող օղակ է հանդիսանում Արտահանման խթանման և Զբաղվածության ռազմավարությունների միջև, և որի շնորհիվ երկու ռազմավարությունների դրույթները փոխլրացնում են միմյանց:

  • Տևողություն

    31.03.2025 15.04.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Տնտեսական

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 530

Տպել

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: