Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

40%60%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-Ի N 1287ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հուլիսի 11-ի N 746-Ա որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետի համաձայն մշակվել և 2023 թվականի նոյեմբերի 7-ին Կառավարություն է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ նաև Նախագիծ)։ Նախագիծը քննարկվել է սոցիալական նախարարական կոմիտեի 2023 թվականի դեկտեմբերի 20-ի նիստում, սակայն, հաշվի առնելով քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարների հետ գանձմանն առնչվող դրույթների վերաբերյալ առկա տարաձայնությունները, Նախագիծը հանվել է օրակարգից: Միաժամանակ փոխվարչապետ պարոն Մ․ Գրիգորյանը հանձնարարել է համապատասխան կարգավորումները նախատեսել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում, իսկ լրամշակված նախագիծը ևս մեկ անգամ քննարկել շահագրգիռ մարմինների հետ:

Փոխվարչապետ պարոն Մ․ Գրիգորյանի հանձնարարականի համաձայն «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 25-րդ հոդվածում նախատեսվեցին փոփոխություններ՝ սահմանելով պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ միանվագ արձակուրդային վճարի տրամադրմանը վերաբերող կարգավորումներ: Օրենքի նախագիծն Ազգային ժողովի կողմից ընդունվեց 2024 թվականի դեկտեմբերի 4-ի նիստում (04.12.2024թ. ՀՕ-521-Ն օրենք):

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման լրամշակված նախագծով առաջարկվում են արձակուրդի տրամադրման գործընթացը թվայնացնելուն (քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով իրականացնելու), իրավակիրառ պրակտիկայում առաջ եկած որոշ խնդիրների լուծելուն, Կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման դրույթները «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մայիսի 3-ի ՀՕ-160-Ն օրենքի 81-րդ հոդվածի 7-րդ կետի դրույթների, ինչպես նաև «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-521-Ն օրենքի 11-րդ և 14-րդ հոդվածներով նախատեսված դրույթների համապատասխանեցմանն ուղղված փոփոխություններ:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով մասնավորապես առաջարկվում է հստակեցնել քաղաքացիական ծառայողի ամենամյա արձակուրդի տրամադրումն այն դեպքերում, երբ քաղաքացիական ծառայողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի (չօգտագործված մասի) օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում։ Այս պարագայում, նախատեսվում է, որ քաղաքացիական ծառայողին ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը կարող է որոշվել համապատասխան պաշտոնատար անձի կողմից, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին անհատական իրավական ակտն` ընդունվել առանց քաղաքացիական ծառայողի համապատասխան դիմումի:

Առաջարկվում է սահմանել նաև մինչև համապատասխան աշխատանքային տարվա ավարտը քաղաքացիական ծառայողին պաշտոնից ազատելու կամ լիազորությունների դադարեցման դեպքում տրամադրված արձակուրդի համար վճարված գումարները հետ գանձելուն վերաբերող կարգավորումներ, ինչպես նաև նախատեսվում է դրույթ այն քաղաքացիական ծառայողների արձակուրդի տրամադրման վերաբերյալ, որոնց 65 տարին լրանալու է տվյալ աշխատանքային տարում: Նախագծով հստակեցվում է նաև աշխատանքային տարվա հասկացությունը՝ հիմք ընդունելով «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված առանձնահատկությունները, ինչպես նաև սահմանվում են աշխատանքային տարում ամենամյա արձակուրդի իրավունք տվող ժամանակահատվածները սահմանող դրույթներ: Միաժամանակ Նախագծով առաջարկվում է արձակուրդի տրամադրման գործընթացը կազմակերպել քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակով, իսկ համապատասխան անհատական իրավական ակտի ընդունումը՝ էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգով։

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման՝ քաղաքացիական ծառայողին արձակուրդ տրամադրելու կարգը և պայմանները սահմանող հավելվածում կնախատեսվեն դրույթներ, որոնք ուղղված են քաղաքացիական ծառայողների հանգստի իրավունքի ապահովմանը: Արձակուրդների տրամադրման գործընթացի թվայնացմամբ, կպարզեցվի արձակուրդների օրերի հաշվառման և տրամադրման ընթացակարգերը: 

 

  1. Տեղեկություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 15-ի N 1287-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների կամ ծախսերի փոփոխություն չի սպասվում:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2023 թվականի հուլիսի 11-ի N 746-Ա որոշման հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 5-րդ կետից։

  • Տևողություն

    28.03.2025 14.04.2025
  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքացիական ծառայություն

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 430

Տպել

Առաջարկներ`

Ան Հակոբյան

02.04.2025

Ամենամյա արձակուրդի տրամադրման ժամանակահատվածը համապատասխան պաշտոնատար անձի կողմից որոշելու դրույթը հակասում է մարդու իրավունքներին: Ժամանակացույցի ներկայացումը հարթակով ավելորդ քաշքշուկ է ինչպես շարքային քաղ. ծառայողների, այնպես էլ ղեկավարների համար: Առաջարկում եմ հանել այս դրույթները

Տեսնել ավելին

Թողնել առաջարկ

Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և հետո:

Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:

Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: