Գեղեցիկ Վարդանյան
05.04.2025
Նախագծում ապահովել ասպիրանտուրայի տեղերի բաշխման ավելի արդար և թափանցիկ մեխանիզմ՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները և բարձր գնահատված գիտական կառույցների մասնագիտական ներուժը։
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2025/2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՏԵՂԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԲԱՇԽՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը և դրանց բաշխումը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծն (այսուհետ՝ Նախագիծ) ընդունվում է Կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ, 28-րդ հոդվածի 6-րդ մասերին և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:
Բուհերի կամ գիտական կազմակերպությունների ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորատորիաները բարձր որակավորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախոսական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/, առկա և հեռակա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:
ՀՀ զինված ուժերի 2023-2027թթ. զարգացման պլանում նախատեսվել է ռազմական մասնագիտությունների գծով իրականացնել հետբուհական կրթական ծրագրով ընդունելություն և ուսուցում:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Հետբուհական կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների կրթության շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:
Առաջարկվող կարգավորման նպատակը ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով ապահովելն է:
Հայաստանի Հանրապետությունում 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերն՝ ըստ մասնագիտությունների ձևավորելիս հաշվի է առնվել.
1) հավանական գիտական ղեկավարների կողմից ներկայացված հայտերը (մինչև 2024 թվականի նոյեմբերի 8-ը գիտական թեմաների հավանական ղեկավարները Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի hesc.am համակարգի միջոցով ներկայացրել են հետազոտության ընդհանուր թեմայի վերաբերյալ հակիրճ տեղեկատվություն),
2) ապագա հետազոտության բովանդակությունը, ինչպես նաև հավանական գիտական ղեկավարի գիտաչափական տվյալները,
3) գերատեսչությունների ներկայացրած հայտերը,
4) բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների /ըստ հաստիքացուցակի/ թվաքանակը, տարիքային շեմը /65-ից բարձր/,
5) սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը,
6) նախորդ տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը (թափուր տեղեր, համալրված տեղեր),
7) մրցույթի արդյունքում թափուր տեղերի առաջացման պատճառները:
2023-2025 թվականների Միջնաժամկետ ծախսային ծրագրերով (ՄԺԾԾ) նախատեսվել է հատկացնել 235 անվճար տեղ, որից 200-ը առկա և 35-ը հեռակա ուսուցմամբ, ինչպես նաև ևս 35 տեղ նախատեսվում է միջպետական համաձայնագրի շրջանակներում ընդունելության համար:
Ռազմական գիտության կայացմանն ուղղված քաղաքականության համատեքստում կարևորվում է ասպիրանտական մակարդակում ռազմագիտական թեմաներով կրթական գործընթացի նախաձեռնումը, ինչը պաշտպանական-անվտանգային համակարգին և ԶՈւ Գլխավոր շտաբին հնարավորություն կընձեռնի ոլորտում գիտությունների թեկնածուի աստիճան հայցելու ցանկություն ունեցող զինծառայողներին հանձնարարել պաշտպանական-անվտանգային, ռազմաքաղաքական և ռազմական-ռազմավարական հնարավորությունների զարգացման համար տեսակիրառական կարևորություն ներկայացնող թեմատիկ հետազոտություններ:
Նախագծով նախատեսվում է հեռակա ուսուցման 1-ական անվճար տեղեր հատկացնել «Ի.00.01 Զինված ուժերի կառուցում, զորքերի կառավարում» և « Ի.00.02 Ռազմավարություն, օպերատիվ արվեստ, մարտավարություն» մասնագիտություններին:
Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման անկյունաքարային ոլորտներից մեկը գիտությունն է: Երիտասարդ կադրերին գիտության ոլորտում ներգրավելու նպատակով ներդրվել են մրցութային ծրագրեր, որոնց կարող են մասնակցել ասպիրանտուրայի սովորողները, սակայն վերջին տարիներին ասպիրանտուրա ընդունվողների թիվը նվազում է:
2024/2025 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 180 տեղերից համալրվել է 90-ը (50 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 90 տեղերից համալրվել է 35-ը (39 %-ը):
2023/2024 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 105-ը (69.5 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 15-ը (42.9 %-ը):
2022/2023 ուսումնական տարում առկա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 151 տեղերից համալրվել է 127-ը (84.1 %-ը), իսկ հեռակա ուսուցման ասպիրանտուրայի ընդունելության համար հատկացված ընդհանուր 35 տեղերից համալրվել է 19-ը (54.3 %-ը):
Հաշվի առնելով նախորդ տարիների ընդունելության արդյունքները, ինչպես նաև ներկայացված հայտերը՝ 2025/2026 ուսումնական տարվա ասպիրանտուրայի ընդունելության համար նախատեսվում է հատկացնել 178 անվճար տեղ, որից 144-ը առկա և 34-ը հեռակա:
Նախագծում ընդգրկված մասնագիտությունները և նրանց դասիչները համապատասխանում են Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկում ներառված մասնագիտություններին և նրանց դասիչներին:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն, Պաշտպանության նախարարություն, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, Էկոնոմիկայի նախարարություն, Գիտությունների ազգային ակադեմիա, բարձրագույն ուսումնական հաստատություններ:
4. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ կապահովվի անձի հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը՝ նպաստելով պետության համար առաջնահերթություն և կարևորություն ներկայացնող ոլորտներում հիմնարար ու կիրառական գիտական հետազոտություններ իրականացնելու նպատակով երիտասարդ մասնագետների ներգրավմանը, ինչպես նաև գիտության ոլորտում սերնդափոխությանը և գիտական ներուժի զարգացմանը:
5. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվող փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6. ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ներկայացումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի 4.4-րդ գլխով սահմանված գիտության ոլորտի բարեփոխմանը միտված «Գիտության ոլորտում աշխատողների որակավորման բարձրացում և երիտասարդ կադրերի ներգրավում» 2-րդ մասի ընդհանուր նպատակներից, ինչպես նաև ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» 86-րդ կետի 19 ենթակետից:
Տևողություն
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Կրթություն և գիտություն
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 487
Տպել05.04.2025
Նախագծում ապահովել ասպիրանտուրայի տեղերի բաշխման ավելի արդար և թափանցիկ մեխանիզմ՝ հաշվի առնելով ոլորտի զարգացման ռազմավարական առաջնահերթությունները և բարձր գնահատված գիտական կառույցների մասնագիտական ներուժը։
28.03.2025
Կարծում եմ ՀՀ կառավարության այս ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները (ֆիզիկամաթեմատիկական, քիմիական, կենսաբանական տեխնիկական, գյուղատնտեսական, բժշկական գիտություններ), ինչպես նաև բուհերի և գիտական կազմակերպությունների ամբիոնները համապատասխան մասնագետներով կապահովվի, որն էլ կնպաստի վերը նշված մասնագիտությունների զարգացմանը: Ցավոք, այս օրերին դպրոցները՝ հատկապես մարզային, ունեն այս մասնագետների կարիքը։ Առաջարկում եմ ոգևորել և նպաստել այս մասնագիտությունների զարգացմանը հատկապես մարզային դպրոցներում։
Թողնել առաջարկ
Դուք կարող եք թողնել մեկնաբանություն միայն կայքում գրանցվելուց և մուտք գործելուց հետո:
Ձեր մեկնաբանությունը կհրապարակվի կայքի ադմինիստրատորի հաստատումից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում:
Ներկայացված առաջարկները կարող եք տեսնել Ամփոփաթերթ բաժնում: