Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

43%57%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 201-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը։ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի N 201-Լ որոշմամբ հաստատված Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) ծավալների ավելացման նպատակով բյուջետային երաշխիք տրամադրելու անհրաժեշտությամբ։

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Հանրապետության մսամթերքի շուկայում կարևորվում է սպանդանոցային սպանդի խրախուսումը, սպանդանոցային սպանդի ծավալների ավելացումը և սպանդանոցների որպես լոգիստիկ կենտրոնների կայացումը, որի արդյունքում ազգաբնակչությանը հնարվոր կլինի մատակարարել որակյալ և անվտանգ մսեղիք։

Կառավարության կողմից պարտադիր սպանդանոցային սպանդ իրականացնելու մասին որոշում կայացվելուց հետո տնտեսավարողները սպանդանոցների կառուցման նպատակով կատարել են զգալի ներդրումներ՝ վարկային միջոցների հաշվին ակնկալելով, որ  պարտադիր սպանդանոցային սպանդի իրականացման արդյունքում կունենան բավարար շրջանառություն և եկամուտներ, որով կսպասարկեն վարկային պարտավորությունները։ Սակայն պարտադիր սպանդանոցային սպանդ իրականացնելու մասին պահանջի ապահովման նկատմամբ ոչ հետևողական վերահսկողության արդյունքում վարկային պարտավորությունները չեն կատարվել, տնտեսավարողները հայտնվել են ֆինանսական դժվար կացության մեջ և ազատ գրավի առարկայի անբավարարության պատճառով հնարավորություն չեն ունեցել ներգրավել վարկային միջոցներ խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնելու համար:

Մյուս կողմից, գյուղացիական տնտեսությունների կողմից բուծվող կենդանիների մսեղիքը չունի ստանդարտ որակ և խնդիրներ են առաջանում դրանց իրացման հարցում։

Մսեղիքի որակական և անվտանգության ցուցանիշները բարելավելու և պահանջարկը մեծացնելու նպատակով անհրաժեշտ է սպանդանոցներին աջակցել մթերված կենդանիները բտելուց հետո սպանդի ենթարկելու և իրացնելու հարցում։

3. Կարգավորման նպատակը և բնույթը։ Նախագով առաջարկվում է սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների մթերումների (գնումների) նպատակով մինչև 2026 թվականի դեկտեմբերի 30-ը տրամադրել վարկեր՝ մինչև 1.5 տարի մարման ժամկետով, 9 տոկոսային կետով սուբսիդավորմամբ (տրամադրվող վարկերի առավելագույն տոկոսադրույք չի սահմանվում), իսկ վարկերի մայր գումարի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետը վարկը տրամադրելու պահից հաշվարկել ոչ ավելի, քան 6 ամիս:

Նախագծով վարկի գումարը հաշվարկվելու է սպանդանոցի մակերեսով՝ 1 քառ. մ մակերեսի համար ոչ ավելի, քան 0.2 մլն դրամ հաշվարկով։ Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկերի առավելագույն հանրագումարը՝ 20.0 մլն դրամ է:

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից՝ ոլորտի տնտեսավարողների առաջարկությունների հիման վրա։ Նախագծի մշակմանն այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

5. Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունման արդյունքում սպանդանոցների կողմից խոշոր եղջերավոր կենդանիների գնումներ իրականացնող տնտեսավարողներին հնարավորություն կտրվի օգտվելու բյուջետային երաշխիքի գործիքից։

Նախագիծը կնպաստի սպանդանոցային գործունեության ծառայություններ մատուցող շահառուների կողմից մթերումների կազմակերպմանը, հետագա գործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։ Այն նաև հնարավորություն կտա սպանդանոցներին եկամուտ ձևավորել ոչ միայն մորթ իրականացման ծառայությունից, այլև խոշոր եղջերավոր կենդանիների գնման, բտման և սպանդանոցային մորթի ու մատակարարման միջոցով։ Վերջինս կձևավորի նոր մշակույթ սպանդանոցային գործունեության ոլորտում։ Հատկանշական է, որ տվյալ ենթաուղղությունը կնպաստի նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը։

6. Ներկայացվող հարցի կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները։ Նախագծի ընդունման դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազում չի առաջանում։

Նախագծի շրջանառության մեջ դնելու նպատակահարմարության նպատակով շահագրգիռ կողմերի մասնակցության քննարկումների և ֆինանսկան կազմակերպությունների կողմից սպանդանոցների վարկունակության նախնական դիտարկումների արդյունքներով բյուջետային երաշխիքի համար կարող է դիմել շուրջ 10 շահառու։ Եթե յուրաքանչյուր շահառուի կողմից ներգրավվի առավելագույն՝ 20.0 մլն դրամի չափով վարկ, ապա բյուջետային երաշխիքների տրամադրման պահանջարկը կգնահատվի  շուրջ 140.0 մլն դրամ։  Այն դեպքում, եթե վարկը չմարելու ռիսկը գնահատենք 10%, ապա պետական բյուջեի վրա կարող է առաջանալ շուրջ 14.0 մլն դրամի պարտավորություն։

7. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ։ Նախագիծը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշումով հաստատված Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի Էկոնոմիկայի նախարարության բաժնի «9.4 Ագրոպարենային արտադրանքի իրացման և արտահանման խթանում» միջոցառման «Հումքի մթերման գործընթացին, կոնյակի ու կոնյակի սպիրտի արտահանմանն աջակցություն, ինչպես նաև գինեգործության ու կոնյակագործության արտադրության խթանման արդյունքում առաջիկա 5 տարիներին հումքի մթերման և թողարկվող արտադրանքի ծավալների ավելացում մինչև 50 %-ով» ակնկալվող արդյունքից (հղում՝ https://www.arlis.am/Annexes/6/2021_N1902hav.1.pdf, 226-րդ էջ)։

 

  • Քննարկվել է

    24.03.2025 - 10.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 764

Տպել