Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Մատչելի բնակարան զինծառայողներին» պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու և սպայական կազմի զինծառայողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելի տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները սահմանելու մասին

Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2018 թվականի N      -Ն

 

«ՄԱՏՉԵԼԻ ԲՆԱԿԱՐԱՆ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ  ԾՐԱԳԻՐԸ  ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՍՊԱՅԱԿԱՆ  ԿԱԶՄԻ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 65-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կա­ռա­­վարությունը որոշում է.

  1. Հաստատել «Մատչելի բնակարան զինծառա­յողներին» պետական աջակցության նպատա­կային ծրա­­­­գիրը` համաձայն N 1 հավելվածի:
  2. Սահմանել սպայական կազմի զինծառա­յողների կողմից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու կամ բնակելու տուն կառուցելու նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկա­վոր­ման կարգը և պայմանները` համաձայն N 2 հավելվածի:
  3. Սահմանել, որ ծրագրի շրջանակներում կառուցվող շենքերից բնակարանների բաշխման ու վաճառքի աշխատանքները Հայաստանի Հանրապետության անունից կազմակերպում եւ ղեկավարում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:
  4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` ապահովել`

1) Հայաստանի Հանրապետության անունից գործող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և համապատասխան կառուցապատողների հետ կառուցվելիք բազմաբնակարան շենքերից բնակարանների առուվաճառքի նախնական պայմանագրերի եւ համապատասխան կառուցապատվող հողամասերի գրավի պայմանագրի կնքումը` սույն որոշմամբ հաստատված կարգով սահմանված հիմնական պայմաններով.

2) Հայաստանի Հանրապետության անունից գործող` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ ծրագրի վարկատուների հետ սույն որոշմամբ հաստատված կարգով նախատեսված համապատասխան համաձայնագրերի կնքումը:

 

 

 

 

Հավելված N 1 
ՀՀ կառավարության 20___  թվականի
_________ ___-ի N ______   որոշման

 

 

«ՄԱՏՉԵԼԻ  ԲՆԱԿԱՐԱՆ   ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻՆ» ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԾՐԱԳԻՐԸ

 

 1. ԾՐԱԳՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. «Մատչելի բնակարան զինծառայողին» պետական աջակցության ծրագիրը (այսու­հետ` ծրագիր) նպատակաուղղված է իրավական, ֆինանսական և կազմա­կերպ­չական հա­­­­­­մապատաս­խան մեխանիզմների ներդրման միջոցով աջակցել սպայական կազմի զինծառա­յողների բնակարանային ապահով­ման խնդրի լուծմանը` ապահովելով բնակա­րանի ձեռքբեր­ման համար անհրա­ժեշտ ֆինանսավորման մատչելի պայմաններ:
  2. Ծրագրում կիրառվող հասկացություններն ունեն հետևյալ իմաստները`

      1) համապատասխան մարմին` Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարություն, ոստիկա­նություն, ազգային անվտան­գության ծառայություն և  արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն,

      2) պատասխանատու ստորաբաժանում՝ համապատասխան մարմնի ղեկավարի կողմից ծրագրի իրականացման համար պատասխանատու նշանակված ստորաբաժանում,

      3) զինծառայող` համապատասխան մարմինների սպայական կազմի զինծառա­յողներ,

      4) ծրագրի մասնակից` համապատասխան մարմնի ղեկավարին դիմում ներկայացնելու միջոցով ծրագրին մասնակցելու ցան­կու­թյուն հայտ­­նած և ծրագրի մասնակիցների ռեեստրում ընդգրկված զինծառայող,

      5) ծրագրի մասնակիցների ռեեստր` ծրագրի մասնակիցների և նրանց վերա­բեր­յալ տվյալ­­ների միասնական համակարգ, որը ձևավորվում և վարվում է համապատասխան մարմիններում,

      6) պետական աջակցություն` ծրագրի շրջանակներում մասնակիցներին տրա­մա­դր­վող  ֆի­­­նանսական աջակցություն, մասնավորապես` հիփոթեքային վարկերի գծով տոկոսագումարի սուբսիդավորում, վարկի տոկոսագումարի ֆինանսա­վորման նպատակով եկամտային հարկի վերադարձ, ինչպես նաև վարկի ստացման նպատակով կանխավճարի ֆինանսավորում,

      7) զինծառայողի ընտանիքի անդամ` ամուսինը և 18 տարին չլրացած երեխաները, հա­մա­­­­տեղ բնակվող` անգործունակ ճանաչված կամ մինչև 23 տարեկան ուսանող զավակ­նե­­րը, ինչպես նաև համատեղ բնակվող` 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշ­ման­­­­­դամություն ունեցող զավակները, եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մին­­­­չև իրենց 18 տարին լրանալը, համատեղ բնակվող ծնողները:

  1. Այն հասկացությունները, որոնց իմաստ սահմանված չեն, սակայն կիրառվում են սույն ծրա­­­գ­րում, ունեն համապատասխանաբար ՀՀ օրենսդրությամբ սահմանված իմաստ­նե­րը:

 

 2. ԾՐԱԳՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի կարող են ծրագրի շա­հա­­ռու դառնալ և պետական աջակցություն ստանալ ծրագրին մասնակցելու հավակնություն ունեցող` համապա­տասխան մարմինների ծրագրի մասնակիցների ռեեստրում գրանցված`

       1) Հայաս­տանի Հանրապետության պաշտպանության նախարարության 400  զինծառայող,

       2) ոստիկանության 37 զինծառայող,

       3) ազգային անվտան­գության ծառայության  25 զինծառայող,

       4) քրեակատա­րո­ղա­կան ծառայության 5 զինծառայող:

  1. Ծրագրից չի կարող օգտվել այն զինծառայողը, ով նախկինում օգտվել է պետական ֆինանսական աջակ­­ցու­թյան այլ ծրագրից կամ բնակարան ձեռք բերելու համար ստացել է անհատույց պետական ֆինանսական աջակցություն կամ սեփականության իրավունքով ստացել է բնակարան:
  2. Ծրագրի իրականացման ժամկետը 10 տարի է:
  3. Ծրագրի մասնակիցներին պետական աջակցությամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմա­բնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` նաև երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով հիփոթեքային վարկեր տրա­­­­մա­դրվում են մեկ անգամ:
  4. Պետական աջակցության ծավալը որոշվում է` ելնելով բնակարանի հաշվար­կա­յին ար­­­ժեքի չափից:
  5. Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր վարկառուի մասով ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան արժեքի վարկավորման առավելագույն չափ է ընդունվում 28.500.000 դրամը: Սահ­ման­ված առավելագույն չափից ավելի լինելու դեպքում` պետության կողմից աջակցություն կցու­­­­ցաբերվի միայն սահմանված առավելագույն արժեքի սահմաններում, ընդ որում` Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով սույն ծրագիրը գործում է` զինծառայողի և (կամ) նրա ընտանիքի անդամի (անդամների) անվամբ սեփականության (համատեղ կամ բաժնային սեփականության) իրավունքով գրանցված տնամերձ կամ բնակելի կառուցապատման հողամասում անհատական բնակելի տուն կառուցելու շինարարական թույլտվության առկայության դեպքում:

 

  1. Ծրագրի հիփոթեքային բաղադրիչի նկարագրություն.

     Կանխավճար. Վարկերը տրամադրվելու են ձեռքբերվող բնակարանի կամ բնակելի տան կամ կառուցվող բնակելի տան արժեքի մինչև 90% -ի չափով, որը ենթադրում է կանխավճարի 10% մեծություն: Կանխավճարը ֆինանսավորվում է պետության կողմից: Ընդ որում, երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում կանխավճարի 10%-ը չի կարող գերազանցել տվյալ տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների միջին շուկայական արժեքի 10%-ը: Համապատասխան տարածաշրջանում ձևավորված բնակարանների կամ բնակելի տների շուկայական միջինացված արժեքների վերաբերյալ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության կառավարությանն  առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից տարվա յուրա­քանչյուր եռամսյակի ավարտից հետո 20-օրյա ժամկետում ներկայացվում է համապա­տասխան մարմինների ղեկավարներին:

     Ծրագրի մասնակիցներն իրենց նախընտրած գումարի սահմաններում իրավունք ունեն մասնակցել հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերվող բնակարանի կամ կառուցվող բնակելի տան կանխավճարի ֆինանսավորմանը:

    Հիփոթեքային վարկի մարման առավելագույն ժամկետը սահմանվում է 20 տարի, վարկառուի համաձայնությամբ վարկը կարող է տրամադրվել ավելի կարճ ժամկետով:

 

    Վարկի տարեկան տոկոսադրույքը` առավելագույնը 9%, որից պետության կողմից սուբսիդավորվում է վարկի տոկոսագումարի առավելագույնը 4 տոկոսային կետը: Տույժերը և տուգանքները սուբսիդավորման ենթակա չեն: Սուբսիդավորման ենթակա տոկոսավճարի չափը հաշվարկվում է վարկի գումարի նվազող մնացորդի նկատմամբ: Վարկառուի (զինծառայողի) համար, հիփոթե­քային վարկի տարեկան տոկոսադրույքը կկազմի առավելագույնը 5%: Վարկառուն իրավունք կունենա պետությունից հետ ստանալ, բացառությամբ՝ երկրորդային շուկայից բնակարան կամ բնակելի տուն ձեռք բերելու դեպքում, իր վճարած (հարկային գործակալի կողմից պահված) եկամտային հարկը` ծրագրի շրջանակներում հիփոթեքային վարկի դիմաց իր կողմից վճարված (պետության կողմից չսուբսիդավորված) տոկոսների չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

    Վարկի մարման եղանակը` դիֆերենցված/ մայր գումարի հավասարաչափ մարումներով, որի դեպքում վարկառուն վճարում է յուրաքանչյուր ամիս հավասարաչափ մայր գումար, իսկ տոկոսավճարներն անհավասարաչափ են՝ ընդհանուր վճարները գնալով նվազում են: Ընդ որում` զինծառայողի կողմից հիփոթեքային վարկի վա­ղա­ժամ­կետ մարման դեպքում զինծառայողի համար չի կարող սահ­մանվել կամ կիրառվել որևէ ֆինանսական կամ այլ պարտավորություն կամ պատասխա­նա­տվու­թյուն:

 

  1. Ծրագրում ընդգրկված զինծառայողի օրենքով սահմանված հիմքերով զինվորական ծառայությունից արձակվելու դեպքում զինծառայողը դադարում է սույն ծրագրով շահառու հանդիսանալուց և նրա համար դադարում են հիփոթեքային վարկա­վորման արտոնյալ պայմանները, բացառությամբ` երկարամյա ծառայության զինվո­րական ծառայության կենսաթոշակի անցած, կամ առնվազն 12 տարի 6 ամիս ընդհանուր զինվորական ծառայության ժամկետ ունեցող` առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ պայմանագրի ժամկետը լրանալու կամ սահմանային տարիքը լրանալու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբա­ժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակ­ված զինծառայողների, իսկ զինծառայողի զոհվելու (մահանալու) կամ զինվո­րական որևէ պատճառական կապով հաշմանդամ ճանաչվելու կամ ծառայողական պարտականությունները կատարելիս ձեռք բերած հիվանդության, ստացած վնասվածքի կամ խեղման հետևանքով առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու դեպքում` անկախ զինվորական ծառայության ստաժի տևողությունից: Օրենքով սահման­ված այլ հիմքերով զինվորական ծառա­յությունից արձակվելու դեպքում զինծառա­յողը հետ է վերադարձնում պետության կողմից վճարված գումարը (կանխավճար, տոկոսադրույքի սուբսիդավորում և այլն): Այս դեպքում հիփոթեքային պայմանագիրը ենթակա է վերակնքման շուկայական պայմաններով, ինչից զինծառայողի հրաժարվելու դեպքում պետությունը փոխհատուցում է զինծառայողի կատարած ծախսերը և բնակարանը անցնում է պետության սեփականությանը:

 

 

 

 

Հավելված N 2                 
ՀՀ կառավարության 20___  թվականի
__________ __-ի  N ______   որոշման

 

 

ՍՊԱՅԱԿԱՆ  ԿԱԶՄԻ  ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՐԱՆ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ԿԱՄ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՄԱՏՉԵԼԻ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ  ԵՎ  ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

 I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

  1. Սույն կարգով և պայմաններով կարգավորվում են Հայաս­տանի Հանրապետության պաշտպա­նության նախարարության, ոստիկանության, ազգային անվտան­գության և քրեակատարողական ծառայության սպայական կազմի զինծառա­յողներին Հայաստանի Հանրապետության տարած­քում կառուցված կամ կառուցվող բազմա­բնակարան բնակելի շենքում անմիջա­պես կառուցապատողից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կա­ռու­ցելու նպատակով արտոնյալ պայմաններով հիփոթեքային վարկա­վոր­ման հետ կապված հարաբե­րութ­յունները:
  2. Սույն կարգի կիրառման նպատակներով պետության եւ զինծառայողի միջեւ հարաբերությունների գլխավոր սկզբունքները զինծառայողի վճարունակությունը եւ նրա կողմից ստանձնված պարտավորությունների կատարման պատշաճությունն են:
  3. Զինծառայողի համաձայնության դեպքում՝ նրա ընտանիքի անդամները կամ այլ անձինք ովքեր պատրաստ են զինծառայողի բնակարանի ձեռքբերման համար մասնակցել գնման ֆինանսավորմանը կարող են ներառվել որպես համավարկառուներ և մասնակցել հիփոթեքային վարկի կամ հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների մարմանը:
  4. Ծրագրի շրջանակներում տրամադրված հիպոթեքային վարկի սպասարկման ըն­թաց­­քում զինծառայողի ցանկությամբ և համագործակցող բանկի համաձայնությամբ հա­­մավարկառուն (համավարկառուները) կարող է (կարող են) փոխվել, եթե շահառուն ցան­­կանում է բնակարանի ձեռքբերման նպատակով գնման ֆինանսավորման համար իր հետ վարկային պարտավորություններ ստանձնած անձին փոխարինել մեկ այլ ան­ձով:

 

II. ԴԻՄՈՒՄ-ՀԱՅՏԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ

 

  1. Ծրագրի շրջանակներում սույն կարգի պայմաններով Հայաստանի Հանրապետության տարած­քում կառուցված կամ կառուցվող բազմա­բնակարան բնակելի շենքում անմիջա­պես կառուցապատողից, իսկ Հայաստանի Հանրապետության մարզերում` երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կա­ռու­ցելու ցանկություն ունեցող զինծառայողը համապատասխան մարմնի ղեկավարին ներկայացնում է դիմում-հայտ: Յուրաքանչյուր տարվա համար դիմում-հայտերի ներկայացման ժամկետ է սահմանվում 30 օրը, որի վերաբերյալ համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով տեղեկացվում են տվյալ մարմնի զինծառայողները: Դիմում-հայտը ներկայացնելու փաստը համարվում է սույն կարգով նախատեսված քաղաքացիաիրավական հարաբերությունների` պետության առաջարկած պայմանների ընդունում զինծառայողի կողմից` ներառյալ տուգանային պատասխանատվության պայմանները:
  2. Դիմում-հայտում նշվում են զինծառայողի անունը, ազգանունը, հայրանունը, զինվո­րա­կան կոչումը, ստորաբաժանումը, էլեկտրոնային փոստի հասցեն, հեռա­խո­­­­սա­­համարը, ընտանիքի կազմը (նշելով անունները, ազգանունները և զինծառայողի հետ ազ­գակ­­­ցական կապը), ակնկալած բնակարանի (բնակելի տան) սենյակների թիվը:
  3. Պատասխանատու ստորաբաժանումը վարում է ծրագրի մասնակիցների ռեեստր, որում գրանցվում են դիմում-հայտերի ստացման, դրանց քննարկման ար­դյունքների հիման վրա ընդունված որոշումների, զինծառայողներին ուղարկված ծանու­ցում­ների մասին բոլոր տվյալ­ները:
  4. Դիմում-հայտի հիման վրա զինծառայողին 5-օրյա ժամկետում տրվում է տեղեկանք՝ ծրագրի շրջանակներում համագործակցող բանկ ներկայացնելու համար: Տեղեկանքում նշվում է զինծառայողի կողմից ծրագրին մասնակցելու դիմում հայտ ներկայացնելու, զինծառայողի դրամական ապահովության չափի և ակնկալած բնակարանի (բնակելի տան) սենյակների թվի, հիփոթեքային վարկի տարեկան տոկոսադրույքի սուբ­սի­դավորման և կանխավճարի տրա­մա­դր­ման պատրաստակամության մասին:
  5. Եթե սույն կարգի 8-րդ կետում նախատեսված տեղեկանքի տրման օրվանից հետո 15-օրյա ժամկետում զինծառայողը չի ներկայացնում ծրագրի շրջանակներում համագործակցող բանկի գրա­վոր հա­­­­մա­ձայնությունը` զինծառայողին և (կամ) նրա ընտանիքի անդամին կոնկրետ սահ­­­մա­նա­­­­­չափով հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին, կամ համագործակցող բանկը գրավոր մերժել է զինծառայողին վարկ տրամադրել, ապա զինծառայողը հանվում է մասնակիցների ռեեստրից, որի վերաբերյալ 3-օրյա ժամկետում տեղեկացվում է զինծառայողին:
  6. Սույն կարգի 9-րդ կետում սահմանված ժամկետում զինծառայողի կողմից կոնկրետ սահ­­­մա­նա­­­­­չափով հիփոթեքային վարկի տրամադրման պատրաստակամության մասին համագործակցող բանկի գրա­վոր հա­­­­մա­ձայնության հետ միասին ներկայացվում են`

     1) զինծառայողի և նրա ընտանիքի անդամների անձը հաստատող փաստա­թղ­թերի, զինծառայողի սպայական վկայականի պատ­­­­­ճենները,

     2) բնակարանային ապահովմանն ուղղված պե­­տա­­­­կան աջակցու­թյան ծրագրից առաջ­նա­­հերթության կարգով օգտվելու իրավունք տվող` սույն կարգի 12-րդ կետում նշված բնութա­գրիչների փաստը հավաստող փաստա­թղթե­րի պատճեն­ները

     3) Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու համար հիփոթեքային վարկավորման դեպքում` անհատական բնակելի տան շինարարության  թույլտվությունը, համապատասխան նախագիծը և նախահաշիվը՝ կազմված լիցեն­զա­վոր­ված մասնագիտացված կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից:

  1. Պատասխանատու ստորաբաժանումը համագործակցող բանկի կողմից զինծառայողներին հիփոթեքային վարկերի տրամադրման կոնկրետ սահ­­­մա­նա­­­­­չափերի և սույն կարգի 12-րդ կետում նշված առաջնա­հեր­թությունների հիման վրա կազմում են ըստ հերթականության յուրաքանչյուր տարվա համար հավակնորդ զին­­­ծառայողների ցուցակը, որը հաստատվում է համապատաս­խան մարմնի ղեկա­վա­րի հրամանով և հրապարակվում է համապատասխան մարմնի պաշտոնական կայքէջում: Հավակնորդների ցուցակի կազմում յուրաքանչյուր փոփոխությունից հետո եռօրյա ժամկետում թարմացված ցուցակը հրապարակվում է համապատասխան պետական մարմնի կայքում:
  2. Հաշվառված զինծառայողների՝ յուրաքանչյուր տարվա համար ծրագրից օգտվելու առաջնահերթությունը որոշվում է ստորև ներկայացվող բնութա­գրիչներին համապա­տասխանող թվային արժեքների հանրագումարի արդյուն­քում առավելագույն միավորներ հավաքելու սկզբունքով.

     1)  Ազգային հերոսներ`  10 միավոր,

     2) Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշա­նակիր զիծառայողներ`  8  միավոր,

     3) Մարտական խաչ 2-րդ աստիճանի շքանշա­նակիր զիծառայողներ`  6  միավոր,

     4) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողութ­յունների մաս­­­նակից զինծառայողներ` 5 միավոր,

     5) հրամանատարական կազմի զինծառայողներ՝

     - զորամիավորման հրամանատար՝ 8 միավոր,

     - զորամիավորման հրամանատարի տեղակալ` 7 միավոր,

     - միավորման հրամանատար՝ 7 միավոր,

     - միավորման հրամանատարի տեղակալ` 6 միավոր,

     - բրիգադի, գնդի հրամանատար՝ 6 միավոր,

     - բրիգադի, գնդի հրամանատարի տեղակալ՝ 5 միավոր,

     - առանձին գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար` 5 միավոր,

     - առանձին գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի տեղակալ` 3 միավոր,

     - գումարտակի (դիվիզիոնի) հրամանատար` 4 միավոր,

     - գումարտակի (դիվիզիոնի) հրամանատարի տեղակալ` 3 միավոր,

     - վաշտի (մարտկոցի) հրամանատար` 3 միավոր,

     - դասակի (հաշվարկի) հրամանատար` 2 միավոր,

     6) առնվազն 5 օրացուցային տարի ժամկետով հակառակորդի հետ շփման գծում մար­տա­­կան հերթապահությունում ընդգրկված զինծառայողները` 5 միավոր, իսկ նույն պայման­ներում 5 տարուց ավելի ծառայության յուրաքանչյուր լրիվ օրացուցային տարվա համար՝ 1 միավոր,

     7) ռազմաուսումնական հաստատություններ ավարտած ու առաջին սպայական զինվորա­կան կոչում ստացած զինծառայողների կողմից ռազմաուսումնական հաստա­­տու­­թյուններն ավարտելուց հետո մեկ տարվա ընթացքում դիմում-հայտ ներկայացրած զինծառայողներ` 2 միավոր, իսկ նշված կազմից` ռազմաուսումնական հաստա­տությունները գերազանցությամբ ավարտած զինծառայողներ` 3 միավոր, ամուս­նա­ցած զինծառայողներ` 4 միավոր,

    8) ռազմական ակադեմիա ավարտած զինծառայողներ՝ 3 միավոր,

    9) զինծառայողի մինչև 18 տարեկան կամ մինչև 23 տարեկան ուսանող յուրա­քանչյուր երեխան` 1 միավոր, իսկ մինչև 18 տարեկան 3-րդ երեխայից սկսած` յուրա­քանչ­յուր երեխայի համար` 2 ական միավոր,

    10) զինծառայողի մինչև 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդա­մու­թյուն ունեցող յուրաքանչյուր զավակի համար, եթե հաշմանդա­մություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը` 2 միավոր,

    11) զինծառայողներ, ովքեր 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստա­նի Հանրա­պետության տարածքում չունեն սեփականության իրավունքով բնակելի տա­րա­ծություն, կամ ունեն սեփականության իրավունքով բնակելի տարածություն, որը, սակայն, 4-րդ աստի­ճանի վթա­րային է և քանդման ենթակա՝  5 միավոր,

    12) Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողու­թյունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտա­կան հերթապահության կամ հատուկ առաջադրանք կամ ծառայողա­կան պարտականությունները կատարելու ժամանակ զոհված զինծառայողի զավակ հանդիսացողզինծա­ռայողներ՝ 3 միավոր,

    13) առնվազն 20 և ավելի օրացուցային տարվա զինվորական ծառայության ստաժով երկարամյա ծառայության, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի զավակ հանդիսացող զինծա­ռայողներ՝ 2 միավոր,

    14) մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը համապատասխան մարմիններում օրենքով սահմանված կարգով որպես բնակարանային պայմանների բարե­լավ­ման կա­րի­քավոր հաշվառված և բնակարանային պայմանների բարե­լավ­ում չստացած զինծառայողի կողմից նպատակային ծրագրից օգտվելու դիմում-հայտ ներկա­յացնելու դեպքում՝ բնակարանային պայմանների բարե­լավ­ման հաշվառման մեջ գտվելու յուրաքանչյուր երեք տարվա համար՝ 2 միավոր: 

     Սահմանամերձ համայնքի կարգավիճակ ունեցող բնակավայրերում հաշվառված և/կամ բնակվող զինծառայողները սահմանամերձ համայնքում երկրորդային շուկայից բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպատակով հիփոթեքային վարկավորման ծրագրից օգտվում են առաջնահերթ:

  1. Համապատասխան մարմնի ղեկավարի հրամանով ծրագրի մասնա­կից հավակ­նորդների ցուցակում զինծառա­յողին ընդգրկելուց հետո սույն կարգի 12-րդ կետում նշված բնութա­գրիչներից որևէ մեկի ի հայտ գալու դեպքում, որոշմամբ սահմանված կարգով հաշվարկված բնութագրիչների միավորների հանրագու­մարին ավելացվում է տվյալ բնութագրիչին (բնութագրիչների) համապա­տա­ս­խանող թվային արժեքը:
  2. 14. Համապատասխան մարմնի ղեկավարի հրամանում ընդգրկված հավակնորդ զինծառա­յողներին պատասխանատու ստորաբաժանման ղեկավարի կողմից տրամադրում է տեղեկանք՝ համա­ձայն N 2 ձևի, որը զինծառայողները ներկայացնում են համագործակցող բանկ` հիփոթեքային վարկ տրամադրելու նպատակով:
  3. Զինծառայողը հավակնորդների ցուցակից հանվում է, եթե`

     1) գրավոր դիմել է իրեն այդ ցուցակից հանելու համար,

     2) սահմանված կարգով ստացել է պետական աջակցություն` բնակարան ձեռք­­­­ բե­րե­­լու կամ անհատական բնակելի տուն  կառուցելու համար,

     3) մինչև հիփոթեքային վարկավորման պայմանագիր կնքելն օրենքով սահմանված որևէ հիմքով արձակվել է զինվորական ծառայությունից:

  

III. ՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՈՂԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

  1. Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության եւ կառուցապատող ընկերության միջեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 445-րդ հոդվածի պահանջներին համապատասխան կնքվում է առուվաճառքի նախնական պայմանագիր, որով կառուցապատողը պարտավորվում է կառուցվող բազմաբնակարան շենքի կառուցման ավարտից հետո ինքնուրույն գույքային միավոր գրանցված բնակելի նշանակության տարածքների, իսկ շահառուի ցանկության դեպքում` նաև ավտոկայանատեղի նշանակության տարածքների առուվաճառքի հիմնական պայմանագրեր կնքել պետության կամ նրա կողմից նշված անձանց (շահառուների) հետ:

     17. Ձեռք բերվող բնակարանների նկարագրություն.

 

 

Բնակարանի առավելագույն մակերեսը

Բնակարանի առավելագույն արժեքը

Բնակարանի տեսակ 1

55 քմ

16.5 մլն ՀՀ դրամ

Բնակարանի տեսակ 2

75 քմ

22.5 մլն ՀՀ դրամ

Բնակարանի տեսակ 3

95 քմ

28.5 մլն ՀՀ դրամ

 

     Բնակարանների արժեքները հաշվարկված են` հիմք ընդունելով բնակարանի 1 քմ-ի համար առավելագույն գինը` 300 հազ.ՀՀ դրամ:

  1. Պետության եւ կառուցապատողի միջեւ կնքվող բնակելի եւ ավտոկայանատեղի նշանակության տարածքների առուվաճառքի նախնական պայմանագրի հիմնական պայմաններն են`

    1) միավորի գինը. բնակարանի համար՝ գրանցված (ներքին) մակերեսը բազ­մա­պատ­կած սույն կարգով նախատեսված ներքին հարդարմամբ՝ 300 հազ. դրամով,

    2) հիմնական պայմանագրի առարկայի բնութագրերը. ըստ սույն կարգի,

    3) գնման առարկայի նույնականացումը. ըստ կառուցման նախագծից տվյալ գույքի հատակագծի, որը կցվում է նախ­­նա­­կան պայմանագրին՝ որպես հավելված,

    4) շահառուի կողմից պետությանը կատարվող վճարումները. 

միա­նվագ՝ նախնական պայմանագրի կնքումից հետո յոթ աշխատանքային օրվա ընթաց­քում՝ կան­­խավճար միավորի կողմնորոշիչ գնի մնացած գումարի չափով՝ հիփոթեքի հաշվին.

    5) կանխավճարի հաշվեգրման հաշիվը. Հայաստանի Հանրապետության պաշտպանու-թյան նախարարության անվամբ գանձա­պե­տա­կան ար­տաբյուջետային հաշիվ.

    6) հանձնումը.  ինքնուրույն գույքային միավոր բնա­­­­կա­րանի (առկայության դեպքում՝ նաև ավտոկայանատեղի) առուվաճառք և հանձնում-ըն­դունում շահառուին (պետությունը պարտավոր է կառուցապատողի հետ իր ունեցած նախ­նական առուվաճառքի պայմանագրով տվյալ գույքի առուվաճառքի հիմ­­­նական պայ­մա­նագրի կնքման իրավունքը փոխանցել շա­հառուին՝ հանձնման նախատեսված ամսաթվից յոթ օր առաջ կա­ռու­­ցապատողին և շա­հառուին տրվող ծանուցմամբ).

    7) իրավունքների փոխանցում`

    ա. առանց վաճառողի համաձայնության նախնական պայմանագրով շահառուի ունե­­­ցած իրավունքը կարող է փոխանցվել երրորդ անձանց՝

    հիփոթեքի պայմանագրով շահառուի ստանձնած պարտավորությունների խախտ­ման դեպ­քում՝ վարկատուին կամ վերջինիս նշած երրորդ անձին,

    հիփոթեքի պայմանագրով վարկատուի հանդեպ շահառուի պարտքն ստանձնած (պարտ­քի փոխանցում) երրորդ անձին,

    շահառուի սնանկության կամ շահառուից գումարի բռնագանձման դատական ակ­տի հար­կադիր կատարման շրջանակներում նախնական պայմանագրից ծագած շա­հա­­­ռուի գույ­քային իրավունքները ձեռք բերած անձին,

    պահանջի իրավունքի զիջման գործարքով հավակնորդների ցուցակում ընդգրկ­ված անձին,

    շա­հառուի ժառանգության կամ ամուսնալուծության հետևանքով իրավունք ձեռք բե­­­րած անձին,

    շահառուի ընտանիքի անդամին,

    բ. նախնական պայմանագրով շահառուի ունեցած իրավունքը պահանջի իրա­վուն­քի զի­ջման հատուցելի գործարքով կարող է փոխանցվել սույն ենթակետի «ա» պար­բե­րու­­թյու­նում չնշված երրորդ անձի՝ միայն վաճառողի նախնական գրավոր համա­ձայ­նու­­թյամբ: Վաճառողի գրավոր համաձայնությունը համարվում է տրամադրված, եթե հա­­մա­­ձայ­նության տրամադրման մասին շահառուի դիմումը (ներառելով իրավունքի օտար­­­ման գինն ու վճարման պայմանները) ստանալուց 30 օրացուցային օրվա ընթաց­­­քում վա­ճա­ռո­ղը շահառուին չի ծանուցում շահառուի գույքային իրավունքներն օտար­­­ման՝ առնվազն նույն պայմաններով ձեռք բերող հավակնորդի տվյալները, որի առ­կա­­յության դեպքում շա­հառուն իրավունքը կարող է փոխանցել միայն տվյալ հա­վակ­­­նորդին.

    8) վաղակետ լուծման հետևանքներ. նախնական պայմանագրի վաղակետ լուծ­ման դեպ­քում շահառուն կորցնում է վճարած կանխավճարից կողմնորոշիչ գնի 20 տո­­կո­սին հա­վասար մասը, որպես տուգանք, կանխավճարի մնացած մասը ենթակա է վե­րա­դարձ­ման շահառուին (կամ շահառուի անունից՝ վարկատուին) լուծման ամ­սա­թվից 3 ամսվա ըն­թացքում՝ առանց տոկոսային կամ այլ հավելման: Ազատված բնա­կա­­րանը սույն կարգի պայ­մաններով առաջարկվում է հավակնորդների ցուցակում առ­կա այլ ծառայողների.

    9) կանխավճարի կատարման կետանցի հետևանքներ. կանխավճարների որևէ մաս­­նա­բաժնի՝ 90 օրացուցային օրվանից ավելի կետանցի դեպքում նախնական պայ­մա­­նա­գի­րը վաճառողի գրավոր ծանուցմամբ, միակողմանի վաղակետ լուծվում է, վճարած կանխավճարի  մասից հաշվանցվում է պետության կողմից վճարված կանխավճարը և կանխավճարի մնացած մասը ենթակա է վերա­դարձ­­ման շահա­ռուին (կամ շահառուի անունից՝ վարկատուին)՝ լուծման ամսաթվից 3 ամ­սվա ընթացքում՝ առանց տոկոսային կամ այլ հավելման: Ազատված բնակարանը սույն կարգի պայ­ման­նե­րով առաջարկվում է հավակնորդների ցուցակում առկա այլ ծա­­ռա­յողների.

   10) ծախսեր. շահառուն կրում է նախնական և հիմնական առուվաճառքի պայ­մա­նա­գրե­րի նոտարական վավերացման ծախսերը, հիմնական պայմանագրից ծագող իրավունք­նե­րի պետական գրանցման ծախսերը, հիպոթեքային վարկի կապակ­ցու­թյամբ ապահովագրական վճարը, ինչպես նաև ձեռք բերվող բնա­կա­րանի (բնակելի տան) գազի, խմելու ջրի, էլեկտրաէներգիայի, հեռախոսի և մատուցվող այլ ծառայությունների  բա­ժանորդ դառնալու ծախսերը:

    Շահառուներից չեն գանձվում` վարկի հայտի ուսումնասիրման, վարկի տրամադրման միանվագ, վարկի ձևակերպման միանվագ,  վարկի սպասարկման ամսական վճարներ:

    11) հատուկ պայմաններ`

    ա. շինարարական աշխատանքների ընթացքի տեխնիկական հսկողություն իրականացնող անձը կամ կազմակերպությունը յուրաքանչյուր ամիս կատարողական ակտերը տրամադրում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը,

    բ. կառուցապատողը, ծրագրից դուրս երրորդ անձի հետ որեւէ տարածքի օտարման նախնական պայմանագիր կնքելիս, պետք է վերցնի հայտարարություն պետության պահանջատիրության հանդեպ գնորդի պահանջի ստորադասության եւ դրանից բխող ռիսկերի գիտակցման մասին,

    գ. կառուցապատողը պարտավոր է կառուցման ավարտից հետո "Համատիրության մասին" եւ "Բազմաբնակարան շենքի կառավարման մասին" Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով իրականացնել շենքային համալիրի կառավարումը` առնվազն մեկ տարի, իսկ մեկ տարի անց ապահովել համատիրության հիմնադրման մասին պայմանագրի կնքումը` շենքի բոլոր սեփականատերերի ընդհանուր ժողով հրավիրելու միջոցով եւ իրականացնել համատիրության պետական գրանցումը` օրենքով սահմանված կարգով` վերջինիս կառավարմանը հանձնելով ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքը,

    դ. կառուցապատողը պարտավոր է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հետ համաձայնեցնել երկու, երեք եւ չորսսենյականոց մեկական բնակարանների նմուշային տարբերակներ` ներքին հարդարումն ավարտված վիճակում,

    ե. կառուցապատողը պարտավոր է սպասարկել ինտերնետային կայք, որում նկարագրված լինի բազմաբնակարան շենքային համալիրը` յուրաքանչյուր բնակարանի հատակագծի եւ գնի դիտման հնարավորությամբ,

    զ. կառուցապատողը պարտավոր է սպասարկել սերվեր, որը պետք է հնարավորություն ընձեռի կառուցապատողի կայքում`

     տեսնել հասանելի բնակարանների (կցված ավտոկայանատեղով հանդերձ) ցանկը` տպելու հնարավորությամբ,

     հավակնորդին հասանելի բնակարանների ցանկից առանձնացնել հավակնորդի կողմից ընտրված բնակարանների տարբերակները` տվյալ բնակարանն ընտրած այլ հավակնորդների քանակային թվի նշումով` տպելու հնարավորությամբ,

     Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը կողմից սահմանված ամսաթվի դրությամբ առանձնացնել եւ ամրագրել յուրաքանչյուր բնակարանի նկատմամբ ձեռքբերման հավակնություն ունեցող հավակնորդների ցանկը` տպելու հնարավորությամբ,

      նախնական պայմանագրի տվյալների մուտքագրմամբ պատկերել տվյալ բնակարանն ստացող շահառուի նույնականացման համարը տվյալ բնակարանի հատակագծի վրա.

     12) կառուցապատողի ձախողում` կանխավճարների գծով պարտքի դիմաց գրավի առարկան Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված արտադատական կարգով կարող է վերցվել եւ տրամադրվել այլ կառուցապատողի:

  1. Սույն կարգի կիրառման ընթացքում կնքված նախնական պայմանագրերի լուծ­ման հե­տևանքով ազատված բնակարանի վերաբերյալ յոթ աշխատանքային օրվա ընթաց­քում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ապահովում է իր պաշտոնական կայքում համապատասխան տեղե­կա­տ­վու­թյան հրապարակումը:
  2. Ծրագրի շրջանակներում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից յու­րա­­քան­չյուր մասնաշենքի բնակարանները և ավտոկայանատեղերը կառուցա­պա­տո­ղի կողմից առան­ձին փոստային հասցեով և վկայականով պետական գրանցման ենթարկ­­վելուց և գնման առարկայի բնութագրերին համապատասխան վիճակին հաս­ցվե­­լուց հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն կառուցապատողին և շահառուներին ծանուցում է տվյալ գույքի առու­վա­ճառ­քի հիմնական պայմանագրերի կնքման՝ Հայաստանի Հանրապետության իրավունքը շա­հա­ռուներին փոխանցելու մասին, որից հետո յուրա­քան­­չյուր շահառուի, Հայաստանի Հանրապետության, ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և կառուցապատողի միջև կնքվում է հա­մա­պա­տաս­խան գույքի առուվաճառքի հիմ­­նական պայմանագիր, որով կա­ռուցապատողը շա­հա­ռուին է վաճառում գույքը, որի գինը, ներառյալ ավելացված արժեքի հարկը, կան­խա­վճար­ված է Հայաստանի Հանրապետության կողմից:
  3. Հիմնական պայմանագրի կնքումից հետո դրանից ծագող շահառուի իրա­վունք­նե­րը Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ենթակա են պե­տա­կան գրանցման:

 

  • Քննարկվել է

    04.04.2018 - 19.04.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 25989

Տպել

Առաջարկներ`

Վարդան Հակոբյան

10.04.2018

7/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետի 2-րդ մասը վերաձևակերպել և լրացնել <<աղետի //երկրաշարժի// գոտու կարգավիճակ ունեցող բնակավայրերում...>> բառերով:

Վարդան Հակոբյան

10.04.2018

6/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 14-րդ ենթակետը վերաձևակերպել և միավորների քանակը սահմանել յուրաքանչյուր տարվա համար 1 միավոր:

Վարդան Հակոբյան

10.04.2018

5/ Հավելված 2-ի II-րդ բաժնի 12-րդ կետում նշված առաջնահերթությունների 11-րդ ենթակետը վերաձևակերպել այնպես, որ տարբերություն դրվի մինչև 5 տարի, 5-ից 10 տարի և 10 և ավելի տարի ՀՀ տարածքում սեփականության իրավունքով բնակելի մակերես չունեցողների միջև և միավորների քանակը սահմանել 5, 10, 15 միավոր, համապատասխանաբար:

Տեսնել ավելին