Լրամշակման փուլում է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 499-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝
- Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 28-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու, թեստային առաջադրանքները ձևավորելու, թեստային առաջադրանքների բովանդակային առանձնահատկությունները, թեստային առաջադրանքների քանակը, հարցազրույցի անցկացման մեթոդաբանությունը և ձևաչափը սահմանելու մասին» N 499-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) նախաբանում «23» թիվը փոխարինել «24» թվով:
- Որոշման հավելվածի՝
- 2-րդ և 3-րդ կետերից հանել «ու կոմպետենցիաների» բառերը․
- 5-րդ կետը «մասնագիտական գիտելիքների» բառերից հետո լրացնել «և դրանք կիրառելու կարողությունների» բառերով․
- 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«6․ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված օրենսդրական ակտերից (այսուհետ՝ ընդհանուր օրենսդրական ակտեր) մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է քաղաքացիական ծառայության գրասենյակը, իսկ Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասի 2-րդ կետով սահմանված օրենսդրությունից (այսուհետ՝ համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրական ակտեր) մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքները՝ Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված համապատասխան մարմինները (այսուհետ՝ համապատասխան մարմին), բացառությամբ գլխավոր քարտուղարի մրցույթի։»․
- 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«7․Գլխավոր քարտուղարի մրցույթի դեպքում ընդհանուր օրենսդրական ակտերերից և համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքները ստուգող թեստային առաջադրանքները կազմում և տեղեկատվական հարթակում տեղադրում է է քաղաքացիական ծառայության գրասենյակը։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և Հաշվեքննիչ պալատի գլխավոր քարտուղարի մրցույթի թեստում համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրական ակտերից թեստային առաջադրանքները կազմում և քաղաքացիական ծառայության տեղեկատվական հարթակում տեղադրում է համապատասխանաբար՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը։»․
- 8-րդ կետի «մասնագիտական գիտելիքների» բառերը փոխարինել «համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրական ակտերի» բառերով․
- 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«9․ Համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրական ակտերի վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմվում են համապատասխան մարմնի գլխավոր քարտուղարի կամ օրենքով նախատեսված պաշտոնատար անձի կողմից հաստատված մասնագիտական գիտելիքների շրջանակից՝ հիմք ընդունելով տվյալ մարմնի գործունեության հիմնական ոլորտները և տվյալ պաշտոնի առանձնահատկությունները:»․
- 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել․
- 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«13․Արտաքին մրցույթի դեպքում համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրական ակտերի վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմվում են տվյալ ոլորտը և քաղաքացիական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների իրականացումը կանոնակարգող սահմանադրական օրենքներից, օրենքներից, օրենսգրքերից և տվյալ պաշտոնի գործառույթների իրականացման համար անհրաժեշտ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերից։ Ընդ որում, հայտարարության մեջ համապատասխան մարմնի կողմից թեստային առաջադրանքներ կազմելու համար հրապարակվող բնագավառների թիվը չի կարող չորսից ավելի լինել։»․
- 14-րդ և 15-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել.
- 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«16․Հայտարարության մեջ թեստավորման փուլի անցկացման համար հրապարակվող բնագավառներում նշվում են սահմանադրական օրենքների, օրենքների, օրենսգրքերի համապատասխան գլուխները և հոդվածները, ինչպես նաև ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի համապատասխան կետերը։»․
- 17-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․
- 25-րդ, 32-րդ, 34-րդ և 36-րդ կետերի «մասնագիտական գիտելիքների» բառերից հետո լրացնել «, դրանք կիրառելու կարողությունների» բառերով․
- 27-րդ կետի «և» շաղկապը փոխարինել «կամ մեկից» բառերով․
- 30-րդ կետի «պատասխանի բացակայությունն է, 1-ը ցածր մակարդակն է, 2-ը՝ միջին և 3-ը՝ բարձր» բառերը փոխարինել «պատասխանի բացակայությունն է կամ անբավարար պատասխանը, 1-ը բավարար պատասխանն է, 2-ը՝ լավ, իսկ 3-ը՝ գերազանց» բառերով․
- 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«31․ Սույն հավելվածի 28-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված ձևաչափով նախօրոք կազմված հարցերի միջոցով անցկացվում է հարցազրույց: Հարցարանը կազմված է չորս հիմնական բաժիններից։ Հարցարանի առաջին բաժնի հարցերի միջոցով ստուգվում են ընդհանուր օրենսդրական ակտերից մասնակցի մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները, երկրորդ բաժնի հարցերի միջոցով ստուգվում են համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրական ակտերից մասնակցի մասնագիտական գիտելիքները և դրանք կիրառելու կարողությունները, երրորդ բաժնի հարցերի միջոցով ստուգվում են մասնակցի ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաները, իսկ չորրորդ բաժնի հարցերի միջոցով՝ անձնային որակները։ Պաշտոնի անձնագրով սահմանված գործառույթների առանձնահատկությունից բխող որևէ կոնկրետ կարողություն ստուգելու անհրաժեշտության դեպքում հարցարանը կարող է ներառել նաև լրացուցիչ՝ հինգերորդ բաժին։ Հինգերորդ բաժնում ներառված հարցերի բովանդակությունը պետք է բխի տվյալ կոնկրետ կարողությունը ստուգելու անհրաժեշտությունից։»․
- 35-րդ կետի «մասնագիտական գիտելիքները» բառերից հետո լրացնել «, դրանք կիրառելու կարողությունները» բառերով․
- 38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«38․Էսսե ձևաչափով հարցազրույց անցկացնելու որոշում կայացվելու դեպքում մրցույթի հայտարարության մեջ նշվում է այն ոլորտը, որի շրջանակում առաջադրվելու է էսսեի թեման։ Էսսեի թեման ընտրում է մասնակիցը՝ հանձնաժողովի կողմից առաջարկված առնվազն երեք տարբերակներից:»․
- 43-րդ կետի «մասնագիտական գիտելիքները» բառերից հետո լրացնել «, դրանք կիրառելու կարողությունները» բառերով․
- Ձև N 1-ի՝
ա․ վերնագրից հանել «ԵՎ ԿՈՄՊԵՏԵՆՑԻԱՆԵՐԻ» բառերը․
բ․ առաջին տողի 3-րդ սյունակի «Մասնագիտական գիտելիքներին» բառերը փոխարինել «Համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրության բնագավառին» բառերով․
գ․ առաջին տողի 4-րդ սյունակի «Կոմպետենցիաներին» բառը փոխարինել «Ընդհանուր օրենսդրության բնագավառին» բառերով․
- Ձև N 3-ը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Ձև N 3
ՀԱՐՑԱՐԱՆ
ՀՀ ______ (համապատասխան մարմին)-ի __________(ստորաբաժանում)-ի __________(պաշտոն)-ի (ծածկագիր___) թափուր պաշտոնի համալրման համար անցկացվող հարցազրույցի փուլի
Առաջին բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ) (Ղեկավար խմբի պաշտոնների համար) |
Ընդհանուր օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքների և դրանք կիրառելու կարողությունների ստուգում
|
1. Ինչպե՞ս է իրականացվում պետական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում, ո՞ր սկզբունքն է դրված պետական իշխանության իրականացման հիմքում։ 2. Որո՞նք են հանրային ծառայության հիմնական սկզբունքները։ Ինչպե՞ս կմեկնաբանեք «հանրային ծառայողի պաշտպանվածությունը մասնագիտական գործունեությանը չհամապատասխանող միջամտությունից» սկզբունքի բովանդակությունը։ 3. Ի՞նչ նպատակ է հետապնդում հանրային ծառայողների էթիկայի հանձնաժողովի և բարեվարքության հարցերով կազմակերպիչների ինստիտուտի ձևավորումը: 4. Որո՞նք են քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերը։ Ներկայացրեք փոխադրման կարգով քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքերն ու առանձնահատկությունները։ 5. Ներկայացրեք պետական ծառայողին տրվող դրամական օգնության դեպքերը և ընթացակարգը։ 6. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
Առաջին բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշը |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Գերազանց պատկերացնում է պետական համակարգի, հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության նպատակները և առաջնահերթությունները: |
Լավ |
2 |
Պատկերացնում է պետական համակարգի, հանրային ծառայության և քաղաքացիական ծառայության նպատակները և առաջնահերթությունները: |
Բավարար |
1 |
Հստակ չի պատկերացնում քաղաքացիական ծառայության և պետական կառավարման խնդիրներն ու առաջնահերթությունները: Գիտելիքները մակերեսային են։ |
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
Երկրորդ բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ) (Գլխավոր քարտուղարի պաշտոնի համար) |
Համապատասխան մարմնի իրավասությունը սահմանող օրենսդրական ակտերից մասնագիտական գիտելիքների և դրանք կիրառելու կարողությունների ստուգում
|
1. Թվարկեք գլխավոր քարտուղարի լիազորությունները։ 2. Պարզաբանեք հետևյալ կարգավորման իմաստը՝ «Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում պետությանը իր մեղքով պատճառած վնասի համար»։ 3. Ո՞ր կառուցվածքային ստորաբաժանումներն են անմիջական հաշվետու գլխավոր քարտուղարին: Ինչպիսի՞ մասնագիտական գիտելիքներ են անհրաժեշտ գլխավոր քարտուղարին մարդկային ռեսուրսների կառավարումն արդյունավետ իրականացնելու համար: 4. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
Երկրորդ բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշը |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Գերազանց տիրապետում է աշխատանքային գործունեության ոլորտին, ունի մասնագիտական պատրաստվածության բարձր մակարդակ։ |
Լավ |
2 |
Պատկերացնում է աշխատանքային գործունեության ոլորտը, ունի մասնագիտական պատրաստվածության միջին մակարդակ։ |
Բավարար |
1 |
Աշխատանքային գործունեության ոլորտի վերաբերյալ գիտելիքները մակերեսային են, ունի մասնագիտական պատրաստվածության ցածր մակարդակ։ |
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
Երրորդ բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ) (Ղեկավար, իսկ 6-15-րդ հարցերի դեպքում՝ նաև մասնագիտական խմբի պաշտոնների համար) |
Ընդհանրական և ընտրանքային կոմպետենցիաների ստուգում
|
1. Ի՞նչ չափանիշներ եք կարևորում լավ ղեկավարի իմիջի ստեղծման համար: 2. Ո՞րն է ղեկավարի և առաջնորդի տարբերությունը։ Ներկայացրեք մի քանի տարբերություններ և մեկնաբանեք։ 3. Ինչպե՞ս կվարվեք այն իրավիճակում, երբ աշխատողը ցուցաբերում է կատարողականի ցածր արդյունք, սակայն որպես ղեկավար համոզված եք, որ նա կարողունակ է: Ձեր գործողությունները: 4. Ինչպե՞ս եք պատրաստ հաղթահարել որոշումների կայացման գործընթացում առկա կանխակալ վերաբերմունքը: Ինչպե՞ս կապահովեք որոշումների կայացման թափանցիկությունը: 5. Եթե ստիպված լինեք աշխատանքից ազատելու որևէ աշխատողի, ապա այդ որոշման կայացման համար ինչպիսի՞ գործոններ հաշվի կառնեք։ 6. Ղեկավար- աշխատող կամ աշխատող- աշխատող փոխհարաբերություններում կոնֆլիկտային իրավիճակներում ի՞նչ քայլեր կձեռնարկեք։ Համաձա՞յն եք այն մտքի հետ, որ եթե ղեկավարը միջամտում է և կառավարում է կոնֆլիկտը դրա զարգացման սկզբնական փուլում, ապա հիմնականում կոնֆլիկտը լուծվում է: 7. Պատկերացրեք իրավիճակ, երբ Ձեր ստորաբաժանմանը հանձնարարվել է կարճ ժամկետում պետության գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ուսումնասիրել հնարավոր ռիսկերը, ակնկալվող արդյունքը և ներկայացնել եզրակացություն։ Ինչպե՞ս կհաղթահարեք խնդիրները, ինչպես կմոտիվացնեք աշխատողներին/գործընկերներին արդյունավետ աշխատելու համար։ 8. Ինչպե՞ս կապահովեք բաց և թափանցիկ հաղորդակցություն թիմում՝ հաշվի առնելով աշխատողների/գործընկերների անհատական կարիքները և հնարավորությունները: 9. Ինչպե՞ս եք կառավարում սեփական հույզերը լարված իրավիճակներում: 10. Ինչպե՞ս եք ստեղծում վստահության մթնոլորտ: 11. Պատմեք՝ ինչպե՞ս կխրախուսեք նոր գաղափարները և նախաձեռնությունները: 12. Ինչպե՞ս եք աջակցում ոչ ստանդարտ մտածողությանը: 13. Ինչպե՞ս կդիմակայեք խմբային մտածողությանը, եթե կարծում եք, որ Ձեր կամ մեկ այլ աշխատողի տեսակետը ավելի փաստահեն է, արժեքային: 14. Ինչպե՞ս կվարվեք, եթե Ձեր գործընկերը կամ Ձեր ղեկավարած ստորաբաժանման աշխատողը զգուշանում է մտքերը բարձրաձայն արտահայտել: 15. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
Երրորդ բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշը |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Ցուցաբերում է կոմպետենցիաների բարձր մակարդակ։ Որոշումներ կայացնելիս ցուցաբերում է վճռականություն։ Ունի խնդիրները տարանջատելու և լուծման հերթականություն սահմանելու հստակ կարողություն։ |
Լավ |
2 |
Ցուցաբերում է կոմպետենցիաների միջին մակարդակ։ Կարող է ինքնուրույն որոշումներ կայացնել և խնդիրներ լուծել: |
Բավարար |
1 |
Ցուցաբերում է կոմպետենցիաների ցածր մակարդակ։ Բարդ իրավիճակներում ունակ չէ ինքնուրույնաբար որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու։ |
Անբավարար |
0 |
Կոմպետենցիաները բացակայում են։ |
Չորրորդ բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ) (Ղեկավար և մասնագիտական խմբի պաշտոնների համար) |
Անձնային որակներ
|
1. Անձնային ո՞ր որակներն են օգնում Ձեզ հաջողության հասնել աշխատանքում, որ անձնային որակներն են խանգարում։ 2. Մասնագիտական գործունեության ընթացքում եղե՞լ են դեպքեր, երբ դեմ եք գնացել Ձեր սկզբունքներին: 3. Որքանո՞վ եք վստահում մարդկանց, եթե ունեք կասկածներ կբարձրաձայնե՞ք, թե կնախընտրեք լռել և սպասել հարմար պահի։ 4. Աշխատանքնային գործունեության մեջ որո՞նք են եղել Ձեզ համար հիասթափությունները, ներկայացրեք։ 5. Եթե տեսնեք, որ Ձեր աշխատակիցներից (գործընկերներից) մեկը խտրական վերաբերմունք ունի որևէ աշխատակցի նկատմամբ, ինչպե՞ս կվարվեք: 6. Ինչպե՞ս եք ապահովում հավասար և արդարացի վերաբերմունք բոլոր աշխատակիցների նկատմամբ՝ անկախ նրանց անձնական հատկանիշներից: 7. Խնդրում եմ պատմել մի իրավիճակի/դեպքի մասին, երբ Դուք կամ Ձեր աշխատակիցը աշխատավայրում բախվել եք/է անարդար վերաբերմունքի կամ խտրականության։ Ինչպե՞ս եք դիմակայել այդ մարտահրավերին, ինչպե՞ս եք արձագանքել և պահպանել հավասարության և արդարության սկզբունքներին հավատարմությունը: 8. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
Չորրորդ բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշները |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Ցուցաբերում է անձնային որակների բարձր մակարդակ։ Հստակ ներկայացնում է իր բնավորության դրական և բացասական կողմերը, շփումներում շատ բարեկիրթ է։ Ունի խտրական իրավիճակներում միջամտելու, աշխատանքային միջավայրում արժեքները պաշտպանելու համարձակություն։ Ցոււցադրում է անկողմնակալություն, արդարություն, ազնվություն և ճշմարտացիություն։ |
Լավ |
2 |
Ցուցաբերում է անձնային որակների միջին մակարդակ։ Կարողանում է գնահատել իր բնավորության դրական և բացասական կողմերը։ Հաղորդակցվելիս հասնում է փոխըմբռնման, շփումներում ձգտում է պահպանել բարեկրթության նորմերը, դրսևորում է արդարամտություն։ |
Բավարար |
1 |
Ցուցաբերում է անձնային որակների ցածր մակարդակ։ Հաղորդակցվելիս չի ձգտում լսել զրուցակցին։ Ունի խտրական իրավիճակներում չմիջամտելու, աշխատանքային միջավայրում արժեքները չպաշտպանելու հակումներ։ Ունի կողմնակալ վերաբերմունք։ |
Անբավարար |
0 |
Անձնային որակները բացասական են։ Հաղորդակցվելիս կոպիտ է, չի լսում զրուցակցին, չի պահպանում բարեկրթության նորմերը։ Բացասաբար է տրամադրված։ |
Հինգերորդ (լրացուցիչ) բաժին
Բաժնի անվանումը |
Հարցեր (օրինակ) (Ղեկավար և մասնագիտական խմբի պաշտոնների համար) |
Տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետում
|
1. Ի՞նչ եք հասկանում էլեկտրոնային կառավարում ասելով: 2. Ինչպե՞ս եք գնահատում տեղեկատվական տեխնոլոգիաների տիրապետման Ձեր մակարդակը: 3. Ո՞րն է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը թափանցիկության ապահովման գործում: 4. Անձնակազմի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու համար ծրագրատեխնիկական ի՞նչ նոր լուծումներ կառաջարկեք: 5. Այլ հարցեր՝ առաջադրված հանձնաժողովի կողմից։ |
Հինգերորդ (լրացուցիչ) բաժնի գնահատման չափանիշները
Գնահատման չափանիշները |
Միավորը |
Ցուցիչը |
Գերազանց |
3 |
Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման բարձր մակարդակ։ Գերազանց տիրապետում է անհրաժեշտ հմտություններին։ |
Լավ |
2 |
Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման միջին մակարդակ։ |
Բավարար |
1 |
Ցուցաբերում է կոնկրետ կարողության տիրապետման ցածր մակարդակ։ |
Անբավարար |
0 |
Կարողությունը բացակայում է։ |
»․
- Ձև N 4-ի «ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ»՝
ա․ աղյուսակի գնահատման չափանիշները սյունակի «Բարձր մակարդակ» բառերը փոխարինել «Գերազանց» բառով, «Միջին մակարդակ» բառերը՝ «Լավ» բառով, իսկ «Ցածր մակարդակ» բառերը «Բավարար» բառով։
բ․աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
»․
- Ձև N 5-ի «ԱՐԴԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ»՝
ա․ աղյուսակի գնահատման չափանիշները սյունակի «Բարձր մակարդակ» բառերը փոխարինել «Գերազանց» բառով, «Միջին մակարդակ» բառերը՝ «Լավ» բառով, իսկ «Ցածր մակարդակ» բառերը «Բավարար» բառով։
բ․աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
»․
- Ձև N 6-ի «էՍՍԵԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ»՝
ա․ աղյուսակի գնահատման չափանիշները սյունակի «Բարձր մակարդակ» բառերը փոխարինել «Գերազանց» բառով, «Միջին մակարդակ» բառերը՝ «Լավ» բառով, իսկ «Ցածր մակարդակ» բառերը «Բավարար» բառով։
բ․աղյուսակը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով՝
«
Անբավարար |
0 |
Պատասխանը բացակայում է, կամ տրված պատասխանը սխալ է։ |
»։
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունիսի 23-ից։
Հայաստանի Հանրապետության
Փոխվարչապետ Տ․ Խաչատրյան
------------ 2025 թվական
Երևան
-
Քննարկվել է
20.03.2025 - 04.04.2025
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Քաղաքացիական ծառայություն
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակ
Դիտումներ` 354
Տպել