Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծեր

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին»  որոշումների նախագծերի վերաբերյալ

1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի №48-Լ որոշմամբ հավանության արժանացած՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի N1827-Լ որոշմամբ փոփոխված խմբագրության համաձայն՝ մինչև 2030 թվականը նպատակ է դրվել կառուցել շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ՝ ներառյալ ինքնավար էներգաարտադրության տեղակայանքները, զուգահեռաբար ներդնելով նաև շուկայական մեխանիզմներ կուտակիչ կայանների կառուցումը խթանելու համար: Միևնույն ժամանակ, հիշյալ թիրախի շրջանակում նախատեսված է առանց էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի արևային կայանների կառուցում 170 ՄՎտ (մինչև 2030թ.) և ինքնավար արևային կայանների կառուցում 350 ՄՎտ (մինչև 2024թ. դեկտեմբեր) ընդհանուր դրվածքային հզորություններով, ինչպես նաև զուգահեռաբար էլեկտրահաղորդման ցանցի զարգացում՝ միտված առկա ենթակառուցվածքների արդիականացմանը, հաղորդման ցանցի ընդլայնմանը և թողունակության մեծացմանը։

Հարկ է նշել, որ «Էներգետիկայի մասին» օրենքի 35-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրս օգտագործող կայանում էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա տրամադրվում, իսկ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձին էլեկտրական էներգիայի վաճառքի իրավունք տրվում է նաև, երբ, անկախ այդ կայանի համար նույն հոդվածի 4-րդ մասի «ա» կետով սահմանված տարեկան գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների առկայության հանգամանքից, կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստանալու համար դիմողը կամ բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած անձը, հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, հրաժարվում է նույն հոդվածի 1.2-րդ մասում նշված գնման երաշխիքից:

Միաժամանակ, «Էներգետիկայի մասին» օրենքի 56.1 հոդվածի համաձայն ցանկացած սպառող, նշված օրենքի և շուկայի կանոնների համաձայն, ունի ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստանալու իրավունք:

«Էներգետիկայի մասին» օրենքի վերոնշյալ կարգավորումների շրջանակում 01.02.2025թ. դրությամբ տրամադրվել է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության 45 լիցենզիա՝ առանց օրենքով սահմանված էլեկտրաէներգիայի գնման երաշխիքի, ընդհանուր շուրջ 294,745 ՄՎտ հզորությամբ, ինչպես նաև բացառապես սեփական կարիքների համար էլեկտրական էներգիայի արտադրության 10 լիցենզիա՝ ընդհանուր 21,144 ՄՎտ հզորությամբ։ Ինքնավար էներգարատադրության մասով էլ 2025թ. հունվարի 1-ի դրությամբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին միացված են 31249 ինքնավար արտադրող արևային կայաններ 420,536 ՄՎտ հզորությամբ և ընթացքում են 209-ը՝ 12,82 ՄՎտ ընդհանուր հզորությամբ:

Միաժամանակ, բավականին մեծ է նման լիցենզիաներ ստանալու համար հայտերով հանձնաժողով դիմելու ցանկություն ունեցող անձանց շրջանակը, որոնց գործող կարգի համաձայն ներկայացման պարագայում, անկախ վերոնշյալ ռազմավարական ծրագրով սահմանված հզորությունների հնարավոր գերազանցման հանգամանքից, օրենքով համապատասխան արգելքի բացակայությամբ պայմանավորված, այդ լիցենզիաները ենթակա են հանձնաժողովի կողմից տրամադրման։ Միաժամանակ, մինչև 10 ՄՎտ հզորությամբ փոքր արտադրող կայանները  ենթակա չէին կարգավարման և իրենց կողմից արտադրված էլեկտրական էներգիան ցանկացած ժամանակ, առանց «սահմանափակման» առաքում էին էլեկտրական ցանցեր։ Արդյունքում, ստեղծվում էր իրավիճակ, երբ գործող ենթակառուցվածքների պարագայում փոքր հզորությամբ առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների մեծ տեմպերով զարգացումը նշված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի պահուստավորման հնարավորության բացակայությամբ և աշխատանքի ռեժիմների չկարգավարմամբ պայմանավորված խնդիրներ է առաջացնում էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների ապահովման տեսանկյունից։

Հաշվի առնելով վերը նշվածը՝ հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 19-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» №191-Ն որոշմամբ էլեկտրաէներգետիկական համակարգի հաղորդման ցանցային կանոններում ամրագրվել են դրույթներ, որոնք նախատեսված են առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների գործունեությունը կանոնակարգելուն՝ նախատեսելով էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարում, ինչն էլ նախատեսվում էր, որ կչեզոքացնի նման կայանների հնարավոր բացասական ազդեցությունը։

Այնուամենայնիվ, չնայած նման կայանների համար էլեկտրական էներգիայի ցանց առաքման սահմանափակումներին, արևային էլեկտրակայանների կառուցման մեծ տեմպերով զարգացումը առաջանցիկ է ամրագրված սահմանափակումների նկատմամբ, և հիմք ընդունելով գործող, լիցենզիա և միացման տեղեկանք ստացած արևային կայանների հզորությունները՝ նոր արտադրող կայանների միացման դեպքում սահմանափակման ենթակա արտադրողների համար հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակահատվածում սահմանափակման կիրառումը չի ապահովի էներգահամակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշները։ Արդյունքում, անհրաժեշտություն է առաջացել վերանայել հիշյալ սահմանափակումների համար նախատեսված ինչպես ժամերը, այնպես էլ ամիսները, որոնց ընթացքում կարող են կիրառվել հիշյալ սահմանափակումները, ինչպես նաև հստակեցնել սահմանափակման ենթակա արտադրողի հասկացությունը։

Հարցը բարձրացվել է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից, բազմաթիվ քննարկումներ են տեղի ունեցել շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ՝ դիտարկելով խնդրի լուծման հնարավոր տարբերակները։

 2. Կարգավորման նպատակը և բնույթը

Առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանում (մասնավորապես՝ արևային)  էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիաների տրամադրման և արդյունքում էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացող հնարավոր խնդիրների լուծման նպատակով մշակված «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» որոշման նախագծով առաջարկվում է առանց գնման երաշխիքի արևային կայանների կողմից ցանց էլեկտրական էներգիա առաքելու սահմանափակումների ժամանակահատվածը փոփոխել և սահմանել հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը՝ առավելագույնը 2200 ժամով՝ ներկայիս ամրագրված մարտ 1-ից մինչև հոկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրական էներգիան առաքելու առավելագույնը 1080 ժամի փոխարեն։ Միաժամանակ, նախագծերում հստակեցվել է «սահմանափակման ենթակա արտադրող» հասկացությունը։

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագծերը մշակվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման դեպքում կբարելավվեն առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների կողմից (մասնավորապես՝ արևային կայանում) էլեկտրական էներգիայի ցանց առաքման համար էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման սահմանված կարգավորումները՝ հնարավորինս չեզոքացնելով նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։

  • Քննարկվել է

    17.03.2025 - 02.04.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա և բնական պաշարներ, Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 556

Տպել