Հիշել նախագիծը

ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25%75%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Պետական առողջապահական գործակալությունը ստեղծվել է 1997 թվականին՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված` պետական պատվերի միջոցով իրականացվող բժշկական օգնության և սպասարկման, Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների առավել արդյունավետ օգտագործման նպատակով: Սկզբում այն ստեղծվել է որպես կառավարությանն առընթեր մարմին, ապա ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 27-ի թիվ 913-Ն որոշմամբ  վերակազմակերպվել է որպես ՀՀ առողջապահության նախարարության հիմնարկի՝ առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 15-ի N 1301-Ն որոշմամբ հաստատվել է դրա կանոնադրությունը և կառուցվածքը: Նշված որոշման հիման վրա որպես պետական առողջապահական գործակալության նպատակներ և խնդիրներ են սահմանվել՝

ա) պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում կնքված պայմանագրերի համաձայն բժշկական օգնություն իրականացնողների փաստացի կատարված աշխատանքների դիմաց ֆինանսական միջոցների հատկացման կազմակերպումը.

բ) առողջապահական պետական նպատակային ծրագրերով նախատեսված պետական պատվերի միջոցով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական միջոցների արդյունավետ ու նպատակային օգտագործման ապահովումը:

Պետական առողջապահական գործակալության հիմնական գործառույթները, համաձայն կանոնադրության հետևյալն են՝

 ա) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող (այսուհետ՝ բժշկական օգնություն իրականացնող) հիմնարկների ու կազմակերպությունների հետ պետական պատվերի շրջանակներում բնակչությանը բժշկական ծառայությունների մատուցման մասին պայմանագրերի կնքումը, դրանց համապատասխան փաստացի կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ամփոփումը և սահմանված կարգով ֆինանսական միջոցների հատկացման ապահովումը.

բ) բժշկական օգնություն իրականացնողների կողմից պետական պատվերի շրջանակներում կատարված աշխատանքների որակի և ծավալի՝ սահմանված չափանիշներին համապատասխանության վերահսկումը.

գ) առողջապահության կազմակերպման, կառավարման, ֆինանսավորման և տնտեսավարման ժամանակակից մեխանիզմների, նորմատիվների, չափանիշների մշակմանն ու ներդրմանը մասնակցությանը:

Պետք է նշել, որ գործնականում թե ֆինանսական հոսքերի մեծացման պայմաններում, թե առողջապահական համակարգում նոր գործիքակազմերի ներդրումից հետո, պետական առողջապահական գործակալության կառավարման համակարգի, որպես հանրային ծառայություններ մատուցող ստորաբաժանման, գործունեության արդյունավետությունը համակարգային կարգով չի վերլուծվել, և, ըստ այդմ, այն առանցքային բարեփոխումների՝ կառուցվածքային և գործառութային, չի ենթարկվել:

 Մինչդեռ, ՀՀ պետական առողջապահական գործակալությունը առանցքային դեր է կատարում   պետական առողջապահական նպատակային ծրագրերի պատշաճ կատարումը գնահատելու և դրանց համապատասխան ֆինանսավորում  ապահովելու գործընթացում: Հաշվի առնելով այն, որ պետական բյուջեում առողջապահության ոլորտին տրամադրվող հատկացումները, որոշակի աճ են գրանցում և այդ միջոցների կառավարումն պահանջում է օպտիմալացում, գործընթացների արդյունավետության ու հաշվետվողականության իրական բարձրացում, կառավարման ու ֆինանսավորման նոր մեխանիզմների մշակում ու ներդնում, անհրաժեշտության է առաջացնել  Պետական առողջապահական գործակալության գործունեության ոլորտում իրականացնել համալիր բարեփոխումներ, որոնք, նախանշված են նաև հանրային կառավարման  և առողջապահության ոլորտի բարեփոխումների հայեցակարգային փաստաթղթերում:

Առողջապահության ոլորտում ֆինանսների կառավարման բարեփոխումները նպատակ ունեն առողջապահության ոլորտի լիազոր մարմնի գործառույթների ապակենտրոնացման միջոցով, հասնել բարձր արդյունավետության արդյունքահեն ցուցանիշների և պատշաճ կազմակերպաիրավական նախադրյալներ ստեղծել առողջապահական համակարգում մի շարք ռազմավարական փաստաթղթերով նախատեսվող բարեփոխումների լիարժեք իրականացմանը: Մասնավորապես, առողջության համապարփակ ապահովագրության համակարգի պատշաճ ներդրման համար կարևոր նշանակություն ունի այնպիսի կազմակերպաիրավական միջոցառումների նախնական ձեռնարկումը և պլանավորումը, որոնք  կնպաստեն առողջության համապարփակ ապահովագրության համակարգի շրջանակում ապահովագրական փաթեթից օգտվող անձանց պատշաճ բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների տրամադրմանը, առողջության պահպանման իրավունքի լիարժեք իրացմանը, բժշկական կազմակերպությունների կողմից նշված փաթեթի շրջանակում ծառայություններ մատուցելու բոլոր նախադրյալների ապահովմանը, առողջության համապարփակ ապահովագրության ոլորտի առանձնահատկություններով պայմանավորված՝ կադրային համապատասխան ռեսուրսներ ներգրավելուն, անհրաժեշտ ենթակառուցվածքներ ապահովելուն, պատշաճ կազմակերպական և համանման այլ միջոցառումների ձեռնարկելուն։

Պետք է արձանագրել, որ այս մոտեցումը համընկնում է  ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի թիվ 691-Լ որոշման հաստատված հանրային կառավարման բարեփոխումների, ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի թիվ 174-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահության համակարգի 2023-2026 թվականների ռազմավարություններով ամրագրված մոտեցումներին և այն նպաստելու և ապահովվելու է կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի թիվ 133-Լ որոշմամբ նախատեսված առողջության համապարփակ ապահովագրության համակարգի անցնցում ներդրումը:

Նախագծով առաջարկվում է՝

1․ դադարեցնել ՀՀ առողջապահության նախարարության կառուցվածքում գործող պետական առողջապահական գործակալության գործունեությունը (ՀՀ վարչապետի որոշմամբ նախագիծը օրենսդրությամբ սահմանված կարգով շրջանառվել է),

2․ «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն, ստեղծել առողջության ապահովման պետական հիմնադրամ, դրան վերապահել առողջապահության ոլորտում կառավարման բարեփոխումների հայեցակարգային փաստաթղթերով նախանշվող միջոցառումներին համապատասխան գործառույթներ, ինչը ակնկալվում է, որ էականորեն նպաստելու առողջապահական համակարգում կառավարման (այդ թվում՝ ֆինանսական) արդյունավետության բարձրացմանը, պետական պատվերի շրջանակներում բուժօգնություն և սպասարկում ստացող քաղաքացիներին սպասարկման որակի բարձրացմանը: Հիմնադրամի ձևավորումը նպատակ ունի ապահովել առողջության   համապարփակ   ապահովագրության   ներդրման գործընթացը,   մշակել   և   փորձարկել   ընթացակարգերը,   կառուցվածքի բաղադրիչները,   ներգրավել   համապատասխան   անձնակազմ   և զարգացնել   անձնակազմի   կարողությունները,   նախապատրաստել էլեկտրոնային   գործիքները,   որոնք   պետք   է   ապահովեն   առողջության համապարփակ ապահովագրության անցումը։

 2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքը, նախագծով առաջարկվում է ստեղծելՊետական առողջապահական ծառայությունների հիմնադրամ, սահմանել հիմնադրամի պետական կառավարման լիազոր մարմնին, նշանակել հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հիմնադրամի ստեղծման աշխատանքները կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարին տալ համապատասխան հանձնարարականներ: Բացի այդ նախագծով առաջարկվում է հաստատել նաև հիմնադրամի կանոնադրությունը, որով «Հիմնադրամների մասին» օրենքի համաձայն, սահմանվում են հիմնադրամի գործունեության նպատակները, իրավասությունները, հիմնադրամի գույքի վերաբերյալ կարգավորումներ, հիմնադրամի մարմինները և նրանց իրավասությունները, հիմնադրամում որոշումների ընդունման, կանոնադրական փոփոխությունների իրականացման կարգը, ինչպես և օրենսդրությամբ հիմնադրամների կանոնադրությանը ներկայացվող այլ պահանջներ:

Կազմակերպաիրավական նշված ձևի ընտրությունը հնարավորություն է տալու պետական բյուջեի առողջապահության ոլորտին հատկացումների առավել մասնակցային և բազմաստիճան կառավարում և վերահսկողության առավել դիվերսիֆիկացված մոտեցումների ներդրում, առավել պրոֆեսիոնալ կադրերի ներգրավում:

 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

           Նախագիծը մշակվել է  ՀՀ առողջապահության նախարարության կողմից։

 4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը լրացուցիչ երաշխիքներ կստեղծի ՀՀ առողջապահական համակարգի բնականոն գործունեության համար առողջապահական պետական նպատակային ծրագրերի ֆինանսավորման կայունության և դրանց արդյունավետության բարձրացման համար, ինչպես նաև առողջապահության ոլորտում արդեն իսկ նախանշված բարեփոխումների պատշաճ իրականացման համար նախադրյալներ ապահովելու համար:

 5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին 

Նախագծով առաջարկվում է լուծարել պետական առողջապահական գործակալությունը և հիմնադրել Հիմնադրամ։ Նախատեսվում է, որ պետական առողջապահական գործակալության պահպանման ծախսերը, աշխատավարձի վճարմանն ուղղվող և այլ ծախսերը նույնպես չեն կատարվելու, ուստի Հիմնադրամի ծախսերը մասնակիորեն կարող են ծածկվել պետական առողջապահական գործակալության կրճատված ծախսերի հաշվին։ Այնուամենայնիվ, հաշվի առնելով Հիմնադրամի նպատակների փոփոխությունները և կառուցվածքի, դրան համապատասխան գործառույթների ավելացումը, որոնք միտված են բնակչությանը որակյալ ծառայությունների, այդ թվում որակյալ սպասարկում ապահովելուն, կանխատեսվում է, որ Հիմնադրամի ստաեղծման դեպքում անհրաժեշտ կլինի իրականացնել լրացուցիչ ծախսեր՝ ըստ հետևյալ ծախսային խմբերի․

 

Չ/մ

Միավորի գին

Քանակը

Գումար

Վերանորոգման ծախսեր

հատ

150,000,000

1

150,000,000

Հիմնադրամի տեղեկատվական հնարավորությունների հիմնում (ծրագրային և տեխնիկական ապահովում)

հատ

330,000,000

1

330,000,000

Աշխատավարձ

ամիս

31,000,000

10

310,000,000

Այլ ծախսեր

Աշխատավարձի ֆոնդի 30%

10,000,000

10

100,000,000

Վկայագրերի տպագրում

Տպագրող սարք և պլաստիկ քարտեր

100,000,000

1

100,000,000

Ընդամենը 

 

 

 

990,000,000

Ընդամենը ՊԱԳ-ի ծախսեր

ամիս

32,500,000

10

325,000,000

Վերաբաշխման ենթակա գումար

     

665,000,000

 

Ներկայացված ծախսերից առաջին խումբը՝ անկախ կառուցվածքային փոփոխություններից և Հիմնադրամի ստեղծումից անհրաժեշտ էր իրականացնել, քանզի ՊԱԳ-ի ներկայիս տարածքը գտնվում է անմխիթար վիճակում, բացակայում են աշխատանքային նվազագույն պայմանները։ Շինությունը 1960-ական թվականների է և կապիտալ վերանորոգման չի ենթարկվել, բացակայում են կոյուղու, ջրամատակարարման, էլեկտրոէներգիայի, հակահրդեհային պայմանների ապահովման համակարգերը, շինության հիմքը՝ հոսող ջրերի և ձնհալների պատճառով ամբողջությամբ քայքայվել է։ Նախատեսվում է ՊԱԳ-ի շենքի վերանորոգում, արդեն իսկ կազմվել են իրականացվող աշխատանքների նկարագիրը, պետք է նախ կազմվի վերանորոգման նախագծանախահաշվային նախահիծ, որից հետո կսկսվի շենքի վերանորոգումը։

Ծախսերի մյուս խումբը պայմանավորված է թե՛ ներկայումս իրականացվող ծրագրերի, թե՛ ապահովագրության ներդրման դեպքում անհրաժեշտ էլեկտրոնային գործիքների մշակման և շարունակական ապահովման նպատակով։ Այդ առումով կարևորվում է արդեն իսկ գործող էլեկտրոնային գործիքների՝ գների հաշվարկման և փաթեթի ծախսերի գնահատման համակարգերի շարունակական բարելավումը, Հիմնադրամի կայքէջի, ապահովագրվածների ռեգիստրի մշակումը, զանգերի և խորհրդատվական կենտրոնի տվյալների կառավարման և տեղեկատվության փոխանցման էլեկտրոնային գործիքների մշակումը, տվյալների վերլուծության և ցուցադրման նոր գործիքների մշակումը և կիրարկումը, ինչպես նաև Հիմնադրամի համակարգիչներով, սերվերներով, զանգերի կենտրոնի համար անհրաժեշտ և այլ տեխնիկական միջոցներով մատակարարումը։

Հիմնադրամի գործառույթներին բնորոշ համապատասխան անձնակազմի ներգրավումը, վերջիններիս կարիերային աճի և աշխատավարձի միջոցով խրախուսման համակարգի ներդրումը կարևորագույն բաղադրիչներից մեկն է։ Առաջարկվել է Հիմնադրամի պաշտոնների դասերի սահմանում, կարիերայի և աշխատավարձի աճի ճկուն և խրախուսող մեխանիզմներ, որոնք կապահովեն մրցակցային աշխատավարձ և կադրային հոսունության նվազագույն ցուցանիշներ։

Հաջորդ կարևոր ծախսային խումբը առողջության համապարփակ ապահովագրության ներդրմանը նախապատրաստվելու ընթացքում ապահովագրված անձանց վկայագրերի տպագրումն է։ Քանի որ նախատեսվում է, որ ապահովագրված անձն ինքն է որոշում պլաստիկ վկայագիր ունենալու մասին, իսկ գործընթացն սկսվելու է օրենքն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, ենթադրվում է, որ առավել արդյունավետ է տպագրող սարքի և որոշակի վկայագրերի քանակի ձեռք բերումն իրականացնել շատ ավելի շուտ՝ դրանք նախորոք ապահովագրված անձանց ռեգիստրի հետ ինտեգրելու և փորձարկելու համար, իսկ օրենքն ընդունելուց հետո նաև ապահովագրվածներին անխոչընդոտ տրամադրելու նպատակով։

Հարկ է նշել, որ ծախսերը կազմում են 990,0 մլն դրամ, որից 665,0  մլն դրամի չափով կիրականացվի վերաբաշխում Առողջապահություն խմբի «Առողջության համապարփակ ապահովագրության ներդրման միջոցառումներ» միջոցառումից, իսկ մնացածը կծածկվի ՊԱԳ-ի լուծարումից ազատված դրամական միջոցների հաշվին։

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 թ., Կառավարության 2021-2026թթ. ծրագրի, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 1 «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի հետ, որի 4-րդ մեգանպատակը վերաբերում է առողջ և ապահով քաղաքացուն, ժողովրդին: 4-րդ մեգանպատակի 4.1-րդ կետով սահմանված նպատակի, այն է՝ Կյանքի որակի եւ երկարակյացության բարձր մակարդակ, 4.3 կետով սահմանած նպատակի, այն է՝ Մոր եւ մանկան առողջության պահպանման որակի բարձր մակարդակ, 4.4-րդ կետով սահմանված նպատակի, այն է՝ Հիվանդությունների տարածվածության եւ մահացության ցածր մակարդակ, հասնելու համար անհրաժեշտ է ամբողջովին վերանայել առողջապահության և դրա ֆինանսավորման գործող համակարգը, սոցիալական արդար մոտեցումների հիման վրա ստեղծել բոլորին հասանելի, մատչելի և որակյալ առողջապահական համակարգ, դրանով իսկ ապահովելով հիվանդացության ու մահացության ցուցանիշների հետևողական և որակական բարելավումները, ինչը կբերի ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցություն ունեցող, այն է՝ առողջ քաղաքացիների և, ըստ այդմ, առողջ հասարակության ձևավորմանը: Այս մեգանպատակի հետևողական  իրականացման համար առողջապահության համակարգային փոփոխությունների իրականացումը հրամայական է, որը ՀՀ զարգացման ներկա շրջափուլում հնարավոր է ապահովել առողջության համապարփակ ապահովագրության ներդրումը սահուն իրականացնելու համար համապատասխան կարողությունների ձևավորման՝ այդ թվում առողջության ապահովման պետական հիմնադրամի ստեղծման միջոցով:

2 Նախագծի ընդունման անհրաժեշտությունը կապված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 2-ի 133-Լ որոշմաՆ 3-րդ գլխի՝ «ԱՀԱ ներդրման ռազմավարությունը» գլխի 13-րդ կետի ապահովման հետ:

3. Կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկի Հավելված 1-ի «Առողջապահության նախարարություն» բաժնի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մատչելիության և հասանելիության ապահովում» նպատակի 1.3 կետով նախատեսված՝  «Առողջության համապարփակ ապահովագրության հիմնադրամի և դրա կառավարման խորհրդի ստեղծում,  վերջինիս գործունեությունը կարգավորող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի փաթեթի մշակում,  առողջության համապարփակ ապահովագրության ներդրումն ապահովող ենթաօրենսդրական ակտերի ընդունում» միջոցառման կատարման ապահովմանն է ուղղված այս նախագծի փաթեթի ներկայացումը։

  • Քննարկվել է

    06.03.2025 - 21.03.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 762

Տպել